ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՀՅՔԴ2/0081/02/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Ալավերդյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2010 թվականի հուլիսի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Օֆելյա Զիրոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 17.11.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Հայկ Զուրաբյանի և Օֆելյա Զիրոյանի ընդդեմ Նորայր Վեքիլյանի, Նորիկ-Մուշեղ Աբրահամյանի, Նելլի Գյուլզատյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման, Անդրանիկ Սեդրակյանի` լիազորագիրը տրամադրելու վերաբերյալ նոտարական սեղանամատյանում կատարված թիվ 5089 պետական գրանցումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հայկ Զուրաբյանը և Օֆելյա Զիրոյանը պահանջել են անվավեր ճանաչել 06.10.2003 թվականին Հայկ Զուրաբյանի և Օֆելյա Զիրոյանի կողմից Նորայր Վեքիլյանին տրված թիվ 5089 լիազորագիրը, ինչպես նաև Հայկ Զուրաբյանի և Օֆելյա Զիրոյանի անունից գործող Նորայր Վեքիլյանի և Նորիկ-Մուշեղ Աբրահամյանի միջև 15.01.2004 թվականին կնքված Վանաձորի Վարդանանց փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 տան և հողամասի վերաբերյալ առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 22.01.2004 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 1741899 վկայականը:
ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 20.08.2008 թվականի որոշմամբ նշված քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 25.02.2009 թվականի որոշմամբ քաղաքացիական գործը տարածքային ընդդատության կանոններին համապատասխան փոխանցվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Հայկ Զուրաբյանը և Օֆելյա Զիրոյանը, փոփոխելով հայցի հիմքը և առարկան, պահանջել են անվավեր ճանաչել 06.10.2003 թվականին Հայկ Զուրաբյանի և Օֆելյա Զիրոյանի կողմից Նորայր Վեքիլյանին լիազորագիր տրամադրելու հիմքով նոտարական սեղանամատյանում կատարված թիվ 5089 պետական գրանցումը և կիրառել Հայկ Զուրաբյանի և Օֆելյա Զիրոյանի կողմից 06.10.2003 թվականին Նորայր Վեքիլյանին լիազորագիր տրամադրելու գործարքի անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել Հայկ Զուրաբյանի և Օֆելյա Զիրոյանի անունից գործող Նորայր Վեքիլյանի և Նորիկ-Մուշեղ Աբրահամյանի միջև 15.01.2004 թվականին կնքված Վանաձորի Վարդանանց փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 տան և հողամասի վերաբերյալ առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 22.01.2004 թվականին կատարված իրավունքի պետական գրանցման միասնական 4-41 մատյանի թիվ 270 համարի տակ Նորիկ-Մուշեղ Աբրահամյանի անվամբ իրականացված իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև Նորիկ-Մուշեղի Աբրահամյանի և Անդրանիկ Սեդրակյանի միջև 10.11.2007 թվականին կնքված Վանաձորի Վարդանանց փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 տան և հողամասի վերաբերյալ թիվ 3762 առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 16.11.2007 թվականին կատարված իրավունքի պետական գրանցման միասնական 06-001-004-041 մատյանի թիվ 270 համարի տակ Անդրանիկ Սեդրակյանի անվամբ իրականացված իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.09.2009 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն առարկայական ընդդատության կանոններին համապատասխան ուղարկվել է ՀՀ վարչական դատարան:
ՀՀ վարչական դատարանի 17.11.2009 թվականի (այսուհետ` Դատարան) վճռով վարչական գործի վարույթը կարճվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Օֆելյա Զիրոյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Հայկ Զուրաբյանը և Օֆելյա Զիրոյանը, փոփոխելով հայցի հիմքը և առարկան, պահանջել են անվավեր ճանաչել 06.10.2003 թվականին Հայկ Զուրաբյանի և Օֆելյա Զիրոյանի կողմից Նորայր Վեքիլյանին լիազորագիր տրամադրելու հիմքով նոտարական սեղանամատյանում կատարված թիվ 5089 պետական գրանցումը: Այսինքն` հայցվորները վիճարկում են նոտարական գրանցամատյանում կատարված գրանցումը, հետևաբար Նորայր Վեքիլյանի մահն ինքնին հիմք չէ վարչական գործի վարույթը կարճելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 17.11.2009 թվականի վճիռը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Նոտարական կարգով վավերացված 06.10.2003 թվականի թիվ 5089 լիազորագրով Հայկ Զուրաբյանը և Օֆելյա Զիրոյանը տրամադրել են Նորայր Վեքիլյանին լիազորագիր Վանաձորի Վարդանանց փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 հասցեում գտնվող տան և հողամասի վերաբերյալ իրենց անունից կատարելու որոշակի գործողություններ և կնքելու որոշ գործարքներ, այդ թվում նաև` կնքելու օտարման պայմանագիր (թիվ 327 քրեական գործի նյութեր, գ.թ.75)։
2. Նոտարական կարգով վավերացված 15.01.2004 թվականի առուվաճառքի պայմանագրով Հայկ Զուրաբյանի և Օֆելյա Զիրոյանի անունից լիազորված Նորայր Վեքիլյանը Վանաձորի Վարդանանց փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 տունը և հողամասը վաճառել է Նորիկ-Մուշեղ Աբրահամյանին (հատոր 1-ին, գ.թ.47), որից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման և Նորիկ-Մուշեղ Աբրահամյանին 22.01.2004 թվականին տրվել է սեփականության իրավունքի գրանցման թիվ 1741899 վկայականը (հատոր 3-րդ,գ.թ.100-102)։
3. 16.11.2007 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1876293 վկայականի համաձայն` Վանաձորի Վարդանանց փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 տան և հողամասի սեփականատերն Անդրանիկ Սեդրակյանն է, (հիմք` նոտարական կարգով վավերացված 10.11.2007 թվականի առուվաճառքի թիվ 3762 պայմանագիրը) (հատոր 2-րդ, գ.թ.73-75)։
4. Նորայր Վեքիլյանը մահացել է 17.02.2008 թվականին (հատոր 3-րդ, գ.թ.71):
5. Դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նորայր Վեքիլյանը մահացել է, վարչական գործի վարույթը կարճել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը:
Տվյալ դեպքում, վարչական գործի վարույթը կարճելիս Դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Նորայր Վեքիլյանը մահացել է և վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը և պատճառաբանել, որ «հայցվորների վկայակոչած փաստերը, մասնավորապես` 2003թ. Հայցվոր` Հայկ Զուրաբյանի և Նորայր Վեքիլյանի միջև փոխառության պայմանագրի կնքման, նրանից` 8.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ստանալու, այդ գումարը չվերադարձնելու, Նորայր Վեքիլյանի կողմից` 06.10.2003թ. «խաբեությամբ, փաստաթղթեր կեղծելու միջոցով» լիազորագիր վերցնելու և նրա կողմից շինծու գործարք կնքելու վերաբերյալ, հնարավոր չէ պարզել պատասխանող` Նորայր Վեքիլյանի փոխարեն դատավարության մեջ այլ անձի, այն է` նրա իրավահաջորդների փոխարինմամբ»:
Մինչդեռ Դատարանը, նշելով, որ վերոհիշյալ փաստերը հնարավոր չէ պարզել Նորայր Վելիքյանի փոխարեն դատավարությանն այլ անձ ներգրավելու միջոցով, չի հիմնավորել իր պնդումը: Մասնավորապես, սույն քաղաքացիական գործով ներկայացված է լիազորագիրը տրամադրելու վերաբերյալ նոտարական սեղանամատյանում կատարված թիվ 5089 պետական գրանցումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներ տվյալ գրանցումը կեղծիքի հիման վրա կատարված լինելու հիմքով: Այսինքն` տվյալ դեպքում նշված պահանջը կարող է քննվել առանձին, քանի որ տվյալ պահանջով որպես կողմ է ընդգրկվել նաև գրանցող մարմինը` նոտարը:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե'ս, օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. Գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)): Ուստի, սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ իրավական հարցին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճռի մասը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճռի` Նորայր Վեքիլյանի մասով կարճելը հիմնավոր է, քանի որ Դատարանն իրավացիորեն գտել է, որ Նորայր Վեքիլյանի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը նրա մասով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ ՀՀ վարչական դատարանի 17.11.2009 թվականի վճռի` Նորայր Վեքիլյանի մասը թողնել օրինական ուժի մեջ, իսկ վճռի մնացած մասը բեկանել և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության։
2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգել և այդ հարցին անդրադառնալ գործի ըստ էության քննության ժամանակ։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` Ս. Սարգսյան Դատավորներ` Է. Հայրիյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Ե. Խունդկարյան Տ. Պետրոսյան Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ