Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1477
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.09.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ3/0002/02/08

Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ3/0002/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան

Դատավորներ՝ Վ. Ավանեսյան

               Կ. Չիլինգարյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

2009 թվականի սեպտեմբերի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.02.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Կարբիի գյուղապետարանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է բռնագանձել Կարբիի գյուղապետարանից 14.823.356 ՀՀ դրամ:

ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 23.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Կարբիի գյուղապետարանից բռնագանձել 4.756.309 ՀՀ դրամ, իսկ 10.067.047 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.02.2009 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել և Դատարանի 23.06.2008 թվականի թիվ ՀՅՔԴ/0002/02/08 վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 15.06.2009 թվականի հաշտության համաձայնությունը և խնդրել են այն հաստատել:

Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաuտատել է կնքված հաշտության համաձայնությունը:

Ուսումնասիրելով 15.06.2009 թվականի հաշտության համաձայնագիրը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնագիրը պետք է հաստատել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հաստատել 15.06.2009 թվականի հաշտության համաձայնագիրը հետևյալ բովանդակությամբ.

 

«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ք. Երևան

15.06.2009թ.

 

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ, ի դեմս գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, որն այսուհետև անվանվում է Պարտատեր, մի կողմից և Կարբիի համայնքը, ի դեմս համայնքի ղեկավար Ֆրունզ Նազարեթյանի, որն այսուհետև անվանվում է Պարտապան, մյուս կողմից, կնքեցին սույն հաշտության համաձայնագիրը (այսուհետև համաձայնագիր) հետևյալի մասին:

 1. Պարտապանը պարտավորվում է սույն համաձայնագիրը կնքելուց հետո, սահմանված կարգով կատարել Կարբի համայնքի ջրամատակարարման ներքին ցանցի (այսուհետև գույք) իրավունքների պետական գրանցումը անշարժ գույքի Կադաստրի տարածքային մարմիններում և մինչև 2009թ. հոկտեմբերի 1-ը անհատույց օգտագործման պայմանագրով հանձնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի շահագործմանը:

 2. Պարտապանը պարտավորվում է աջակցել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Կենտրոն-Արևմտյան» տարածքային մասնաճյուղին, Կարբի համայնքի բաժանորդների ներքին ցանցում ջրաչափերի տեղադրման աշխատանքներին:

 3. Պարտապանը ընդունում է, որ իր պարտքը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին 01.04.2008թ. դրությամբ` սպառված խմելու ջրի դիմաց կազմել է 14823356 (տասնչորս միլիոն ութ հարյուր քսաներեք հազար երեք հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ, որից 4756309 (չորս միլիոն յոթ հարյուր հիսունվեց հազար երեք հարյուր ինը) դրամ գումարը գտնվում է հարկադիր կատարման վարույթում և բռնագանձումը կատարվում է հարկադիր կատարողների միջոցով: Վերը նշված պարտքի մնացորդը` 10067047 դրամ (տաս միլիոն վաթսունյոթ հազար քառասունյոթ) դրամ և պետական տուրքի գումարը 604023 (վեց հարյուր չորս հազար քսաներեք) դրամ` ընդամենը վճարման ենթակա գումարը 10671070 (տասը միլիոն վեց հարյուր յոթանասունմեկ հազար յոթանասուն) դրամ, Պարտապանը պարտավորվում է մարել հինգ տարվա ընթացքում, սկսած սույն թվականի հոկտեմբեր ամսից` յուրաքանչյուր ամիս վճարելով «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ 16048200544615 հաշվեհամարին 200000 դրամ գումար:

4. Սույն համաձայնագրի 3-րդ կետով սահմանված պարտավորությունների կատարումը չի ազատում Պարտապանին 01.04.2009 թվականից հետո, մինչև ջրամատակարաման և ջրահեռացման պայմանագրի լուծումը, առաջացած պարտքերը մարելուց: Այդ նպատակով Պարտապանը պարտավորվում է մինչև 01.10.2009թ. ըստ ամիսների հավասարաչափ, մարել 01.04.2008թ.-01.09.2009թ. ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման դիմաց կուտակված պարտքերը:

5. Պարտապանը իրավունք ունի սույն համաձայնագրի 3-րդ և 4-րդ կետերում նշված գումարները մարել սահմանված ժամկետից շուտ:

6. Սույն համաձայնագրի 3-րդ և 4-րդ կետերում նշված ամսական գումարի վճարումը նույնիսկ մեկ անգամ կետանցելու դեպքում, համաձայնագրի 3-րդ և 4-րդ կետերը կորցնում են իրենց ուժը և Պարտատերն իրավունք է ստանում ողջ գումարի բռնագանձման համար դիմելու հարկադիր կատարման ծառայությանը, սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկելով նաև տույժեր` վճարման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 0,15 տոկոսի չափով:

7. Սույն համաձայնագիրը կազմված է հայերեն լեզվով, երեք հավասար օրինակից, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ, իսկ մեկ օրինակը ներկայացվում է ՀՀ վճռաբեկ դատարանի հաստատմանը:

Կողմերի ստորագրությունները

 

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ

ստորագրություն
   

Կարբիի գյուղապետարան

ստորագրություն»:
   

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.02.2009 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

 

Ե. Խունդկարյան