Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
09.10.1997
Ստորագրման ամսաթիվ
09.10.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2000

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքում գործող անդրազգային կորպորացիաներում սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,

ուշադրության առնելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքում անդրազգային կորպորացիաների ձևավորումը,

կարևոր նշանակություն տալով աշխատանքային հարաբերությունների և սոցիալական գործընկերության, քաղաքացիների սոցիալական պաշտպանության ապահովման, նրանց աշխատանքի պահպանության և պայմանների բարելավման բնագավառում համագործակցության զարգացմանը,

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքում անդրազգային կորպորացիաներում սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմի ստեղծման նպատակով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Կողմերը անդրազգային կորպորացիաներում (այսուհետ՝ կորպորացիա) ապահովում են սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորումը միջպետական և միջկառավարական համաձայնագրերի, կորպորացիայի մասնակից ձեռնարկությունների և կազմակերպությունների տեղակայման վայրի պետությունների օրենսդրության, ինչպես նաև այդ ձեռնարկություններում և կազմակերպություններում կնքվող կոլեկտիվ պայմանագրերի և/կամ կորպորացիայում կնքվող պայմանագրի (համաձայնագրի), (այսուհետ՝ պայմանագրեր) հիման վրա:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Պայմանագրերի մշակման և կնքման առնչությամբ բանակցությունների (խորհրդակցությունների) մասնակիցներ են հանդիսանում կորպորացիայի բարձրագույն կամ նրա կողմից լիազորված գործադիր մարմինը և աշխատողների ներկայացուցչական մարմինը (կորպորացիայի մասնակից ձեռնարկությունների և կազմակերպությունների արհմիութենական կոմիտեների խորհուրդը, կամ միասնական արհմիութենական կոմիտեն, եթե այդպիսին ստեղծված է, աշխատողների այլ ներկայացուցչական մարմին):

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Կորպորացիայի բարձրագույն կամ նրա կողմից լիազորված գործադիր մարմնի և աշխատողների ներկայացուցչական մարմնի միջև բանակցությունները (խորհրդակցությունները) անցկացվում են այն պետության ազգային օրենսդրության նորմերին համապատասխան, որի տարածքում գտնվում է կորպորացիայի բարձրագույն կամ նրա կողմից լիազորված գործադիր մարմինը:

Բանակցությունները (խորհրդակցությունները) անցկացվում են դրանց մասնակիցների համագործակցության, շահերի փոխադարձ հարգանքի և իրավահավասարության ոգով:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Պայմանագրի բովանդակությունը և կառուցվածքը սահմանվում է բանակցությունների (խորհրդակցությունների) մասնակիցների կողմից: Պայմանագրերում կարող են ընդգրկվել գործատուի և աշխատողի փոխադարձ պարտավորությունները.

աշխատանքի պայմանների և վարձատրության հարցերով,

սոցիալական զարգացմանն ուղղված՝ շահույթի մի մասի օգտագործման հարցերով,

ձեռնարկության կամ կազմակերպության լուծարման, վերակազմավորման, գործունեության դադարեցման հետևանքով աշխատանքային տեղերի կրճատման դեպքում՝ աշխատողների համար սոցիալական երաշխիքների սահմանման հարցերով,

լրացուցիչ սոցիալական և կենսաթոշակային ապահովագրության ապահովման հարցերով,

այլ սոցիալական հարցերով:

Բանակցությունները (խորհրդակցությունները) անցկացվում են առնվազն տարին մեկ անգամ:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Կորպորացիայի բարձրագույն կամ նրա կողմից լիազորված գործադիր մարմինը.

տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն կորպորացիայի ցանկացած մասնակցի աշխատողների ներկայացուցչական մարմնին՝ բանակցությունների (խորհրդակցությունների) անցկացման, պայմանագրերի կնքման համար,

աշխատողների շահերը շոշափող արտակարգ իրավիճակներ առաջանալիս՝ օպերատիվ կարգով տեղեկացնում է այդ մասին աշխատողների ներկայացուցիչներին՝ անհետաձգելի խորհրդակցություններ անցկացնելու համար:

Բանակցությունների (խորհրդակցությունների) մասնակիցները, բանակցությունների (խորհրդակցությունների) հետ կապված այլ անձինք իրավասու չեն հրապարակելու ստացված տեղեկատվությունը, եթե այն հանդիսանում է ծառայողական կամ առևտրային գաղտնիք:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Աշխատողների ներկայացուցչական մարմնի անդամներին, բանակցություններին (խորհրդակցություններին) մասնակցելու ընթացքում, անկախ դրանց անցկացման վայրից, գործատուն տրամադրում է երաշխիքներ և փոխհատուցումներ, որոնք նախատեսված են կոլեկտիվ բանակցություններում մասնակցող անձանց համար՝ գործատուի գտնվելու վայրի պետության ազգային օրենսդրությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Այն դեպքում, երբ գործատուին ներկայացնող անձը խուսափում է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված բանակցություններ (խորհրդակցություններ) անցկացնելուց, նրա նկատմամբ կիրառվում են պատասխանատվության միջոցներ, որոնք նախատեսված են այն պետության ազգային օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում է կորպորացիայի բարձրագույն կամ նրա կողմից լիազորված գործադիր մարմինը: Մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու գործերը քննության են առնվում կորպորացիայի աշխատողների ներկայացուցչական մարմինների, կորպորացիայի մասնակից ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև արհմիությունների և դրանց միավորումների հայտարարությամբ կամ դատախազի նախաձեռնությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Սույն Համաձայնագրի իրականացման նկատմամբ հսկողությունը դրվում է Կողմերի աշխատանքի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության հարցերով զբաղվող պետական մարմինների վրա:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում՝ ավանդապահին համապատասխան փաստաթղթերի հանձնման օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Սույն Համաձայնագրի մեջ Կողմերի ընդհանուր համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ դրա մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Սույն Համաձայնագիրը բաց է միանալու համար այլ պետությունների կողմից, որոնք կիսում են դրա նպատակները և սկզբունքները:

 

Կատարված է Բիշկեկ քաղաքում 1997 թվականի հոկտեմբերի 9-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի նոյեմբերի 9-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան