Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջտարածաշրջանային եվ մերձսահմանային համագործակցության խորհրդի մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ՝ Կողմեր,
ձգտելով տարածաշրջանային և մերձսահմանային փոխադարձ համագործակցության հետագա զարգացմանը,
գիտակցելով, որ այդ համագործակցության զարգացումը համապատասխանում է իրենց ժողովուրդների շահերին,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերն ստեղծում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ), որի կազմի մեջ մտնում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների` միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության համար պատասխանատու նախարարությունների (գերատեսչությունների) ղեկավարները:
Հոդված 2
Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է խորհրդի Կանոնադրության հիման վրա, որը կցվում է սույն Համաձայնագրին և հանդիսանում է դրա անբաժանելի մասը:
Հոդված 3
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումներն ավանդապահի ստանալու օրվանից:
Հոդված 4
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող համապատասխան արձանագրությամբ:
Հոդված 5
Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության մյուս մասնակից պետությունների միանալու համար, որոնք ընդունում են դրա դրույթները և պատրաստ են ստանձնել սույն Համաձայնագրից բխող պարտավորությունները:
Միացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից:
Հոդված 6
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` նման մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով դուրս գալուց առնվազն 6 ամիս առաջ:
Կատարված է Բիշկեկ քաղաքում 2008 թվականի հոկտեմբերի 10-ին մեկ ռուսերեն բնօրինակով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:
Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության կողմից:
Հավելված
Անկախ Պետությունների
Համագործակցության
մասնակից պետությունների
միջտարածաշրջանային և
մերձսահմանային համագործակցության
խորհրդի մասին
2008 թվականի հոկտեմբերի
10-ի Համաձայնագրին կից
Կանոնադրություն
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության խորհրդի
I. Ընդհանուր դրույթներ
1.1. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) ստեղծվում է տարածաշրջանների և սահմանամերձ տարածքների կայուն տնտեսական զարգացման, քաղաքացիների անվտանգության ապահովման, ԱՊՀ մասնակից պետությունների բարեկամության և բարիդրացիության ամրապնդման հարցերի լուծման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բազմակողմ փոխգործակցության համակարգման նպատակով: Խորհուրդն իրականացնում է իր գործունեությունը` սերտորեն համագործակցելով ԱՊՀ տնտեսական խորհրդի, Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններին կից՝ Համագործակցության մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից Տնտեսական հարցերով հանձնաժողովի և ԱՊՀ գործադիր կոմիտեի, ինչպես նաև Համագործակցության այլ մարմինների հետ:
1.2. Խորհրդի հիմնական խնդիրներն են ԱՊՀ մասնակից պետությունների պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխադարձ համագործակցության մեխանիզմների կատարելագործումն ու զարգացումը:
1.3. Իր գործունեության մեջ Խորհուրդն առաջնորդվում է միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով, ԱՊՀ հիմնարար փաստաթղթերով, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հայեցակարգով` հաստատված ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և կառավարությունների ղեկավարների խորհրդի` միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցությանը վերաբերող որոշումներով, ինչպես նաև սույն Կանոնադրությամբ:
II. Խորհրդի գործառույթները
Խորհուրդը կատարում է հետևյալ գործառույթները.
2.1. Համաձայնագրի մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության առաջնային ուղղությունների որոշում, հայեցակարգային և գործնական հարցերի քննարկում` հաշվի առնելով ԱՊՀ մասնակից պետությունների պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների առաջարկությունները:2.2. Միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հիմնական ուղղություններով համատեղ գործողությունների համակարգման վերաբերյալ առաջարկությունների մշակում:
2.3. ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի, կառավարությունների ղեկավարների խորհրդի և ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների նիստերի ժամանակ քննարկման համար միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում:
2.4. Համաձայնագրի մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով փոխհարաբերությունների նորմատիվ-իրավական կարգավորման վերաբերյալ առաջարկությունների մշակում:
III. Խորհրդի իրավունքները
Խորհուրդն իր գործառույթներն իրականացնելու համար իրավունք ունի.
3.1. Համագործակցության բարձրագույն մարմինների քննարկմանը սահմանված կարգով ներկայացնելու Խորհրդի կողմից պատրաստված փաստաթղթերի նախագծեր, ինչպես նաև միջտարածաշրջանային և մերձսահմանային հարցերի վերաբերյալ որոշումների կատարման մասին տեղեկատվություն:
3.2. Համաձայնագրի մասնակից պետություններից և ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմիններից սահմանված կարգով հայցելու տեղեկատվություն իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ:
3.3. Անհրաժեշտության դեպքում ստեղծելու մշտական կամ ժամանակավոր աշխատանքային խմբեր Խորհրդի առջև հառնած խնդիրների կատարման համար:
IV. Խորհրդի ձևավորման կարգը
4.1. Խորհրդի անդամներ են հանդիսանում Համաձայնագրի մասնակից պետություններում միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության համար պատասխանատու նախարարությունների (գերատեսչությունների) ղեկավարները կամ Համաձայնագրի մասնակից պետությունների լիազորված ներկայացուցիչները (յուրաքանչյուր պետությունից՝ մեկական): Աշխատանքին Խորհրդի անդամի չմասնակցելու դեպքում նրա իրավասությունները փոխանցվում են նախարարության (գերատեսչության) ղեկավարի տեղակալին` այդ մասին նախապես ծանուցելով (հաղորդելով) Խորհրդի քարտուղարությանը:
4.2. Խորհրդում նախագահությունն իրականացվում է հերթով, Համաձայնագրի մասնակից պետություններից յուրաքանչյուրի կողմից` ի դեմս դրա ներկայացուցչի, ըստ ռուսական այբբենակարգի ռոտացիայի սկզբունքի հիման վրա, մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:
Խորհրդի նախորդ և հաջորդ նախագահները հանդիսանում են դրա համանախագահներ:
Խորհրդի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականությունները դրվում են համանախագահներից մեկի վրա:
V. Աշխատանքի կազմակերպումը
5.1. Խորհրդի նիստերն անց են կացվում առնվազն տարին մեկ անգամ: Ըստ անհրաժեշտության՝ կարող են գումարվել արտահերթ նիստեր: Նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է Խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է նախագահի կողմից՝ նրա նախաձեռնությամբ կամ Խորհրդի առնվազն երեք անդամի նախաձեռնությամբ:
5.2. Նիստերի անցկացման վայրը որոշվում է Խորհրդի անդամների նախնական պայմանավորվածությամբ:
5.3. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների և գործադիր կոմիտեի ղեկավարները:
5.4. Խորհրդի որոշմամբ դրա նիստերին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների օրենսդիր իշխանության մարմինների, վարչատարածքային միավորների և տեղական ինքնակառավարման իշխանության մարմինների, առևտրաարդյունաբերական պալատների, ԱՊՀ մասնակից պետությունների ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
5.5. Խորհրդի որոշումներն ընդունվում են դրա` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե Խորհրդի կողմից այլ բան որոշված չէ: Խորհրդի ցանկացած անդամ կարող է հայտարարել այս կամ այն հարցում իր հետաքրքրված չլինելու մասին, ինչը չպետք է դիտվի որպես խոչընդոտ որոշման ընդունման համար: Խորհրդի այն անդամները, որոնք համաձայն չեն որոշմանը, կարող են հայտնել հատուկ կարծիք, որն ընդգրկվում է նիստի արձանագրության մեջ:
5.6. Խորհրդի որոշումները ձևակերպվում են արձանագրություններով, որոնք ստորագրվում են Խորհրդի նախագահի կողմից և ուղարկվում են Խորհրդի անդամներին, իսկ անհրաժեշտության դեպքում` ԱՊՀ մարմիններ: Խորհրդի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ:
5.7. Խորհուրդը հաստատում է իր աշխատակարգը:
5.8. Հերթական նիստի համար նյութերն ուղարկվում են Խորհրդի անդամներին դրա անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ:
5.9. Խորհրդի քարտուղարի գործառույթները կատարում է ԱՊՀ գործադիր կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:
VI. Եզրափակիչ դրույթներ
6.1. Խորհրդի նիստերի անցկացման ծախսերը կրում է Համաձայնագրի այն մասնակից պետությունը, որի տարածքում անցկացվում է Խորհրդի նիստը: Խորհրդի անդամների գործուղման ծախսերը կրում է գործուղող պետությունը:
6.2. Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության համար` 15.05.2009թ., Տաջիկստանի Հանրապետության համար` 15.05.2009թ., Բելառուսի Հանրապետության համար` 15.05.2009թ.:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|