Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության ԵՎ Իրանի Իսլամական Հանրապետության միջԵՎ քաղաքացիական ԵՎ քրեական գործերով իրավական համագործակցության մասին
Նախաբան
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
հաշվի առնելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր և հատկապես իրավական համագործակցության բնագավառներում իրենց բարեկամական հարաբերությունների ընդլայնման կարևորությունը,
հիմնվելով պետական ինքնիշխանությունը հարգելու և փոխադարձության սկզբունքի վրա,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Իրավական համագործակցության շրջանակը
1. Պայմանավորվող կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները սույն Համաձայնագրի և իրենց ներպետական օրենքների շրջանակներում քաղաքացիական և քրեական գործերով միմյանց իրավական օգնություն ցույց տալու համար:
2. Իրավական օգնությունը, iner alia, ներառում է հետևյալը.
ա) անձանց, ներառյալ վկաների, իրազեկվածների, կասկածյալների և տուժողների հարցաքննությունը.
բ) կալանավորված կամ այլ անձանց` վկայություն տալու կամ հարցաքննության ընթացքում աջակցությունը.
գ) իրավասու մարմինների տրամադրած դատական և այլ որոշումների փոխանցումը.
դ) տեղանքի զննությունը, ուսումնասիրումը, հանցագործության գործիքները, դրա կատարման ընթացքում օգտագործված միջոցների և փաստերի հավաքումը, պահպանումը և տրամադրումը.
ե) տեղեկատվության և փաստաթղթերի տրամադրումը, համապատասխան փաստաթղթերի և տեղեկանքների, այդ թվում` բանկային, ֆինանսական, զբաղմունքի տեսակի վերաբերյալ տեղեկանքների կամ դրանց հաստատված պատճենների տրամադրումը.
զ) փորձագիտական խորհրդատվություն տալու համար հարցում կատարելը.
է) դատական ընթացակարգեր իրականացնելը.
ը) քրեական հետապնդում իրականացնելը.
թ) գույքի վրա արգելանք դնելը, հանցագործությունից ստացված եկամուտների և սեփականության հայտնաբերումը և բռնագրավումը.
ժ) քաղաքացիական գործերով կայացրած դատական որոշումների ճանաչումը և կատարումը, պատճառված վնասների և կորուստների հատուցումը:
Հոդված 2
Իրավական օգնության հարցերով իրավասու մարմինները
1. Պայմանավորվող կողմերի դատական մարմինները և դատախազական մարմինները, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, պետք է տրամադրեն փոխադարձ իրավական օգնություն:
2. 1-ին հոդվածի 2-րդ կետում նշված գործով հայցվող իրավական օգնությունը, որն առնչվում է մի Պայմանավորվող կողմի ոչ դատական մարմիններին, կտրամադրվի այդ Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից:
Հոդված 3
Հաղորդակցության ուղիները
Իրավական օգնության համար Պայմանավորվող կողմերի միջև հաղորդակցությունը կիրականացվի դիվանագիտական ուղիներով. մի կողմից` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (քաղաքացիական գործերով) և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության (քրեական գործերով), մյուս կողմից` Իրանի Իսլամական Հանրապետության դատական մարմինների միջոցով:
Հոդված 4
Լեզուն
Իրավական օգնության համար դիմումը պետք է կազմվի և ուղարկվի հայցող Պայմանավորվող կողմի լեզվով, որին կից պետք է ներկայացվի հայցվող Պայմանավորվող կողմի լեզվով հավասարազոր թարգմանությունը կամ պաշտոնապես հաստատված անգլերեն թարգմանությունը:
Հոդված 5
Իրավական օգնության դիմումի ձևը
1. Իրավական օգնության դիմումը, կախված առարկայից, պետք է ներառի հետևյալը.
ա) հայցող իրավասու մարմնի անվանումը.
բ) հայցվող իրավասու մարմնի անվանումը.
գ) կողմերի, տուժողի, մեղադրյալի, դատապարտյալի, դատավարության մեջ գտնվող այլ անձանց անունները, ազգանունները և հայրանունները, քաղաքացիությունը, զբաղմունքի տեսակը և մշտական բնակության կամ բնակության վայրը.
դ) օգնություն հայցելու նպատակը և օգնության անհրաժեշտության մասին համառոտ բացատրությունը.
ե) գործի փաստերի նկարագրությունը և դրան առնչվող կանոնների տեքստը ներկայացնելու բացատրությունները.
զ) անհրաժեշտության դեպքում` դատական փաստաթղթերն ստացող անձի անունն ու հասցեն.
է) հատուկ ընթացակարգերի դրույթներն ու մանրամասները, որոնք հայցվող Պայմանավորվող կողմը ցանկանում է պահպանել.
ը) իրավական օգնություն ցույց տալու համար առավելագույն ժամկետը.
թ) այլ անհրաժեշտ տեղեկատվություն` իրավական օգնության պատշաճ տրամադրման համար:
2. Իրավական օգնության համար դիմումին կցված փաստաթղթերը պետք է հաստատված լինեն հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կնիքով: Այդ փաստաթղթերը հայցող Պայմանավորվող կողմի տարածքում կհամարվեն վավերական, և անհրաժեշտ չի լինի դրանք վերահաստատել:
Հոդված 6
Իրավական օգնության իրականացման ձևը
1. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը իրավական օգնությունը տրամադրելիս կիրառում է իր երկրի օրենքները: Այնուամենայնիվ, կարող է կիրառվել նաև հատուկ կանոն կամ ընթացակարգ, որը հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը ցանկանում է պահպանել` պայմանով, որ այդ կանոնը կամ ընթացակարգը չի հակասում հայցվող Պայմանավորվող կողմի ինքնիշխան կառավարման օրենքներին:
2. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը, ստանալով դիմումը, հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին պետք է տեղեկացնի իրավական օգնություն տրամադրելու վայրի և ժամանակի մասին:
3. Հայցվող իրավական օգնությունը կատարելուց հետո հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը կվերադարձնի հայցող Պայմանավորվող կողմի տրամադրած տեղեկանքներն ու փաստաթղթերը` կցելով իրավական օգնության արդյունքները և փաստաթղթերը:
4. Եթե իրավական օգնություն տրամադրելն անհնար է, ապա հայցվող Պայմանավորվող կողմը կվերադարձնի հարցումը` նշելով դրա պատճառները:
Հոդված 7
Փաստաթղթերի փոխանցման ձևը
1. Փաստաթղթի փոխանցման հետ կապված իրավական օգնության հարցման մեջ պետք է նշված լինեն ստացողի ճիշտ հասցեն և փաստաթղթի անվանումը: Այն դեպքում, երբ հարցման մեջ նշված հասցեն լրիվ կամ ճիշտ չէ, կամ ստացողը այդ հասցեով հայտնի չէ, ապա հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը պետք է, իր երկրի օրենքներին համապատասխան, միջոցներ ձեռնարկի` ստացողի հասցեն պարզելու համար:
2. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը փաստաթղթերն ստացողին պետք է տա կամ փոխանցի իր պետությունում գործող օրենքներին համապատասխան, եթե միայն դրանք կամ դրանցից կատարված հաստատված թարգմանությունները կազմված են այդ պետության լեզվով:
Այն դեպքում, երբ փոխանցման ենթակա փաստաթղթերը կամ դրանցից կատարված հաստատված թարգմանությունները հայցվող Պայմանավորվող կողմի լեզվով չեն, ապա դրանք կհանձնվեն, եթե ստացողը կամավոր ընդունի:
3. Ստացողին փոխանցված փաստաթղթերի ստացականը պետք է կազմվի ըստ հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում գործող կանոնակարգերի: Ստացականում պետք է նշվեն փոխանցման ժամանակը և վայրը, այն անձի անունը, ում փաստաթղթերը հանձնվել են, և դրանք հանձնող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի անվանումը:
Հոդված 8
Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների գործառույթները
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է իր դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների միջոցով իրականացնել փաստաթղթերի և ծանուցագրերի փոխանցում իր քաղաքացիներին, ինչպես նաև, առանց հարկադրանքի, նրանցից վերցնել բացատրություններ և լսել նրանց հայտարարությունները:
Հոդված 9
Վկա կամ փորձագետ հրավիրելը
1. Եթե Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում իրականացվող նախաքննությանը կամ նրա տարածքում վարվող դատաքննությանը Պայմանավորվող կողմի տարածքում բնակվող վկայի կամ փորձագետի ներկայությունը պարտադիր է, ապա հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի միջոցով պետք է վկային կամ փորձագետին հրավեր ուղարկի:
2. Հրավիրված անձի չներկայանալու դեպքում հրավերը չպետք է պարունակի հարկադրանքի միջոցներ կիրառելու հնարավորություն:
3 Վկան կամ փորձագետը կարող են հրաժարվել վկայություն կամ փորձագիտական խորհրդատվություն տալուց այն դեպքերում, եթե Պայմանավորվող կողմերից մեկի օրենքները ճանաչում են այդ իրավունքը կամ պարտավորեցնում են նրան այդպես գործել:
4. Վկան կամ փորձագետը վկայություն կամ փորձագիտական խորհրդատվություն տալու համար իր ներկայությունն անհրաժեշտ լինելու ժամանակահատվածում պետք է պաշտպանված լինի հետապնդումից, կալանավորումից, դատից և պատժից` կապված ցանկացած արարքի կամ հարցի հետ, որը կապված է դատավարության հետ, որին նա հրավիրվել է` վկայություն կամ փորձագիտական խորհրդատվություն տալու համար:
5. Եթե վկային կամ փորձագետին հրավիրող իրավասու մարմինը նրան տեղեկացնում է, որ իր ներկայությունը այլևս պարտադիր չէ, բայց վկան կամ փորձագետը չի հեռանում հայցող Պայմանավորվող կողմի տարածքից այդ ծանուցումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, ապա նա վերը նշված անձեռնմխելիությունը չի ունենում: Այն ժամանակահատվածը, որի ընթացքում վկան կամ փորձագետը իրենից անկախ պատճառներով չի կարող ազատորեն հեռանալ հայցող Պայմանավորվող կողմի տարածքից, չի հաշվվում սույն կետում նշված ժամկետի մեջ:
6. Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող վկաները և փորձագետները իրավունք ունեն հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից ստանալ այդ Պայմանավորվող կողմի տարածքում երթևեկության և կեցության ծախսերը, նաև` իրենց աշխատավարձերը, որոնցից նրանք զրկվել են ներկայանալու պատճառով: Փորձագիտական եզրակացություն տալու համար վարձատրությունը նույնպես պետք է վճարի հայցող Պայմանավորվող կողմը: Փորձագիտական խորհրդատվություն տալու համար փոխհատուցումը պետք է կրի հայցող Պայմանավորվող կողմը: Սույն կետով նախատեսված ծախսերի վճարման պարտականությունը պետք է ներառվի հրավերի մեջ: Կանխավճար պահանջվելու դեպքում այն կվճարվի երթևեկության և կեցության ծախսերի չափով:
7. Վերը նշված դրույթները չեն խոչընդոտի տեսաձայնային տեխնիկական սարքավորումների միջոցով վկայի ցուցմունքներ կամ փորձագետի խորհրդատվություն ստանալուն. դրանց համապատասխան ծախսերը կկրի հայցող Պայմանավորվող կողմը, եթե Պայմանավորվող կողմերն այլ համաձայնության չգան:
8. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերը կիրառվում են նաև տուժողի, հայցվորի, մեղադրյալի և նրանց ներկայացուցիչների նկատմամբ:
Հոդված 10
Ծախսերը
Իրավական օգնություն ցույց տալու ծախսերը պետք է կրի հայցվող Պայմանավորվող կողմը, եթե Պայմանավորվող կողմերի միջև այլ համաձայնություն ձեռք չի բերվել:
Եթե հայցվող Պայմանավորվող կողմը գտնի, որ իրավական օգնությունը տրամադրելու ծախսերը մեծ կամ արտասովոր են, ապա Պայմանավորվող կողմերը պետք է նախօրոք բանակցեն և պայմանավորվեն ծախսերի վճարման պայմանների և ուղիների մասին:
Հոդված 11
Իրավական օգնություն ցույց տալը մերժելը
Եթե հայցվող Պայմանավորվող կողմը գտնում է, որ իրավական օգնություն ցույց տալը կվնասի իր պետական ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, հասարակական կարգին կամ սովորույթներին, կամ դա կհակասի իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին, ապա կարող է մերժել հարցումը` նշելով մերժման պատճառները:
Հոդված 12
Երաշխիքային վճարումներից ազատելը
Եթե Պայմանավորվող կողմերից մեկի օրենսդրությամբ նախատեսվում է, որ օտարերկրյա քաղաքացիները այդ կողմի դատարաններում հայց ներկայացնելիս պետք է վճարեն նյութական կամ ոչ նյութական երաշխիքային գումարներ, ապա այդ Պայմանավորվող կողմի քաղաքացիները կազատվեն վերոհիշյալ վճարումներից:
Հոդված 13
Անվճար օգնության հնարավորությունը
Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի դատարաններում և այլ իրավասու մարմիններում հնարավորություն կունենան օգտվելու անվճար իրավական օգնություն ստանալու նույն իրավունքներից և արտոնություններից, ինչ այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ տրված են նրա քաղաքացիներին:
Հոդված 14
Ազատումը դատական ընթացակարգերի ծախսերից
1. Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում դատական ծախսերի առնչությամբ օգտվում են այն նույն դատական հնարավորություններից և ազատումներից, որոնք նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների համար` միևնույն պայմաններով նրանց ֆինանսական կարգավիճակի կապակցությամբ։
2. Դատական ծախսերից ազատման համար դիմած անձի ֆինանսական դրության վերաբերյալ վկայականը տալիս է դիմողի ինքնիշխան Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը:
Եթե դատական ծախսերից ազատելու համար դիմած անձը մշտապես բնակվում է այն Պայմանավորվող կողմի տարածքում, որի քաղաքացին չէ ինքը, ապա նրա ֆինանսական դրության վերաբերյալ վկայականը պետք է տա այն Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը, որի տարածքում նա մշտապես բնակվում է։
3. Այն քաղաքացիները, որոնք դատական ընթացակարգերի առնչությամբ ազատվում են Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում դատական ծախսերի վճարումից, պետք է նույն դատական ընթացակարգի առնչությամբ ազատվեն նաև մյուս Պայմանավորվող կողմի տարածքում դատական ծախսերի վճարումից։
4. Դատական ծախսերից ազատման դիմումի վերաբերյալ որոշում կայացնող մարմինը անհրաժեշտության դեպքում կարող է լրացուցիչ տեղեկատվություն պահանջել ազատման վկայականը տրամադրող իրավասու մարմնից։
Հոդված 15
Գործունակությունը
1. Ֆիզիկական անձի գործունակությունը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է նա:
2. Իրավաբանական անձի գործունակությունը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում ստեղծվել է այդ անձը։
3. Եթե Պայմանավորվող կողմերից մեկի իրավասու մարմինները գտնեն, որ 1-ին կետում նշված անձանց համար, որոնք բնակվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, կան արդարացված հիմքեր անգործունակ ճանաչելու համար, ապա նրանք այդ մասին պետք է ծանուցեն այդ Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններին դիվանագիտական ուղիներով կամ հյուպատոսությունների միջոցով:
Եթե ծանուցում ստացած իրավասու մարմինը այն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում գործի վերաբերյալ իր կարծիքը չուղարկի և/կամ դրա վերաբերյալ չտա որևէ պատասխան, ապա ծանուցող իրավասու մարմինը, սույն հոդվածի 1-ին կետի կանոններին համապատասխան, կարող է որոշել նրանց սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչել: Մյուս Պայմանավորվող կողմի համապատասխան իրավասու մարմինը պետք է ծանուցվի սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու այդ որոշման մասին:
Սույն կետի կանոնները կիրառվում են նաև սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ունեն մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ:
4. Վերը նշված կետերի դրույթները չպետք է խոչընդոտեն անհետաձգելի դեպքերում ձեռնարկել նախնական միջոցներ` վերոհիշյալ անձանց և նրանց սեփականությունը պաշտպանելու նպատակով։
Հոդված 16
Մահը և անհայտ բացակայությունը
1. Մի Պայմանավորվող կողմի տարածքում բնակվող մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացու մահվան կամ անհայտ բացակայության դեպքում հյուպատոսական ուղիներով կտեղեկացվի այն Պայմանավորվող կողմի պետությունը, որի քաղաքացին է այդ անձը:
2. Մի Պայմանավորվող կողմի տարածքում ապրող մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացու մահը հաստատված լինելու կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին որոշում կայացնում է այն Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը, իր օրենքներին համապատասխան, որի քաղաքացին է հանդիսացել այդ անձը ըստ վերջին տեղեկությունների։
3. Պայմանավորվող կողմերից մեկի իրավասու մարմինը կարող է որոշում կայացնել մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացու մահը հաստատված լինելու կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին, եթե միայն այդ անձը նշված կողմի տարածքում վերջին բնակության վայր է ունեցել, և այդ կողմի տարածքում պահանջ է ներկայացվել այնտեղ բնակվող այն անձանց կողմից, ովքեր ունեն մահը հաստատվածի կամ անհայտ բացակայող ճանաչվածի հետ կապված իրավունքներ:
Հոդված 17
Երեխայի որդեգրումը և խնամակալությունը
1. Մի Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացու կողմից երեխա որդեգրվելու և անխնամակալ երեխայի նկատմամբ խնամակալություն սահմանվելու և դրանք վերացնելու նկատմամբ կիրառվում են այն Պայմանավորվող կողմի օրենքներն ու կարգավորումները, որի քաղաքացին է այդ երեխան:
2. 1-ին կետի համաձայն երեխայի որդեգրման և խնամակալության կամ դրանց վերացման մասին որոշում կայացնելու իրավասություն ունեն այդ երեխայի քաղաքացիության Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները:
Եթե երեխայի քաղաքացիության Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ դրա համար պահանջվում է երեխայի կամ նրա օրինական ներկայացուցչի կարծիքը կամ համապատասխան պետական կազմակերպության համաձայնությունը, որպեսզի ընդունվի վերը նշված որոշումը, ապա պետք է պահպանվեն օրենսդրության այդ պահանջները։
3. Սույն հոդվածի դրույթները երեխային չեն արգելում օգտվել այն իրավունքներից և արտոնություններից, որոնք նրա համար նախատեսված են խնամակալի քաղաքացիության Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ:
Հոդված 18
Խնամակալությունը և հոգաբարձությունը
1. Պայմանավորվող կողմերից մեկի անգործունակ քաղաքացիների որդեգրման և հոգաբարձության նկատմամբ, որոնք ապրում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի քաղաքացին են հանդիսանում այդ անձինք:
2. Եթե Պայմանավորվող կողմի անգործունակ քաղաքացին ունի ակտիվներ և սեփականություն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա այն Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները, որի տարածքում գտնվում են այդ ակտիվներն ու սեփականությունը` իրենց օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն անգործունակ անձանց շահերը պաշտպանելու համար և ձեռնարկված միջոցների վերաբերյալ անհապաղ տեղեկացնեն մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններին։
3. Այն Պայմանավորվող կողմը, որի քաղաքացին է անգործունակ անձը, որը բնակվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում և/կամ այնտեղ ակտիվներ ունի, կարող է դիմել այդ մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմին` այդ անձի կամ նրա ակտիվների և սեփականության պաշտպանության միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: Մյուս Պայմանավորվող կողմը խնդրանքն ընդունելու դեպքում կկիրառի իր օրենքներն ու այլ իրավական ակտերը:
Հոդված 19
Քրեական հետապնդման հարցումը
1. Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Պայմանավորվող կողմի հարցման հիման վրա և իր օրենքների պահպանմամբ պետք է քրեական հետապնդում հարուցի Պայմանավորվող կողմերի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մեղադրվում են հայցող Պայմանավորվող կողմի տարածքում հանցագործություն կատարելու մեջ։
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն խոչընդոտի Պայմանավորվող կողմերի այն պարտավորությունների կատարմանը, որոնք նրանք ստանձնել են հանձնման մասին միջազգային պայմանագրերով, որոնց կողմ է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, և հանձնման խնդրանքի մերժումը չի խոչընդոտի սույն հոդվածով նախատեսված համագործակցության իրականացմանը:
Հոդված 20
Հանցագործության կատարումից ստացված սեփականությունը և եկամուտները
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, իր ներքին օրենքներին համապատասխան և մյուս Պայմանավորվող կողմի հարցման հիման վրա, պետք է լավագույնս հետաքննի և հայտնաբերի իր տարածքում կատարված հանցագործությունից ստացված սեփականությունն ու եկամուտները և պետք է մյուս Պայմանավորվող կողմին տեղեկացնի արդյունքների մասին։
2. Այն Պայմանավորվող կողմը, որին ներկայացվել է հարցումը, իր օրենքներին համապատասխան, պետք է ձեռնարկի անհետաձգելի միջոցներ այն սեփականությունը և եկամուտները բռնագրավելու համար, որոնք ստացվել են հայցող Պայմանավորվող կողմի տարածքում հանցագործության կատարումից։
3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով բռնագրավված` հանցագործության հետևանքով ձեռք բերված սեփականությունը և եկամուտները հանձնվում են հայցող Պայմանավորվող կողմին` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ այլ որոշման հիման վրա տնօրինելու համար:
4. Բռնագրավված սեփականության և եկամուտների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները կպաշտպանվեն այն Պայմանավորվող կողմի օրենքներին համապատասխան, որին հասցեագրվել է իրավական օգնության մասին հարցումը։
Հոդված 21
Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչների ներկայությունը
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից քրեական գործերով իրավական օգնության տրամադրման ժամանակ` այդ մյուս Պայմանավորվող կողմի համաձայնությամբ։
Հոդված 22
Դատվածության մասին տեղեկատվությունը
Եթե մի Պայմանավորվող կողմի տարածքում որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, ապա այդ կողմի հարցման հիման վրա մյուս Պայմանավորվող կողմը տվյալ անձի դատվածության վերաբերյալ տեղեկությունները տրամադրում է հայցող Պայմանավորվող կողմին:
Հոդված 23
Դատավճիռների մասին տեղեկատվությունը
Պայմանավորվող կողմերը յուրաքանչյուր տարի միմյանց կտեղեկացնեն մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների նկատմամբ իրենց դատարանների կողմից կայացված վերջնական դատավճիռների մասին։
Հոդված 24
Դատական որոշումների ճանաչումն ու կատարումը
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ փոխադարձաբար ճանաչում և կատարում է մյուս Պայմանավորվող կողմի իրավասու դատական մարմինների կողմից կայացված վերջնական որոշումները քաղաքացիական գործերի, անձի կարգավիճակի, ժառանգության հաստատման գործերի և հանցագործությամբ պատճառված վնասների և կորուստների հատուցման վերաբերյալ, որոնք տրամադրվում են նրանց իրավասու իրավական մարմինների կողմից:
Հոդված 25
Որոշումների ճանաչման և կատարման կարգը
Դատական որոշումների ճանաչումը և կատարումը իրականացվում են այն Պայմանավորվող կողմի օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, որի տարածքում պետք է կատարվեն այդ որոշումները։
Դատական որոշումների ճանաչումը և կատարումը մտնում են այն Պայմանավորվող կողմի մարմինների իրավազորության մեջ, որի տարածքում պետք է կատարվի այդ որոշումը:
Հոդված 26
Դատական որոշման ճանաչման և կատարման դիմումին կցվող փաստաթղթերը
Դատական որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ դիմումին պետք է կցված լինեն.
1) դատական որոշման հաստատված պատճենը և դրա օրինական ուժի մեջ մտած լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, իսկ եթե այդ որոշման մի մասը կատարված է, մասնակի կատարումը հավաստող փաստաթուղթը.
2) եթե որոշումը կայացվել է առանց քննչական գործողություններին մեղադրյալի մասնակցության, փաստաթուղթ այն մասին, որ նա պատշաճ ձևով ծանուցված է եղել.
3) սույն հոդվածի` վերոհիշյալ 1-ին և 2-րդ կետերում նշված փաստաթղթերի հաստատված թարգմանությունները։
Հոդված 27
Որոշումների կատարման հետ կապված` պահանջվող բացատրությունները
Եթե որոշումը ճանաչող իրավասու մարմինը կասկածներ ունի այդ որոշման օրինական ուժի մեջ լինելու վերաբերյալ, ապա կարող է բացատրություններ ստանալու համար հարցում անել դիմողին կամ, անհրաժեշտության դեպքում, այն մարմնին, որը կայացրել է որոշումը` լրացուցիչ բացատրություններ ստանալու համար։ Ամեն դեպքում այս գործողությունները չպետք է խոչընդոտեն որոշումների կատարմանը։
Հոդված 28
Դատական որոշումների կատարման համար հարցումների մերժման դեպքերը
Դատական որոշումների կատարման համար հարցումները մերժվում են հետևյալ դեպքերում.
1) եթե մեղադրյալը կամ նրա օրինական ներկայացուցիչը, կանոնակարգերի համաձայն, ծանուցված չլինելու պատճառով չի մասնակցել դատական նիստին.
2) հարցման առնչությամբ արդեն իսկ կայացվել է դատական որոշում, կամ այն կատարվել է.
3) եթե, սույն Համաձայնագրի դրույթների համաձայն կամ դրանց չնախատեսված լինելու հետևանքով, հայցվող Պայմանավորվող կողմի օրենքներին համապատասխան, տվյալ հարցը մտնում է այդ կողմի դատարանի բացառիկ իրավազորության մեջ.
4) եթե կատարման ներկայացված որոշումը չի կայացվել հայցող Պայմանավորվող կողմի քննչական մարմինների կողմից.
5) եթե կատարման համար ներկայացված որոշումը հակասում է հայցվող Պայմանավորվող կողմում ընդունված էթիկայի նորմերին և հանրային կարգին։
Հոդված 29
Վեճերի կարգավորումը
Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի կատարման ընթացքում ծագած տարաձայնություններն ու վեճերը պետք է լուծեն անմիջական բանակցությունների միջոցով կամ դիվանագիտական ուղիներով։
Հոդված 30
Համաձայնագրի ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի կողմից, Պայմանավորվող կողմերի յուրաքանչյուրի ներքին օրենքներին համապատասխան, վավերացման համար անհրաժեշտ միջոցառումների կատարման վերաբերյալ դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից։
Սույն Համաձայնագիրը կգործի անորոշ ժամկետով։
Սույն Համաձայնագիրը կդադարեցվի Պայմանավորվող կողմերից մեկի կողմից Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմին տեղեկացնելու օրվանից 6 ամիս հետո։
Սույն Համաձայնագրի գործողության ժամկետի դադարեցումը չի ազդի Համաձայնագրի վավերականության ընթացքում նախաձեռնված` հանձնման որևէ հարցումի վրա։
Սույն Համաձայնագիրը` բաղկացած նախաբանից և 30 հոդվածից, ստորագրվել է Թեհրան քաղաքում, 2006 թվականի հուլիսի 5-ին, համապատասխանաբար` 1385 թվականի թիր ամսի 14-ին, երկու հավասարազոր բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, պարսկերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։
Սույն Համաձայնագրի տեքստերի մեկնաբանության ժամանակ առաջացած ցանկացած տարաձայնության դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին։
Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2009թ. մայիսի 21-ին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|