ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/1933/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/1933/02/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան | |
Դատավորներ՝ Ս. Միքայելյան |
|
Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Վ. Ավանեսյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի մարտի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արթուր Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ստյոպա Քամալյանի ընդդեմ Արթուր Գրիգորյանի՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և Արթուր Գրիգորյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ստյոպա Քամալյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ստյոպա Քամալյանը պահանջել է Արթուր Գրիգորյանի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնել 240 քմ տնամերձ հողամասը։
Հակընդդեմ հայցով Արթուր Գրիգորյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը 240 քմ տնամերձ հողամասի նկատմամբ։
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 28.04.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 28.04.2009 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Գրիգորյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ստյոպա Քամալյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելու հիմքում դրել է երկու պատճառաբանություն, որ Ստյոպա Քամալյանը չի հրաժարվել վիճելի հողամասի սեփականության իրավունքից և շարունակել է այն կառավարել՝ վճարելով հողի հարկերը, իսկ Արթուր Գրիգորյանը չի ապացուցել, թե գույքի կառավարման ու պահպանման հետ կապված ինչպիսի ծախսեր է կատարել։
Հիմք ընդունելով նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ բացակայում է հողամասը որպես սեփական գույք տիրապետելու փաստը։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դեռևս 40-ական թվականներից վիճելի հողամասերը առանձնացված են ցանկապատով և վիճելի 240 քմ հողամասը գտնվում է առանձնացված հողամասում, որը Արթուր Գրիգորյանի իրավանախորդները այն ավելի քան 10 տարի բարեխղճորեն, բացահայտ տիրապետել են։
Ավելին, վիճելի տարածքում կառուցվել է լողավազան, տնկվել են բերքատու ծառեր ու խաղողի վազեր և թե Ստյոպա Քամալյանը, և թե նրա իրավանախորդները որևէ առարկություն չեն ներկայացրել։ Նշվածով հիմնավորվում է, որ սեփականատերը հրաժարվել է իր գույքից։
Դատարանի կողմից հաստատվել է 10 տարի և ավելի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետելու փաստը, և հակընդդեմ հայցը բավարարվել է, մինչդեռ Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանել և փոփոխել է։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշումը։
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը հետազոտելով գործում առկա ապացույցներն իրավացիորեն հաստատված է համարել այն հանգամանքը, որ տվյալ դեպքում բացակայում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված բոլոր վավերապայմանների միաժամանակյա առկայությունը, քանի որ Արթուր Գրիգորյանը վիճելի գույքը չի տիրապետել որպես իր սեփականը երրորդ անձանց հետ հարաբերություններում, այն է՝ չի մասնակցել գույքի կառավարմանը, առավել ևս չի վճարել գույքի պահպանման հետ կապված ծախսերը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 06.05.1986 թվականի հատակագծի համաձայն՝ Հոկտեմբերյանի Տիեզերագնացների փողոցի1-ին նրբանցքի թիվ 3 տունը հաշվառված է Անտիկո Գրիգորյանի անվամբ, որում հողամասի մակերեսը նշված է 1120 քմ (գ.թ. 30)։
2. 31.10.1988 թվականի սեփականության վկայագրի համաձայն՝ Հոկտեմբերյանի Տիեզերագնացների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 տունը սեփականության իրավունքով պատկանում է Անտիկո Գրիգորյանին (գ.թ. 16-19)։
3. Տնամերձ հողամասի նվիրատվության 06.02.1995 թվականի պայմանագրի համաձայն՝ Անտիկո Գրիգորյանը Հոկտեմբերյանի Տիեզերագնացների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 հասցեում գտնվող 240 քմ մակերեսով տնամերձ հողամասը նվիրել է Հոկտեմբերյանի Տիեզերագնացների փողոցի 1-իննրբանցքի թիվ 5 հասցեում բնակվող դստերը՝ Մարգո Գրիգորյանին (գ.թ. 11)։
4. ՀՀ ժողովրդական պատգամավորների Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն Ստյոպա Քամալյանի մոր՝ Մարգո Գրիգորյանի խնդրանքով 23.02.1995 թվականին որոշել է Անտիկո Գրիգորյանի կողմից նվիրված 240 քմ մակերեսով տնամերձ հողամասը գրանցել և Տիեզերագնացների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 տան հողամասը 960 քմ տարածությամբ ձևակերպել ամուսնու՝ Ռազմիկ Քամալյանի անվամբ (գ.թ. 29)։
5. 23.02.1995 թվականի թիվ 1680 սեփականության իրավունքի վկայագրի համաձայն՝ Հոկտեմբերյանի Տիեզերագնացների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 հասցեում գտնվող 960 քմ հողամասը և 220 քմ կառուցապատ մակերեսը գրանցվել է Ռազմիկ Քամալյանի անվամբ (գ.թ. 7)։
6. 29.11.2007 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Ռազմիկ Քամալյանի ժառանգն է Ստյոպա Քամալյանը։ Ժառանգական գույքը բաղկացած է բնակելի տնից և 960 քմ մակերեսով տնամերձ հողամասից, որը գտնվում է Արմավիր /Հոկտեմբերյան/ քաղաքի Տիեզերագնացների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 հասցեում (գ.թ. 13)։
7. Անտիկո Գրիգորյանը 06.02.1996 թվականի կտակով Հոկտեմբերյանի Տիեզերագնացների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 հասցեի տունն իր տնամերձ հողամասով կտակել է Արթուր Գրիգորյանի հորը՝ Արտուշ Գրիգորյանին (գ.թ. 21)։ Անտիկո Գրիգորյանը մահացել է 17.09.1996 թվականին։
8. 31.10.1998 թվականի թիվ 2477 սեփականության իրավունքի վկայագրի համաձայն՝ Հոկտեմբերյանի Տիեզերագնացների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 հասցեում գտնվող 880 քմ հողամասը և 300 քմ կառուցապատ մակերեսը գրանցվել է Անտիկո Գրիգորյանի անվամբ (գ.թ. 16)։
9. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 18.10.2008 թվականի վկայագրի Արտուշ Գրիգորյանի ժառանգն է Արթուր Գրիգորյանը (գ.թ. 51)։
10. Արմավիրի քաղաքապետարանի թաղային կոմիտեի 21.01.2009 թվականի տեղեկանքի համաձայն՝ Արթուր Գրիգորյանը տատի՝ Անտիկո Գրիգորյանի մահից հետո մինչև օրս բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում և օգտագործում է Արմավիր քաղաքի Տիեզերագնացների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 հասցեի տունը և նրան հարող ցանկապատված տնամերձ հողամասը (գ.թ. 52)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն oրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է oրենքով նախատեսված այլ հիմքերով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչմանը։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց։
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն։
2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում։
3. Տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն։
4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը, Սամվել, Դոլորես և Դեզի Հովհաննիսյանների հայցն ընդդեմ Ռոզա Գրիգորյանի, Նիկոլայ և Հասմիկ Սողոմոնյանների՝ իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելության և ժառանգությունն ընդունելու փաստերը հաստատելու պահանջների մասին, և Ռոզա Գրիգորյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Սամվել, Դոլորես և Դեզի Հովհաննիսյանների` սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և բնակելի տան ու հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականատեր ճանաչելու պահանջների մասին, թիվ 3-509(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը)։
Դատարանի վճռով հայցի մերժման և հակընդդեմ հայցի բավարարման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Արթուր Գրիգորյանը տատի՝ Անտիկո Գրիգորյանի մահից հետո, մահացած 17.09.1996 թվականին, Արմավիր քաղաքի Տիեզերագնացների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 հասցեի տունը և նրան հարող ցանկապատված տնամերձ հողամասը մինչև օրս փաստացի տիրապետում և օգտագործում է բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ։
Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Ստյոպա Քամալյանը կառավարել է վեճի առարկա գույքը, մասնավորապես, վճարելով հողի հարկերը։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով բացակայում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։
Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրված վերոնշյալ հանգամանքները, քանի որ սույն գործում բացակայում են Ստյոպա Քամալյանի կողմից վեճի առարկա հողամասի հողի հարկի վճարումների կատարումը հաստատող ապացույցները։ Մասնավորապես, գործում առկա է միայն 2008 թվականի համար հողի հարկի վճարման անդորրագիրը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ բացակայում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված վավերապայմանները, չի հիմնավորել իր այդ պնդումը։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.04.2009 թվականի վճռին։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Է. Հայրիյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |