ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/1108/05/09 |
Վարչական գործ թիվ ՎԴ/1108/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի ապրիլի 2-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 15.10.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Ռաֆայել Արշակյանի՝ 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու և տարածքը նախկին տեսքին բերելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Ռաֆայել Արշակյանից 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը և պարտավորեցնել քանդելու Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի 151/1 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակների վերջնամասում ինքնակամ տեղադրված մետաղական դարպասը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.10.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ, 219.1-րդ, 244.9-րդ, 281-րդ, 245-րդ, 247-րդ, 251-րդ, 255-րդ, 275-րդ, 279-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 02.12.2008 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը Ռաֆայել Արշակյանի կողմից չի բողոքարկվել, այն որևէ դատական ակտով անվավեր չի ճանաչվել: Հետևաբար, Դատարանը պետք է ելներ այն կանխավարկածից, որ նշված որոշումն օրինական ուժի մեջ է և ենթակա է պարտադիր կատարման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 15.10.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակցի կողմից 18.11.2008 թվականին կազմված արձանագրության համաձայն՝ Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի 151/1 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակների վերջնամասում Ռաֆայել Արշակյանի կողմից ինքնակամ տեղադրվել է մետաղական դարպաս ավտոտնակ կառուցելու նպատակով (գ.թ. 17-18):
2) Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 02.12.2008 թվականի թիվ Վ-37/9 արձանագրության և եզրակացության համաձայն՝ Երևանի քաղաքապետին ներկայացվել է առաջարկություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով Ռաֆայել Արշակյանին 400.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին (գ.թ. 14-16):
3) Երևանի քաղաքապետի 02.12.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-37/9 որոշմամբ Ռաֆայել Արշակյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 400.000 ՀՀ դրամ տուգանքի: Միաժամանակ սահմանվել է, որ տարածքն անհրաժեշտ է բերել նախկին տեսքի, իսկ Ռաֆայել Արշակյանին առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ (գ.թ. 13):
4) Ռաֆայել Արշակյանը Երևանի քաղաքապետի 02.12.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-37/9 որոշումը չի վիճարկել, նշված որոշումը չի վերացվել և չի հաստատվել դրա առոչինչ լինելը:
5) «ԿԱՅՄ» համատիրության նախագահի կողմից հաստատված Լաուրա Գահմանյանի, Սուրեն Գաբրիելյանի, Տիգրան Շահնազարյանի և Ազատ Ղանդիլյանի հայտարարության համաձայն՝ Քաղաքապետարանի աշխատակիցների պահանջով մետաղյա դարպասն ապամոնտաժվել է (գ.թ. 47, 46՝ լուսանկար):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար oրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին oրենսդրության հիմունքներին, նույն oրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողoգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից:
Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքները, որ Երևանի քաղաքապետի 02.12.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-37/9 որոշումը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթների խախտմամբ, ինչպես նաև այդ որոշմամբ Ռաֆայել Արշակյանին ընդամենն առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ, այսինքն` բացակայում է վարչական ակտը, որը կպարտավորեցներ Ռաֆայել Արշակյանին տարածքը բերել նախկին տեսքին:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը հայցը մերժելիս դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը այն դեպքում, երբ սույն գործով Երևանի քաղաքապետի 02.12.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-37/9 որոշումը չի վիճարկվել, չի վերացվել և չի հաստատվել դրա առոչինչ լինելը:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Երևանի քաղաքապետի 02.12.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-37/9 որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված որոշումն իրավաչափ է և որևէ անձ, այդ թվում՝ պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել այդ որոշման իրավաչափությունը (տե՛ս Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Հրաչյա Քարամյանի՝ ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի թիվ ՎԴ/2068/05/08 որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադառնալով վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառելով դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը` Դատարանը թույլ է տվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործի փաստերի համաձայն՝ Ռաֆայել Արշակյանն ապամոնտաժել է Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի 151/1 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակների վերջնամասում ավտոտնակ կառուցելու նպատակով ինքնակամ տեղադրված մետաղական դարպասը: Հետևաբար, Քաղաքապետարանի հայցը պետք է բավարարվի մասնակիորեն` 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը բռնագանձելու մասով:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 15.10.2009 թվականի վճռի՝ Ռաֆայել Արշակյանից 400.000 ՀՀ դրամ բռնագանձելը մերժելու մասը և այն փոփոխել. Ռաֆայել Արշակյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումար: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Ռաֆայել Արշակյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 28.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
ա. Բարսեղյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |