Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
«Ինտերնավիգացիա» Միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, ի դեմս Կառավարությունների (այսուհետ՝ Կողմեր),
ելնելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջպետական ռադիոնավիգացման ծրագրերի իրականացմանը մասնակցող կազմակերպությունների և ձեռնարկությունների ֆինանսական և արտադրական ջանքերի միավորման անհրաժեշտությունից,
ղեկավարվելով Տնտեսական Միության ստեղծման մասին 1993 թվականի սեպտեմբերի 24-ի՝ Պայմանագրի, արտադրական, առևտրական, վարկաֆինանսական, ապահովագրական և խառը անդրազգային միավորումների ստեղծմանն ու զարգացմանը աջակցելու մասին 1994 թվականի ապրիլի 15-ի՝ Պայմանագրի, անդրազգային կորպորացիաների մասին 1998 թվականի մարտի 6-ի՝ Կոնվենցիայի դրույթներով,
հաստատելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջպետական ռադիոնավիգացման ծրագրերի մասին 1994 թվականի ապրիլի 15-ի՝ Որոշումը,
ելնելով նավիգացման միջոցները, համակարգերը և սարքավորումները նախագծողների և արտադրողների, դրանց արտադրանքը համաշխարհային շուկաներ արտահանելու և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների շուկաները դրանցով հագեցնելու գործում պետական աջակցության անհրաժեշտությունից,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Կողմերը աջակցում են «Ինտերնավիգացիա» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծմանը (այսուհետ՝ «Ինտերնավիգացիա» ՄՖԱԽ), սեփականության տարբեր ձևերի մասնագիտացված ձեռնարկությունների և կազմակերպությունների հիման վրա:
«Ինտերնավիգացիա» ՄՖԱԽ-ի ստեղծման հիմնական նպատակն է ֆինանսական միջոցների միավորումը, խմբի անդամների գիտատեխնիկական և արտադրական պոտենցիալի զարգացման աջակցումը, Անկախ Պետությունների Համագործակցության նավիգացման ենթակառուցվածքի զարգացման համար նոր ժամանակակից արբանյակային տեխնոլոգիաների ներդնումը, ներառելով Համագործակցության մասնակից պետությունների եզրային և վերգետնյա համակարգերի և միջոցների ստեղծումը:
Հ ո դ վ ա ծ 2
«Ինտերնավիգացիա» ՄՖԱԽ-ն հանդիսանում է արտադրատնտեսական գործունեության սուբյեկտ իրավաբանական անձի իրավունքներով և անցնում է պետական գրանցում Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմիններում՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան:
«Ինտերնավիգացիա» ՄՖԱԽ-ի գործունեության ղեկավարման համար Կողմերը ստեղծում են կառավարիչների Խորհուրդ և նրանում նշանակում են իրենց լիազոր ներկայացուցիչներին:
Հ ո դ վ ա ծ 3
«Ինտերնավիգացիա» ՄՖԱԽ-ի մասնակից ձեռնարկությունները և կազմակերպությունները պահպանում են արտադրատնտեսական գործունեության ինքնուրույն սուբյեկտների կարգավիճակը և չեն սահմանափակվում «Ինտերնավիգացիա» ՄՖԱԽ-ի համար ոչ պրոֆիլային արտադրանքի արտադրությամբ, գործունեությունն իրականացնելով իրենց պետությունների օրենսդրության հիման վրա՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի դրույթները:
Հ ո դ վ ա ծ 4
«Ինտերնավիգացիա» ՄՖԱԽ-ի կազմավորումն ու ստեղծումն իրականացվում է կամավոր միավորման և փոխշահավետ ֆինանսատնտեսական գործունեության պայմաններով: Յուրաքանչյուր մասնակցի կառավարման մարմինները, իրավունքներն ու պարտականությունները որոշվում են «Ինտերնավիգացիա» ՄՖԱԽ-ի հիմնադիր փաստաթղթերով, որոնք մշակվել են համաձայն գրանցման վայրի պետության օրենսդրության:
«Ինտերնավիգացիա» ՄՖԱԽ-ի կանոնադրական կապիտալը ձևավորվում է նրա կազմի մեջ մտնող ձեռնարկությունների և կազմակերպությունների դրամական անդամավճարների, նյութական և ոչ նյութական արժեքների, այդ ձեռնարկությունների բաժնետոմսերի փաթեթների հաշվին:
«Ինտերնավիգացիա» ՄՖԱԽ-ի արտադրատնտեսական գործունեության շրջանակներում յուրաքանչյուր իրականացվող նախագծից ստացվող շահույթը բաշխվում է համամասնորեն յուրաքանչյուր անդամի փայավճարի հետ:
Հ ո դ վ ա ծ 5
«Ինտերնավիգացիա» ՄՖԱԽ-ն բաց է իր կազմում ընդգրկելու համար ձեռնարկություններ, կազմակերպություններ և Կողմերի այլ տնտեսվարող սուբյեկտներ, անկախ սեփականության ձևերից և գերատեսչական պատկանելությունից՝ համաձայն իր հիմնադիր փաստաթղթերով նախատեսված կարգի և պայմանների:
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերը, համաձայն իրենց ազգային օրենսդրությանը, կարող են աջակցել «Ինտերնավիգացիա» ՄՖԱԽ-ին, ներդրումների ներգրավման, մաքսային, հարկային և այլ արտոնությունների գծով համապատասխան երաշխիքների տրամադրման ճանապարհով, ինչպես նաև ստեղծել անհրաժեշտ պայմաններ իր վրա դրված խնդիրների իրականացման համար, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրով:
Հ ո դ վ ա ծ 7
Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել:
Փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հ ո դ վ ա ծ 8
Վիճելի հարցերը, որոնք կապված են սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման հետ, լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
Սույն Համաձայնագրին կարող են միանալ այլ պետություններ, որոնք կիսում են նրա սկզբունքները և նպատակները՝ նման միացման մասին ավանդապահին փաստաթղթեր փոխանցելու միջոցով:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերի կատարում՝ ավանդապահին համապատասխան փաստաթղթերի հանձնման օրվանից:
Նշված ընթացակարգերի կատարման անհրաժեշտության մասին Կողմերը տեղեկացնում են ավանդապահին երեք ամսվա ընթացքում՝ սույն Համաձայնագրի ստորագրման օրվանից:
Հ ո դ վ ա ծ 11
Յուրաքանչյուր Կողմը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալուց առնվազն 6 ամիս առաջ ավանդապահին այդ մասին գրավոր ծանուցում ուղղելով:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի նոյեմբերի 25-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի նրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի սեպտեմբերի 16-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|