ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում գործ թիվ ԵԿԴ/0081/11/09 |
ԵԿԴ/0081/11/09
|
Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Դ. Ավետիսյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի |
|
|
Ե. Դանիելյանի |
|
|
Հ. Ղուկասյանի |
|
|
Ա. Պողոսյանի |
|
|
Ս. Օհանյանի |
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի |
2010 թվականի փետրվարի 12-ին |
Երևան քաղաքում |
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. 2007 թվականի փետրվարի 9-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում հարուցվել է թիվ 16202307 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` 2007 թվականի հունվարի 17-ին Ժորա Հարությունյանի կողմից Լաուրա Գարեգինի Զարյանին առևանգելու դեպքի առթիվ:
Նախաքննության մարմինը 2007 թվականի մայիսի 9-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և Ժորա, Էդմոնդ, Կարեն Հարությունյանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրանց արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
2007 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու որոշումը վերացնելու և նախաքննությունը շարունակելու մասին:
Ժ.Հարությունյանի և նրա պաշտպան Կ.Գրիգորյանի բողոքի քննության արդյունքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2008 թվականի հունվարի 21-ին որոշում է կայացրել բողոքը հիմնավորված ճանաչելու և դատախազի որոշումը վերացնելու մասին:
2. 2008 թվականի օգոստոսի 14-ին Լ.Զարյանի դիմումի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման վերանայման հարցի պարզաբանման նպատակով նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին:
ՀՀ գլխավոր դատախազի 2009 թվականի հունվարի 26-ի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու մասին 2007 թվականի մայիսի 9-ի որոշումը վերացվել է, և նախաքննությունը շարունակելու նպատակով գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչություն:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում 2009 թվականի մարտի 23-ին որոշում է կայացվել թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու մասին:
Տուժող Լ.Զարյանի բողոքի քննության արդյունքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009 թվականի հունիսի 12-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու և թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ 2009 թվականի մարտի 23-ի որոշումը վերացնելու մասին:
3. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում 2009 թվականի օգոստոսի 11-ին կրկին որոշում է կայացվել թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու և Ժորա, Էդմոնդ, Կարեն Հարությունյանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրանց արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Վերոգրյալ որոշումը Լ.Զարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին, որը 2009 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ մերժվել է:
2009 թվականի հոկտեմբերի 7-ին Լ.Զարյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան), որը դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ մերժվել է:
4. Լ.Զարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2009 թվականի նոյեմբերի 17-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 22-ի որոշումը բեկանելու մասին: Նախաքննության մարմնի 2009 թվականի օգոստոսի 11-ի և դատախազի 2009 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումները վերացվել են, և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվել է վերսկսել թիվ 16202307 քրեական գործով կարճված վարույթը:
5. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ դատարանը 2010 թվականի հունվարի 15-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
6. Սույն գործով Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի եզրափակիչ մասը շարադրել է հետևյալ բովանդակությամբ. «Քրեական գործով տուժող Լաուրա Գարեգինի Զարյանի վերաքննիչ բողոքը բավարարել:
«Բողոքը քննության առնելու մասին» Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. հոկտեմբերի 22-ի որոշումը բեկանել` «Քրեական հետապնդում չիրականացնելու ու քրեական գործով վարույթը կարճելու մասին» ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ ՔՎ բաժնի պետ Ա.Այվազյանի 11.08.2009թ. և «Տուժողի բողոքը մերժելու մասին» ՀՀ Գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերի վարչության պետի տեղակալ Ա.Դավթյանի 03.09.2009թ. որոշումները վերացնել և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերսկսելու թիվ 16202307 քրեական գործով կարճված վարույթը: (…)»:
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Բողոքաբերը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի էական խախտում, որն արտահայտվել է ՀՀ Սահմանադրության 5-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 18-րդ, 23-րդ, 290-րդ, 385-րդ, 393-395-րդ հոդվածների սխալ կիրառմամբ և ազդել է գործի ելքի վրա:
8. Բողոքի հեղինակը նշում է, որ դատարանն իրավասու չէ որոշում կայացնել նախաքննության մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին, հետևաբար Վերաքննիչ դատարանը, նման որոշում կայացնելով, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից:
Ի հիմնավորումն ասվածի` բողոքի հեղինակը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու իրավունք է վերապահել բացառապես դատախազին, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանել է, որ նշված որոշման դեմ բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին:
Վերոգրյալից բողոք բերած անձը հետևություն է անում այն մասին, որ Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելով թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին, թույլ է տվել ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված օրինականության սկզբունքի խախտում:
9. Բողոքի հեղինակը նշում է նաև, որ Վերաքննիչ դատարանն ակնհայտորեն հանդես է եկել մեղադրանքի կողմում` խախտելով քրեադատավարական օրենքով երաշխավորված անմեղության կանխավարկածի և մրցակցության սկզբունքները, իր պատճառաբանությունները հիմնավորել է օրենքի պահանջներից և քրեական գործի նյութերից չբխող հանգամանքներով:
Ըստ բողոքաբերի` քրեական վարույթն իրականացնող մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ Լ.Զարյանի որևէ իրավունք կամ ազատություն չի խախտվել, հետևաբար հիշատակված որոշումը վերացնելու հիմքերը բացակայել են:
10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրում է բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմանը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. տուժող Լ.Զարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իրավասո՞ւ էր արդյոք որոշում կայացնել նախաքննության մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշումը և դրա դեմ բերված բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումը վերացնելու մասին:
12. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:
Պետական (…) մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (…)»:
13. Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը մինչդատական վարույթում անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկն է և դատախազական հսկողության հետ համատեղ կոչված է ապահովելու նախաքննության մարմնի գործողությունների ու որոշումների օրինականությունը և հիմնավորվածությունը: Մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողությունը, սակայն, դատախազական հսկողության համեմատ ունի իր խնդիրներով պայմանավորված առանձնահատկություններ, որոնք իրենց հերթին պայմանավորում են վերահսկողության օբյեկտի (առարկայի), վերահսկողության իրականացման ընթացակարգի (դատավարական ձևի), ընդունվող որոշումների և դրանց իրավական նշանակության տարբերությունները:
Մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության և դատարանի վերահսկողության շրջանակներում քննվող բողոքների արդյունքում խախտված իրավունքների վերականգնման ձևերն ու եղանակները տարբեր են: Համապատասխան բողոքի քննության արդյունքում դատարանն անձի խախտված իրավունքը և ազատությունը վերականգնում է ոչ թե մինչդատական վարույթն իրականացնող մարմնին դատավարական որոշակի գործողություններ կատարելու ցուցում տալով կամ նրանց որոշումները վերացնելով, ինչպես առկա է դատախազական հսկողության պարագայում (տե´ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը), այլ թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելով: Նմանատիպ դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշման մեջ:
14. Սույն գործով Վերաքննիչ դատարանը, տուժող Լ.Զարյանի վերաքննիչ բողոքը ճանաչելով հիմնավորված, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի խախտմամբ որոշում է կայացրել մինչդատական վարույթն իրականացնող մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշումը և դրա դեմ բերված բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումը վերացնելու մասին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը), այսինքն` կայացրել է ՀՀ քրեադատավարական օրենքով չնախատեսված դատական ակտ:
15. Հիմք ընդունելով սույն որոշման 13-րդ և 14-րդ կետերում շարադրված դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելով քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ նախաքննության մարմնի և տուժողի բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումները վերացնելու մասին, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքը:
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: (…)»:
Վերոնշյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում քննության առնել բողոքում բարձրացված և սույն որոշման 9-րդ կետում շարադրված՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտումների վերաբերյալ փաստարկները:
17. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Տուժող Լաուրա Գարեգինի Զարյանի բողոքը բավարարելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
|
Հ. Ասատրյան |
Ե. Դանիելյան | ||
Հ. Ղուկասյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|