Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն ԱԳ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և տեխնիկատնտեսական համագործակցության հետագա զարգացման նպատակներով Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` Կողմեր) պայմանավորվեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Հայաստանի Հանրապետության Կառավարության խնդրանքին համապատասխան` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը տրամադրում է անհատույց օգնություն վաթսուն միլիոն չինական յուանի չափով` Հայաստանի Հանրապետության Հանրային Հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի և Հայաստանի Հանրապետության այլ ծրագրերի քննարկման և իրականացման համար:
Կոնկրետ հարցերը կնախատեսվեն Կողմերի` լրացուցիչ ստորագրված պայմանագրում:
Հոդված 2
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և Չինաստանի պետական զարգացման բանկը անհատույց օգնության վճարումների գրանցման իրենց համապատասխան գրքերում միմյանց անունով կբացեն անհատույց և առանց տոկոսադրույքի յուանով հաշիվ` որը կարճ կանվանվի «Օգնության հաշիվ 2016/1»: Օգնությունն օգտագործելիս կիրականացվի հաշվապահական հաշվառում` համաձայն Չինաստանի պետական զարգացման բանկի համապատասխան ընթացակարգերի: Բանկերը կողմերին պարբերաբար կներկայացնեն տեղեկատվություն նշված հաշիվների օգտագործման վերաբերյալ:
Հոդված 3
Հայկական կողմն իր վրա է վերցնում սույն Համաձայնագրի շրջանակներում տրամադրվող ծառայությունների, ապրանքների ձեռքբերման և ներմուծման կապակցությամբ գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:
Հոդված 4
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին դիվանագիտական հայտագրերով վերջին ծանուցումը ստանալու օրվանից և գործում է մինչև Կողմերի` սույն Համաձայնագրից բխող բոլոր պարտավորությունների լրիվ կատարումը:
Ստորագրված է Երևան քաղաքում 2016 թ. հունիսի 6-ին, երկու բնօրինակով, մեկական օրինակ` յուրաքանչյուր կողմի համար, յուրաքանչյուրը` հայերեն, չինարեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագրի դրույթների մեկնաբանման առնչությամբ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն լեզվով տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. հոկտեմբերի 10-ին