ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0604/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0604/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան | |
Դատավորներ՝ Ա. Մկրտչյան Ն. Բարսեղյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի |
2009 թվականի սեպտեմբերի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Իրավագարանտ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Թորգոմ Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.04.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության, երրորդ անձ «Եվրո-Ֆինանս» ՍՊԸ-ի հայցի ընդդեմ Աշոտ Հակոբյանի, երրորդ անձ «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի՝ 42.435.000 ՀՀ դրամ բռնագանձելու և տոկոսներ հաշվեգրելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել Աշոտ Հակոբյանից 42.435.00 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ` սկսած հայցադիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրվանից մինչև գումարը փաստացի վերադարձնելու օրը:
Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 29.12.2008 թվականի վճռով հայցը բավարարել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.04.2009 թվականի որոշմամբ բեկանվել է Դատարանի 29.12.2008 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության տնօրեն Թորգոմ Վարդանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 131-րդ, 219-րդ և 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 400-րդ, 428-րդ և 429-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվեցիայի 6-րդ հոդվածը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում, մինչդեռ Վերաքննիչ դատարանը սույն գործով հաստատված է համարել պատասխանողի կողմից հաշվանց հայտարարելու վերաբերյալ դիրքորոշում պնդելու փաստը՝ չնայած նրան, որ Վերաքննիչ դատարանն ընդունել է, որ պատասխանողը մինչև դատաքննության ավարտը պահանջից (հաշվանցի հայտարարությունից) հրաժարվել է:
Վերաքննիչ դատարանը, որոշման մեջ վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածը, չի պատճառաբանել, թե հատկապես ինչու պետք է կիրառվի նշված նորմը՝ դրանով իսկ խախտելով դատական ակտի իրավական և փաստական հիմնավորվածության վերաբերյալ պահանջը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը դեռևս քաղաքացիական գործի նախապատրաստական փուլում` 03.06.2008 թվականին, ցեսիայի պայմանագիրը դիմումով ուղարկել է Աշոտ Հակոբյանին, որն էլ այն ստացել է 05.06.2008 թվականին: Այդ դիմումը ստանալուց հետո Աշոտ Հակոբյանը չի վերադարձրել պահանջվող գումարը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29.12.2008 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) «Եվրո-Ֆինանս» ՍՊԸ-ի և Աշոտ Հակոբյանի միջև 01.10.2007 թվականին, 21.12.2007 թվականին և 22.01.2008 թվականին կնքված թիվ 11, թիվ 11 և թիվ 16 անտոկոս փոխառության պայմանագրերով «Եվրո-ֆինանս» ՍՊԸ-ն Աշոտ Հակոբյանին տրամադրել է 16.835.00 ՀՀ դրամ, 10.000.000 ՀՀ դրամ, 15.600.000 ՀՀ դրամ, ընդամենը` 42.435.000 ՀՀ դրամ (հատոր առաջին գ.թ. 10-12):
Փոխառության պայմանագրի 1.1 կետի համաձայն` փոխառուն պարտավորվել է փոխառության գումարները վերադարձնել 9 տարի հետո:
Փոխառության պայմանագրի 4.1 կետով փոխատուին իրավունք է վերապահվել պահանջել վաղաժամկետ վերադարձնել փոխառության միջոցները` նախօրոք 15 օր առաջ զգուշացնելով փոխառուին:
2) 05.05.2008 թվականի «Պահանջի իրավունքը զիջելու մասին» պայմանագրով «Եվրո-ֆինանս» ՍՊԸ-ն Աշոտ Հակոբյանի նկատմամբ ունեցած 42.435.000 ՀՀ դրամ գումարի պահանջի իրավունքը փոխանցել է Ընկերությանը (հատոր առաջին գ.թ. 8-9 ):
3) Ընկերությունը 05.05.2008 թվականին գրավոր դիմել է Աշոտ Հակոբյանին՝ խնդրելով փոխառության պայմանագրի 4.1 կետի համաձայն վերադարձնել 42.435.000 ՀՀ դրամը (հատոր առաջին գ.թ. 13-14 ):
4) Ընկերությունը 03.06.2008 թվականին կրկին անգամ Աշոտ Հակոբյանին ներկայացված դիմումով խնդրել է` պայմանագրի 4.1 կետի պահանջների համաձայն վաղաժամկետ վերադարձնել փոխառությամբ ստացված գումարները:
5) Աշոտ Հակոբյանը սույն գործի դատաքննության ժամանակ չի պնդել հաշվանց կատարելու հայտարարությունը (հատոր 2-րդ գ.թ 139-140, 144):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 426-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է միատեսակ հանդիպական այն պահանջի հաշվանցով, որի ժամկետը լրացել է կամ նշված չէ, կամ որոշված է պահանջի պահով: Հաշվանցի համար բավական է մեկ կողմի հայտարարությունը:
Սույն գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է կողմերի միջև առկա պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագիրը, ինչպես նաև պատասխանողի կողմից հաշվանց կատարելու հայտարարության բացակայության փաստը:
Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի բեկանումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Տվյալ դեպքում կողմը հրաժարվել է իր հայտարարությունից, սակայն գրավոր ներկայացված առարկություններում հայցը մերժելու հիմնավորումներ և ապացույցներ ներկայացվել են, որոնց դատարանը պարտավոր էր անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի ուժով: Անդրադառնալով այդ փաստարկների և ապացույցների իրավական նշանակությանը՝ պարտավորության դադարման առումով Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ դատարանը չանդրադառնալով դրանց՝ թույլ է տվել դատական սխալ, քանի որ դրանց անդրադառնալու պայմաններում հնարավոր է, որ ապացուցվեր հետևյալը.
Սույն գործով հաստատված փաստերի համաձայն՝ Աշոտ Հակոբյանը ստանձնել էր պարտավորությունը «Եվրո-Ֆինանս» ՍՊԸ-ի հանդեպ, իսկ վերջինս էլ ավելի վաղ պարտավորություն էր ձեռք բերել «Շենգավիթ Ա» ՍՊԸ-ի նկատմամբ»: «Նշված հանգամանքները պետք է քննարկվեին դատարանի կողմից և հնարավոր է, որ դատարանը հանգեր հետևության այն մասին, որ կողմերի միջև պահանջի իրավունքի զիջման պայմանագրի հիման վրա առկա է փոխադարձ պարտավորություն՝ մի դեպքում պարտատեր է հայցվորը, մյուս դեպքում՝ պատասխանողը, և հակառակը՝ մի դեպքում պարտապան է հայցվորը, մյուսում՝ պատասխանողը»:
Վերաքննիչ դատարանը, նշելով վերոնշյալ հանգամանքների պարզման անհրաժեշտությունը, հաշվի չի առել, որ տվյալ հանգամանքները կարող էին էական նշանակություն ունենալ գործի քննության համար, եթե առկա լիներ հաշվանց կատարելու հայտարարություն: Մինչդեռ տվյալ դեպքում նման հայտարարությունը դատաքննության ընթացքում չի պնդվել:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը (տե՛ս, Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)):
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը սկզբնական պահանջի հաշվանցի վերաբերյալ պահանջի բացակայության պայմաներում դատական ակտի բեկանման հիմքում դրել է միատեսակ հանդիպական պահանջների հաշվանցի կատարման անհրաժեշտության վերաբերյալ ենթադրությունները:
Այսպիսով, բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի քաղաքացիական դատարանի 29.12.2008 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Վ. Ավանեսյան |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան |