ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/3881/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/3881/05/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ե. Սողոմոնյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Անտոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
|
Վ. Ավանեսյանի | |
|
Մ. Դրմեյանի | |
|
Ե. Խունդկարյանի | |
Է. Հայրիյանի |
2009 թվականի հուլիսի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռուբեն Բարեղամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 18.12.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Ռուբեն Բարեղամյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` նախկին պաշտոնում և ՀՀ քաղաքացիական ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով Դատարան՝ Ռուբեն Բարեղամյանը պահանջել է վերականգնել Կադաստրի Հրազդանի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի կադաստրային գնահատման բաժնի պետի պաշտոնում, վերականգնել ՀՀ քաղաքացիական ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը և պարտադրել Կադաստրին վճարելու հարկադիր պարապուրդում գտնվելու ընթացքում չվճարված աշխատավարձը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 18.12.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուբեն Բարեղամյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 22-րդ, 25-րդ հոդվածները և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ և 131-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանի վճիռն անհիմն է: Բողոքարկվող ակտի հիմքում դրված չէ Ռուբեն Բարեղամյանի կողմից քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումը հաստատող որևէ ապացույց:
Բացի այդ, Դատարանը խախտել է կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքները: Մասնավորապես, Դատարանը պատասխանողից չի պահանջել իր առարկությունների հիմքում ընկած և վեճի լուծման համար նշանակություն ունեցող ապացույցներ` բավարարվելով միայն Կադաստրի աշխատակազմի ղեկավարի կողմից դատարանում տրված բացատրությամբ այն մասին, որ վերջինս տեղյակ է եղել Ռուբեն Բարեղամյանի` քաղաքական ուղղվածություն ունեցող և օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպվող հանրահավաքներին մասնակցելու մասին, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նման բացատրությունը բավարար չէ տվյալ փաստը հաստատված համարելու համար:
Բացի այդ, Դատարանը մերժել է նաև վերոհիշյալ փաստը հաստատելու համար Կադաստրի աշխատակիցներին դատաքննությանը որպես վկա մասնակից դարձնելու Ռուբեն Բարեղամյանի միջնորդությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 18.12.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Կադաստրի աշխատակազմի ղեկավարի 03.03.2008 թվականի թիվ 08-79-Ա հրամանի համաձայն` «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի, 24-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի հիման վրա Ռուբեն Բարեղամյանն ազատվել է Կադաստրի աշխատակազմի Հրազդանի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի գնահատման բաժնի պետի պաշտոնից (գ.թ. 8):
2. Կադաստրի աշխատակազմի ղեկավարը գործի դատաքննության ընթացքում հայտարարել է, որ ինքը տեղյակ է եղել, որ Ռուբեն Բարեղամյանը մասնակցել է չիրազեկված հանրահավաքներին (գ.թ. 95):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշնակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե (,,ex officio,,):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք իր կարծիքով էական են վեճի լուծման համար և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ քաղաքացիական ծառայողն իրավունք չունի իրականացնել քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ` իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով վեճի լուծման համար էական նշանակություն ունի Ռուբեն Բարեղամյանի կողմից քաղաքական զսպվածության սկզբունքի խախտման փաստի պարզումը: Մինչդեռ Դատարանը, առանց պարզելու և հաստատված համարելու քաղաքական զսպվածության սկզբունքի խախտման փաստը, հայցը մերժելիս հիմնվել է բացառապես Կադաստրի աշխատակազմի ղեկավարի` դատարանում տրված հայտարարության վրա, որով նա հայտնել է, որ տեղյակ է եղել, որ Ռուբեն Բարեղամյանը մասնակցել է չիրազեկված հանրահավաքներին:
Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգքրի 6-րդ հոդվածի ուժով վարչական դատարանի կողմից գործի փաստերի ի պաշտոնե պարզման դատավարական իրավունքին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև Դատարանի իրավունքն է, սակայն Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տես` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ Ժորա Դանիելովի` 5.670.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և Ժորա Դանիելովի հակընդդեմ հայցն ընդդեմ Տեսչության` 08.05.2008 թվականի թիվ 2326225 ակտը վերացնելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ3/0207/05/08 (2008թ.) որոշումը):
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 18.12.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան | |
Վ. Աբելյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|