Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.15/39(913)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
08.02.1992
Ստորագրման ամսաթիվ
08.02.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Էկոլոգիայի և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում փոխգործակցության մասին

 

Համաձայնագրի մասնակիցները, այսուհետ` Բարձր պայմանավորվող կողմեր,

ճանաչելով կյանքի համար բարենպաստ շրջակա միջավայրի և էկոլոգիական անվտանգության յուրաքանչյուր մարդու իրավունքը,

գիտակցելով բնակության համար բարենպաստ պայմանների և իրենց ժողովուրդների ու այլ պետությունների ժողովուրդների, ինչպես նաև ապագա սերունդների հանդեպ բարեկեցության ապահովման համար պատասխանատվությունը,

հիմնվելով յուրաքանչյուր պետության կողմից հողի, նրա ընդերքի, ռեսուրսների, ջրային, բուսական և կենդանական աշխարհի և այլ բնական ռեսուրսների օգտագործման կարգը սահմանելու իրավունքի վրա,

ելնելով շրջակա բնական միջավայրի ամբողջականության և անբաժանելիության, դրա պահպանման ու կայուն զարգացման գործում բոլոր պետությունների շահերի միասնության հասկացությունից,

նշելով, որ պետությունների միջև սահմանները չեն համընկնում բնական էկոլոգիական և ավազանային սահմանների հետ ու գիտակցելով, որ մեկ պետության տարածքում տնտեսական և այլ կարգի գործունեությունը չպետք է վնասի այլ պետությունների բնական միջավայրին, բնակչության կենսամակարդակին և տնտեսական գործունեությանը,

ղեկավարվելով էկոլոգիայի և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում համաձայնեցված իրավական ակտերի, ինչպես նաև էկոլոգիական անվտանգությունը և յուրաքանչյուր մարդու բարեկեցությունը ապահովող համաձայնեցված չափանիշների և էկոլոգիական նորմերի ընդունման անհրաժեշտությամբ,

գիտակցելով համակարգված հիմնարար և կիրառական էկոլոգիական հետազոտությունների անցկացման անհրաժեշտությունը,

ձգտելով բնօգտագործման բնագավառում և էկոլոգիական հիմնախնդիրների լուծման ժամանակ համաձայնեցված գործողությունների,

հատուկ կարևորություն տալով էկոլոգիական հիմնախնդիրների լուծման դեպքում հասարակական գիտակցության դերին,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Բարձր պայմանավորվող կողմերը էկոլոգիայի և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում (հողերի պահպանության և օգտագործման, ընդերքի, անտառների, օդի, բնական և կենդանական աշխարհի, մայրցամաքային շելֆի բնական ռեսուրսների, տնտեսական գոտու և ազգային իրավասության գործողության սահմաններից դուրս գտնվող բաց ծովի) մշակում և անց են կացնում համաձայնեցված քաղաքականություն` հաշվի առնելով նախկինում ԽՍՀՄ կնքած միջազգային համաձայնագրերը (Ցանկը կցվում է):

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց տարածքում.

մշակել և ընդունել օրենսդրական ակտեր, էկոլոգիական նորմեր և չափանիշներ բնօգտագործման և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում,

բնական ռեսուրսների օգտագործման քանակական ու որակական ցուցանիշներով հաշվառում կատարել և անցկացնել էկոլոգիական մոնիտորինգ,

արդյունավետ պետական հսկողություն իրականացնել շրջակա բնական միջավայրի և դրա ռեսուրսների վիճակի և փոփոխության նկատմամբ,

միջոցներ ձեռնարկել կենդանի ռեսուրսների վերարտադրման, կենսաբանական բազմազանության պահպանման և վերականգնման ուղղությամբ,

զարգացնել արգելանոցների, արգելավայրերի, ազգային արգելագոտիների և այլ հատուկ պահպանվող տարածքների ու բնական համալիրների ցանցերը, սահմանափակել դրանց սահմանակից գոտիներում տնտեսական և այլ գործունեությունը,

համակողմանիորեն գնահատել իրենց տարածքում իրականացվող տնտեսական և այլ գործունեության էկոլոգիական հետևանքները,

ստեղծել և պահպանել էկոլոգիական աղետների, վթարների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման համար անհրաժեշտ հատուկ ուժեր և միջոցներ,

անցկացնել արտադրական ուժերի, ներդրումային և այլ նախագծերի ծրագրերի էկոլոգիական փորձաքննություն ու զարգացման փորձաքննություն,

միջոցներ ձեռնարկել էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման, էկոլոգիայի հարցերում հրապարակայնության ապահովման ուղղությամբ,

սահմանել տնտեսական և այլ գործունեության մեջ բնական ռեսուրսների ներգրավման գիտականորեն հիմնավորված նորմեր, ինչպես նաև դրանց անվերադարձ առգրավման լիմիտները` հաշվի առնելով համընդհանուր էկոլոգիական անվտանգության և բարօրության ապահովումը,

վարել պետական Կարմիր գրքերը, նյութեր ներկայացնել միջպետական Կարմիր գրքի վարման համար,

պահպանել նախկինում ԽՍՀՄ կնքած միջազգային համաձայնագրերից բխող պարտավորությունները:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Էկոլոգիայի և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում համաձայնեցված քաղաքականության վարումը ապահովելու նպատակով Բարձր պայմանավորվող կողմերը անհրաժեշտ համարեցին.

ներդաշնակեցնել իրենց կողմից ընդունած բնապահպանության ոլորտին վերաբերող օրենսդրական ակտերը, էկոլոգիական նորմերը և չափանիշները,

համատեղ մշակել և իրականացնել բնօգտագործման և շրջակա բնական միջավայրի պահպանության և էկոլոգիական անվտանգության միջպետական ծրագրեր ու նախագծեր, ներառյալ քիմիական և միջուկային զենքի, առավել թունավոր և ռադիոակտիվ թափոնների անվտանգ ոչնչացման և չեզոքացման ծրագրերը,

կիրառել ընհանուր մոտեցումներ, չափանիշներ (ցուցանիշներ), շրջակա բնական միջավայրի վիճակի և դրա նկատմամբ մարդկային ներգործության որակի և հսկողության գնահատման մեթոդներ ու ընթացակարգեր,

օգտագործել շրջակա բնական միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության գնահատման դեպքում համաձայնեցված մեթոդներ,

միասնականացնել շրջակա բնական միջավայրի վրա մարդկային ներգործության նորմավորման մեթոդները,

կիրառել համաձայնեցված մեթոդներ կենդանի օրգանիզմների համակեցության մեջ գենետիկ փոփոխությունների և հազվագյուտ ու անհետացող տեսակների պաշտպանության, ինչպես նաև նրանց բնակության վայրերի նկատմամբ հսկողության համաձայնեցված մեթոդներ,

ստեղծել և պահպանել միջպետական էկոլոգիական տեղեկատվական համակարգ և տեղեկություն տրամադրել այլ Բարձր պայմանավորվող կողմերին,

մշակել և իրականացնել էկոլոգիայի և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում համաձայնեցված գիտատեխնիկական քաղաքականություն` անցկացնելով համակարգված հիմնարար և կիրառական էկոլոգիական հետազոտություններ,

մշակել և կիրառել բնապահպանական գործունեության խթանման ընդհանուր սկզբունքները, բնապահպանական օրենսդրության խախտման համար պատիժները,

ղեկավարվել ընդհանուր մեթոդոլոգիական պահանջներով` արտադրական ուժերի, ներդրումային և այլ նախագծերի ծրագրերի և զարգացման կանխագուշակումների էկոլոգիական փորձաքննության անցկացման ժամանակ,

մշակել արտակարգ էկոլոգիական աղետների ծագման ժամանակ փոխադարձ օգնության ցուցաբերման, դրանց հետևանքների վերացման և համապատասխան միջազգային գործողություններում մասնակցության համար հատուկ ուժերի և միջոցների օգտագործման պայմանները և կարգը:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նախատեսված դրույթների իրականացման համար Բարձր պայմանավորվող կողմերը համաձայնեցին ստեղծել Միջպետական էկոլոգիական խորհուրդ և դրան կից Միջպետական էկոլոգիական հիմնադրամ՝ համաձայնեցված միջպետական էկոլոգիական ծրագրերի իրականացման, առաջին հերթին էկոլոգիական աղետների հետևանքների վերացման համար: Միջպետական էկոլոգիական հիմնադրամի ստեղծման և գործունեության կարգը սահմանում է Միջպետական էկոլոգիական խորհուրդը:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Բարձր պայմանավորվող կողմերը Միջպետական էկոլոգիական խորհրդին հանձնարարում են.

էկոլոգիայի և շրջակա բնական միջավայրի բնագավառում համաձայնեցված քաղաքականության համակարգումը և իրականացումը,

շահագրգիռ Կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ արտադրական ուժերի, ներդրումային և այլ նախագծերի ծրագրերի ու զարգացման կանխագուշակումների էկոլոգիական փորձաքննության անցկացում, որոնց իրականացումը շոշափում է կամ կարող է շոշափել երկու և ավելի Բարձր պայմանավորվող կողմերի շահերը,

օժանդակություն ցուցաբերել Բարձր պայմանավորվող կողմերի միջև էկոլոգիական վեճերի լուծմանը,

վարել Միջպետական Կարմիր գիրքը, առաջարկություններ և նյութեր պատրաստել Միջպետական Կարմիր գրքի համար,

սահմանել շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմերի հետ համատեղ էկոլոգիայի և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում, նախկինում ԽՍՀՄ կնքած միջազգային համաձայնագրերից բխող պարտավորությունների կատարման գործում նրանց մասնակցության պայմանները և կարգը:

Միջպետական էկոլոգիական խորհրդի կազմի մեջ մտնում են Համաձայնագրի մասնակից պետությունների բնապահպանական գերատեսչությունների ղեկավարները: Խորհուրդը կազմվում է պարիտետային հիմունքներով և իր որոշումները ընդունում է միաձայնության հիման վրա:

Միջպետական էկոլոգիական խորհրդի և նրա կողմից ստեղծվող աշխատանքային մարմինների լիազորությունները և դրանց ֆինանսավորման կարգը սահմանվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող Արձանագրություններում:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Բարձր պայմանավորվող կողմերի՝ սույն Համաձայնագրով ընդգրկվող հարցերին վերաբերող գործող միջազգային համաձայնագրերից կամ ապագայում սույն Համաձայնագրի առարկային և նպատակներին համապատասխան կնքվող միջազգային համաձայնագրերից բխող փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Բարձր պայմանավորվող կողմերը համատեղ մշակում են սույն Համաձայնագրի դրույթները խախտելու համար պատասխանատվությանը վերաբերող կարգը, կանոնները և ընթացակարգերը:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Սույն Համաձայնագիրը բաց է ցանկացած այլ պետության կողմից միանալու համար, որը հետաքրքրված է սույն Համաձայնագրի նպատակների և խնդիրների ձեռքբերման գործում:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարին լրանալուց հետո Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է հրաժարվել մասնակցելու սույն Համաձայնագրին` գրավոր ծանուցելով ավանդապահին: Մասնակցությունից հրաժարվելը ուժի մեջ է մտնում ավանդապահին ծանուցելու տարվան հաջորդող տարվա դեկտեմբերի 31-ին:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1992 թվականի փետրվարի 8-ին, մեկ օրինակով` ադրբեջաներեն, հայերեն, բելառուսերեն, ղազախերեն, ղրղզերեն, մոլդովերեն, ռուսերեն, տաջիկերեն, թուրքմեներեն և ուկրաիներեն: Բոլոր տեքստերը հավասարազոր են:

Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագրի մասնակից պետություններին կուղարկի Համաձայնագրի վավերական պատճենը:

 

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ

Էկոլոգիայի և շրջակա միջավայրի պաշտպանության

բնագավառում փոխգործակցության մասին

Համաձայնագրին կից

 

Ց Ա Ն Կ

 

Էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության հարցերով ԽՍՀՄ կնքած միջազգային համաձայնագրերի

 

1. Բազմակողմ համաձայնագրեր

 

Համաձայնագրի անվանումը

Տարեթիվը

Ընդունման վայրը

Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին Կոնվենցիա

16.11.1972թ.

Փարիզ

Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին Կոնվենցիա

13.11.1979թ.

Ժնև

Եվրոպայում մեծ տարածքների վրա աղտոտիչների մոնիտորինգի և տեղափոխման գնահատման գործում համագործակցության ծրագրերի երկարաժամկետ ֆինանսավորման մասին Մեծ տարածքների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին 1979թ. Կոնվենցիային կից Արձանագրություն

28.09.1984թ.

Ժնև

Ծծմբի արտանետումների կամ դրանց անդրսահմանային հոսքերի առնվազն 30 %-ով կրճատման մասին Մեծ տարածքների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին 1979թ. Կոնվենցիային կից Արձանագրություն

08.07.1985թ.

Հելսինկի

Ազոտի թթուների արտանետումների սահմանափակման մասին Մեծ տարածքների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին 1979թ. Կոնվենցիային կից Արձանագրություն

31.10.1988թ.

Սոֆիա

Թռչող օրգանական միացումների կամ դրանց անդրսահմանային հոսքերի արտանետումների սահմանափակման մասին Մեծ տարածքների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին 1979թ. Կոնվենցիային կից Արձանագրություն

12.11.1991թ.

Ժնև

Օզոնային շերտի պահպանության մասին Կոնվենցիա

22.03.1985թ.

Վիեննա

Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Կոնվենցիա

16.09.1987թ.

Մոնրեալ

Մայրցամաքային շելֆի մասին Կոնվենցիա

29.04.1958թ.

Ժնև

Բաց ծովի մասին Կոնվենցիա

29.04.1958թ.

Ժնև

Ծովի հետազոտման գծով Միջազգային խորհրդի մասին Կոնվենցիա

12.09.1964թ.

Կոպենհագեն

Հյուսիսային ծովը նավթով աղտոտման դեմ պայքարում համագործակցության մասին Համաձայնագիր

09.06.1969թ.

Բոնն

Նավթով աղտոտելու վնասի համար քաղաքացիական պատասխանատվության մասին միջազգային Կոնվենցիա

29.11.1969թ.

Բրյուսել

Նավթով աղտոտման վնասի փոխհատուցման համար Միջազգային հիմնադրամի ստեղծման մասին միջազգային Կոնվենցիա

18.12.1971թ.

Բրյուսել

Թափոնների և այլ նյութերի արտանետումներով ծովի աղտոտման կանխարգելման մասին Կոնվենցիա

29.12.1972թ.

Լոնդոն

Նավթով ծովի աղտոտման կանխարգելման մասին միջազգային Կոնվենցիա (1962թ. ապրիլի 11-ի և 1969թ. հոկտեմբեր 21-ի ուղղումներով)

12.05.1954թ.

Լոնդոն

Նավթով աղտոտման վթարային դեպքերում բաց ծովում միջամտության մասին միջազգային Կոնվենցիա

29.11.1969թ.

Բրյուսել

Նավթից տարբեր նյութերով աղտոտման դեպքերում բաց ծովում միջամտության մասին Արձանագրություն

02.11.1973թ.

Լոնդոն

Նավերից արտանետումներով աղտոտման կանխարգելման մասին միջազգային Կոնվենցիային կից 1978թ. Արձանագրություն

17.02.1978թ.

Լոնդոն

Բալթիկ ծովի շրջանի ծովային միջավայրի պաշտպանության մասին Կոնվենցիա

22.03.1974թ.

Հելսինկի

Բալթիկ ծովի շրջանի ծովային միջավայրի պաշտպանության մասին Հռչակագիր

15.02.1988թ.

Հելսինկի

Ձկնորսական ցանցերի ծակոտիների և ձկնորսության համար թույլատրելի ձկների մեծության կանոնակարգման մասին Կոնվենցիա

05.04.1946թ.

Լոնդոն

Կետերի որսի կանոնակարգման մասին միջազգային Կոնվենցիա (ուղղումներով)

02.12.1946թ.

Վաշինգտոն

Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում ծովային արջերի պահպանության մասին ժամանակավոր Կոնվենցիա (ուղղումներով)

09.02.1957թ.

Վաշինգտոն

Դանուբ գետում ձկնորսության մասին Կոնվենցիա

29.01.1958թ.

Բուխարեստ

Սև ծովում ձկնորսության մասին Կոնվենցիա

07.07.1959թ.

Վառնա

Ծովային ձկորսության բնագավառում համագործակցության մասին Համաձայնագիր

28.07.1962թ.

Վարշավա

Ատլանտյան օվկիանոսի թյուննոսի պահպանության մասին միջազգային Կոնվենցիա

14.05.1966թ.

Ռիո դե Ժանեյրո

Ատլանտյան օվկիանոսի հարավարևելյան մասի կենդանական ռեսուրսների պահպանության մասին Կոնվենցիա

23.10.1969թ.

Հռոմ

Բալթիկ ծովում և Բելտերում ձկնորսության և կենդանի ռեսուրսների պահպանության մասին Կոնվենցիա

13.09.1973թ.

Գդանսկ

Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան մասում ձկնորսության բնագավառում ապագա բազմակողմ համագործակցության մասին Կոնվենցիա

18.11.1980թ.

Լոնդոն

Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում սաղմոնի պահպանության մասին Կոնվենցիա

02.03.1982թ.

Ռեյկյավիկ

1949թ. փետրվարի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևմտյան մասում ձկնորսության մասին միջազգային Կոնվենցիային կից Արձանագրություն

25.06.1956թ.

Վաշինգտոն

Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևմտյան մասում ձկնորսության մասին միջազգային Կոնվենցիային կից Արձանագրություն (գրենլանդական փոկի վրա նրա ազդեցության տարածման մասին)

15.07.1963

Վաշինգտոն

Հսկողության միջոցների մասին Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևմտյան մասում ձկնորսության մասին միջազգային Կոնվենցիային կից Արձանագրություն

29.11.1965թ.

Վաշինգտոն

Դանուբ գետի ջրային տնտեսության, հատկապես աղտոտումից նրա ջրերը պահպանելու հարցերով Դանուբյան պետությունների համագործակցության մասին Հռչակագիր

13.12.1985թ.

Բուխարեստ

Աղտոտումից Տիս գետի և նրա վտակների պահպանելու մասին Համաձայնագիր

28.05.1986թ.

Սեգեդ

Անտարկտիկայի փոկերի պահպանության մասին Կոնվենցիա

01.06.1972թ.

Լոնդոն

Սպիտակ արջերի պահպանության մասին Համաձայնագիր

15.11.1973թ.

Օսլո

Անտարկտիկայի ծովային կենդանի ռեսուրսների պահպանության մասին Կոնվենցիա

20.05.1980թ.

Կանբեռա

Անտարկտիկայի մասին Պայմանագիր

01.12.1959թ.

Վաշինգտոն

Բույսերի պահպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպության հիմնադրման մասին Կոնվենցիա

18.04.1951թ.

Փարիզ

Բույսերի պահպանության մասին միջազգային Կոնվենցիա

06.12.1951թ.

Հռոմ

Անհետացման սպառնալիքի տակ գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին Կոնվենցիա

03.03.1973թ.

Վաշինգտոն

Արևադարձային փայտանյութի մասին միջազգային Համաձայնագիր

18.11.1983թ.

Ժնև

Հիմնականում ջրալող թռչունների միջավայրի համար միջազգային նշանակություն ունեցող ջրաճահճային հանդակների մասին Կոնվենցիա

02.02.1971թ.

Ռամսար

Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին Կոնվենցիա

26.10.1979թ.

Վիեննա

Միջուկային վթարի դեպքում օպերատիվ տեղեկացման մասին Կոնվենցիա

26.09.1986թ.

Վիեննա

Միջուկային վթարի կամ ճառագայթման աղետային իրավիճակի դեպքում օգնության մասին Կոնվենցիա

26.09.1986թ.

Վիեննա

Մթնոլորտում, տիեզերքում և ջրի տակ միջուկային փորձարկումների արգելման մասին Պայմանագիր

05.08.1963թ.

Մոսկվա

Ծովերի և օվկիանոսների հատակին և հատակի տակ միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքի տեղավորման արգելման մասին Պայմանագիր

11.01.1971թ.

Լոնդոն,
Վաշինգտոն,
Մոսկվա

Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր զենքի մշակման, արտադրության և պահման արգելման ու դրա վերացման մասին Կոնվենցիա

10.04.1972թ.

Լոնդոն,
Վաշինգտոն,
Մոսկվա

Ռազմական կամ այլ թշնամական նպատակներով շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների օգտագործումն արգելելու մասին Կոնվենցիա

10.12.1976թ.

Ժնև

Արճիճային բելիլների օգտագործման մասին Կոնվենցիա

25.10.1921թ.

Ժնև

Իոնականացված ճառագայթումից աշխատավորների պաշտպանության մասին Կոնվենցիա

22.06.1960թ.

Ժնև

Օդի աղտոտման, աղմուկի և տատանման հետ կապված մասնագիտական ռիսկերից աշխատավորների պաշտպանության մասին Կոնվենցիա

20.06.1977թ.

Ժնև

 

2. Երկկողմ համաձայնագրեր

4. ԽՍՄՀ հետ Համաձայնագիրը կնքած երկիրը

Կնքման տարեթիվը

Ով է ստորագրել

ԱՄՆ

1972թ. մայիս

պետությունների ղեկավարներ

ԳՖՀ

1988թ. հոկտեմբեր

բնապահպանության նախարարներ

Մեծ Բրիտանիա

1974թ.

կառավարությունների ղեկավարների տեղակալներ

Շվեյցարիա

1989թ. նոյեմբեր

նախարարներ

Ֆրանսիա

1975թ.

պետությունների ղեկավարներ

Բելգիա

1975թ. հունիս

արտաքին գործերի նախարարներ

Շվեդիա

1989թ. ապրիլ

բնապահպանության նախարարներ

Նորվեգիա

1988թ. հունվար

պետությունների ղեկավարներ

Ֆինլանդիա

1985թ. հուլիս

նախարարներ

Կանադա

1989թ. նոյեմբեր

Կառավարությունների ղեկավարներ

Լեհաստան

1989թ. նոյեմբեր

նախարարների տեղակալներ

Հունգարիա

1990թ. հունվար

նախարարներ

ՉՍԴՀ

1989թ. փետրվար

բնապահպանության նախարարներ

Բուլղարիա

1989թ. հոկտեմբեր

բնապահպանության նախարարներ

Ավստրիա

1989թ.

նախարարներ

Իտալիա

1990թ. նոյեմբեր

արտաքին գործերի նախարարներ

Ճապոնիա

1991թ. ապրիլ

արտաքին գործերի նախարարներ

Հարավսլավիա

1991թ. մարտ

նախարարներ

Ավստրիա

1991թ. ապրիլ

բնապահպանության նախարարների տեղակալներ

Ռումինիա

1991թ. ապրիլ

բնապահպանության նախարարներ

Նիդերլանդներ

1991թ. մարտ

բնապահպանության նախարարներ

Իսպանիա

1991թ. հուլիսի 8

նախարարներ

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի փետրվարի 8-ից: