Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային կոմունալ տնտեսության նախարարության միջև` քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, բնակարանային քաղաքականության և բնակարանային կոմունալ տնտեսության բնագավառներում համագործակցության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային կոմունալ տնտեսության նախարարությունը, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ավանդական գործընկերային և բարեկամական փոխհարաբերությունների վրա,
հաշվի առնելով քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, բնակարանային քաղաքականության և բնակարանային կոմունալ տնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացման և խորացման, ինչպես նաև փորձի փոխանակման փոխադարձ շահագրգռվածությունը,
ղեկավարվելով իրենց երկրների տնտեսական շահերով,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը, սույն Համաձայնագրին և իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա զարգացնում են համագործակցությունը քաղաքաշինական գործունեության բնագավառում` կապված տարածքների զարգացման հետ, ներառյալ քաղաքները և այլ բնակավայրերը, որն իրականացվում է քաղաքաշինական գոտիավորման, տարածքների պլանավորման, ճարտարապետաշինարարական նախագծման, շինարարության, կապիտալ վերանորոգման և կապիտալ շինարարության օբյեկտների վերակառուցման, բնակարանային քաղաքականության և բնակարանային կոմունալ տնտեսության զարգացման ձևով՝ հետևյալ ուղղություններով.
1) քաղաքաշինական գոտիավորման նորմերի մշակման և արդիականացման, տարածքների պլանավորման և ճարտարապետաշինարարական նախագծման բնագավառներում տեղեկատվության փոխգործակցություն և փորձի փոխանակում,
2) համատեղ գիտական հետազոտությունների անցկացման և վերլուծության առաջարկների նախապատրաստում հետևյալ ոլորտներում`
շինարարության մեջ շենքերի և շինությունների ճարտարապետաշինարարական նախագծման և շահագործման ընթացքում «կանաչ» տեխնոլոգիաների ներդրում.
քաղաքաշինական գործունեություն իրականացնելու ընթացքում տնտեսապես արդյունավետ` էներգախնայող նորարարական որոշումների ներդրում.
նորագույն տեխնոլոգիաների օգտագործում շինարարական արդյունաբերության ոլորտում.
շինարարության, ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտներում մեթոդական ապահովում և նորմատիվ իրավական կարգավորում,
3) 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) կատարման շրջանակնրերում շինարարության ոլորտում գործունեության տարբեր ուղղություններով հարցերի համատեղ մշակման առաջարկների նախապատրաստում,
4) ճարտարապետության, տարածական պլանավորման, ուրբանիստիկայի ոլորտներում համատեղ ոչ առևտրային կրթական նախագծերի մշակման առաջարկների նախապատրաստում` ուսումնական և արտադրական գործունեության նկատմամբ ուսանողների և երիտասարդ մասնագետների մասնագիտական պատրաստվածության և հետաքրքրության մակարդակի բարձրացման նպատակով,
5) ցուցահանդեսների և բիզնես ֆորումների համատեղ անցկացում:
Հոդված 2
Շինարարության ոլորտում Կողմերը համագործակցություն են իրականացնում հետևյալ ուղղություններով.
1) ճարտարապետաշինարարական նախագծման շինարարական աշխատանքների իրագործման ոլորտում մեթոդների և տեխնոլոգիաների փոխանակում փոխշահավետ հիմունքներով` ուղղված կապիտալ շինարարության օբյեկտներում անվտանգության մակարդակի բարձրացմանը, այդ թվում` սեյսմավտանգ տարածքներում,
2) սեյսմավտանգ շրջաններում ճարտարապետաշինարարական նախագծման և օբյեկտների կառուցման ընթացքում Կողմերի գիտական ներուժի օգտագործում և փորձի փոխանակում,
3) համատեղ գիտական հետազոտությունների և վերլուծության անցկացում, ինչպես նաև Պայմանագրի իրագործման շրջանակներում միասնական մոտեցումների և սկզբունքների մշակման առաջարկների նախապատրաստում հետևյալ ոլորտներում.
շինարարության մեջ տեխնիկական կարգավորում,
շինարարության մեջ գնագոյացման համակարգի կատարելագործում և շինարարական նյութերի դասակարգման և կոդավորման համակարգերի ներդաշնակեցում,
շինարարության, ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտներում ծառայությունների միասնական շուկայի ապահովում,
շենքերի և շինությունների, շինարարական նյութերի, ճարտարապետաշինարարական նախագծման գործընթացների (ներառյալ ինժեներական հետազոտությունները) կապիտալ շինարարության օբյեկտների շինարարության, ինժեներական սարքավորումների մոնտաժի և կարգավորման, շենքերի և շինությունների շահագործման և օգտահանման (քանդման)՝ սահմանված պահանջներին համապատասխանության գնահատման ձևերի և ընթացակարգերի կատարելագործում և ներդաշնակեցում,
նախագծային փաստաթղթերի և ինժեներական հետազոտությունների արդյունքների փորձաքննություն:
Հոդված 3
Բնակարանային քաղաքականության և բնակարանային կոմունալ տնտեսության բնագավառում Կողմերն իրականացնում են համագործակցություն և փորձի փոխանակում հետևյալ ուղղություններով՝
1) բազմաբնակարան շենքերի կառավարման գործունեության կատարելագործում,
2) բազմաբնակարան շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների ու համակարգերի տեխնիկական և/կամ էներգետիկ հետազոտման ապահովում,
3) քաղաքացիների առանձին խմբերին բնակելի տարածքներով ապահովելու մեխանիզմների կատարելագործում,
4) բնակարանային քաղաքականության և բնակարանային կոմունալ տնտեսության բնագավառներում օրենսդրության կատարելագործում,
5) շենքերի և կառույցների էներգախնայողության և էներգետիկ արդյունավետության բարձրացման ապահովում:
Հոդված 4
Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար Կողմերը կարող են մշակել երկարատև համագործակցության համատեղ ծրագրեր համագործակցության առանձին ուղղություններով:
Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար Կողմերը կարող են ստեղծել համակարգող մարմիններ: Համագործակցության արդյունքների քննարկման և հետագա փոխգործակցության հարցերով խորհրդակցությունների անցկացման նպատակով Կողմերը, ըստ անհրաժեշտության, անցկացնում են հանդիպումներ:
Հոդված 5
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:
Հոդված 6
Կողմերի միջև սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և/կամ կիրառման հետ կապված վեճերն ու տարաձայնությունները Կողմերի կողմից լուծվում են բանակցությունների և խորհրդատվությունների միջոցով:
Հոդված 7
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալուց հետո, գործում է հինգ տարվա ընթացքում և ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակահատվածներով, եթե նախնական կամ ցանկացած հերթական հնգամյա ժամանակահատվածը լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ Կողմերից ոչ մեկը մյուս Կողմին գրավոր դիվանագիտական ուղիներով չի ծանուցում սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի շոշափում Կողմերի պարտավորությունները այն նախագծերի մասով, որոնց իրականացումը սկսվել է սույն Համաձայնագրի գործողության ընթացքում:
Կատարված է Երևան քաղաքում 2016 թվականի ապրիլի 7-ին, երկու հավասարազոր բնօրինակով, հայերեն և ռուսերեն:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. օգոստոսի 11-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|