Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և նրանց որակավորման փաստաթղթերի նոստրիֆիկացիայի բնագավառում համագործակցության մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները,
հիմնվելով Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում միջպետական գիտատեխնիկական համագործակցության մասին Համաձայնագրի վրա,
ընդունելով գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և նրանց որակավորման փաստաթղթերի նոստրիֆիկացիայի բնագավառում համագործակցությանն աջակցելու անհրաժեշտությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Բ ա ժ ի ն 1
Ընդհանուր դրույթներ
Հ ո դ վ ա ծ 1
Համաձայնագրի մասնակից պետությունները միմյանց միջև համաձայնեցնում են բարձրագույն կրթությամբ մասնագետների, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և որակավորման ազգային հայեցակարգերը և պահանջները:
Հ ո դ վ ա ծ 2
Համաձայնագրի շրջանակներում մասնակից պետությունները.
իրականացնում են միջպետական ծրագրերի (հիմնարար հետազոտություններ, գիտատեխնիկական, նոր տեխնոլոգիաների զարգացման և յուրացման, միջպետական այլ ծրագրեր) կադրային ապահովումը,
իրականացնում են բարձրագույն գիտական որակավորման կադրերի ամբողջական պատրաստումը և գիտաշխատողների ստաժավորման անցկացումը,
մշակում, ներդնում և կատարելագործում են գիտական և գիտամանկավարժական կադրերի որակավորման փաստաթղթերի նոստրիֆիկացիայի համակարգը։
Հ ո դ վ ա ծ 3
Սույն Համաձայնագրի շրջանակներում պետությունների փոխհամագործակցության համակարգման կարգը որոշվում է Միջպետական գիտատեխնիկական խորհրդի կողմից (ՄԳՏԽ):
Բ ա ժ ի ն 2
Գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստում
Հ ո դ վ ա ծ 4
Համաձայնագրի մասնակից պետությունները պարտավորվում են.
ստեղծել իրավական, տնտեսական և կազմակերպչական պայմաններ, որոնք Համաձայնագրի բոլոր մասնակից պետությունների համար կերաշխավորեն հավասար իրավունքներ և պատասխանատվություն գիտական ու գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում,
ապահովել պայմաններ, խտրականությունից զերծ հիմքերով, մյուս պետությունների անձանց ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունվելու համար:
Հ ո դ վ ա ծ 5
Փորձնակներին, ասպիրանտներին, դոկտորներին, գիտաշխատողներին սովորելու և որակավորման բարձրացման համար մի պետությունից մյուսը գործուղելու ժամանակ հնարավոր է արժութային համարժեք փոխանակում՝ այդ պետությունների միջև գիտատեխնիկական համագործակցության մասին երկկողմ պայմանագրերի հիման վրա:
Բ ա ժ ի ն 3
Բարձրագույն գիտական որակավորման կադրերի նպատակային պատրաստում և գիտնականների կողմից ստաժավորման անցկացում՝ ի շահ այլ մասնակից պետությունների
Հ ո դ վ ա ծ 6
Համաձայնագրի մասնակից պետություններն անցկացնում են բարձրագույն գիտական որակավորման կադրերի պատրաստում՝ ի շահ այլ մասնակից պետությունների, այն մասնագիտությունների ցանկով, որոնք տվյալ պետության համար ճանաչվում են հիմնարար:
Հիմնարար մասնագիտությունները, որոնց վերաբերյալ անցկացվում է պատրաստում` ի շահ մյուս պետությունների, հաստատվում են ՄԳՏԽ-ի նիստում:
Հ ո դ վ ա ծ 7
Բարձրագույն գիտական որակավորման կադրերի նպատակային պատրաստումն ու գիտաշխատողների կողմից ստաժավորման անցկացումը ի շահ Համաձայնագրի այլ մասնակից պետությունների, իրականացվում է, որպես կանոն, միջպետական ծրագրերին համապատասխան:
Գիտնականների կողմից ստաժավորման անցկացումը ի շահ այլ մասնակից պետությունների իրականացվում է երկկողմ հիմքի վրա, ուղարկող և ընդունող Կողմերի իրավունքների և պարտականությունների սահմանմամբ:
Բ ա ժ ի ն 4
Գիտական և գիտամանկավարժական կադրերի որակավորման մասին փաստաթղթերի նոստրիֆիկացիայի կարգն ու պայմանները
Հ ո դ վ ա ծ 8
Համաձայնագրի մասնակից պետությունները ստանձնում են պարտավորություններ կապված գիտական և գիտամանկավարժական կադրերի որակավորման մասին փաստաթղթերի փոխադարձ նոստրիֆիկացիայի հետ:
Հ ո դ վ ա ծ 9
Համաձայնագրի մասնակից պետությունները ճանաչում են ԽՍՀՄ նախարարների խորհրդին կից Բարձրագույն որակավորման հանձնաժողովի, ինչպես նաև այլ նախարարությունների և գերատեսչությունների կողմից անցկացված գիտական և գիտամանկավարժական կադրերի որակավորման արդյունքների իսկությունը:
Ըստ Համաձայնագրի մասնակից պետությունների կողմից համաձայնեցված մասնագիտությունների ցանկի, դրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի ներկայացնելու պահանջներ ՝ գիտական և գիտամանկավարժական կադրերի որակավորման հաստատման մասին իր տարածքում գործող կանոններին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 10
Համաձայնագրի մասնակից պետությունները երաշխավորում են նախկին ԽՍՀՄ-ի գիտական աստիճաններ և կոչումներ ունեցող քաղաքացիների իրավունքը՝ անցնելու վերագրանցում, յուրաքանչյուր պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հ ո դ վ ա ծ 11
Գիտական և գիտամանկավարժական կադրերի որակավորման մասին փաստաթղթերի նոստրիֆիկացիայի կարգն ու պայմանները որոշվում են գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստացիայի ընդունումից հետո:
Բ ա ժ ի ն 5
Եզրափակիչ դրույթներ
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Դրա գործողությունը կարող է երկարաձգվել մասնակից պետությունների փոխադարձ համաձայնությամբ:
Հ ո դ վ ա ծ 13
Համաձայնագիրը բաց է այլ պետությունների միանալու համար:
Հ ո դ վ ա ծ 14
Մասնակցությունը Համաձայնագրին չի սահմանափակում այն ստորագրած պետությունների իրավունքը մասնակցելու միջպետական համագործակցության ցանկացած այլ երկկողմ ձևերում, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստավորման բնագավառում:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1992 թվականի մարտի 13-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի տվյալ Համաձայնագիրը ստորագրած պետություններին:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մարտի 13-ից: