Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
26.06.1992
Ստորագրման ամսաթիվ
26.06.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Գիտատեխնիկական տեղեկության միջպետական փոխանակման մասին

 

Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` մասնակից պետություններ,

ընդունելով, որ գիտական, տեխնոլոգիական, տնտեսական և սոցիալական տեղեկատվությունը (գիտատեխնիկական տեղեկատվություն) հանդիսանում է սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր գործոն և նրա հավաքումը, մշակումը և օգտագործումը պահանջում է հատուկ ենթակառուցվածք,

հաշվի առնելով համագործակցության և գիտատեխնիկական տեղեկատվության համատեղ օգտագործման համաշխարհային միտումները,

գիտակցելով կուտակված տեղեկատվական ռեսուրսների պահպանման և փոխշահավետ օգտագործման ու դրա զարգացման ջանքերի ինտեգրացիայի անհրաժեշտությունը,

հարգելով գիտնականների և մասնագետների՝ անկախ նրանց քաղաքացիությունից և բնակության վայրից՝ ձգտումը ունենալու ազատ և հարմար մուտք տեղեկատվական աղբյուրներ,

ընդունելով գիտատեխնիկական տեղեկատվության ազգային համակարգերի ստեղծման և զարգացման անհրաժեշտությունը,

ցանկանալով պայմաններ ապահովել գիտատեխնիկական առաջընթացի համընդհանուր արագացման, գիտատեխնիկական գործունեության, արդյունավետության բարձրացման, ընդհանուր տեղեկատվական տարածքի և տեղեկատվական շուկայի ձևավորման համար,

նկատի ունենալով գիտատեխնիկական տեղեկատվության բնագավառում համագործակցության կազմակերպման և անցկացման համար ընդհանուր կոնցեպտուալ և մեթոդոլոգիական հիմք ստեղծելու նպատակահարմարությունը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Բաժին 1. Ընդհանուր դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Մասնակից պետություններից յուրաքանչյուրը`

ապահովում է տեղեկատվական ռեսուրսների զարգացումը, դրանց համատեղ օգտագործման պայմանները, ինչպես նաև նախկինում համատեղ ստեղծված տեղեկատվական ռեսուրսներին մատչելիությունը,

աջակցություն է ցուցաբերում համատեղ գիտատեխնիկական ծրագրերին, նախագծերին, տեղեկատվական գործունեության բնագավառում գիտական հետազոտություններին և մշակումներին,

աջակցում է տեղեկատվական ենթակառուցվածքի իրավական, տեխնիկական և տեխնոլոգիական տարրերի ստեղծմանը և կիրառմանը, որոնք համատեղելի են ազգային և միջազգային տեղեկատվական համակարգերի համապատասխան տարրերի հետ:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Համաձայնեցված տեղեկատվական քաղաքականության ձևավորման և իրականացման, սույն Համաձայնագրի շրջանակներում գիտատեխնիկական տեղեկության միջպետական փոխանակման կարգի և պայմանների սահմանման համար ստեղծվում է Գիտատեխնիկական տեղեկատվության գծով միջպետական համակարգող խորհուրդ (ԳՏՄՀԽ):

ԳՏՄՀԽ կազմված է նշանակված լիազոր ներկայացուցիչներից և ղեկավարվում է ներկայացուցիչներից որևէ մեկի կողմից ընտրության և կանոնավոր ռոտացիայի հիման վրա:

ԳՏՄՀԽ գործառույթները, աշխատանքային մարմինները, տեղակայման վայրն ու գործունեության ֆինանսավորումը սահմանվում են մասնակից պետությունների Կառավարությունների հաստատած կանոնադրությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Տեղեկատվական ռեսուրսների, համատեղ ծրագրերի և նախագծերի համակարգված զարգացման պլանների իրականացման համար մասնակից պետությունները հաստատում են հատուկ հիմնադրամ:

Հիմնադրամի ձևավորման և օգտագործման կարգը սահմանվում է մասնակից պետությունների Կառավարությունների հաստատած կանոնադրությամբ:

 

Բաժին 2. Գիտատեխնիկական տեղեկության միջպետական փոխանակում

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Գիտատեխնիկական տեղեկության միջպետական փոխանակումը ծառայում է տեղեկատվական ընդհանուր տարածքի ստեղծմանը և իրականացվում է կամավոր հիմունքներով:

Գիտատեխնիկական տեղեկության միջպետական փոխանակման հիմնական ուղղություններն են`

Համագործակցության մասնակից պետությունների ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների, առանձին գիտնականների և մասնագետների գիտահետազոտական, նախագծաշինարարական, արտադրական գործունեության մասին տվյալներ պարունակող համատեղ օգտագործման տեղեկատվական ռեսուրսների ձևավորում, այն մասով, որ յուրաքանչյուր մասնակից երկիր նպատակահարմար է համարում,

գիտատեխնիկական տեղեկատվության համաշխարհային հոսքը արտացոլող տեղեկատվական ռեսուրսների համատեղ ձևավորում և օգտագործում,

գիտատեխնիկական տեղեկատվության բնագավառում միջպետական համագործակցության համատեղ գիտատեխնիկական ծրագրերի, նախագծերի իրականացում, ներառյալ կադրերի պատրաստումը և վերապատրաստումը,

տեղեկատվական աջակցություն միջպետական գիտատեխնիկական համագործակցությանը:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Գիտատեխնիկական տեղեկության միջպետական փոխանակումը իրականացվում է համատեղ մշակվող կոնցեպտուալ և մեթոդոլոգիական հիմքով, մասնակից պետությունների տեղեկատվական կառույցների միջոցով, որոնք ապահովում են դրանց իրավական, տեխնիկական և տեխնոլոգիական համատեղելիությունը, ներառյալ միջազգայինի հետ ներդաշնակ գիտատեխնիկական գործունեության ստանդարտացումը:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Մասնակից պետությունները սահմանում են ազգային տեղեկատվական կենտրոնները, որոնք իրենց պետության մասշտաբով համակարգում են գիտատեխնիկական տեղեկության միջպետական փոխանակումը:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Գիտատեխնիկական տեղեկության միջպետական փոխանակման աշխատանքային լեզուներն են Միավորված ազգերի կազմակերպության լեզուները:

 

Բաժին 3. Համատեղ օգտագործման տեղեկատվական ռեսուրսները

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Մասնակից պետությունների իրավասության ներքո և սեփականությունում գտնվող գիտատեխնիկական գրադարանների և գիտատեխնիկական տեղեկատվության մարմինների տեղեկատվական ռեսուրսների միագումարությունը, որը նրանց կողմից սահմանվում է որպես գիտատեխնիկական տեղեկության միջպետական փոխանակումը ապահովող կառուցվածքի տարրեր, ձևավորում է համատեղ օգտագործման տեղեկատվական ռեսուրսները:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Մասնակից պետությունները երաշխավորում են համատեղ օգտագործման տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ բաց և հավասար մատչելիություն, տեղեկատվական արտադրանքը և ծառայությունները տրամադրելով ինչպես անվճար և/կամ անշահութաբեր հիմունքներով, այնպես էլ տեղեկատվական շուկայի շրջանակներում դրանց առևտրային իրացման միջոցով:

 

Բաժին 4. Զարգացման ծրագրերը և նախագծերը

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Գիտատեխնիկական տեղեկության միջպետական փոխանակման զարգացման ծրագրերի և նախագծերի ձևավորումը կատարվում է ԳՏՄՀԽ կողմից մասնակից պետությունների առաջարկությունների հիման վրա` հաշվի առնելով գիտատեխնիկական տեղեկատվության ազգային համակարգերի շահերը:

Ծրագրերի և նախագծերի ձևավորման և իրականացման կարգը, ընթացակարգերը սահմանվում են ԳՏՄՀԽ ընդունած ծրագրերի (նախագծերի) մասին կանոնադրությամբ և այլ փաստաթղթերով:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Գիտատեխնիկական տեղեկության միջպետական փոխանակման զարգացման ծրագրերում և նախագծերում մասնակցությունը, ինչպես նաև այդ նպատակների համար միջոցների հատկացումը կամավոր է:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Մասնակից պետությունները նպաստում են գիտատեխնիկական տեղեկության միջպետական փոխանակման համար կադրերի պատրաստմանը և որակավորման բարձրացմանը:

 

Բաժին 5. Եզրափակիչ դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ազատ դուրս գալու Համաձայնագրի մասնակիցների կազմից` առնվազն 12 ամիս առաջ Համաձայնագրի ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով, որի մասին ավանդապահ պետությունը մեկամսյա ժամկետում ծանուցում է Համաձայնագրի բոլոր մասնակիցներին:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Համաձայնագիրը բաց է այլ պետությունների կողմից միանալու համար, որոնք հետաքրքրված են մասնակցելու Համաձայնագրին և պատրաստ են իրենց վրա վերցնել սույն Համաձայնագրից բխող պարտավորությունները:

Սույն Համաձայնագրում թույլատրվում է պետությունների ասոցացված անդամություն` իրենց վրա վերցնելով պարտավորությունների մի մասը:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Մասնակցությունը Համաձայնագրում չի սահմանափակում Համաձայնագիրը ստորագրած պետությունների իրավունքը մասնակցելու գիտատեխնիկական տեղեկատվության բնագավառում միջպետական համագործակցության երկկողմ և բազմակողմ ձևերում, այդ թվում՝ սույն Համաձայնագրի մասնակիցներ չհանդիսացող պետությունների հետ:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 1992 թվականի հունիսի 26-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի հունիսի 26-ից: