Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.03.15/7(359) Հոդ.232
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0042/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0042/02/09

2009թ.

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

               Ս. Միքայելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ.Դրմեյանի

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

 2009 թվականի դեկտեմբերի 4-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Նաիրա Եղիազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Նաիրա Եղիազարյանի ընդդեմ «Երևանի Մ.Մելքոնյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձը վճարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նաիրա Եղիազարյանը պահանջել է վերականգնել աշխատանքում և բռնագանձել աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.03.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.06.2009 թվականի որոշմամբ Դատարանի 25.03.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նաիրա Եղիազարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 51-րդ, 53-րդ և 219-րդ հոդվածները, ինչի արդյունքում խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ-85-րդ, 94-րդ, 102-րդ, 105-րդ, 110-րդ, 111-րդ, 115-րդ և 265-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ, 466-րդ և 468-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասը, 450-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերը, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 25.01.2005 թվականի թիվ 224-Ն որոշումը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել:

 

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչ ձևով կնքվել է պայմանագիրը: Նաիրա Եղիազարյանի և Կազմակերպության տնօրենի միջև կնքվել է անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր, մինչդեռ առանց Ն.Եղիազարյանին տեղյակ պահելու և պայմանագրի փոփոխման ձևը պահպանելու գործատուի մոտ գտնվող աշխատանքային պայմանագրի օրինակում ժամկետի վերաբերյալ կատարված փոփոխությունները չեն կարող իրավական ուժ ունենալ, հետևաբար այդ հիմքով Նաիրա Եղիազարյանը չէր կարող ազատվել աշխատանքից:

Բացի այդ, Նաիրա Եղիազարյանի 21.11.2008 թվականի թիվ 806 դիմումին գործատուն ընթացք է տվել շուրջ մեկ ամիս հետո, մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված է յոթնօրյա ժամկետ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, նշված որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Նաիրա Եղիազարյանի կողմից ներկայացված 31.08.2006 թվականի թիվ 071 աշխատանքային պայմանագրի բնօրինակի համաձայն` Նաիրա Եղիազարյանն ընդունվել է աշխատանքի Կազմակերպությունում որպես աշխարհագրության ուսուցչուհի: Աշխատանքային պայմանագրի 6.1 կետով սահմանվել է, որ աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով (հատոր 1-ին, գ.թ.4-5, 58-61), իսկ Կազմակերպության կողմից ներկայացված 31.08.2006 թվականի թիվ 071 աշխատանքային պայմանագրի պատճենի 6.1 կետում կատարվել է լրացում, այն է` «Պայմանագիրը ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով: 30.08.2008թ-ից մինչև I կիսամյակի ավարտը` մասն. ընդունելը» (հատոր 1-ին, գ.թ.62-63):

2. «Բնօրինակի հետ ճիշտ է» մակագրությամբ և Դատարանի կնիքով վավերացված Նաիրա Եղիազարյանի 30.08.2008 թվականի ծանուցման համաձայն` 31.08.2006 թվականի «Ձեզ հետ կնքած աշխատանքային պայմանագրում կատարվելու են հետևյալ փոփոխությունները. Ընդառաջել Ձեր դիմումին` մինչև նոր մասնագետ ընդունելը տեխնոլոգիա առարկայի 18 ժամը տրվում է Ձեզ (տղաների խումբ)» (հատոր 1-ին, գ.թ.50), իսկ Կազմակերպության կողմից ներկայացված Նաիրա Եղիազարյանի 30.08.2008 թվականի ծանուցման համաձայն` «Ձեզ հետ կնքած աշխատանքային պայմանագրում կատարվելու են հետևյալ փոփոխությունները. Ընդառաջել Ձեր դիմումին` մինչև նոր մասնագետ ընդունելը տեխնոլոգիա առարկայի 18 ժամը տրվում է Ձեզ (տղաների խումբ)» և կատարվել է հետևյալ լրացումը, այն է` «մինչև դեկտեմբերի 25-ը-I կիսամյակի ավարտը» (հատոր 1-ին, գ.թ.24):

3. «Բնօրինակի հետ ճիշտ է» մակագրությամբ և Դատարանի կնիքով վավերացված աշխատանքային պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 30.08.2008 թվականի համաձայնագրով Նաիրա Եղիազարյանը համաձայնվել է պարապել տեխնոլոգիա առարկան տղաների խմբի հետ շաբաթական 18 ժամով (հատոր 1-ին, գ.թ. 6,51), իսկ Կազմակերպության կողմից ներկայացված աշխատանքային պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 30.08.2008 թվականի համաձայնագրի պատճենի համաձայն` Նաիրա Եղիազարյանը համաձայնվել է «պարապել տեխնոլոգիա առարկան տղաների խմբի հետ շաբաթական 18 ժամով» և կատարվել է հետևյալ լրացումը, այն է` «մինչև I կիսամյակի ավարտը` 25-ը դեկտեմբերի» (հատոր 1-ին, գ.թ.25):

4. Նաիրա Եղիազարյանը, իր 21.11.2008 թվականի թիվ 806 դիմումի համաձայն, խնդրել է ազատել աշխատանքից` պայմանագրի ժամկետը լրանալու պատճառաբանությամբ (հատոր 1-ին, գ.թ.57):

5. Կազմակերպության տնօրենի 25.12.2008 թվականի թիվ 066 հրամանի քաղվածքի համաձայն` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ և 111-րդ հոդվածներով Նաիրա Եղիազարյանն ազատվել է աշխատանքից` պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով: Հիմք` անձնական դիմումը, թիվ 806 և թիվ 071 աշխատանքային պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ.7):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որբողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գանահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:

Մինչդեռ, սույն գործով ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն անտեսել են այն հանգամանքը, որ Նաիրա Եղիազարյանի կողմից ներկայացված փաստաթղթերում և Կազմակերպության տնօրենի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա են հակասություններ: Մասնավորապես, Կազմակերպության տնօրենի կողմից ներկայացված փաստաթղթերում կատարվել է լրացում, այն է` սահմանվել է ժամկետ «մինչև դեկտեմբերի 25-ը-I կիսամյակի ավարտը»: Ընդ որում, «բնօրինակի հետ ճիշտ է» մակագրությամբ և Դատարանի կնիքով վավերացված փաստաթղթերում նշված լրացումն առկա չէ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով որպես վերաբերելի և թույլատրելի ապացույցներ պետք է հիմք ընդունել Դատարանի կողմից կնիքով վավերացված և «բնօրինակի հետ ճիշտ է» մակագրությամբ գրավոր փաստաթղթերի պատճենները:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ կամ որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ աշխատանքային օրենսդրությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է նախկինում կնքված պայմանագրի ձևին համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի միջև կնքված պայմանագրով:

Նաիրա Եղիազարյանի և Կազմակերպության տնօրենի միջև 31.08.2006 թվականին կնքված թիվ 071 աշխատանքային պայմանագրի 6.3 կետի համաձայն` պայմանագրում կատարված փոփոխությունները, լրացումները, հավելվածները իրավական ուժ են ստանում, եթե դրանք կազմվել են գրավոր, կնքվել, ստորագրվել են Տնօրենի և Ուսուցչի (մանկավարժ) կողմից: Կատարված փոփոխությունները, լրացումները, հավելվածները համարվում են Պայմանագրի անբաժանելի մասեր և կնքվում են այն քանակությամբ, որքան Պայմանագրի օրինակներն են, իսկ 9.1 և 9.2 կետերի համաձայն` Պայմանագիրը կնքվում է ոչ պակաս երկու օրինակից, որից մեկ օրինակը տրվում է Ուսուցչին (մանկավարժ)` ստորագրությամբ: Պայմանագիրը կազմվել է երկու օրինակից:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ 30.08.2008 թվականի համաձայնագրով կողմերի միջև 31.08.2006 թվականի կնքված թիվ 071 անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիրը փոփոխվել է որոշակի ժամկետով` մինչև 25.12.2008 թվականը գործողության ժամկետով աշխատանքային պայմանագրի:

 Մինչդեռ, սույն գործի փաստերից հետևում է, որ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 30.08.2008 թվականի համաձայնագրով աշխատանքային պայմանագրում կատարվել է 3.4.7 կետի փոփոխություն, որով ոչ թե սկզբնական աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետն է փոփոխվել, այլ կայացվել է ուսումնական տարվա ընթացքում ուսումնադաստիարակչական այլ աշխատանք իրականացնելու վերաբերյալ լրացուցիչ համաձայնություն:

 Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և պատշաճ գնահատման առարկա չի դարձրել սույն քաղաքացիական գործում առկա աշխատանքային իրավահարաբերության բնույթը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի համաձայն՝ կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատանքային պայմանագրի մի կողմը գրավոր ձևով առաջարկում է մյուս կողմին լուծելու պայմանագիրը: Առաջարկի հետ համաձայնվելու դեպքում մյուս կողմը պետք է յոթ օրվա ընթացքում իր համաձայնության մասին ծանուցի առաջարկ ներկայացրած կողմին: Եթե կողմերը համաձայնվում են լուծել պայմանագիրը, ապա այդ մասին կնքում են գրավոր համաձայնագիր, որում նշվում են պայմանագրի լուծման ժամկետը և այլ պայմաններ (հատուցումներ և այլն): Եթե պայմանագիրը լուծելու առաջարկություն ստացած կողմը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում չի ծանուցում պայմանագիրը լուծելու իր համաձայնության մասին, ապա աշխատանքային պայմանագրի լուծման մասին առաջարկը համարվում է մերժված:

Վերոնշյալ հոդվածով իմպերատիվ կարգով սահմանվել է յոթ օրվա ժամկետ, որի ընթացքում եթե պայմանագիրը լուծելու առաջարկություն ստացած կողմը աշխատողին չի ծանուցում պայմանագիրը լուծելու իր համաձայնության մասին, ապա աշխատանքային պայմանագրի լուծման մասին առաջարկը համարվում է մերժված:

Սույն գործով Նաիրա Եղիազարյանը պայմանագիրը լուծելու առաջարկը կատարել է 21.11.2008 թվականին, իսկ Կազմակերպության տնօրենը Նաիրա Եղիազարյանին աշխատանքից ազատել է 25.12.2008 թվականին: Այսինքն` պայմանագիրը լուծելու առաջարկություն ստացած կողմը` Կազմակերպության տնօրենը, չի պահպանել վերը նշված նորմով սահմանված յոթնօրյա ժամկետում իր համաձայնության մասին առաջարկ ներկայացրած կողմին ծանուցելու պայմանը, որը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման մասին առաջարկը մերժված համարելու համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն` Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան