Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2005
Ստորագրման ամսաթիվ
30.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2007

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության կառավարության եվ Արգենտինայի Հանրապետության կառավարության միջԵՎ բույսերի պաշտպանության եվ ֆիտոսանիտարական կարանտինի բնագավառներում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արգենտինայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

ցանկանալով ամրապնդել երկկողմ համագործակցությունը բույսերի պաշտպանության և ֆիտոսանիտարական կարանտինի բնագավառներում,

նպատակ ունենալով պաշտպանել երկու պետությունների տարածքները բույսերի որոշ հիվանդությունների, վարակների և մոլախոտերի (այսուհետ՝ կարանտինային վարակներ) ներմուծումից ու տարածումից և սահմանափակել դրանց կողմից պատճառվող վնասները, ինչպես նաև դյուրացնել բույսերի և բուսական ծագման արտադրանքի փոխադարձ առևտուրը և փոխանակումը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի ներքո օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.

- բույսեր՝ կենդանի բույսեր և դրանց կենդանի մասեր` ներառյալ սերմերը և սաղմապլազման.

- բուսական արտադրանք՝ չվերամշակված բուսական ծագման արտադրանք (ներառյալ հացահատիկային բույսերը), ինչպես նաև վերամշակված արտադրանք, որոնք իրենց բնույթով կամ վերամշակման արդյունքում կարող են վտանգ ներկայացնել վարակների ներմուծման կամ տարածման հետ կապված.

- կանոնակարգվող առարկա՝ որևէ բույս, բուսական արտադրանք, պահեստ կամ փաթեթավորման վայր, բեռնարկղ, հող և այլ օրգանիզմ կամ նյութ, որը կարող է պարունակել կամ տարածել վարակներ, որոնք ենթակա են ֆիտոսանիտարական միջոցառումների անցկացմանը, մասնավորապես, միջազգային փոխադրման ժամանակ.

- ֆիտոսանիտարական գործողություն՝ որևէ պաշտոնական գործողություն, ինչպիսին է ստուգումը, տեստավորումը, հսկողությունը կամ ախտահանումը, որն իրականացվում է ֆիտոսանիտարական կանոնների կամ ընթացակարգերի կիրառմամբ.

- կանոնակարգվող վարակ` կանոնակարգվող կարանտինային կամ ոչ կարանտինային վարակ.

- կարանտինային վարակ՝ ռիսկային գոտու համար տնտեսական պոտենցիալ կարևորություն ներկայացնող վարակ, որը դեռևս գոյություն չունի, կամ եթե գոյություն ունի, ապա տարածված չէ և գտնվում է պաշտոնական հսկողության ներքո.

- կանոնակարգվող ոչ կարանտինային վարակներ՝ ոչ կարանտինային վարակներ, որոնց առկայությունը բույսերում կարող է ունենալ անընդունելի տնտեսական ազդեցություն, և այդ պատճառով էլ այն կանոնակարգվում է ներմուծող Կողմի տարածքում.

- կարանտինային վարակներ՝ ներքին տնտեսության համար պոտենցիալ կարևորություն ներկայացնող և Կողմերի կանոններով սահմանված վնասակար օրգանիզմներ, որոնք դեռևս գոյություն չունեն, կամ եթե գոյություն ունեն, ապա տարածված չեն և գտնվում են հսկողության ներքո:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրով նախատեսված հատուկ համագործակցությունը պետք է իրականացվի յուրաքանչյուր Կողմի պետությունում գործող կիրառելի կանոնների և կարանտինային վարակների ցուցակի համաձայն (Հավելված 2):

 

Հոդված 3

 

Կողմերը պարտավորվում են կիրառել ցանկացած հնարավոր միջոց՝ մի Կողմի տարածքից դեպի մյուս Կողմի տարածքը կարանտինային վարակների անցումը կանխելու համար:

2-րդ Հավելվածում նշված կարանտինային վարակների ցուցակը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

Կողմերի իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կարող են փոխել կամ լրացնել կարանտինային վարակների ցուցակը:

Վերոհիշյալ փոփոխությունների ու լրացումների և դրանց ուժի մեջ մտնելու օրվա մասին դիվանագիտական ուղիներով կհաղորդվի մյուս Կողմի իրավասու մարմիններին:

 

Հոդված 4

 

Մյուս Կողմի տարածքում կանոնակարգվող վարակների ներմուծումը և տարածումը կանխելու համար բույսերի կամ բուսական արտադրանքի ցանկացած արտահանում պետք է ուղեկցվի Կողմի՝ այդ նպատակով նշանակված մարմնի կողմից տրված ֆիտոսանիտարական վկայագրով, որը պետք է համապատասխանի Ֆիտոսանիտարական պաշտպանության միջազգային կոնվենցիային (IPPC):

Ֆիտոսանիտարական վկայագիրը պետք է հաստատի.

- որ արտահանվող բույսերը և բուսական ծագման արտադրանքը զերծ են կանոնակարգվող վարակներից, որոնք նշված են սույն Համաձայնագրի Հավելվածում և որոնք հաստատվել են որպես ֆիտոսանիտարական պահանջներ յուրաքանչյուր ապրանքի համար` համաձայն համապատասխան Վարակի ռիսկի անալիզին.

- այդ բույսերի և բուսական արտադրանքի ծագման վայրը.

- ախտահանումը, որին ենթարկվել է բույսը.

Բուսական արտադրանքի վերարտահանման դեպքում ծագման երկիրը պետք է նշվի:

 

Հոդված 5

 

Կանոնակարգվող առարկաները ենթակա են ֆիտոսանիտարական վերահսկման՝ Կողմերի համապատասխան կանոնների և կանոնակարգումների համաձայն:

 

Հոդված 6

 

Ֆիտոսանիտարական վկայագիրը չի բացառում մի Կողմի տարածքից մյուս Կողմի տարածք ներմուծվող բույսերի և բուսական արտադրանքի նկատմամբ ներմուծող Կողմի հսկողության իրավունքը:

 

Հոդված 7

 

Ֆիտոսանիտարական կանոններին հակասող յուրաքանչյուր կարանտինային վարակի կամ իրավիճակի հայտնաբերման դեպքում ներմուծող Կողմի իրավասու մարմինը պետք է այդ մասին անհապաղ հայտնի արտահանող Կողմի իրավասու մարմնին:

 

Հոդված 8

 

Կանոնակարգվող վարակների ներմուծումն ու տարածումը կանխելու նպատակով Կողմերը պետք է իրավունք ունենան ձեռնարկելու համապատասխան ֆիտոսանիտարական միջոցներ` որպես Վարակների ռիսկի անալիզի արդյունք:

 

Հոդված 9

 

Կողմերը արգելում են հողի ներկրումը (բացառությամբ տորֆի), ինչպես նաև խոտի, ծղոտի, մամուռի, կեղևի կամ այլ նյութերի օգտագործումը իբրև փաթեթավորման նյութ, որոնք կարող են ներս բերել կամ տարածել կարանտինային վարակներ:

 

Հոդված 10

 

Երկու երկրների դիվանագիտական ներկայացուցիչներին և նրանց անձնակազմերին ուղարկված` բույսերի և բուսական արտադրանքի փոխանակումները պետք է համապատասխանեն սույն Համաձայնագրի ֆիտոսանիտարական պահանջներին:

 

Հոդված 11

 

Կողմերը պետք է ապահովեն ֆիտոսանիտարական հսկողություն սահմանային կետերում (մայրուղիներ, երկաթգիծ, ծովային և օդային ուղիներ), որոնք ստեղծված են բույսերի կամ բուսական ծագման արտադրանքի ներկրման, արտահանման կամ տարանցման համար:

 

Հոդված 12

 

Երկու Կողմերը, ընդունելով գիտական բնագավառում համագործակցության առավելությունները և հնարավորության դեպքում բույսերի պաշտպանության մեթոդների և միջոցների միասնականացման պատշաճ հնարավորությունը, կխրախուսեն համագործակցությունը հետևյալ միջոցներով.

- տեղեկատվության փոխանակում անտառների և մշակաբույսերի ֆիտոսանիտարական վիճակի, վարակների դեմ պայքարի միջոցների, ինչպես նաև ստացված արդյունքների մասին.

- ֆիտոսանիտարիայի և բույսերի պաշտպանության վերաբերյալ օրենքների, կանոնների և մասնագիտական գրականության փոխանակում, որը այս բնագավառում երկու երկրների փորձագետների համար կապահովի ավելի խորը գիտելիքների ձեռքբերումը:

 

Հոդված 13

 

Կողմերը կարող են միմյանց տրամադրել տեղեկատվություն կարանտինային վարակների հայտնաբերման կամ տարածման մասին` նշելով, որ Կողմերից ոչ մեկը չի կարող ստացված տեղեկատվությունը տրամադրել երրորդ երկրի:

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագրին համապատասխանելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, Կողմերը կարող են իրենց ներկայացուցիչների միջոցով կազմակերպել համատեղ խորհրդակցություններ:

Կողմերը ժամանակ առ ժամանակ կորոշեն խորհրդակցությունների անցկացման ժամանակը, տեղն ու օրակարգը, ինչպես նաև ծախսերը հոգալու եղանակը:

 

Հոդված 15

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և իրականացման հետ կապված վիճելի հարցերը Կողմերը կլուծեն ուղղակի կապերի միջոցով կամ այլ ընդունելի եղանակներով: Եթե այս ճանապարհով հնարավոր չլինի համաձայնության հասնել, վեճերը կլուծվեն դիվանագիտական ուղիներով:

 

Հոդված 16

 

Սույն Համաձայնագրի համակարգման և իրականացման համար Կողմերի պատասխանատու իրավասու մարմիններն են.

- արգենտինական կողմից՝ գյուղատնտեսության, անասնապահության, ձկնաբուծության և սննդամթերքի քարտուղարությունը.

- հայկական կողմից՝ գյուղատնտեսության նախարարությունը:

Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերի իրավասու մարմինները ուղղակի կապի մեջ կլինեն և կարող են համաձայնագրեր կնքել այդ նպատակով:

 

Հոդված 17

 

Սույն Համաձայնագրի դրույթները չպետք է ազդեն Կողմերի այն պարտավորությունների վրա, որոնք բխում են այլ երկկողմ և բազմակողմ համաձայնագրերից:

 

Հոդված 18

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցումից հետո վաթսուներորդ (60) օրը, որով Կողմերը միմյանց ծանուցում են դրա ուժի մեջ մտնելու համար իրենց ներպետական պահանջների ավարտի մասին:

 

Հոդված 19

 

Սույն Համաձայնագիրը կնքվել է հինգ տարի ժամկետով: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարվա համար, եթե Կողմերից որևէ մեկը առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին չծանուցի այն դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում, 2005 թվականի օգոստոսի 30-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, իսպաներեն և անգլերեն, ընդ որում, բոլոր օրինակներն էլ հավասարազոր են:

 

Տեքստի մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. հուլիսի 22-ին: