ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0409/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0409/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան | |
Դատավորներ՝ Գ. Մատինյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Մ. Դրմեյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
|
Է. Հայրիյանի | |
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հուլիսի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Աիդա Մուրադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Աիդա Մուրադյանի հայցի ընդդեմ Էդիկ Կարախանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Աիդա Մուրադյանը պահանջել է բռնագանձել Էդիկ Կարախանյանից 2.675 ԱՄՆ դոլար, որից 2.500 ԱՄՆ դոլարը` որպես չկատարված պայմանագրային պարտավորություն, 150 ԱՄՆ դոլարը` որպես կետանցով օգտագործված գումարի համար հաշվարկված տոկոսներ, 25 ԱՄՆ դոլարը` որպես պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար սահմանված տույժի գումար։
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 28.12.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.04.2008 թվականի որոշմամբ Աիդա Մուրադյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 28.12.2007 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության:
Դատարանի 24.10.2008 թվականի վճռով Աիդա Մուրադյանի հայցը մերժվել է:
Վերաքննիչ դատարանի 05.02.2009 թվականի որոշմամբ Աիդա Մուրադյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Դատարանի 24.10.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աիդա Մուրադյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Աիդա Մուրադյանի հայցադիմումի պահանջը 06.11.2006 թվականի ստացականի հիման վրա Էդիկ Կարախանյանի կողմից չվճարված գումարի բռնագանձումն է:
Վերը նշված հանգամանքն անտեսելով` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ ընդհանուր իրավասության դատարանը առանց համապատասխան հայցադիմումի կամ դիմումի (պահանջի) սույն գործով (գումարի բռնագանձման պահանջ) քննության է առել նաև Անդրանիկ Ասատրյանի և Էդիկ Կարախանյանի միջև 10.11.2006 թվականին կնքված բնակելի տան առուվաճառքի պայմանագրի և 06.11.2006 թվականին Աիդա Մուրադյանի և Էդիկ Կարախանյանի միջև կնքված ստացականի՝ վավերականության և (կամ) առոչինչ լինելու հարցը՝ դրանով իսկ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը:
Տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը անուշադրության է մատնել, որ ընդհանուր իրավասության դատարանը դուրս գալով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներից՝ ինքնուրույն իրականացրել է գործին չառնչվող և կողմերի կողմից չվիճարկվող դատաքննություն:
2) Վերաքննիչ դատարանը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ կետը, 501-րդ հոդվածի 1-ին կետը, 567-րդ հոդվածի 2-րդ կետը և 470-րդ հոդվածի 5-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հիմք ընդունելով կողմերի միջև 10.11.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով սահմանված գինը, որը կազմում է 3.000.000 ՀՀ դրամ (պայմանագրում նշված գին), հաշվի չի առել, որ տվյալ պայմաններում կողմերի միջև կնքված գինը իրական գինը չէ, իսկ պայմանագրի ընդհանուր պայմաններից և այլ փաստաթղթով երևում է, որ կողմերի միջև կնքված առուվաճառքի գինը 37.000 ԱՄՆ դոլար է:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ անշարժ գույքի առուվաճառքի գործարքի կողմերը գնի վերաբերյալ ընդունել են և տվել հավանություն, ինչպես նաև ընդունել են գործարքից ծագող իրավունքներն ու պարտականությունները:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ չնայած Աիդա Մուրադյանը 06.11.2006 թվականի ստացականը կնքելու պահին չի ունեցել համապատասխան լիազորագիր Անդրանիկ Ասատրյանի անունից հանդես գալու համար, սակայն 07.11.2006 թվականին տրված լիազորագրով Անդրանիկ Ասատրյանն ըստ էության հավանություն է տվել Աիդա Մուրադյանի կնքած գործարքին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.02.2009 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցն ամբողջությամբ բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. 06.11.2006 թվականի՝ նոտարական կարգով վավերացված ստացականի համաձայն՝ Աիդա Մուրադյանը Էդիկ Կարախանյանից վաճառվող բնակելի տան և հողի դիմաց 37.000 ԱՄՆ դոլարից ստացել է 30.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած 7.000 ԱՄՆ դոլարը պետք է ստանար մինչև 01.03.2007 թվականը (գ.թ.11, հ. 1-ին):
2. 10.11.2006 թվականի՝ նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Անդրանիկ Ասատրյանը, որի անունից հանդես է եկել Աիդա Մուրադյանը, Էդիկ Կարախանյանին 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամով վաճառել է սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5/2 հասցեում գտնվող քոթեջը և 0,0409 հա հողամասը (գ.թ.12, հ. 1-ին):
3. 26.12.2006 թվականի պարտավորագրի համաձայն՝ Էդիկ Կարախանյանը Աիդա Մուրադյանին վճարել է 1.500 ԱՄՆ դոլար և մնացել է պարտք 5.500 ԱՄՆ դոլար (գ.թ.43, հ. 1-ին):
4. Աիդա Մուրադյանը Էդիկ Կարախանյանից ստացել է 1.500 ԱՄՆ դոլար, իսկ 10.03.2007 թվականին՝ 1.500 ԱՄՆ դոլար (գ.թ. 45, 47, հ. 1-ին):
5. Աիդա Մուրադյանի 09.10.2007 թվականի հայցադիմումի պահանջն է Էդիկ Կարախանյանից գումար բռնագանձելը, իսկ հայցի հիմքը 06.10.2006 թվականի Աիդա Մուրադյանի և Էդիկ Կարախանյանի միջև նոտարական կարգով կնքված ստացականն է (գ.թ. 3):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա, իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Այսինքն՝ վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝
- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,
- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, հանգել է այն հետևության, որ Դատարանը, անդրադառնալով Անդրանիկ Ասատրյանի և Էդիկ Կարախանյանի միջև 10.11.2006 թվականի՝նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրին, ինչպես նաև այդ պայամանագրում և 06.10.2006 թվականի ստացականում նշված գներին, փորձել է վեր հանել նման գործարքի իրական շարժառիթները:
Այսինքն՝ Դատարանն առանց համապատասխան պահանջի սույն գործով քննության է առել նաև Անդրանիկ Ասատրյանի և Էդիկ Կարախանյանի 10.11.2006 թվականին կնքված բնակելի տան առուվաճառքի պայմանագրի և 06.11.2006 թվականի Աիդա Մուրադյանի և Էդիկ Կարախանյանի կողմից ստորագրված ստացականի վավերականության հարցը:
Մինչդեռ սույն գործով Աիդա Մուրադյանը 09.10.2007 թվականին հայցադիմում է ներկայացրել Էդիկ Կարախանյանից գումարի բռնագանձման պահանջի մասին՝ հայցի հիմքում դնելով 06.10.2006 թվականի՝ Աիդա Մուրադյանի և Էդիկ Կարախանյանի միջև նոտարական կարգով կնքված ստացականը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աիդա Մուրադյանի 09.10.2007 թվականի հայցադիմումի առարկան Էդիկ Կարախանյանից գումար բռնագանձելու պահանջն է, իսկ հայցի հիմքը՝ 06.11.2006 թվականի՝ Աիդա Մուրադյանի և Էդիկ Կարախանյանի միջև նոտարական կարգով կնքված ստացականը, որը սույն գործով չի վիճարկվել:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Անդրանիկ Ասատրյանի և Էդիկ Կարախանյանի միջև 10.11.2006 թվականի նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրին և համեմատական վերլուծություն կատարելով այդ պայմամագրում և 06.10.2006 թվականի ստացականում նշված գներին, որը սույն քաղաքացիական գործով վեճի առարկա չէ, դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Սույն գործի փաստերի համաձայն՝ 06.11.2006 թվականի ստացականով Աիդա Մուրադյանը Էդիկ Կարախանյանից վաճառվող բնակելի տան և հողի դիմաց 37.000 ԱՄՆ դոլարից ստացել է 30.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 7.000 ԱՄՆ դոլարը պետք է ստանար մինչև 01.03.2007 թվականը: 26.12.2006 թվականի պարտավորագրով Էդիկ Կարախանյանը Աիդա Մուրադյանին վճարել է 1.500 ԱՄՆ դոլար և մնացել է պարտք 5.500 ԱՄՆ դոլար: Այնուհետև ստացել է 1.500 ԱՄՆ դոլար, իսկ 10.03.2007 թվականին՝ ևս 1.500 ԱՄՆ դոլար:
Սույն գործի փաստերի ուսումնասիրման ընթացքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էդիկ Կարախանյանի և Աիդա Մուրադյանի միջև ծագել են պարտավորական իրավահաբերություններ, որի ուժով Էդիկ Կարախանյանը պարտավոր է Աիդա Մուրադյանին վճարելու որոշակի գումար:
Մասնավորապես, Էդիկ Կարախանյանը պարտավորվել է Աիդա Մուրադյանին վճարելու 37.000 ԱՄՆ դոլար, որից 34.500 ԱՄՆ դոլարը վճարել է, իսկ մնացած 2.500 ԱՄՆ դոլարը մնացել է պարտք: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Էդիկ Մուրադյանի կողմից ստանձնած պարտավորությունը պատշաճ չի կատարվել:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 5-րդ մասը, 501-րդ հոդվածի 1-ին մասը և 567-րդ հոդվածի 2-րդ մասը Վերաքննիչ դատարանի կողմից սխալ մեկնաբանելու բողոք բերած անձի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ Էդիկ Կարախանյանի և Աիդա Մուրադյանի միջև ըստ էության ծագած պարտավորական իրավահաբերությունների պայմաններում բողոք բերած անձի կողմից վկայակոչված հոդվածները սույն քաղաքացիական գործով կիրառելի չեն:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Մ. Դրմեյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ե. Խունդկարյան | ||
|
Է. Հայրիյան | |
|
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|