Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ԵՎ Դաշնային միգրացիոն ծառայության (Ռուսաստանի Դաշնություն) միջԵՎ անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Դաշնային միգրացիոն ծառայությունը (Ռուսաստանի Դաշնություն), այսուհետ` Կողմեր,
գիտակցելով, որ անօրինական միգրացիան լուրջ սպառնալիք է հասարակական և ազգային անվտանգությանը, տնտեսական կայունությանը և նպաստում է Կողմերի պետությունների տարածքներում քրեածին իրավիճակի բարդացմանը,
դիտարկելով անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցությունը որպես Կողմերի պետությունների տարածքներում միգրացիոն գործընթացների կարգավորման կարևոր ուղղություններից մեկը,
ձգտելով իրավական հիմք ստեղծել անօրինական միգրացիայի դեմ պայքարում Կողմերի պետությունների երկկողմ համագործակցության համար,
արտահայտելով անօրինական միգրացիան կանխելու համար համատեղ միջոցառումներ իրականացնելու մտադրություն,
հիմնվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի և Կողմերի պետությունների օրենսդրության վրա,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը, իրենց իրավասության շրջանակներում և համապատասխան ազգային օրենսդրությանը, ինչպես նաև գործող միջազգային պայմանագրերին, որոնց մասնակից են իրենց պետությունները, համագործակցություն են իրականացնում անօրինական միգրացիայի դեմ պայքարում:
Հոդված 2
Կողմերը սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցություն են իրականացնում հետևյալ հիմնական ուղղություններով.
ա) Կողմերի պետությունների տարածքներում անօրինականորեն գտնվող անձանց հայտնաբերում,
բ) տեղեկատվության էլեկտրոնային կրիչ պարունակող անձնագրավիզային փաստաթղթերի ներդրում և դրանց պաշտպանության մակարդակի բարձրացում,
գ) անձի հաստատում, այդ թվում` անհրաժեշտության դեպքում նկարով անձի նույնականության ստուգման համապատասխան ընթացակարգերի անցկացմամբ, եթե հայցվող Կողմը հաստատել է այն փաստը, որ ստուգվող անձին հանձնվել է ինքնությունը հաստատող փաստաթուղթը,
դ) փախստական չճանաչված անձանց և անօրինական միգրանտների արտաքսման (վտարման) հետ կապված ընթացակարգերի իրականացում,
ե) հանցագործություններ և/կամ այլ իրավախախտումներ կատարելու համար հետախուզվող անձանց գտնվելու վայրի պարզում,
զ) Կողմերի պետություններից մեկի քաղաքացիություն ունենալու կամ դրա բացակայության մասին վկայող հանգամանքները պարզելու գործում աջակցության ցուցաբերում,
է) անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերում Կողմերի գործունեության փորձը տարածելու համար տեղեկատվական-վերլուծական նյութերի, պարբերական հրատարակությունների փոխանակում,
ը) Կողմերի` անօրինական միգրացիայի հարցերով զբաղվող աշխատակիցների պատրաստում և որակավորման բարձրացում, ներառյալ տվյալ ոլորտում սեմինարների և ստաժավորման կազմակերպումը,
թ) անօրինական միգրացիայի դեմ պայքարի բնագավառում համատեղ գիտական հետազոտությունների իրականացում,
ժ) փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակում` առաջին հերթին.
- անօրինական միգրացիայի հայտնաբերված ուղիների մասին,
- Կողմերի պետությունների տարածքներում գործող անօրինական միգրացիայի կազմակերպմանը և իրականացմանը մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին,
- անօրինական միգրացիայի ուղիներ կազմակերպելու ժամանակ օգտագործվող ելման կետերի և նշանակման կետերի, երթուղիների, փոխադրողների և տրանսպորտային միջոցների մասին,
- մուտքի վիզաներ և այլ փաստաթղթեր ստանալու և դրանք անօրինական միգրացիայի նպատակով օգտագործելու ձևերի մասին,
- անօրինական միգրացիայի դեմ պայքարի բնագավառում Կողմերի պետությունների
օրենսդրության մասին,
- անօրինական միգրացիայի դեմ պայքարում ձեռնարկվող միջոցների մասին,
- անձը հաստատող և պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթերի օրինակների, ինչպես նաև Կողմերի պետությունների տարածքներ մուտք գործելու, գտնվելու (բնակվելու) և ելքի փաստաթղթերի հետ կապված պահանջների մասին,
- միգրացիայի հարցերով երրորդ պետությունների հետ կնքված միջազգային պայմանագրերի մասին,
ժա) համագործակցության փոխադարձաբար ընդունելի այլ ուղղություններ:
Հոդված 3
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է աջակցություն ցուցաբերելու մասին հարցումների հիման վրա:
2. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումն ուղարկվում է գրավոր, ռուսերեն, փոստով կամ կապի տեխնիկական ուղիներով:
Անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերելու մասին հարցումն ուղարկվում է տեղեկատվության համապատասխան պաշտպանությունն ապահովող կապի ուղիներով:
3. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումը պետք է պարունակի.
ա) աջակցություն հայցող մարմնի և հայցվող մարմնի անվանումները,
բ) գործի էության շարադրանքը,
գ) հարցման նպատակը և հիմնավորումը,
դ) հայցվող աջակցության բովանդակության նկարագրությունը,
ե) ցանկացած այլ տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել հարցման պատշաճ կատարման համար:
4. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումն ստորագրվում է հայցող Կողմի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից:
Կողմերը փոխանակում են պաշտոնատար անձանց անվանացանկերը, որոնք լիազորված են ստորագրելու աջակցություն ցուցաբերելու մասին հարցումները, սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 45 օրվա ընթացքում:
5. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումները ստորագրելու համար լիազորված պաշտոնատար անձանց` սույն հոդվածի 4-րդ կետում նշված անվանացանկերի փոփոխության դեպքում Կողմերն այդ մասին անհապաղ ծանուցում են միմյանց:
Հոդված 4
1. Հայցվող Կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` ապահովելու համար հարցման արագ և հնարավորին չափով առավել ամբողջական կատարումը:
Հայցող Կողմին անհապաղ ծանուցում են հարցման կատարմանը խոչընդոտող կամ դրա կատարումը զգալիորեն ուշացնող հանգամանքների մասին:
2. Հայցվող Կողմն իրավունք ունի խնդրելու լրացուցիչ տվյալներ, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ են հարցման պատշաճ կատարման համար:
3. Հարցումը կատարելիս գործադրվում է հայցվող Կողմի պետության օրենսդրությունը:
4. Եթե հայցվող Կողմը համարում է, որ հարցման անհապաղ կատարումը կարող է խանգարել իր պետության տարածքում իրականացվող քրեական հետապնդման կամ այլ վարույթի, ապա նա կարող է հետաձգել հարցման կատարումը կամ համաձայնեցնել իր որոշած պայմանների պահպանման հետ:
5. Հայցվող Կողմը հնարավորին սեղմ ժամկետներում տեղեկացնում է հայցող Կողմին հարցման կատարման արդյունքների մասին:
Հոդված 5
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում աջակցության ցուցաբերումը կարող է մերժվել ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե հայցվող Կողմը համարում է, որ հարցման կատարումը կարող է վնաս հասցնել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ մյուս էական շահերին, կամ հակասում է իր պետության օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:
2. Հայցող Կողմին գրավոր ծանուցում են հարցման կատարումը ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին` նշելով մերժման պատճառները:
Հոդված 6
1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է մյուս Կողմից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիությունը, եթե դրանք փակ բնույթ ունեն, կամ տրամադրող Կողմն անցանկալի է համարում դրանց հրապարակումը: Նման տեղեկատվության և փաստաթղթերի փակ լինելու աստիճանը որոշում է տրամադրող Կողմը:
2. Հարցման կատարման` սույն Համաձայնագրի հիման վրա ստացված արդյունքները, առանց դրանք տրամադրող Կողմի համաձայնության, չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան այն նպատակներն են, ինչի համար դրանք հայցվել և տրամադրվել են:
3. Սույն Համաձայնագրի հիման վրա մի Կողմի ստացած տեղեկությունները երրորդ կողմի փոխանցելու համար պահանջվում է այդ տեղեկությունները տրամադրած Կողմի նախնական համաձայնությունը:
4. Սույն Համաձայնագրի հիման վրա` աջակցություն ցուցաբերելու մասին հարցումներն ուղարկելու և կատարելու շրջանակում անձնական տվյալների անդրսահմանային հաղորդման ժամանակ Կողմերն ապահովում են անձնական տվյալների սուբյեկտի իրավունքների համարժեք պաշտպանություն:
Հոդված 7
1. Կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ անցկացնում են խորհրդակցություններ` սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցության համակարգման և արդյունավետության բարձրացման նպատակով:
2. Կողմերը կարող են ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր, անցկացնել փորձագետների հանդիպումներ սույն Համաձայնագրի դրույթների առավել արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով:
Հոդված 8
Սույն Համաձայնագրի կատարման կամ մեկնաբանման հետ կապված բոլոր հարցերը լուծվում են Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 9
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք դրա անբաժանելի մասն են կազմում և ձևակերպվում են արձանագրության ձևով, որն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 10
Կողմերն ինքնուրույն կկրեն այն ծախսերը, որոնք կծագեն սույն Համաձայնագրի կատարման ընթացքում, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի համաձայնեցվի:
Հոդված 11
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի իրավունքները և պարտավորությունները` բխող այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը:
Հոդված 12
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և գործելու է մինչև Կողմերից մեկի` դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցումը մյուս Կողմի ստանալու օրվանից վեց ամիս լրանալը:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում դրա դրույթները շարունակում են կիրառվել սույն Համաձայնագրի հիման վրա իրականացվող բոլոր անավարտ միջոցառումների հետ կապված:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2010 թվականի դեկտեմբերի 6-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. հունիսի 3-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|