Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև` ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը (այսուհետ` Կողմեր),
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև 1994 թվականի օգոստոսի 17-ի՝ «Արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և երրորդ երկրների տարածքներում արտակարգ մարդասիրական արձագանքման խնդիրների իրականացմանը աջակցելու նպատակով հիմնադրում են ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն (այսուհետ` Կենտրոն):
Հոդված 2
Կենտրոնն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Կենտրոնն իրավունք ունի ստեղծելու մասնաճյուղեր և ներկայացուցչություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում:
Հոդված 3
Կենտրոնը միջկառավարական մարդասիրական ոչ առևտրային կազմակերպություն է` օժտված իրավաբանական անձի իրավունքներով Կողմերի պետությունների տարածքներում` Կողմերի պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան:
Կենտրոնը գրանցվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 4
Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է սույն Համաձայնագրին, Կողմերի պետությունների մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերին, գտնվելու վայրի օրենսդրությանը և Կենտրոնի կանոնադրությանը համապատասխան (համաձայն հավելվածի):
Իր գործունեությունն իրականացնելիս Կենտրոնը փոխգործակցում է Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մասնագիտացված և այլ միջազգային կառույցների հետ:
Կենտրոնը չի կարող իրականացնել այնպիսի գործունեություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է Կողմերի պետությունների շահերի դեմ:
Հոդված 5
Սույն Համաձայնագրի իրագործման պատասխանատվությունը դրվում է Կողմերի հետևյալ լիազոր մարմինների վրա.
ռուսական կողմից` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության,
հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության:
Սույն Համաձայնագրի իրագործման համար և փոխգործակցության խորացման նպատակով Կողմերի լիազոր մարմիններից յուրաքանչյուրը անհրաժեշտության դեպքում կարող է մյուս Կողմի լիազոր մարմնում նշանակել իր ներկայացուցիչներին:
Հոդված 6
Հայկական կողմից նշանակված Կենտրոնի աշխատակիցների իրավական կարգավիճակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Ռուսական կողմից նշանակված Կենտրոնի աշխատակիցները Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելիս ունեն «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի` 1961 թվականի ապրիլի 18-ի կոնվենցիայի համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության վարչատեխնիկական անձնակազմի կարգավիճակին համարժեք իրավական կարգավիճակ:
Հոդված 7
Կենտրոնն ստեղծվում է Կողմերի պետությունների մասնային սկզբնական վճարումների հիման վրա:
Կողմերի պետությունների մասնային սկզբնական վճարը ներառում է Կողմերի պետությունների կողմից Կենտրոնին օգտագործման իրավունքով փոխանցվող` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բյուջետային միջոցները, ինչպես նաև շարժական և անշարժ գույքը:
Հոդված 8
Կենտրոնի կառուցվածքը և գործունեության կազմակերպումը սահմանվում են Կենտրոնի կանոնադրությամբ, որը սույն Համաձայնագրի անբաժանելի մասն է:
Հոդված 9
Կենտրոնի կողմից իրականացվող նախագծերում և ծրագրերում կարող են մասնակցել միջազգային կազմակերպությունները, երրորդ պետությունները, ինչպես նաև այդ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձինք` Կողմերի լիազորված մարմինների փոխադարձ համաձայնությամբ և Կողմերի լիազոր մարմինների ու հնարավոր մասնակցի միջև պայմանավորվածություններով սահմանված պայմաններով:
Հոդված 10
Կենտրոնի պաշտոնական լեզուներն են հայերենը և ռուսերենը:
Հոդված 11
Կենտրոնի գործունեությանն առնչվող անհաղթահարելի ուժի հանգամանքների ծագման դեպքում Կողմերի լիազոր մարմինները սեղմ ժամկետում ձեռնարկում են Կենտրոնի աշխատակիցների կյանքի համար անվտանգ պայմանների ապահովման, ինչպես նաև Կենտրոնի գույքի պահպանմանը և Կենտրոնի գործունեության շուտափույթ վերականգնմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ:
Հոդված 12
Կողմերը Կենտրոնին տրամադրում են Կենտրոնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ առավելություններ, արտոնություններ և անձեռնմխելիություն, որոնք սահմանվում են Կողմերի միջև` առանձին համաձայնագրով:
Հոդված 13
Կենտրոնի գործունեության դադարեցման դեպքում Կողմերը ձևավորում են լուծարման հանձնաժողով և սահմանում դրա աշխատանքի պայմաններն ու կարգը:
Հոդված 14
Սույն Համաձայնագրի իրականացման և մեկնաբանման հետ կապված` Կողմերի միջև ծագող վեճերն ու տարաձայնությունները լուծվում են Կողմերի միջև` բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 15
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:
Հոդված 16
Կենտրոնի աշխատանքներին մասնակցելու ցանկություն երրորդ պետությունների հայտնելու դեպքում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող է կնքվել երրորդ պետությունների մասնակցության հարցերը կարգավորող նոր միջազգային պայմանագիր:
Հոդված 17
Սույն Համաձայնագիրն սկսում է կիրառվել ստորագրման օրվանից 60 օր հետո և ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումն ստանալուց 30 օր հետո:
Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու պահից 5 տարվա ընթացքում և ամեն անգամ ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից որևէ մեկը Համաձայնագրի գործողության հերթական ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի ծանուցում սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2015 թվականի մայիսի 19-ին, հայերեն և ռուսերեն բնօրինակներով, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Հավելված
«Հայաստանի Հանրապետության Կառավարության
և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև
ռուս-հայկական մարդասիրական արձագանքման
կենտրոնի ստեղծման մասին» 2015թ.
մայիսի 19-ի` համաձայնագրի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի
Հոդված 1
Սույն Կանոնադրությունը սահմանում է ռուս-հայկական մարդասիրական արձագանքման Կենտրոնի (այսուհետ` Կենտրոն) կարգավիճակը, կառավարման մարմինները, ձևավորման և գործունեության կարգը:
Հոդված 2
Կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և երրորդ երկրների տարածքներում արտակարգ մարդասիրական արձագանքման խնդիրների իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծված միջկառավարական ոչ առևտրային մարդասիրական կազմակերպություն:
Հոդված 3
Կենտրոնի հիմնադիրներն են Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը:
Կենտրոնն օգտվում է Կողմերի պետությունների տարածքներում իրավաբանական անձի կարգավիճակից` Կողմերի պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան:
Կենտրոնը տեղակայվում է Կոտայքի մարզի Գետարգել բնակավայրում (Հայաստանի Հանրապետություն):
Հոդված 4
Կենտրոնն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, կնիք և իր անվանմամբ ձևաթղթեր:
Հոդված 5
Կենտրոնն իրավունք ունի բացելու բանկային հաշիվներ, կնքելու պայմանագրեր և դատավարության ընթացքում հանդես գալու որպես կողմ:
Հոդված 6
Կենտրոնն իրականացնում է հետևյալ խնդիրների կատարումը.
արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված միջոցառումներին մասնակցություն, ներառյալ հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը,
արտակարգ իրավիճակներից տուժած բնակչությանն անհետաձգելի մարդասիրական օգնության ցուցաբերում,
Հայաստանի Հանրապետության և երրորդ պետությունների տարածքներում համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացում,
մարդասիրական ականազերծման նախագծերի գծով մասնագետների պատրաստում և ականազերծման իրականացում,
արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում մասնագետների ուսուցում և որակավորման բարձրացում,
ժամանակակից հրշեջ-փրկարարական միջոցների և տեխնոլոգիաների փորձարկումների իրականացում և ցուցադրում,
Կենտրոնի ստեղծման նպատակներին չհակասող այլ խնդիրների իրականացում:
Կենտրոնի առջև դրված խնդիրների իրականացումն ապահովելու նպատակով Կողմերը տրամադրում են փոխհամաձայնեցված քանակությամբ ուժեր և միջոցներ, ինչպես նաև ստեղծվում և պահպանվում են նյութատեխնիկական միջոցների պաշարներ:
Հոդված 7
Կենտրոնի կառավարման և վերահսկման մարմիններն են վարչությունը, տնօրինությունը և վերստուգող հանձնաժողովը:
Հոդված 8
Վարչությունը Կենտրոնի կառավարման բարձրագույն մարմինն է:
Վարչության կազմում ընդգրկվում է 6 անդամ, այդ թվում`
Ռուսական կողմի լիազոր մարմնի ղեկավարի կողմից նշանակվող 3 անդամ, որոնցից մեկը հանդիսանում է վարչության համանախագահ,
Հայկական կողմի լիազոր մարմնի ղեկավարի կողմից նշանակվող 3 անդամ, որոնցից մեկը հանդիսանում է վարչության համանախագահ:
Հոդված 9
Վարչության անդամները նշանակվում են 3 տարով` երկրորդ անգամ նշանակվելու հնարավորությամբ:
Հոդված 10
Վարչությունն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, այդ թվում` նաև ինտերակտիվ անցկացման ձևաչափով:
Վարչության նիստը հրավիրվում է վարչության համանախագահի կողմից:
Վարչության համանախագահը կարող է նաև վարչության նիստ հրավիրել վարչության որևէ անդամի կամ տնօրենի գրավոր հարցման հիման վրա:
Վարչության նիստերին վարչության համանախագահները նախագահում են հերթականությամբ:
Հոդված 11
Վարչությունն անցկացնում է տարեկան առնվազն 2 նիստ:
Վարչության նիստը իրավազոր է, եթե դրան մասնակցում են անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
Վարչության որոշումներն ընդունվում են փոխհամաձայնության (կոնսենսուսի) հիման վրա:
Քվեարկության ընթացքում վարչության յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:
Հոդված 12
Վարչությունը`
հավանություն է տալիս Կենտրոնի ֆինանսական ծրագրին,
հաստատում է Կենտրոնի տարեկան հաշվեկշիռը և գործունեության հաշվետվությունը,
հաստատում է Կենտրոնի աշխատանքային և զարգացման ծրագրերը,
մասնակցում է Կենտրոնի` ուժերի և միջոցների օգտագործման վերաբերյալ որոշումների մշակմանը,
հաստատում է Կենտրոնի կառուցվածքը, հաստիքացուցակը, ինչպես նաև Կենտրոնի, վարչության և վերստուգող հանձնաժողովի կանոնադրությունները,
Կողմերի լիազոր մարմինների քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ սույն կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ,
իրականացնում է այլ գործառույթներ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագրին, Կենտրոնի մասին կանոնակարգին և սույն կանոնադրությանը համապատասխան:
Հոդված 13
Վարչության անդամի լիազորությունները դադարում են`
պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքում,
վարչության անդամի անձնական դիմումի հիման վրա,
6 ամսից ավել ժամանակահատվածում վարչության անդամի պարտականությունների կատարման անհնարինության դեպքում,
պաշտոնից ազատելու դեպքում:
Վարչության անդամին պաշտոնից ազատելու մասին որոշումն ընդունում է նրան նշանակած Կողմի լիազոր մարմնի ղեկավարը:
Վարչության նոր անդամի նշանակումը կատարվում է վարչության անդամին պաշտոնից ազատելու մասին որոշումն ընդունելու օրվանից 30 օրվա ընթացքում:
Հոդված 14
Կենտրոնի տնօրինությունը Կենտրոնի գործադիր մարմինն է:
Տնօրինության կազմի մեջ մտնում են տնօրենը, համատնօրենը, տնօրենի տեղակալները և այլ անդամներ, որոնք նշանակվում են երկու տարի ժամկետով, հավասարության սկզբունքով` երկրորդ անգամ նշանակվելու հնարավորությամբ:
Տնօրենին, համատնօրենին և տնօրենի տեղակալներին նշանակում են Կողմերի լիազոր մարմինների ղեկավարները:
Կենտրոնի ձևավորումից հետո առաջին երկու տարվա ժամանակաշրջանի համար տնօրենի պաշտոնին նշանակվում է Հայկական կողմի ներկայացուցիչը, իսկ համատնօրենի պաշտոնին` Ռուսական կողմի ներկայացուցիչը:
Կենտրոնի տնօրինության անդամ կարող է նշանակվել այն անձը, ով ունի Հայաստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն:
Հոդված 15
Տնօրինությունը ղեկավարում է տնօրենը, որը ներկայացնում է Կենտրոնի շահերը և օժտված է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագրով, սույն կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներով և պարտականություններով:
Կենտրոնի տնօրենը`
կազմակերպում և ղեկավարում է Կենտրոնի աշխատանքները,
սահմանում է Կենտրոնի աշխատակիցների պաշտոնեական պարտականությունները,
հսկողություն է իրականացնում Կենտրոնի աշխատանքների օրինականության նկատմամբ,
կատարում է վարչության որոշումները,
իրականացնում է այլ գործառույթներ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագրին, կենտրոնի կանոնակարգին և սույն կանոնադրությանը համապատասխան:
Հոդված 16
Տնօրենը Կենտրոնի գործունեության սկզբունքային հարցերով որոշումներն ընդունում է՝ համաձայնեցնելով համատնօրենի հետ:
Այդ հարցերի ցանկը սահմանվում է Կենտրոնի կանոնակարգով:
Համատնօրենը փոխարինում է տնօրենին նրա բացակայության դեպքում և կատարում այլ պարտականություններ` Կենտրոնի կանոնակարգին համապատասխան:
Հոդված 17
Կենտրոնի տնօրենի լիազորությունները դադարում են`
պաշտոնավարման ժամկետի ավարտի դեպքում,
տնօրենի անձնական դիմումի հիման վրա,
6 ամսվա ընթացքում պարտականությունների կատարման անհնարինության դեպքում,
պաշտոնից ազատելու դեպքում:
Տնօրենին, համատնօրենին և տնօրենի տեղակալներին պաշտոնից ազատելու մասին որոշումն ընդունում է նրանց նշանակած Կողմի լիազոր մարմնի ղեկավարը:
Նոր տնօրենի, համատնօրենի և տնօրենի տեղակալների նշանակումը կատարվում է տնօրենին, համատնօրենին և տնօրենի տեղակալներին պաշտոնից ազատելու մասին որոշումն ընդունելու օրվանից 30 օրվա ընթացքում:
Հոդված 18
Վերստուգիչ հանձաժողովը Կենտրոնի վերահսկողություն իրականացնող մարմինն է:
Վերստուգիչ հանձնաժողովի կազմում ընդգրկված է 6 անդամ, այդ թվում`
Ռուսական կողմի լիազոր մարմնի ղեկավարի կողմից նշանակվող երեք անդամ,
Հայկական կողմի լիազոր մարմնի ղեկավարի կողմից նշանակվող երեք անդամ:
Վերստուգիչ հանձնաժողովի անդամներ են նշանակվում Կենտրոնի աշխատակիցներ չհանդիսացող և Կենտրոնի գործունեության հետ առնչություն չունեցող անձինք:
Վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները գործում են 3 տարի:
Հոդված 19
Վերստուգիչ հանձնաժողովը`
հսկողություն է իրականացնում Կենտրոնի ֆինանսական գործունեության նկատմամբ,
ուսումնասիրում է հաշվետվությունները, տարեկան հաշվեկշիռը, այլ փաստաթղթեր և դրանց վերաբերյալ կազմում եզրակացություններ,
իրականացնում է վերստուգիչ հանձնաժողովի կանոնակարգին համապատասխան այլ գործառույթներ:
Վերստուգիչ հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն`
ծանոթանալու հաշվապահական հաշվառմանը, հաշվետվություններին, բանկային գործառույթների և Կենտրոնի գործունեությանն առնչվող այլ փաստաթղթերի,
Կենտրոնի աշխատակիցներից ստանալու վերստուգիչ հանձնաժողովի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ և տեղեկանքներ,
վարչության և տնօրինության քննարկմանը ներկայացնելու Կենտրոնի ֆինանսական գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի լրամշակմանն ուղղված առաջարկություններ:
Վերստուգիչ հանձնաժողովը ամեն տարի Կողմերի լիազոր մարմիններին է ներկայացնում ստուգման արդյունքների հաշվետվությունը` կցելով համապատասխան նյութեր:
Կողմերի լիազոր մարմինները կարող են հարցում անել վերստուգիչ հանձնաժողովից Կենտրոնի գործունեության վերաբերյալ լրացուցիչ նյութեր ստանալու վերաբերյալ:
Վերստուգիչ հանձնաժողովը պատրաստում է առանձին եզրակացություն Կողմերի լիազոր մարմինների ղեկավարների համար Կենտրոնի գործունեության կանոնների և ընթացակարգերի խախտման և Կենտրոնի ֆինանսական միջոցների ոչ նպատակային օգտագործման փաստերի առնչությամբ:
Հոդված 20
Կենտրոնի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է`
Կողմերի պետությունների տարեկան բյուջետային վճարումների հաշվին,
Կենտրոնի գործունեությունն օժանդակելու մեջ շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց դրամաշնորհների և բարեգործական միջոցների հաշվին,
երրորդ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Կենտրոնին տրամադրված միջոցների հաշվին,
Կենտրոնի կողմից թույլատրված գործունեության տեսակներից, այդ թվում` ծառայությունների մատուցումից ստացված միջոցների հաշվին:
Կենտրոնի գործունեության ապահովման համար կարող է օգտագործվել այլ կողմնակի աղբյուրներից ստացված նյութական միջոցների տրամադրման և ծառայությունների մատուցման տեսքով աջակցությունը:
Հոդված 21
Կենտրոնն ստեղծվում է Կողմերի պետությունների մասնային վճարների հիման վրա:
Կողմերի պետությունների մասնային սկզբնական վճարումը ներառում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բյուջետային միջոցները, ինչպես նաև Կողմերի պետությունների կողմից օգտագործման իրավունքով Կենտրոնին տրամադրված շարժական և անշարժ գույքը:
Կենտրոնի գույքն իր մեջ ներառում է Կողմերի պետությունների կողմից օգտագործման իրավունքով որպես մասնային սկզբնական վճար տրամադրված դրամական միջոցները և գույքը, ինչպես նաև Կենտրոնի գործունեության ընթացքում նրա կողմից ստեղծված կամ ձեռք բերված դրամական և այլ միջոցները, մտավոր գործունեության արդյունքները:
Կենտրոնին փոխանցվող գույքի գույքագրումը և Կողմերի պետությունների մասնային վճարների արժեքի գնահատումը կիրականացվեն համատեղ հանձնաժողովի կողմից` Կենտրոնի ստեղծումից հետո 4 ամսվա ընթացքում:
Կենտրոնի գույքը չի կարող ենթարկվել խուզարկության, բռնագրավման, առգրավման, հարկադիր օտարման և որևէ այլ ձևով վարչական կամ դատական ներգործության միջոցների կիրառման:
Հոդված 22
Արձագանքման կարգը, Կենտրոնի գործունեության և վերակազմավորման կարգը սահմանվում են Կենտրոնի կանոնակարգով:
Հոդված 23
Տնօրինությունը հաստատում է ծառայողական գաղտնիք պարունակող այն փաստաթղթերը և տեղեկությունները, որոնց տրամադրումը համապատասխան լիազորություններ չունեցող անձին կարող է Կողմերի համար հանգեցնել բացասական հետևանքների և վնաս հասցնել Կենտրոնի գործունեությանը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. հունվարի 22-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|