Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
04.06.1999
Ստորագրման ամսաթիվ
04.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2001

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Գյուտերի իրավական պահպանության բնագավառում միջպետական գաղտնիքների պահպանումը փոխադարձաբար ապահովելու մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները՝ ի դեմս Կառավարությունների, այսուհետ՝ Կողմեր,

հիմնվելով «Միջպետական գաղտնիքների պահպանումը փոխադարձաբար ապահովելու մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Համաձայնագրի և «Արդյունաբերական սեփականության պահպանությանն ուղղված միջոցառումների և արդյունաբերական սեփականության պահպանության հարցերով միջպետական խորհուրդ ստեղծելու մասին» 1993 թվականի մարտի 12-ի՝ Համաձայնագրի վրա,

ելնելով նախկին ԽՍՀՄ-ում ստեղծված գաղտնի գյուտերի իրավական պահպանության անհրաժեշտությունից,

հաշվի առնելով Կողմերի փոխադարձ շահերը իրենց պետական անվտանգությունն ապահովելու հարցում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար հետևյալ հասկացությունները նշանակում են՝

գաղտնի գյուտեր` գյուտեր, որոնցում պարունակվում են Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիքներ (միջպետական գաղտնիքներ) ներկայացնող տեղեկություններ,

գաղտնի գյուտերի գաղտնազերծում` գաղտնի գյուտերին առնչվող փաստաթղթերից գաղտնիության գրիֆի հանման ընթացակարգ,

գաղտնի գյուտերի պահպանական փաստաթուղթ` Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան գաղտնի գյուտի իրավական պահպանությունն ապահովող փաստաթուղթ,

հայտատուներ` Կողմերի տարածքներում բնակվող կամ գտնվող հեղինակներ, ինչպես նաև ձեռնարկություններ, հիմնարկություններ, կազմակերպություններ, որոնք գաղտնի գյուտի ԽՍՀՄ հեղինակային վկայագիր կամ արտոնագիր ստանալու համար հայտ են ներկայացրել,

շահագրգիռ Կողմ` Կողմ, որի տարածքում գտնվում են հայտատուները,

իրավասու մարմիններ` պետական մարմիններ, որոնց սույն Համաձայնագրի կատարման համար որոշել են Կողմերը:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Կողմերը, «Միջպետական գաղտնիքների պահպանումը փոխադարձաբար ապահովելու մասին» 1993 թվականի հունվարի 22-ի՝ Համաձայնագրին համապատասխան, ապահովում են գաղտնի գյուտերի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունների գաղտնիության ռեժիմը:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Այն գաղտնի գյուտերը գաղտնազերծելիս, որոնց համար տրվել են ԽՍՀՄ հեղինակային վկայագրեր, կամ վերջիններիս ստացման հայտեր են ներկայացվել, Կողմերը պարտավորվում են ղեկավարվել ԽՍՀՄ տրված հեղինակային վկայագրեր կամ ԽՍՀՄ հեղինակային վկայագրեր կամ արտոնագրեր ստանալու ներկայացված հայտեր ունեցող գաղտնի գյուտերի գաղտնազերծման Կանոններով (Հավելված 1), որը սույն Համաձայնագրի անբաժանելի մասն է:

Գաղտնի գյուտերի գաղտնազերծման անհրաժեշտության մասին Կողմերի ներկայացրած դիմումները քննարկելու և դրանցով, նշված Կանոններով նախատեսված որոշումներ կայացնելու համար Կողմերը ստեղծում են ժամանակավոր աշխատանքային խումբ (այսուհետ՝ ԺԱԽ), որի կազմակերպատեխնիկական ապահովումը դրվում է Արտոնագրերի և ապրանքային նշանների ռուսաստանյան գործակալության վրա (այսուհետ՝ Ռոսպատենտ):

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Կողմերը ճանաչում են հայտատուների՝ գաղտնի գյուտերի պահպանական փաստաթղթեր ստանալու մասին միջնորդելու իրավունքը՝ գաղտնի գյուտերի ԽՍՀՄ հեղինակային վկայագիր կամ արտոնագիր ստանալու այն հայտերով, որոնցով գործավարությունը ԽՍՀՄ-ում չի ավարտվել, և որոնցով գաղտնի գյուտի պահպանական փաստաթղթի գործողության ժամկետները չեն ավարտվել, այն կարգով, որը նախատեսված է սույն Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող գաղտնի գյուտերի նկատմամբ ԽՍՀՄ հեղինակային վկայագիր կամ արտոնագիր ստանալու հայտերով, այն գաղտնի գյուտերի պահպանական փաստաթղթեր ստանալու մասին միջնորդություն ներկայացնելու Կանոններով (հավելված 2), որոնցով գործավարությունը ԽՍՀՄ-ում չի ավարտվել, եթե այլ բան նախատեսված չէ ազգային օրենսդրությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Հայտատուների միջնորդությամբ ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված խնդրագրի հիման վրա գաղտնի գյուտի նկատմամբ ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողությունը Կողմերից յուրաքանչյուրի տարածքում կարող է դադարեցվել, ընդ որում, միաժամանակ, հեղինակային վկայագրի գործողության մնացած ժամկետի համար տրվում է գաղտնի գյուտի պահպանական փաստաթուղթ, եթե այլ բան նախատեսված չէ ազգային օրենսդրությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը շահագրգիռ Կողմերի իրավասու մարմինների միջև լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Կողմերի ընդհանուր համաձայնությամբ սույն Համաձայնագրում առանձին արձանագրությունների տեսքով կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ այդ մասին դուրս գալուց առնվազն 6 ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագիրն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ 5-ամյա ժամանակաշրջաններով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Այն Կողմերի համար, որոնք անհրաժեշտ ընթացակարգերը կատարել են ավելի ուշ, Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահին հանձնելու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքներն ընդունող ԱՊՀ մասնակից պետությունների միանալու համար՝ միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին հանձնելու միջոցով:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 1999 թվականի հունիսի 4-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հ ա վ ե լ վ ա ծ  1

«Գյուտերի իրավական պահպանության

բնագավառում միջպետական գաղտնիքների

պահպանումը փոխադարձաբար ապահովելու մասին»

Համաձայնագրին կից

 

Կ ա ն ո ն ն ե ր

 

ԽՍՀՄ հեղինակային վկայագրեր կամ ԽՍՀՄ հեղինակային վկայագրեր կամ արտոնագրեր ստանալու հայտեր ունեցող գաղտնի գյուտերի գաղտնազերծման

 

1. Սույն Կանոնները նախատեսում են այն գաղտնի գյուտերի գաղտնազերծման կարգը, որոնց համար տրվել են ԽՍՀՄ հեղինակային վկայագրեր կամ ներկայացվել են ԽՍՀՄ հեղինակային վկայագրեր կամ արտոնագրեր ստանալու հայտեր՝ ԽՍՀՄ արտոնագրային օրենսդրությանը համապատասխան:

2. Այն գաղտնի գյուտերի գաղտնազերծման հնարավորության քննարկումը, որոնց համար տրվել են ԽՍՀՄ հեղինակային վկայագրեր, կարող է իրականացվել ցանկացած Կողմի նախաձեռնությամբ:

3. Գաղտնի գյուտի գաղտնազերծման անհրաժեշտության մասին որոշումն ընդունում է շահագրգիռ Կողմը՝ պետական գաղտնիքներին վերաբերող տեղեկությունների գաղտնազերծումը կարգավորող իր ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով:

4. Գաղտնի գյուտի գաղտնազերծման անհրաժեշտության մասին առաջադրումը շահագրգիռ Կողմն ուղարկում է` ԺԱԽ-ի յուրաքանչյուր Կողմի եզրակացությունը ստանալու համար:

Գաղտնազերծման մասին առաջադրումը պետք է հիմնավորված լինի, պարունակի հեղինակային վկայագրի և այն հայտի համարները, որով տրվել է հեղինակի (հեղինակների) ազգանունը (ազգանունները), հայտը ներկայացնելու պահին նրա (նրանց) բնակության վայրը, հայտատու կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և գյուտի սահմանումը:

5. Գաղտնի գյուտի գաղտնազերծման մասին առաջադրումը ԺԱԽ-ը ուղարկում է Կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմնին:

Գաղտնի գյուտի գաղտնազերծման մասին առաջադրման վերաբերյալ եզրակացությունը յուրաքանչյուր Կողմ ներկայացնում է ԺԱԽ՝ ԺԱԽ-ի կողմից այդ առաջադրումն ուղարկելու օրվանից 4 ամսվա ընթացքում: Անհրաժեշտ դեպքերում Կողմը կարող է եզրակացությունը ներկայացնել ավելի ուշ ժամկետում, բայց ոչ ավելի ուշ, քան նշված 4-ամսյա ժամկետը լրանալուց 2 ամիս հետո: Այդ դեպքում Կողմը նշված 4-ամսյա ժամկետում պետք է ծանուցի ԺԱԽ-ին այն մասին, որ եզրակացությունը ներկայացվելու է ավելի ուշ:

Եթե Կողմը չներկայացնի եզրակացությունը նշված 4-ամսյա կամ, ինչպես դա նախատեսված է վերևում, նախնական ծանուցումով՝ 6-ամսյա ժամկետում, կհամարվի, որ այդ Կողմը համաձայն է տեղեկությունների գաղտնազերծման մասին առաջադրման հետ:

6. ԺԱԽ-ը քննության է առնում գաղտնազերծման մասին առաջադրումը՝ հաշվի առնելով շահագրգիռ Կողմերի կարծիքները, և ընդունում է որոշում գաղտնի գյուտի գաղտնազերծման հնարավորության վերաբերյալ:

Ընդունված որոշման մասին ԺԱԽ-ը հայտնում է Կողմերից յուրաքանչյուրին վերջին եզրակացությունը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում՝ բոլոր ստացված եզրակացությունների պատճենները յուրաքանչյուր Կողմին ուղարկելու միջոցով:

Գաղտնի գյուտի գաղտնազերծման մասին որոշումը համարվում է ընդունված միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր Կողմ հաստատում է այդ գյուտի գաղտնազերծման հնարավորությունը: Այդ դեպքում շահագրգիռ Կողմը, ազգային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով, կազմակերպում է գաղտնի գյուտի գաղտնազերծման հետ կապված աշխատանքները և մեկամսյա ժամկետում հայտնում է ԺԱԽ այդ գյուտի գաղտնազերծման մասին:

Գաղտնի գյուտի գաղտնազերծման հետ չհամաձայնելու դեպքում եզրակացությունը պետք է պարունակի այն կոնկրետ հիմնավորումները, որոնց պատճառով Կողմը անհնար է համարում գաղտնի գյուտի գաղտնազերծումը: Առաջացած տարաձայնությունները լուծվում են շահագրգիռ Կողմերի իրավասու մարմինների կողմից:

7. Գաղտնի գյուտի գաղտնազերծման մասին որոշումն ընդունելու դեպքում դրա մասին տեղեկությունները կարող են հրապարակել կամ երրորդ երկրներին փոխանցել միայն շահագրգիռ Կողմերը:

8. Գաղտնի այն գյուտերի գաղտնազերծումը, որոնցով տրվել են հայտեր, բայց չեն ստացվել ԽՍՀՄ հեղինակային վկայագրեր կամ արտոնագրեր, կարող է իրականացվել ցանկացած շահագրգիռ Կողմի նախաձեռնությամբ՝ սույն Կանոնների 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված կարգով: Ընդ որում, նշված գյուտերի գաղտնազերծման համաձայնեցումն իրականացվում է միայն այդ Կողմերի միջև, ինչի համար ԺԱԽ-ը ուղարկում է գաղտնի գյուտի գաղտնազերծման մասին առաջադրումը Ռուսաստանի Դաշնության, որի տարածքում գտնվում է ներկայացված հայտը, և շահագրգիռ Կողմի (Կողմերի) իրավասու մարմիններին: Այդ դեպքերում գաղտնի գյուտի գաղտնազերծման մասին առաջադրման մեջ սույն Կանոնների 4-րդ կետով նախատեսված տեղեկությունների հետ միասին հայտի և դրանով տրված հեղինակային վկայագրի համարների փոխարեն նշվում է հայտի համարը:

9. «Հույժ գաղտնի» գրիֆով այն գաղտնի գյուտերի մասին տեղեկությունների գաղտնազերծումը, որոնցով ԽՍՀՄ նախարարությունների և գերատեսչությունների որոշումների հիման վրա տրվել են ԽՍՀՄ հեղինակային վկայագրեր, և որոնց մասին տեղեկությունները տարածվել են ԽՍՀՄ-ում՝ ճյուղային և միջճյուղային հատուկ հրատարակություններում, իրականացվում է սույն Կանոնների 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված կարգով:

10. «Հույժ գաղտնի» գրիֆով այն գաղտնի գյուտերի մասին տեղեկությունների գաղտնազերծումը, որոնցով ԽՍՀՄ նախարարությունների և գերատեսչությունների որոշումների հիման վրա տրվել են ԽՍՀՄ հեղինակային վկայագրեր, և որոնց մասին տեղեկությունները չեն տարածվել ԽՍՀՄ-ում՝ ճյուղային և միջճյուղային հատուկ հրատարակություններում, իրականացվում է սույն Կանոնների 8-րդ կետով նախատեսված կարգով:

 

Հ ա վ ե լ վ ա ծ  2

«Գյուտերի իրավական պահպանության

բնագավառում միջպետական գաղտնիքների

պահպանումը փոխադարձաբար ապահովելու մասին»

համաձայնագրին կից

 

Կ ա ն ո ն ն ե ր

 

Գաղտնի գյուտերի (որոնցով ԽՍՀՄ-ում չի ավարտվել գործավարությունը) ԽՍՀՄ հեղինակային վկայագիր կամ արտոնագիր ստանալու հայտերով գաղտնի գյուտերի պահպանական փաստաթղթեր ստանալու միջնորդություն ներկայացնելու

 

1. Սույն Կանոնները սահմանում են գաղտնի գյուտերի (որոնցով ԽՍՀՄ-ում չի ավարտվել գործավարությունը) համար ԽՍՀՄ հեղինակային վկայագիր կամ արտոնագիր ստանալու հայտերով ազգային օրենսդրությամբ նախատեսված գաղտնի գյուտերի պահպանական փաստաթղթեր ստանալու միջնորդություն ներկայացնելու կարգը:

2. Սույն Կանոնների 1-ին կետում նշված հայտերով, հայտատուների և հեղինակների համատեղ միջնորդությամբ, Կողմերը կարող են տալ իրենց օրենսդրությամբ նախատեսված գաղտնի գյուտերի պահպանական փաստաթղթեր՝ պահպանելով ԽՍՀՄ-ում ավելի վաղ ներկայացված գաղտնի գյուտի հայտի առաջնայնությունը:

3. Միջնորդությունը ներկայացվում է այն Կողմի իրավասու մարմնին, որի տարածքում խնդրվում է պահպանական փաստաթղթի հանձնումը: Գործավարությունը կատարվում է Կողմերի օրենսդրությանը համապատասխան:

Միջնորդագրին կցվում է Կողմի՝ իր ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց տրված թույլտվության մասին փաստաթուղթը՝ ստանալու այլ Կողմի տարածքում գաղտնի գյուտի իրավական պահպանություն:

Կողմի իրավասու մարմնի խնդրանքով, որին ներկայացված է միջնորդությունը, Ռոսպատենտը այդ իրավասու մարմնին տրամադրում է գաղտնի գյուտի համար ԽՍՀՄ հեղինակային վկայագիր կամ արտոնագիր ստանալու հայտի նյութերի հաստատված պատճենները:

Այն դեպքում, երբ հայտատուների միջև ձեռք չի բերվել միջնորդություն ներկայացնելու մասին համաձայնություն, պահպանական փաստաթղթի հանձնում չի կատարվում:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի հունվարի 25-ից: