Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
06.03.1998
Ստորագրման ամսաթիվ
06.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.1999

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումները կանխելու նպատակով համագործակցության մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները՝ ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

խորը անհանգստություն արտահայտելով մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների ծավալների ընդլայնմամբ,

 ղեկավարվելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում մինչև 2000 թվականը ընկած ժամանակահատվածը կազմակերպված հանցավորության և վտանգավոր հանցագործությունների այլ տեսակների հետ պայքարի համատեղ միջոցների Միջպետական ծրագրով, որն ընդունվել է Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի 1996 թվականի մայիսի 17-ի՝ Որոշմամբ,

ցանկանալով բարենպաստ պայմաններ ստեղծել փոխադարձ առևտրի, տնտեսական, արդյունաբերական և գիտական համագործակցության ներդաշնակ զարգացման համար,

հիմնվելով քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին 1993 թվականի հունվարի 22-ի՝ Կոնվենցիայի դրույթներով,

գիտակցելով Կողմերի ջանքերի համակարգման և մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումները կանխելու նպատակով արդյունավետ միջոցներ ընդունելու անհրաժեշտությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար «մտավոր սեփականություն» ասելով հասկացվում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը հիմնադրող 1967 թվականի հուլիսի 14-ին Ստոկհոլմում ստորագրված Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված նշանակությունը:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության բնագավառում համաձայնեցված ձևերի մշակման և փոխգործակցության մեթոդների իրագործման նպատակով, Կողմերը կհամագործակցեն այդ բնագավառում իրավախախտումների կանխման, հայտնաբերման, խափանման և քննության հարցերում` իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների պահպանման հիման վրա և միջազգային պայմանագրերին ու իրենց ազգային օրենսդրություններին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Յուրաքանչյուր Կողմ, փոխադարձության հիման վրա, իրավունք ունի մյուս Կողմերի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության վերաբերյալ սեփական ֆիզիկական և իրավաբանական անձանց:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

1. Կողմերի լիազոր մարմինները համագործակցում են.

ա) մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների խափանման մասին տեղեկությունների փոխանակման միջոցով,

բ) մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների խափանման հարցերով տվյալների ընդհանուր տեղեկատվական շտեմարանների ստեղծման միջոցով, թվարկելով դրանց մուտք ունեցող սուբյեկտները,

գ) մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների կանխման, հայտնաբերման, խափանման և բացահայտման համար միջոցառումների անցկացման միջոցով,

դ) մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների կանխման, հայտնաբերման, խափանման և բացահայտման գծով աշխատանքային փորձի փոխանակման միջոցով,

ե) ուսումնական, մեթոդական և հատուկ գրականության փոխանակման միջոցով,

զ) համատեղ գիտական հետազոտությունների, սեմինարների և համաժողովների կազմակերպման միջոցով,

է) կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման գործում աջակցության միջոցով,

ը) Կողմերի հարցմամբ մտավոր սեփականության բնագավառում գործունեությունը կանոնակարգող նորմատիվ ակտերի տրամադրման միջոցով:

2. Կողմերը սահմանում են սույն Համաձայնագրի կատարման համար պատասխանատու իրենց լիազոր մարմինների ցանկը և այդ մասին հաղորդում ավանդապահին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից հետո առնվազն եռամսյա ժամկետում:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Կողմերն իրենց ազգային օրենսդրությունները կհամապատասխանեցնեն մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության բնագավառում միջազգային չափանիշներին և գործողության մեջ կդնեն համապատասխան ընթացակարգեր, որոնք մաքսային մարմիններին իրավունք կտան կասեցնելու Կողմերի մաքսային սահմաններով մտավոր սեփականության օբյեկտների իրավունքների խախտմամբ պատրաստված և/կամ ձեռք բերված և/կամ իրենց մեջ նշված իրավունքների որևէ խախտում պարունակող ապրանքների անցումը:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Կողմերը կմշակեն և գործողության մեջ կդնեն քրեական, քաղաքացիական և վարչական օրենսդրության նորմեր, որոնք նախատեսում են համաձայնեցված միջոցներ մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների կանխման և խափանման վերաբերյալ:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների խափանման համար արդյունավետ միջոցների ընդունման նպատակով և սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի գործողությունների համակարգման նպատակով, Կողմերը ստեղծում են համատեղ աշխատանքային Հանձնաժողով, որն իր գործունեությունը իրականացնում է այդ Հանձնաժողովի մասին Կանոնադրության հիման վրա:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Կողմերի ներկայացուցիչները, անհրաժեշտության դեպքում, մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության բնագավառում համագործակցության արդյունավետության ամրապնդման և բարձրացման հիմնախնդիրներով, ներառյալ օրենսդրության և այդ բնագավառում մեթոդոլոգիայի ներդաշնակեցումը, անցկացնում են աշխատանքային հանդիպումներ և խորհրդակցություններ:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Սույն Համաձայնագրի իրագործման նպատակով Կողմերի լիազոր մարմինները կարող են մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումները խափանելու համար համագործակցության մասին կնքել երկկողմ և բազմակողմ միջգերատեսչական համաձայնագրեր:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված տարաձայնությունները կարգավորվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Սույն Համաձայնագրի իրագործման հետ կապված ծախսերը յուրաքանչյուր Կողմ հոգում է ինքնուրույն:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության իրականացման համար աշխատանքային լեզուն ռուսերենն է:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող արձանագրությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար բոլոր անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար՝ այդպիսի միացման մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով: Միացումը համարվում է ուժի մեջ մտած` նման միացման համաձայնության մասին վերջին տեղեկությունը ավանդապահի կողմից ստանալու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրն ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ 5 տարով, եթե Կողմերը այլ որոշում չկայացնեն:

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ այդ մասին դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին՝ կարգավորելով Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները:

 

Հ ո դ վ ա ծ  18

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում այլ միջազգային պայմանագրերին համապատասխան Կողմերի ստանձնած պարտավորությունները և չեն սահմանափակում Կողմերի իրավունքները մասնակցելու միջպետական համագործակցության երկկողմ և բազմակողմ ցանկացած այլ ձևերին:

 

Հ ո դ վ ա ծ  19

 

Կողմերից ցանկացածի կողմից սույն Համաձայնագրի դրույթների խախտման դեպքում մյուս Կողմերը ղեկավարվում են միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի Վիեննայի Կոնվենցիայի 60-րդ հոդվածով:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի մարտի 6-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի հուլիսի 20-ից: