Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Տնտեսական գործունեության իրականացման հետ կապված վեճերի լուծման կարգի մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունները,
կարևորություն տալով Անկախ Պետությունների Համագործակցության տարբեր մասնակից պետություններում գտնվող սուբյեկտների միջև տնտեսական գործունեության հետ կապված վեճերի լուծման բնագավառում համագործակցության զարգացմանը,
ելնելով բոլոր տնտեսվարող սուբյեկտներին իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար հավասար հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունից,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագիրը կանոնակարգում է տնտեսվարող սուբյեկտների միջև պայմանագրային և այլ քաղաքացիաիրավական, պետական և այլ մարմինների հետ նրանց հարաբերություններից բխող գործերի լուծման, ինչպես նաև դրանց կատարման հետ կապված հարցերը:
Հ ո դ վ ա ծ 2
Սույն Համաձայնագրի նպատակների համար, տնտեսվարող սուբյեկտներ ասելով, հասկացվում են ձեռնարկություններ, դրանց միավորումները, ցանկացած կազմակերպաիրավական ձևի կազմակերպություններ, ինչպես նաև Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում գործող օրենքներին համապատասխան, ձեռնարկատերերի կարգավիճակ ունեցող քաղաքացիները և նրանց միավորումները:
Հ ո դ վ ա ծ 3
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններից յուրաքանչյուրի տնտեսվարող սուբյեկտները Անկախ Պետությունների Համագործակցության մյուս մասնակից պետության տարածքում օգտվում են իրենց գույքային իրավունքների և օրինական շահերի իրավական և դատական պաշտպանությունից` այլ պետության տնտեսվարող սուբյեկտների նույնանման իրավունքներին հավասար:
Անկախ Պետությունների Համագործակցության յուրաքանչյուր մասնակից պետության տնտեսվարող սուբյեկտ Անկախ Պետությունների Համագործակցության մյուս մասնակից պետությունների տարածքներում, առանց խոչընդոտների, իրավունք ունեն դիմելու դատարաններ, արբիտրաժային (տնտեսական) դատարաններ, միջնորդ դատարաններ և այլ մարմիններ, որոնց իրավասությանն են վերաբերում սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված գործերի լուծումը (այսուհետ` իրավասու դատարաններ), կարող են հանդես գալ այդ դատարաններում, միջնորդություն անել, հայցեր ներկայացնել և այլ դատավարական գործողություններ իրականացնել:
Հ ո դ վ ա ծ 4
1. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետության իրավասու դատարանը իրավունք ունի քննության առնել սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում հիշատակված վեճերը, եթե Անկախ Պետությունների Համագործակցության տվյալ մասնակից պետության տարածքում.
ա) պատասխանողը հայցի ներկայացման օրվա դրությամբ ունի մշտական բնակության կամ գտնվելու վայր:
Եթե գործում մասնակցում են Համագործակցության տարբեր մասնակից պետությունների տարածքներում գտնվող մի քանի պատասխանողներ, ապա վեճը քննության է առնվում հայցվորի ընտրությամբ ցանկացած պատասխանողի գտնվելու վայրում,
բ) իրականացվում է պատասխանողի ձեռնարկության (մասնաճյուղի) առևտրային, արդյունաբերական կամ այլ տնտեսական գործունեություն,
գ) կատարված է կամ պետք է ամբողջովին կամ մասնակիորեն կատարված լինի վեճի առարկա հանդիսացող պայմանագրից բխող պարտավորությունը,
դ) տեղի է ունեցել գործողություն կամ այլ հանգամանք, որը հիմք է ծառայել վնասի փոխհատուցման մասին պահանջի համար,
ե) գործարար համբավի պաշտպանության մասին հայցով հայցվորը ունի մշտական բնակության կամ գտնվելու վայր,
զ) գտնվում է մատակարար-պայմանադիր կողմը, կապալառուն կամ ծառայություններ մատուցողը (աշխատանքներ կատարողը) և վեճը վերաբերում է պայմանագրերի կնքմանը, փոփոխմանը և լուծմանը:
2. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու դատարանները քննության են առնում գործեր նաև այլ դեպքերում, եթե դրա մասին առկա է վեճը այդ դատարանին փոխանցելու մասին Կողմերի գրավոր համաձայնությունը:
Նման համաձայնության առկայության դեպքում Համագործակցության մյուս մասնակից պետության դատարանը պատասխանողի հայտարարությամբ կասեցնում է գործի վարույթը, եթե նման հայտարարությունը կատարվել է նախքան գործով որոշում ընդունելը:
3. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի մասին տնտեսվարման սուբյեկտների հայցերը քննության են առնվում բացառապես Անկախ Պետությունների Համագործակցության այն մասնակից պետության դատարանի կողմից, որի տարածքում է գտնվում գույքը:
4. Պետական և այլ մարմինների ամբողջովին կամ մասնակիորեն նորմատիվ բնույթ չունեցող ակտերի անվավեր ճանաչելու, ինչպես նաև նման ակտերով տնտեսվարող սուբյեկտներին պատճառված վնասների մասին կամ տնտեսվարող սուբյեկտների հանդեպ նշված մարմինների կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով ծագած գործերը քննության են առնվում բացառապես նշված մարմնի գտնվելու վայրի դատարանի կողմից:
3-րդ և 4-րդ կետերում նշված դատարանների իրավասությունը չի կարող փոփոխվել Կողմերի միջև կնքված համաձայնագրով:
5. Հանդիպակաց հայցը և հիմնական հայցի նման իրավահարաբերությունից բխող ստուգման մասին պահանջը ենթակա է քննության այն դատարանում, որը քննում է հիմնական հայցը:
Հ ո դ վ ա ծ 5
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու դատարանները և այլ մարմինները պարտավորվում են միմյանց փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերել:
Փոխադարձ իրավական օգնության ցուցաբերումը ներառում է փաստաթղթերի հանձնում ու փոխանցում և դատավարական գործողությունների կատարում, մասնավորապես, փորձաքննության անցկացում, Կողմերի, վկաների, փորձագետների և այլ անձանց ունկնդրում:
Իրավական օգնության ցուցաբերման դեպքում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու դատարանները և այլ մարմինները հաղորդակցվում են միմյանց հետ անմիջականորեն:
Իրավական օգնության ցուցաբերման վերաբերյալ հանձնարարության կատարման դեպքում հայցվող իրավասու դատարանները և այլ մարմինները կիրառում են իրենց պետության օրենսդրությունը:
Իրավական օգնության ցուցաբերման վերաբերյալ դիմումի և որոշումների կատարման դեպքում կցվող փաստաթղթերը շարադրվում են հայցվող պետության լեզվով կամ ռուսերենով:
Հ ո դ վ ա ծ 6
Իրենց իրավասության շրջանակներում հաստատության կամ հատուկ լիազորված անձի կողմից Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններից որևէ մեկի տարածքում սահմանված կարգով տրված կամ կնիքով հաստատված փաստաթղթերը Անկախ Պետությունների Համագործակցության մյուս մասնակից պետությունների տարածքներում ընդունվում են առանց որևէ հատուկ հավաստիացման:
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններից որևէ մեկի տարածքում պաշտոնական հանդիսացող փաստաթղթերը Համագործակցության մյուս մասնակից պետությունների տարածքներում ունեն պաշտոնական փաստաթղթերի ապացուցողական ուժ:
Հ ո դ վ ա ծ 7
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները փոխադարձ ճանաչում և կատարում են իրավասու դատարանների օրինական ուժի մեջ մտած որոշումները:
Անկախ Պետությունների Համագործակցության մեկ մասնակից պետության իրավասու դատարանների ընդունած որոշումները ենթակա են կատարման Անկախ Պետությունների Համագործակցության մյուս մասնակից պետությունների տարածքներում:
Անկախ Պետությունների Համագործակցության մեկ մասնակից պետության իրավասու դատարանների պատասխանողի գույքի նկատմամբ տույժի վերաբերյալ ընդունած որոշումները ենթակա են կատարման Անկախ Պետությունների Համագործակցության մյուս մասնակից պետությունների տարածքներում` դատարանի կողմից նշանակված կամ այդ պետության օրենսդրությամբ սահմանված մարմնի կողմից:
Հ ո դ վ ա ծ 8
Որոշման կատարումը իրականացվում է շահագրգիռ Կողմի միջնորդությամբ:
Միջնորդությանը կցվում են.
որոշման պատշաճ ձևով հաստատված պատճենը, որի հարկադիր կատարման մասին հարուցվել է միջնորդություն,
պաշտոնական փաստաթուղթ այն մասին, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտել, եթե դա չի երևում որոշման տեքստից,
դատավարության մասին մյուս Կողմին տեղեկացման ապացույցները,
կատարողական փաստաթուղթը:
Հ ո դ վ ա ծ 9
Որոշման կատարումը կարող է մերժվել այն Կողմի խնդրանքով, որի դեմ այն ուղղված է, միայն, եթե կատարման խնդրանքի վայրի իրավասու դատարանին այդ Կողմը ներկայացնի ապացույցներ այն մասին, որ.
ա) Անկախ Պետությունների Համագործակցության հայցվող մասնակից պետության դատարանի կողմից ընդունվել է օրինական ուժի մեջ մտած որոշում` նույն Կողմերի միջև, միևնույն առարկայի և նույն հիմունքներով գործի վերաբերյալ,
բ) գոյություն ունի Անկախ Պետությունների Համագործակցության երրորդ մասնակից պետության կամ Համագործակցության անդամ չհանդիսացող պետության իրավասու դատարանի ճանաչված որոշումը` նույն Կողմերի միջև, միևնույն առարկայի և նույն հիմքով վեճի վերաբերյալ,
գ) սույն Համաձայնագրին համապատասխան վեճը լուծվել է ոչ իրավասու դատարանի կողմից,
դ) մյուս Կողմը տեղեկացված չի եղել դատավարության մասին,
ե) լրացել է վաղեմության եռամյա ժամկետը որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու համար:
Հ ո դ վ ա ծ 10
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բարձրագույն դատական մարմինները կարգավորում են իրավասու դատարանների որոշումների կատարման հետ կապված ծագող վիճելի հարցերը:
Հ ո դ վ ա ծ 11
Անկախ Պետությունների Համագործակցության մեկ մասնակից պետության քաղաքացիական օրենսդրությունը կիրառվում է Անկախ Պետությունների Համագործակցության մյուս մասնակից պետության տարածքում, համաձայն հետևյալ կանոնների.
ա) իրավաբանական անձանց և գործարարների քաղաքացիական իրավունակությունը և գործունակությունը սահմանվում է Անկախ Պետությունների Համագործակցության այն մասնակից պետության օրենսդրությամբ, որի տարածքում հիմնադրվել է իրավաբանական անձը, գրանցված է գործարարը,
բ) սեփականության իրավունքից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում է գույքի գտնվելու վայրի օրենսդրությունը: Պետական ռեեստրներում գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքը սահմանվում է այն պետության օրենսդրությամբ, որտեղ տրանսպորտային միջոցը գրանցված է ռեեստրում,
գ) սեփականության նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքի ծագումը և դադարեցումը սահմանվում է այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում գույքը գտնվել է նման իրավունքի ծագման կամ դադարեցման համար հիմք ծառայած գործողության կամ այլ հանգամանքի պահին:
Գործարքի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքի ծագումը և դադարեցումը սահմանվում է գործարքի կատարման վայրի օրենսդրությամբ, եթե Համաձայնագրով այլ բան չի նախատեսված,
դ) գործարքի ձևը սահմանվում է դրա կատարման վայրի օրենսդրությամբ: Շինությունների, այլ անշարժ գույքի և դրանց նկատմամբ իրավունքների հետ կապված գործարքների ձևը սահմանվում է նման գույքի գտնվելու վայրի օրենսդրությամբ,
ե) լիազորագրի ձևը և գործողության ժամկետը սահմանվում է այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում տրված է լիազորագիրը,
զ) գործարքի հետ կապված Կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են գործարքի կատարման վայրի օրենսդրությամբ, եթե Համաձայնագրով այլ բան նախատեսված չի,
է) վնաս հասցնելու հետևանքով ծագող պարտավորություններից բխող Կողմերի իրավունքները և պարտականությունները սահմանվում են այն պետության օրենսդրությամբ, որտեղ տեղի է ունեցել վնասի փոխհատուցման մասին պահանջի համար հիմք ծառայած գործողություն կամ այլ հանգամանք:
Այդ օրենսդրությունը չի կիրառվում, եթե վնասի փոխհատուցման մասին պահանջի համար հիմք ծառայած գործողությունը կամ այլ հանգամանքը, վեճի քննության վայրի օրենսդրությամբ չի հանդիսանում անօրինական,
ը) հայցային վաղեմության հարցերը լուծվում են պետության համապատասխան հարաբերության կարգավորման համար կիրառվող օրենսդրությամբ:
Հ ո դ վ ա ծ 12
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բարձրագույն դատական մարմինները և արդարադատության նախարարությունները մյուս Կողմի համանման մարմինների խնդրանքով միմյանց տրամադրում են տեղեկություններ իրենց պետություններում գործող կամ նախկինում եղած օրենսդրության և դրա կիրառման պրակտիկայի մասին:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կողմից ստորագրման համար և ենթակա է վավերացման: Այն ուժի մեջ է մտնում Համագործակցության առնվազն երեք մասնակից պետության կողմից վավերացնելուց հետո` ավանդապահ պետությանը երրորդ վավերագիրը ի պահ հանձնելու օրվանից: Դրանից հետո Համաձայնագիրը վավերացրած պետությունների համար այն ուժի մեջ է մտնում իրենց վավերագրերը ի պահ հանձնելու օրվանից:
Կատարված է Կիև քաղաքում 1992 թվականի մարտի 20-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվներում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի վավերական պատճենները:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 24-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|