Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.221
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3871-2007

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2544/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան

               Դ. Խաչատրյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մկրտիչ Տուլակյանի վճռաբեկ բողոքը՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.12.2007 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու պահանջի մասին, ըստ Մկրտիչ Տուլակյանի հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի անձնագրային բաժանմունքի, Խորեն Թուլակյանի, Նելլի Մանուկյանի` պետական մարմնի անգործությունը վիճարկելու, բնակելի տարածության օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառումից հանելուն պարտավորեցնելու, սեփականատիրոջ իրավունքներն իրականացնելը խոչընդոտելուն արգելելու պահանջի մասին և ըստ Խորեն Թուլակյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Մկրտիչ Տուլակյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Միհրան Տուլակյանի` 20.03.1956 թվականի պայմանագիրը վավեր ճանաչելու, Հր. Քոչար փողոցի թիվ 6/58 տան առաջին հարկի նկատմամբ Մկրտիչ Տուլակյանի սեփականության իրավունքը անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և կառուցման հիմքով տան առաջին հարկի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Մկրտիչ Տուլակյանը պահանջել է պարտավորեցնել Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի անձնագրային բաժանմունքին Հր.Քոչար փող. 6/58 բնակելի տան հաշվառումից հանել Խորեն Թուլակյանին և Նելլի Մանուկյանին և արգելել խոչընդոտելու նշված բնակելի տան առաջին հարկի նկատմամբ սեփականության իրավունքի իրականացմանը:

Դիմելով դատարան՝ Խորեն Թուլակյանը պահանջել է վավեր ճանաչել 20.03.1956 թվականին կողմերի միջև կնքված պայմանագիրը, անվավեր ճանաչել Մկրտիչ Տուլակյանի սեփականության իրավունքը վիճելի բնակելի տան առաջին հարկի նկատմամբ, կիրառել անվավերության հետևանքները և կառուցման հիմքով տան առաջին հարկի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 26.09.2007 թվականի վճռով Մկրտիչ Տուլակյանի հայցը մերժվել է, իսկ Խորեն Թուլակյանի հակընդդեմ հայցը՝ բավարարվել մասնակիորեն: Վճռվել է անվավեր ճանաչել Մկրտիչ Տուլակյանի սեփականության իրավունքը վիճելի բնակելի տան առաջին հարկի նկատմամբ և տան առաջին հարկի նկատմամբ ճանաչել Խորեն Թուլակյանի սեփականության իրավունքը: Մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.12.2007 թվականի վճռով Մկրտիչ Տուլակյանի հայցը մերժվել է, իսկ Խորեն Թուլակյանի հակընդդեմ հայցը Մկրտիչ Տուլակյանի սեփականության իրավունքը տան առաջին հարկի նկատմամբ անվավեր ճանաչելու և Խորեն Թուլակյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասով բավարարվել է, իսկ մնացած մասով՝ մերժվել:

ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2008 թվականի որոշմամբ Մկրտիչ Տուլակյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 26.09.2007 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու հիմքով դիմում է ներկայացրել Մկրտիչ Տուլակյանը:

Դատարանի 22.04.2009 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ըստ ընդդատության ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Վերաքննիչ դատարանի 11.05.2009 թվականի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ:

Վերաքննիչ դատարանի 12.06.2009 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքի հիմքով հարուցված վարույթը փոխանցվել է Վճռաբեկ դատարան:

Բողոքի պատասխան է ներկայացրել Խորեն Թուլակյանը:

 

2. Բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն բողոքը քննվում է նոր երևան եկած հանգամանքների հիմքով ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Խորեն Թուլակյանի հայցի բավարարման հիմքում դրվել է 20.03.1956 թվականին կազմված կեղծ համաձայնագիրն այն մասին, որ հողը հատկացված էր ամբողջ Թուլակյան գերդաստանին, մինչդեռ իրականում Արաբկիր 18 փող. թիվ 20ա հողամասը հատկացվել է Մկրտիչ Տուլակյանին անհատական կարգով բնակելի տան կառուցման համար: Հողի հատկացման որոշման քաղվածքից, ինչպես նաև դրա հետ կապված և դրան հաջորդած բոլոր փաստաթղթերից հստակ երևում է, որ Արաբկիր 18փ. 20ա հողամասը հատկացվել է բացառապես Մկրտիչ Տուլակյանին:

05.04.2007 թվականին և 28.08.2007 թվականին ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվել են դատաձեռագրաբանական փորձաքննություններ, միևնույն անձի` փորձագետ Մարինե Կարապետյանի կողմից: Այդ հանգամանքը հայտնի է եղել դիմումատուին, սակայն նա իր կամքից անկախ պատճառներով չի վիճարկել դատարանում և չի կարողացել դիմել անկախ փորձագետի և ներկայացնել համաձայնագրի օրինականությունը վիճարկող լրացուցիչ ապացույց:

Նոր երևան եկած հանգամանք է 25.08.2008 թվականի ՀՀ Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտ «ԴԻԵՔՍ» փաստաթղթերի քրեագիտական հետազոտությունների լաբորատորիայի կողմից տրված թիվ Փ010/08 եզրակացությունը, որի հետևություններ մասում նշված է, որ «Փորձաքննությանը ներկայացված 20.03.1956 թվականի համաձայնագրի տեքստի ներքևի մասում «Թուլակյան Մկրտիչ» անվան դիմաց տեղավորված ստորագրությունը, Պարտավորագրի վերջում և «...Гос. консерватория им. ,,Комитаса,,» նախադասությունից հետո տեղադրված «Подпись» բառի դիմաց դրված ստորագրությունը կատարված է տարբեր մարդկանց կողմից»:

 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հագամանքների հիմքով վերանայել Վերաքննիչ դատարանի 14.12.2007 թվականի վճիռը և այն փոփոխել:

 

2.1 Բողոքի պատասխանի հիմնավորումները

Մկրտիչ Տուլակյանը որպես նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմք նշել է այն հանգամանքը, որ ինքը տեղեկություն չի ունեցել 20.03.1956 թվականի համաձայնագրից և դրա մասին իմացել է միայն դատարանում, և որ համաձայնագրում իր անվան դիմաց կատարված ստորագրությունը իր կողմից չի կատարվել:

Նշված փաստարկը հերքվում է դատարանի որոշմամբ նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության հիման վրա «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված 28.08.2007 թվականի թիվ 07-0583 եզրակացությամբ, ըստ որի՝ 20.03.1956 թվականի համաձայնագրի տեքստի ներքևի մասում «Թուլակյան Մկրտիչ» բառերի դիմաց և 27.01.1972 թվականի Մկրտիչ Տուլակյանի անվամբ կադրերի հաշվառման անձնական թերթիկի 2-րդ թերթի ներքևի աջ հատվածում «անձնական ստորագրություն» բառերի դիմաց տեղավորված ստորագրությունները կատարվել են միևնույն անձի կողմից:

Բացի այդ, գործի քննության ժամանակ Մկրտիչ Տուլակյանն ընդունել է, որ անձնական թերթիկում եղած ստորագրությունն իրենն է:

Ավելին, Մկրտիչ Տուլակյանի այն պատճառաբանությունը, որ 28.08.2007 թվականի եզրակցությունն իրենից անկախ պատճառներով չի վիճարկել դատարանում, չի դիմել անկախ փորձագետի, որի հետևանքով նոր ապացույց չի ներկայացրել, անհիմն է, քանի որ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներով վիճարկել է այն:

 

3. Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 11.11.1955 թվականին նախկին ՀՍՍՌ աշխատավորների դեպուտատների Երևան քաղաքի Միկոյանի ռայսովետի գործադիր կոմիտեի որոշմամբ Մկրտիչ Տուլակյանին հատկացվել է Արաբկիր 18փող. թիվ 20ա հողամասը` անհատական կարգով բնակարան կառուցելու համար (գ.թ. 5, 1-ին հատ.):

2) 20.03.1956 թվականին Խորեն Թուլակյանի, Նազլու Թուլակյանի և Մկրտիչ Տուլակյանի միջև կնքվել է համաձայնագիր, որի համաձայն կողմերը պայմանավորվել են կառուցելու երկու հարկանի տուն իր բոլոր հարմարություններով, որի առաջին հարկում կբնակվեն Թուլակյան Նազլուն և Թուլակյան Խորենն իր ընտանիքով, իսկ երկրորդ հարկում կբնակվի Տուլակյան Մկրտիչն իր ընտանիքով (գ.թ. 50, 1-ին հատ.):

3) Գործում առկա են Հր.Քոչար փողոցի 4/54, 4/56 թիվ 6 տների բնակիչների հայտարարությունները` հաստատված սեփական տնատիրությունը սպասարկող տեղամասային պետի կողմից այն մասին, որ Խորեն Թուլակյանն իր ընտանիքի հետ 1957 թվականից բնակվում է վիճելի հասցեի առաջին հարկում և այն տնօրինում, տիրապետում և օգտագործում է որպես սեփական գույք (գ.թ. 59-61, 1-ին հատ.):

4) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված 28.08.2007 թվականի թիվ 07-0583 եզրակացության համաձայն՝ 20.03.1956 թվականի համաձայնագրի տեքստի ներքևի մասում «Թուլակյան Մկրտիչ» բառերի դիմաց և 27.01.1972 թվականի Մկրտիչ Տուլակյանի անվամբ կադրերի հաշվառման անձնական թերթիկի 2-րդ թերթի ներքևի աջ հատվածում «Личная подпись» բառերի դիմաց տեղավորված ստորագրությունները կատարվել են միևնույն անձի կողմից (գ.թ. 273-278, 1-ին հատ.):

5) Վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 14.12.2007 թվականի վճռով հաստատվել է փաստ այն մասին, որ 1957 թվականից սկսած Խորեն Թուլակյանն իր ընտանիքի հետ միասին բնակվում է վիճելի տան առաջին հարկում, այն տիրապետում, օգտագործում և տնօրինում է որպես սեփական գույք:

6) Սույն գործով 28.08.2007 թվականի թիվ 07-0583 եզրակացությունը հրապարկվելուց հետո Մկրտիչ Տուլակյանի կողմից կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն չի ներկայացվել (գ.թ. 336, 402, 406, 1-ին հատ.):

7) Վճռաբեկ բողոքին կից ներկայացված Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտ՝ «ԴԻԷՔՍ» փաստաթղթերի քրեագիտական հետազոտությունների լաբորատորիայի կողմից տրված 25.08.2008 թվականի թիվ Փ010/08 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված 20.03.1956 թվականի համաձայնագրի տեքստի ներքևի մասում «Թուլակյան Մկրտիչ» անվան դիմաց տեղավորված ստորագրությունը, Պարտավորագրի (Обязательство) վերջում՝ «...Гос. консерватория им. ,,Комитаса,,» նախադասությունից հետո տեղադրված «Подпись» բառի դիմաց դրված ստորագրությունը կատարված է տարբեր մարդկանց կողմից (գ.թ. 44, 3-րդ հատ.):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ`

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե` ոչ (տե´ս օրինակ` Մարինե Մանուկյանի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ 02-2397(ԵԿԴ) և Կարինե Հարությունյանի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ 02-1137(ԵԱՔԴ) քաղաքացիական գործերով որոշումները):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը Խորեն Թուլակյանի սեփականության իրավունքը տան առաջին հարկի նկատմամբ ճանաչելու պահանջը բավարարելու հիմքում դրել է 20.03.1956 թվականի նոտարական կարգով չվավերացված համաձայնագիրը, ինչպեն նաև ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված 28.08.2007 թվականի թիվ 07-0583 փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի` 20.03.1956 թվականի համաձայնագրի տեքստում և 27.01.1972 թվականի Մկրտիչ Տուլակյանի անվամբ կադրերի հաշվառման անձնական թերթիկում տեղավորված ստորագրությունները կատարվել են միևնույն անձի կողմից: Միաժամանակ դատական նիստի արձանագրություններից հետևում է, որ գործի քննության ընթացքում հայցվորը, տեղեկանալով համաձայնագրի առկայության մասին, չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհիմնավորեր այդ համաձայնագրի կեղծ լինելը:

Սույն գործով որպես նոր երևան եկած հանգամանք բողոք բերած անձը ներկայացրել է Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտ «ԴԻԵՔՍ» փաստաթղթերի քրեագիտական հետազոտությունների լաբորատորիայի կողմից տրված 25.08.2008 թվականի թիվ Փ010/08 փորձագիտական եզրակացությունը, որի համաձայն` 20.03.1956 թվականի համաձայնագրի տեքստի ներքևի մասում «Թուլակյան Մկրտիչ» անվան դիմաց տեղավորված ստորագրությունը, Պարտավորագրի վերջում «…Гос консерватория им. "Комитаса"» նախադասությունից հետո տեղադրված «Подпись» բառի դիմաց դրված ստորագրությունը կատարված է տարբեր մարդկանց կողմից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձը չի հիմնավորել վկայակոչված 25.08.2008 թվականի թիվ Փ010/08 փորձագիտական եզրակացությունն իրենից անկախ պատճառներով գործի քննության ընթացքում չներկայացնելու հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8-րդ հոդվածի և այլ օրենքների պահանջները, հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):

Մինչդեռ սույն գործի քննության ընթացքում՝ 28.08.2007 թվականի թիվ 07-0583 փորձագիտական եզրակացությունը հրապարկվելուց հետո Մկրտիչ Տուլակյանը կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն չի ներկայացրել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձը զրկված չի եղել Վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ նոր փորձաքննություն նշանակելու միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից, սակայն չի օգտվել իր այդ իրավունքից:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված փորձագիտական եզրակացությունը հիմք չէ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20418-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքի 20411-րդ հոդվածով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատվարության օրենսգրքի 20418-րդ, 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Մկրտիչ Տուլակյանի վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.12.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան