Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
22.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2007

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության կառավարության ԵՎ Կատարի Պետության կառավարության միջԵՎ ներդրումների խրախուսման ԵՎ փոխադարձաբար պաշտպանության մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կատարի Պետության կառավարությունը, այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր,

նպատակ ունենալով ստեղծել բարենպաստ պայմաններ մի Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների կատարման համար,

ընդունելով, որ այս ներդրումների խրախուսումն ու պաշտպանությունը կխթանեն կապիտալի և տեխնոլոգիաների հոսքը Պայմանավորվող կողմերի միջև` տնտեսական զարգացման նկատառումներից ելնելով,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1. Սահմանումներ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար նշված բառերն ու տերմինները ունեն հետևյալ նշանակությունը.

1. «Ներդրող» տերմինը նշանակում է՝

ա) Հայաստանի Հանրապետության դեպքում.

(i) ցանկացած ֆիզիկական անձ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն համարվում է այդ Պայմանավորվող կողմի քաղաքացի կամ մշտական բնակություն ունեցող անձ:

(ii) ցանկացած իրավաբանական անձ կամ այլ կարգավիճակ ունեցող ձեռնարկություն, որը հիմնվել կամ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` ունենալով գրասենյակ Հայաստանի Հանրապետության տարածքում և, որը ճանաչվում է Հայաստանի օրենքներով:

բ) Կատարի Պետության դեպքում.

(i) ֆիզիկական անձինք, որոնք ունեն Կատարի Պետության քաղաքացիություն` համապատասխան օրենքների համաձայն:

(ii) Կառավարությունը և այն կառավարական գործակալությունները, ընկերությունները, կազմակերպությունները, ֆիրմաները կամ այն գործարար միավորումները, որոնք հիմնվել կամ կազմավորվել են Կատարի Պետության օրենքներին համապատասխան և որոնք ունեն իրենց գրասենյակները Կատարի Պետության տարածքում:

2. «Ներդրում» տերմինը նշանակում է հիմնված կամ ձեռք բերված գույքի բոլոր տեսակները, ներառյալ նման ներդրումների ձևերի փոփոխությունները` համաձայն այն պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությանը, որի տարածքում կատարվել է ներդրումը և մասնավորապես, բայց ոչ բացառապես ներառում է.

ա) շարժական և անշարժ գույքը, ցանկացած այլ գույքային իրավունքներ, ինչպես օրինակ վարձակալությունը, գրավը կամ գրավականը,

բ) ընկերությունների բաժնեմասերը, բաժնետոմսերը և պարտավորությունները կամ նման ընկերություններում մասնակցության այլ ձևերը,

գ) դրամական պահանջները և պայմանագրից բխող պարտավորությունները, որոնք ունեն ֆինանսական արժեք,

դ) մտավոր սեփականության իրավունքները` համաձայն համապատասխան Պայմանավորվող կողմի օրենքների:

3. «Հասույթ» տերմինը նշանակում է՝ ներդրումներից ստացված գումարները և ներառում է, մասնավորապես, բայց ոչ բացառապես` շահույթը, տոկոսավճարները, կապիտալի աճը, շահաբաժինը, ռոյալթիները և կոմիսիոն վճարները: Վերաներդրված հասույթը կունենա նույն պաշտպանությունը` ինչ որ ներդրումը:

4. «Տարածք» հասկացությունը նշանակում է.

ա) Կատարի Պետության դեպքում` Կատարի Պետության տարածքը և ներքին ու տարածքային ջրերը, որոնք ներառում են դրանց վրայի օդային տարածքը և տնտեսական գոտին ու մայրցամաքային շելֆը, որոնց նկատմամբ Կատարի Պետությունը` միջազգային իրավունքի և իր ազգային օրենսդրության համաձայն, իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները,

բ) Հայաստանի Հանրապետության դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածքը, ներառյալ` ներքին ջրերը և դրանց վրայի օդային տարածքը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավազորությունը:

 

Հոդված 2. Սույն Համաձայնագրի կիրառումը

 

Սույն Համաձայնագիրը կվերաբերի բոլոր ներդրումներին, որոնք կատարվել են Պայմանավորվող կողմերից մեկի ներդրողների կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վերջինիս օրենսդրության համաձայն` ինչպես մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, այնպես էլ դրանից հետո կատարված ներդրումներին:

 

Հոդված 3. Ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է խրախուսի և ստեղծի բարենպաստ պայմաններ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից իր տարածքում ներդրումներ կատարելու համար, և ընդունի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները` համաձայն իր երկրում գործող օրենսդրության:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին և հասույթներին մյուս Պայմանավորվող կողմի տարածքում մշտապես պետք է տրամադրվի հավասար և արդար ռեժիմ:

 

Հոդված 4. Ազգային ռեժիմ և առավել բարենպաստության ռեժիմ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ պետք է սահմանի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը կիրառում է սեփական կամ ցանկացած երրորդ երկրի ներդրողների ներդրումների նկատմամբ:

2. Ի հավելումն, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների, ներառյալ իրենց ներդրումների հասույթի նկատմամբ, պետք է սահմանի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը կիրառում է ցանկացած երրորդ երկրի ներդրողների ներդրումների նկատմամբ:

3. Վերը նշված դրույթներում սահմանված պայմանները չեն դիտարկվում որպես Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից այն արտոնություններից օգտվելու հնարավորություն, որոնք յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ տրամադրում է որևէ երրորդ երկրի ներդրողներին` համաձայն իր մասնակցության հետևյալից յուրաքանչյուրում.

ա) Համաձայնագրերին, որոնք առնչվում են առկա կամ ապագայում ստեղծված մաքսային միությունների, ազատ առևտրի գոտիների, տարածաշրջանային տնտեսական կազմակերպությունների կամ նմանատիպ միջազգային կազմակերպությունների հետ,

բ) Հարցերին, որոնք ամբողջովին կամ մեծամասամբ վերաբերում են հարկման:

 

Հոդված 5. Օտարում, սեփականազրկում և փոխհատուցում

 

1. Ներդրումները ենթակա չեն, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, առգրավման, սեփականազրկման կամ ազգայնացման կամ ցանկացած այլ նմանատիպ հետևանքներ ունեցող միջոցառումների (այսուհետ` օտարում), բացառությամբ այն դեպքերի, երբ այն բխում է հասարակության կարիքներից և իրականացվում է առանց խտրականության, Պայմանավորվող Կողմերի օրենսդրությունների համաձայն փոխհատուցմամբ, և համաձայն սույն հոդվածի երկրորդ կետում նշված ռեժիմի ընդհանուր սկզբունքների և իրավական ընթացակարգերի:

2. Այսպիսի փոխհատուցումը պետք է լինի օտարված ներդրման իրական շուկայական արժեքին` այդ ներդրման օտարման իրականացման կամ օտարման մասին որոշման կայացման պահին, և կգնահատվի համաձայն գերակայող նորմալ տնտեսական իրավիճակի, որը առկա էր նախքան օտարման որևէ գործողության իրականացումը: Փոխհատուցման գումարները պետք է վճարվեն առանց անհիմն ուշացումների, լինեն ազատ փոխանցելի և պետք է ներառեն հավասար ու արդար տոկոսադրույք, որը ամեն դեպքում չպետք է պակաս լինի, քան այն, որ վերջին վեց ամիսների գերակայող LIBOR-ի տոկոսադրույքը կամ համարժեքը` սկսած օտարման պահից մինչև վճարման օրը:

3. Առանց սույն համաձայնագրի 8-րդ հոդվածով սահմանված ներդրողների իրավունքները վնասելու, ներդրողը պետք է իրավունք ունենա, օտարում իրականացնող Պայմանավորվող կողմի շրջանակներում, այդ Կողմի դատական կամ այլ անկախ մարմնի կողմից իր փոխհատուցման գնահատման քննության, համաձայն սույն հոդվածում առկա սկզբունքների: Օտարում կատարող պայմանավորվող կողմը պարտավոր է ամեն ջանք գործադրելու այդպիսի քննության արագ իրագործումը երաշխավորելու համար:

4. Երբ մի Պայմանավորվող կողմ օտարում է այն ընկերության ակտիվները, որը հիմնվել է համաձայն իր տարածքի ցանկացած մասում գործող օրենքի և որտեղ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողները ունեն իրենց բաժնեմասերը, ապա այն պետք է ապահովվի սույն հոդվածի առաջին կետում նշված դրույթների կիրառումը, որպեսզի երաշխավորվի արդար և հավասար փոխհատուցում կապված մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների հետ, ովքեր հանդիսանում են բաժնետերեր:

5. Մեկ Պայմանավորվող կողմի ներդրողները, որոնց ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վնասներ են կրում պատերազմների կամ այլ ռազմական կոնֆլիկտի, արտակարգ իրավիճակների կամ քաղաքացիական անկարգությունների հետևանքով, վերջին Պայմանավորվող կողմի տարածքում, վերջին Պայմանավորվող կողմի կողմից կապված վերականգնման, փոխհատուցման կամ հարցի այլ կարգավորման հետ, կկիրառվի այնպիսի ռեժիմ, որը կլինի ոչ պակաս բարենպաստ քան այն, որ վերջին Պայմանավորվող կողմը կիրառում է սեփական կամ որևէ երրորդ երկրի ներդրողների նկատմամբ: Վճարումները պետք է լինեն ազատ փոխանցելի:

 

Հոդված 6. Ներդրումների և հասույթների հայրենադարձումը

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կապահովվի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների բոլոր դրամական միջոցների, որոնք կապված են իր տարածքում կատարված ներդրումների հետ, ազատ փոխանցումը, հարկային պարտավորությունների կատարումից հետո` առանց անհիմն ուշացումների և որևէ խտրականության: Այդպիսի դրամական միջոցները կներառեն.

ա) ներդրումների պահպանման և ընդլայնման համար անհրաժեշտ հիմնական և լրացուցիչ գումարներ,

բ) հասույթներ,

գ) ներդրման հետ կապված ցանկացած փոխառության մարման և տոկոսների գումարները,

դ) իրենց բաժնեմասերի վաճառքից ստացված գումարները,

ե) Ներդրողների կողմից ներդրման մասնակի կամ ամբողջական վաճառքի, կամ լուծարման արդյունքում ստացված գումարները,

զ) մի Պայմանավորվող կողմի այն քաղաքացիների շահույթը, որոնք աշխատում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ներդրման հետ կապված,

է) փոխհատուցում, համաձայն սույն Համաձայնագրի հինգերորդ հոդվածի,

ը) ցանկացած իրավական վեճի կարգավորման ընթացքում առաջացած վճարումները:

2. Կողմերի միջև այլ համաձայնության բացակայության դեպքում, սույն հոդվածի առաջին կետով սահմանված արժույթի փոխանցումները պետք է թույլատրվեն այն արժույթով, որով իրականացվել է ներդրումը կամ այլ փոխարկելի արժույթով: Այդպիսի փոխանցումը պետք է իրականացվի փոխանցման օրը շուկայում փոխանակման տոկոսադրույքով:

 

Հոդված 7. Սուբրոգացիա

 

Եթե մի Պայմանավորվող կողմը կամ նրա լիազոր գործակալությունը երաշխավորել է սեփական ներդրողին մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարված ներդրումների կապակցությամբ կատարել ցանկացած փոխհատուցում ոչ առևտրային ռիսկի դիմաց և վճարում է կատարում ներդրողին, համաձայն իր պահանջի սույն Համաձայնագրի շրջանակներում, ապա մյուս Պայմանավորվող կողմը կհամաձայնի, որ առաջին Պայմանավորվող կողմը կամ նրա լիազոր գործակալությունը սուբրոգացիայի հիման վրա ստանձնի իրենց ներդրողների իրավունքները և պահանջները: Սուբրոգացված իրավունքները կամ պահանջները չպետք է գերազանցեն այդպիսի ներդրողների իրական իրավունքները և պահանջները:

 

Հոդված 8. Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ներդրումային վեճերի կարգավորումը

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում ցանկացած իրավական վեճ, որը կծագի ներդրումների հետ կապված մեկ Պայմանավորվող կողմի ներդրողի և մյուս Պայմանավորվող կողմի միջև, պետք է կարգավորվի նրանց միջև բարեկամաբար:

2. Եթե այդպիսի վեճերը չեն կարող լուծվել համաձայն սույն հոդվածի առաջին կետի, գրավոր պահանջի ներկայացումից սկսած վեց ամսվա ընթացքում, յուրաքանչյուր կողմը կարող է ներկայացնել վեճը հետևյալ մարմինների դիտարկմանը:

ա) առաջին հերթին հյուրընկալող երկրի իրավասու դատարանի որոշմանը, ներդրողի համաձայնության դեպքում, կամ,

բ) Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն, ստեղծված 1965 թ. մարտի 18-ին Վաշինգտոնում ընդունված պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումների կապակցությամբ ծագած վեճերի կարգավորման կոնվենցիայի հիման վրա, եթե սույն Կոնվենցիան ընդունելի է Պայմանավորվող կողմերի համար, կամ

գ) «Ad hoc» միջնորդ դատարան:

Ներդրումային վեճի յուրաքանչյուր կողմը, որն ընտրում է ներդրումային վեճի կարգավորման վերոհիշյալ ձևերից մեկը, չի կարող ընտրել մյուս երկու ձևերը:

3. «Ad hoc» միջնորդ դատարանը, որը նշվել է կետ 2-ում կձևավորվի հետևյալ կերպով.

ա) վեճի յուրաքանչյուր կողմ նշանակում է միջնորդ դատավոր և այդ կերպ նշանակված երկու միջնորդ դատավորները փոխադարձ համաձայնությամբ ընտրում են երրորդ միջնորդ դատավորին, որը պետք է լինի երրորդ երկրի քաղաքացի, որի հետ երկու երկրները ունեն դիվանագիտական հարաբերություններ, և երկու կողմերի կողմից պետք է նշանակվի դատարանի նախագահ: Բոլոր միջնորդ դատավորները պետք է նշանակվեն երկու ամսվա ընթացքում մի կողմի ծանուցումը վեճը միջնորդ դատարան ներկայացնելու մտադրության մասին մյուս կողմին ներկայացնելու օրից սկսած:

բ) Եթե վերոհիշյալը չի իրականացվում կետ 3-ում նշված ժամանակահատվածում, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը այլ համաձայնության բացակայության դեպքում հրավիրում է Միջազգային դատարանի նախագահին, փոխնախագահին կամ միջազգային դատարանի ավագությամբ հաջորդ որևէ այլ դատավորի, որը չունի Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացիությունը, որն էլ իրականացնելու է անհրաժեշտ նշանակումները:

գ) «Ad hoc» միջնորդ դատարանը վճիռ է կայացնում ձայների մեծամասնությամբ: Այդ վճիռները կողմերի համար պետք է լինեն վերջնական և պարտադիր և կիրագործվեն վիճող կողմերի ներքին օրենքներին համապատասխան: Վճիռները պետք է ընդունվեն սույն Համաձայնագրի դրույթներին և Պայմանավորվող կողմերի օրենքներին համապատասխան:

դ) Դատարանը պետք է մեկնաբանի իր վճիռը և տա իր կայացրած որոշման հիմքերը և պատճառները յուրաքանչյուր կողմից նման պահանջ ներկայացնելու դեպքում: Կողմերի միջև այլ համաձայնությոան բացակայության դեպքում միջնորդ դատավարության վայրը կլինի Հաագան (Նիդեռլանդներ):

Վերոհիշյալի կապակցությամբ դատարանը պետք է գործի ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի կողմից հաստատված Արբիտրաժային կանոնների համաձայն:

 

Հոդված 9. Պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորումը

 

1. Պայմանավորվող երկու կողմերը կփորձեն բարեխղճորեն և փոխադարձ համագործակցությամբ հասնել Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի արագ և արդար լուծմանը: Այս կապակցությամբ Պայմանավորվող կողմերը այսուհետ կհամաձայնեն դիմել ուղղակի բանակցությունների՝ այդպիսի կարգավորմանը հասնելու նպատակով: Եթե կողմերի միջև տարաձայնությունները չեն կարգավորվում իր ծագման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում, ապա յուրաքանչյուր պայմանավորվող կողմի պահանջով այն կներկայացվի երեք անդամից բաղկացած միջնորդ դատարանին:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը վերը նշված պահանջը ստանալուց երկու ամսվա ընթացքում պետք է նշանակի մեկ միջնորդ դատավոր և այդպես նշանակված երկու միջնորդ դատավորները պետք է երկու ամսվա ընթացքում երկու պայմանավորվող կողմերի հավանությամբ նշանակեն որևէ երրորդ երկրի քաղաքացու, որպես դատարանի նախագահի:

3. Եթե սույն հոդվածի երկրորդ կետում նշված ժամանակահատվածում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվում, Պայմանավորվող կողմերը, որևէ այլ համաձայնության բացակայության դեպքում, կարող են դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարանի նախագահին նշանակումներն իրականացնելու համար: Եթե որևէ պատճառով նա չի կարող իրականացնել նշված գործառույթը, ապա նշանակումներն իրականացնելու համար կհրավիրվի ՄԱԿ-ի միջազգային դատարանի փոխնախագահը: Իսկ եթե փոխնախագահն էլ հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի, կամ եթե նա էլ որևէ այլ պատճառով չի կարող իրականացնել նշված գործառույթը, ապա կհրավիրվի ՄԱԿ-ի միջազգային դատարանի ավագությամբ հաջորդ այլ անդամ, որը չի հանդիսանում որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի, նշանակումներն իրականացնելու համար:

4. Դատարանի որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Այդպիսի որոշումները վերջնական են կողմերից յուրաքանչյուրի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կրում է իր կողմից նշանակված իրավարարի գործունեության և միջնորդ դատավարությունում իր ներկայացուցչության հետ կապված բոլոր ծախսերը: Դատարանի նախագահի հետ կապված և մնացած ծախսերը հավասարապես բաշխվում են Պայմանավորվող կողմերի միջև: Միջնորդ դատարանը կարող է, այնուամենայնիվ, որոշել, որ ծախսերի մեծ մասը կրի Պայմանավորվող կողմերից մեկը և այդ որոշումը վերջնական կլինի երկու Պայմանավորվող կողմերի համար: Դատարանը ինքը կսահմանի դատավարության ընթացակարգը:

5. Պայմանավորվող կողմերի միջև այլ համաձայնության բացակայության դեպքում, դատավարությունը տեղի կունենա Հաագայում (Նիդեռլանդներ):

6. Բոլոր պահանջները պետք է ներկայացվեն և բոլոր լսումները անցկացվեն ութ ամսվա ընթացքում սկսած 3-րդ անդամի նշանակման օրից, եթե չկա որևէ ուրիշ համաձայնություն: Դատարանը պետք է հրապարակի իր որոշումը 2 ամսվա ընթացքում սկսած վերջնական պահանջների ներկայացման կամ գլխավոր նիստերի փակման օրից, կախված նրանից, թե որն է տեղի ունեցել ավելի ուշ:

7. Չի թույլատրվի վեճը ներկայացնել միջնորդ դատարանին, համաձայն սույն հոդվածի կանոնների, եթե նույն վեճը ներկայացվել է մեկ այլ միջնորդ դատարանի, համաձայն հոդված 8-ի կանոնների, և նրա լսումները դեռ չեն ավարտվել: Այս ամենը, սակայն չի խոչընդոտի Պայմանավորվող կողմերի միջև ուղղակի և կառուցողական բանակցությունների անցկացմանը:

 

Հոդված 10. Քաղաքացիների մուտք գործելը և գտնվելը երկրում

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, համաձայն օտարերկրացիների իր երկիր մուտք գործելու և գտնվելու վերաբերյալ կիրառվող օրենքների, պետք է թույլատրի մյուս Պայմանավորվող կողմի ֆիզիկական անձանց կամ այն անձանց, որոնց նշանակել կամ վարձել են մյուս Պայմանավորվող կողմի ներդրողները, մուտք գործել և մնալ իր տարածքում ներդրումների հետ կապված գործունեությանը մասնակցելու նպատակով:

 

Հոդված 11. Կիրառելի օրենքները

 

1. Բոլոր ներդրումները պետք է կանոնակարգվեն այն Պայմանավորվող կողմի գործող օրենքներով, որի տարածքում կատարվել են այդ ներդրումները, բացառությամբ այն դեպքերի, որոնք նշված են սույն Համաձայնագրում:

2. Չնայած սույն հոդվածի 1-ին կետին, ոչինչ չի կարող խոչընդոտել հյուրընկալող Պայմանավորվող կողմին, համաձայն իր օրենքների, որոնք կկիրառվեն կանոնավոր, հիմնավորված կերպով և առանց խտրականության, միջոցառումներ ձեռնարկել պաշտպանելու իր ներքին անվտանգությունը, հասարակական կարգը, բարոյական նկարագրին ազդող կարգը կամ այլ ծայրահեղ իրավիճակների դեպքերը:

 

Հոդված 12. Այլ կանոնների կիրառումը

 

Սույն Համաձայնագրին չպետք է խոչընդոտի/հակասի`

ա) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենքներին և կանոններին, ադմինիստրատիվ փորձին կամ ընթացակարգերին, ադմինիստրատիվ կամ դատական որոշումներին,

բ) Միջազգային իրավունքով նախատեսված պարտավորություններին, կամ

գ) Պարտավորություններին, որոնք ընդունել է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, ներառյալ այն պարտավորությունները, որոնք պարունակում են ներդրումային համաձայնագիր կամ ներդրման թույլտվություն:

Երբ վերը նշվածները ավելի բարենպաստ ռեժիմ են նախատեսում, քան այն, որը առաջարկվել է սույն Համաձայնագրով նմանատիպ պայմաններում:

 

Հոդված 13. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը

 

Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցման օրվանից:

 

Հոդված 14. Տևողությունը և դադարեցումը

 

1. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կլինի տաս տարվա ընթացքում և դրանից հետո այն ամեն անգամ ինքնաբերաբար կերկարաձգվի, եթե մի Պայմանավորվող կողմը չներկայացնի մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցում սույն Համաձայնագրի գոծողության դադարեցման իր մտադրության մասին: Համաձայնագիրը կդադարեցվի այդպիսի գրավոր ծանուցման ստացումից մեկ տարի անց:

2. Չնայած սույն Հոդվածի կետ 1-ի համաձայն սույն Համաձայնագրի դադարեցմանը, սույն Համաձայնագիրը կշարունակի գործել իր դադարեցման օրվանից սկսած 10 տարվա ընթացքում կապված այն ներդրումների հետ, որոնք կատարվել կամ ձեռք են բերվել սույն Համաձայնագրի դադարեցումից առաջ:

3. Սույն Համաձայնագրում կարող են փոփոխություններ կատարվել Պայմանավորվող կողմերի միջև գրավոր համաձայնագիր կնքելու դեպքում: Ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի, երբ կողմերից յուրաքանչյուրը մյուսին կտեղեկացնի, որ ավարտել է այդ փոփոխության ուժի մեջ մտնելու համար նախատեսված բոլոր պահանջները:

Ի վկայություն վերը նշվածի, համապատասխան կառավարությունների ներքոհիշյալ լիազոր ներկայացուցիչները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Դոհա քաղաքում, 2002 թ. ապրիլի 22-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են:

Տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. հոկտեմբերի 8-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան