Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1466
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.10.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0504/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0504/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

               Ա. Խաչատրյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի հոկտեմբերի 16-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարինե Գալստյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Լուսիկ Գալուստյանի ընդդեմ Մարինե Գալստյանի, Էրեբունու նոտարական գրասենյակի, երրորդ անձ «Էկումենիկ եկեղեցական փոխատվական ֆոնդ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Երևանի Խաղաղ Դոնի 8 շենքի թիվ 9 բնակարանի նվիրատվության պայմանագիրը, սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Լուսիկ Գալուստյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Խաղաղ Դոնի 8 շենքի թիվ 9 բնակարանի 27.04.1998 թվականի նվիրատվության պայմանագիրը, սեփականության իրավունքի պետական գրանցումը և նշված հասցեի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 30.09.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.02.2009 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարինե Գալստյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լուսիկ Գալուստյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը, 306-րդ հոդվածի 2-րդ մասը, 585-588-րդ, 317-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը, 595-րդ, 596-րդ 332-րդ, 335-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքները, որ Լուսիկ Գալուստյանը իր կամքով ու գիտակցությամբ է կատարել վեճի առարկա բնակարանի նվիրատվությունը, որը վավերացվել է նոտարական կարգով, և կատարվել է դրանից ծագող իրավունքների պետական գրանցում: Վերաքննիչ դատարանը սխալմամբ այն դիտել է որպես շինծու գործարք` առանց հիմնավորելու հանդիպական պարտավորության առկայության հանգամանքը, և կիրառել է ցմահ հոգալու պայմանով ռենտայի և դրա միակողմանի դադարման համար` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կանոնները: Գործարքն առոչինչ դիտելու արդյունքում Վերաքննիչ դատարանը մերժել է նաև հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ Մարինե Գալստյանի միջնորդությունը` դատարան դիմելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված 10-ամյա ժամկետը լրացած չլինելու հիմքով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 04.02.2009 թվականի որոշումը` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Լուսիկ Գալուստյանը, լինելով ծեր, հիվանդ ու միայնակ կին, իրեն ցմահ հոգալու պայմանով վեճի առարկա բնակարանը նվիրել է իր եղբոր դստերը` Մարինե Գալստյանին: Թեև վերջինս չի ընդունում, որ բնակարանը նվիրելու ժամանակ կողմերի միջև կայացվել է Մարինե Գալստյանի կողմից Լուսիկ Գալուստյանին պահելու և խնամելու մասին հատուկ համաձայնություն, սակայն և՛ հայցադիմումի պատասխանով, և՛ դատաքննության ընթացքում Մարինե Գալստյանի, ինչպես նաև դատաքննությանը ներգրավված վկաների ցուցմունքներով հաստատվում է կողմերի միջև հանդիպական պարտավորության առկայության փաստը: Այն է՝ Մարինե Գալստյանի կողմից Լուսիկ Գալուստյանի խնամքը և կենցաղային կարիքները ցմահ հոգալու պարտավորությամբ վերջինիս կողմից իր միակ բնակելի տարածությունը անհատույց կարգով օտարել է պատասխանողին, իսկ վերջինս իր ընտանիքով մշտապես պետք է հոգար Լուսիկ Գալուստյանի խնամքը և ֆինանսական աջակցություն ցույց տար նրան:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 27.04.1998 թվականին Լուսիկ Գալուստյանը Երևանի Խաղաղ Դոնի 8 շենքի թիվ 9 հասցեի բնակարանը նվիրել է իր եղբոր դստերը` Մարինե Գալստյանին: Մարինե Գալստյանն ընդունել է նվիրատվությունը և 01.06.1998 թվականին անշարժ գույքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք (հատոր 1-ին, գ.թ. 101, 118):

2) Էրեբունի բժշկական կենտրոն պոլիկլինիկայի 18.04.2008 թվականի տեղեկանքի համաձայն` Լուսիկ Գալուստյանը 09.04.1991 թվականից ունի հաշմանդամության 3-րդ խումբ` խրոնիկ գաստրոդուոդենիթ ինֆեկցիոն, ոչ սպեցիֆիկ պոլիարթրիդ հիվանդություն, 25.02.2003 թվականից հաշմանդամության խումբը փոխվել է 2-րդ` ՍԻՀ, ոչ ստաբիլ ստենոկարդիա, զարկերակային հիպերտենզիա, ձախ ստորին վերջույթի տրոմբոֆլեբիտիկ հիվանդություն, հետևանքներ տարած իշեմիկ ինսուլտից հետո, ձախակողմյան թեթև հեմիպարեզ, Պարկինսոնի սինդրոմ հիվանդությամբ (հատոր 1-ին, գ.թ. 82):

3) Վկաներ Սաթենիկ Ոսկանյանի, Ալինա Ներսիսյանի, Արման Աշուղաթոյանի, Նվեր Ներսիսյանի, Նաիրա Մխեյանի, Մարգարիտա Գևորգյանի և Վոլոդյա Գալստյանի ցուցմունքների համաձայն` Մարինե Գալստյանն իր ընտանքով մշտապես հոգացել է Լուսիկ Գալուստյանի խնամքը և ֆինանսական ծախսերը (հատոր 2-րդ, գ.թ. 159):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

27.04.1998 թվականի նվիրատվության պայմանագիրը կնքելու ժամանակ գործող 1964 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 256-րդ հոդվածի համաձայն` նվիրատվության պայմանագրով մեկ կողմը գույքը անհատույց մյուս կողմին է տալիս ի սեփականություն:

«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` գործարքների անվավերության հիմքերի և հետևանքների մասին` օրենսգրքի նորմերը կիրառվում են այն գործարքների նկատմամբ, որոնց անվավեր ճանաչելու մասին պահանջները դատարանի` ներառյալ արբիտրաժային տրիբունալի, կողմից քննվելու են 1999 թվականի հունվարի 1-ից հետո` անկախ համապատասխան գործարքների կնքման ժամանակից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` գույքի կամ իրավունքի հանդիպական հանձնման կամ հանդիպական պարտավորության առկայության դեպքում պայմանագիրը նվիրատվություն չի համարվում: Այդպիսի պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված կանոնները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը, առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն, շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս՝ «Սինկրիստալ» ՍՊԸ-ն (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Գագիկ Բղդոյանի, Եվգինյա Բղդոյանի, երրորդ անձ ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա ԻԿԿ-ի` Ընկերության լիազորված անձ Ռոստոմ Կուրղինյանի և Գագիկ Բղդոյանի միջև 23.07.2002 թվականին կնքված «Սինկրիստալ-ԱՌ» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) բաժնետոմսերի առուվաճառքի, որպես առոչինչ պայմանագրի, անվավերության հետևանքները կիրառելու և Գագիկ Բղդոյանի և Եվգինյա Բղդոյանի միջև 22.07.2005 թվականին կնքված Կազմակերպության բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործը):

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ պայմանագիրը նվիրատվություն չհամարելու և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնները կիրառելու համար օրենսդիրն անհրաժեշտ է համարել գործի քննության ժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հիմքերով ծագած գույքի կամ իրավունքի հանդիպական հանձնման կամ հանդիպական պարտավորության առկայության հաստատումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման՝ Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի՝ բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08):

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը գտել է, որ իրականում կողմերի միջև կնքվել է ցմահ ռենտայի պայմանագիր, իսկ նվիրատվության պայմանագրով քողարկվել է կողմերի միջև իրականում ծագած ցմահ ռենտայի իրավահարաբերությունը:

Վերաքննիչ դատարանի նման եզրահանգման համար հիմք են հանդիսացել գլխավորապես սույն գործով վկաների ցուցմունքներն այն մասին, որ Մարինե Գալստյանն իր ընտանքով մշտապես հոգացել է Լուսիկ Գալուստյանի խնամքը և ֆինանսական ծախսերը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Լուսիկ Գալուստյանը միայնակ, թոշակառու և հաշմանդամ կին է, ինչը հիմք է տվել ենթադրելու, որ վերջինս բնակարանը նվիրել է կարիքից դրդված: Նշվածը Վերաքննիչ դատարանը դիտել է բավարար` հաստատված համարելու համար հանդիպական պարտավորության առկայության փաստը, մասնավորապես այն հանգամանքը, որ նվիրատվության պայմանագիրը կնքելու ժամանակ Մարինե Գալստյանը պարտավորվել է ցմահ հոգալ Լուսիկ Գալուստյանի խնամքը և կենցաղային կարիքները: Արդյունքում Վերաքննիչ դատարանը հիշյալ գործարքը որակել է որպես շինծու գործարք` գտնելով, որ կողմերի միջև ծագած իրավահարաբերություններն իրենց բնույթով իրականում ցմահ ռենտայի հարաբերություններ են:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի հիմնավորվել Մարինե Գալստյանի կողմից հանդիպական պարտավորության ստանձնման փաստը, ոստիև ապացուցված չէ կնքված գործարքի շինծու լինելու հանգամանքը հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով վկաներ Սաթենիկ Ոսկանյանի, Ալինա Ներսիսյանի, Արման Աշուղաթոյանի, Նվեր Ներսիսյանի, Նաիրա Մխեյանի, Մարգարիտա Գևորգյանի և Վոլոդյա Գալստյանի ցուցմունքների համաձայն` Մարինե Գալստյանն իր ընտանիքով մշտապես հոգացել է Լուսիկ Գալուստյանի խնամքը և ֆինանսական ծախսերը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ վկաների ցուցմունքներով չի հաստատվում նվիրատվությունը կատարելու ժամանակ նվիրատուի մասին ցմահ հոգալու` Մարինե Գալստյանի պարտավորության ստանձնման փաստը, քանի որ նվիրատուի մասին կարող է հոգ տարվել ոչ միայն նման պարտավորության ստանձնումով, այլ նաև բարեկամական-հարազատական հարաբերություններից, երախտագիտությունց և այլ հանգամանքներից ելնելով, և որ վերջինիս հանդեպ փաստացի խնամքի իրականացումը դեռևս հիմք չէ նվիրատվության պայմանագիրը ցմահ հոգալու պայմանով կնքված լինելու փաստը հաստատելու համար: Ինչ վերաբերում է նվիրատուի միայնակ, թոշակառու և հաշմանդամ լինելու հանգամանքներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք սույն գործով էական նշանակություն ունեցող հանդիպական պարտավորության առկայությունը հավաստելու հիմք չեն:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում բացակայում է որևէ ապացույց, որով հաստատվում է սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, համաձայն որի` վեճի առարկա բնակարանի նվիրատվության պայմանագրով գույքը հանձնելու դիմաց Մարինե Գալստյանը պարտավորվել է ցմահ հոգալ Լուսիկ Գալուստյանի խնամքը և կենցաղային կարիքները:

Ինչ վերաբերում է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ բողոք ներկայացրած անձի փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանի կողմից հայցային վաղեմություն չկիրառելը պայմանավորված էր գործարքն առոչինչ ճանաչելու հետ, ուստի Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան