Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
«ԱՊՀ գորգեր» անդրազգային կորպորացիայի ստեղծման մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,
ղեկավարվելով Տնտեսական միության ստեղծման մասին 1993 թվականի սեպտեմբերի 24-ի՝ Պայմանագրի, Արտադրական, առևտրական, վարկաֆինանսական, ապահովագրական և խառը անդրազգային միավորումների ստեղծմանը և զարգացմանը աջակցելու մասին 1994 թվականի ապրիլի 15-ի՝ Համաձայնագրի դրույթներով,
ընդունելով թեթև արդյունաբերության ձեռնարկությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման համար ջանքերի միավորման և համակարգման կարևորությունը,
ելնելով գորգերի և գորգարտադրանքի մրցունակության բարձրացման անհրաժեշտությունից,
մեծ նշանակություն տալով շուկայագիտության կատարելագործմանը և ապրանքաբաշխիչ ցանցի զարգացմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Կողմերը աջակցում են «ԱՊՀ գորգեր» անդրազգային կորպորացիա (այսուհետ՝ Կորպորացիա) ոչ առևտրական կազմակերպության ստեղծմանը սեփականության տարբեր ձևերի ձեռնարկությունների և կազմակերպությունների հիման վրա:
Հ ո դ վ ա ծ 2
Կորպորացիայի հիմնական նպատակն է՝
գորգերի և գորգարտադրանքի արտադրության զարգացում,
այդ արտադրանքի մրցունակության բարձրացում,
գորգարտադրանքի արտադրողների և հումքի մատակարարների միջև փոխշահավետ կապերի զարգացում,
շուկայագիտության և տեխնիկական քաղաքականության բնագավառում համաձայնեցված գործողությունների իրականացում,
թողարկվող արտադանքի սպառողական հատկանիշների, տեխնոլոգիական և տնտեսական չափանիշների բարելավման ուղղությամբ հանձնարարականների մշակում,
շուկայի պահանջների մասին տեղեկության պատրաստում,
գորգերի և գորգարտադրանքի իրացման համար բարենպաստ պայմանների ստեղծում:
Հ ո դ վ ա ծ 3
Կորպորացիան բաց է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների այլ տնտեսվարող սուբյեկտների միանալու համար՝ Կորպորացիայի հիմնադիր փաստաթղթերով նախատեսված կարգով և պայմաններով:
Հ ո դ վ ա ծ 4
Անհրաժեշտության դեպքում, Կողմերը կարող են Կորպորացիայի մասնակիցներին տրամադրել պետական աջակցություն և երաշխիքներ, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրություններով:
Հ ո դ վ ա ծ 5
Կորպորացիայի հիմնադիրները իրավաբանական անձինք են, որոնք ընդունում են Կորպորացիայի նպատակներն ու խնդիրները, կատարել են հիմնադիր մուծումները, ստորագրել են նրա հիմնադիր պայմանագիրը, պահպանում են կանոնադրությունը և հիմնադիր պայմանագիրը:
Կորպորացիայի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են հիմնադիր փաստաթղթերով:
Հ ո դ վ ա ծ 6
Կորպորացիան իրավաբանական անձ է և անցնում է պետական գրանցում Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններում՝ Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան:
Կորպորացիայի մասնակից ձեռնարկությունները և կազմակերպությունները պահպանում են իրավաբանական անձի կարգավիճակը, կազմակերպաիրավական ձևը, պետական և գերատեսչական պատկանելությունը և իրականացնում են իրենց գործունեությունը իրենց պետությունների օրենսդրության հիման վրա՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի դրույթները:
Հ ո դ վ ա ծ 7
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի՝ այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները, որոնց մասնակից են նրանք հանդիսանում:
Հ ո դ վ ա ծ 8
Սույն Համաձայնագիրը բաց է Համաձայնագրի նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների միանալու համար՝ բոլոր Կողմերի համաձայնությամբ, միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով: Միանալը համարվում է ուժի մեջ մտած` միանալու համաձայնության մասին վերջին ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 9
Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել առանձին արձանագրություններով ձևակերպված փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը շահագրգիռ Կողմերի միջև լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած պետությունների կողմից ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 12
Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին և կարգավորելով Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած պարտավորությունները:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ 5-ամյա ժամանակահատվածով, եթե Կողմերը այլ որոշում չընդունեն:
Կատարված է Յալթա քաղաքում 1999 թվականի հոկտեմբերի 8-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի հունիսի 26-ից: