ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ԿՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունը, այսուհետ՝ «Կողմեր»,
Ցանկանալով խթանել երկկողմ հարաբերությունների և երկու բարեկամական պետությունների միջև համագործակցության զարգացումը,
Հայտնելով իրենց պատրաստակամությունը, ազատել իրենց պետությունների դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիներին՝ միմյանց պետություն մուտք գործելու համար նախապես պահանջվող մուտքի վիզայի պահանջից,
Նկատի ունենալով «Դիվանագիտական կապերի մասին» 1961 թ. Վիեննայի կոնվենցիան և «Հյուպատոսական կապերի մասին» 1963 թ. Վիեննայի կոնվենցիան,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
1. Յուրաքանչյուր Կողմ թույլ կտա մյուս Կողմի պետության դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիներին մուտք գործել, դուրս գալ և տարանցել իր պետության տարածքով՝ առանց նախապես տրված մուտքի վիզայի և առանց որևէ վճար գանձելու։
2. Կողմերի պետությունների դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիներին կթույլատրվի մնալ մյուս Կողմի պետության տարածքում մեկ տարվա ընթացքում 90(իննսուն) օրը չգերազանցող ժամանակահատվածով։
Հոդված 2
1. Սույն Համաձայնագիրը չի ազատում Կողմերից յուրաքանչյուրի պետության վավեր դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիներին, որոնք նշանակվել են մյուս Կողմի պետության տարածքում գործող այդ Կողմի պետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ կամ որևէ Կողմի պետության ներկայացուցիչն են այն միջազգային կազմակերպություններում, որոնց նստավայրը գտնվում է մյուս Կողմի պետության տարածքում, ընդունող պետության կողմից հավատարմագրման համար վիզա ստանալու պահանջից՝ նախքան նրա տարածք ժամանելը։
2. Սույն համաձայնագիրը չի ազատում սույն Հոդվածի 1-ին կետում նշված անձանց հետ բնակվող ամուսիններին և զավակներին, նախքան մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելը վիզա ստանալու պահանջից։
3. Ընդունող Կողմը կտրամադրի սույն Հոդվածի 1-իև և 2-րդ կետերում նշված վիզաներն իր ազգային օրենսդրության համաձայն։
Հոդված 3
1. Կողմերը դիվանագիտական ուղիներով կփոխանակեն միմյանց դիվանագիտական անձնագրերի նմուշներ և տեղեկատվություն դրանց կիրառման մասին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից հետո 30 (երեսուն) օրվա ընթացքում։
2. Եթե Կողմերից որևէ մեկի կողմից տրված դիվանագիտական անձնագրերում փոփոխություն կատարվի, ապա տվյալ Կողմը կտրամադրի իր փոփոխված կամ նոր դիվանագիտական անձնագրի նմուշները մյուս Կողմին և տեղեկատվություն դրանց կիրառման վերաբերյալ՝ դրանց շրջանառության մեջ դրվելուց 30 (երեսուն) օր առաջ։
Հոդված 4
1. Կողմերից մեկի պետության դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիները կարող են մուտք գործել մյուս Կողմի պետության տարածք միայն միջազգային երթևեկության համար նախատեսված սահմանային անցակետերով։
2. Կողմերից մեկի պետության դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիները կենթարկվեն ընդունող պետությունում գործող օրենքներին և կանոնակարգերին՝ այդ պետության տարածքում գտնվելու ընթացքում։
Հոդված 5
1. Կողմերն իրավունք են վերապահում մերժել իրենց պետության համապատասխան տարածք մյուս Կողմի պետության դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիների մուտքը կամ այնտեղ գտնվելը, որոնց համարում են անցանկալի անձ (persona non grata)։
2. Եթե մի Կողմի պետության դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացին կորցնում է իր անձնագիրը մյուս Կողմի պետության տարածքում, նա այդ մասին անմիջապես հայտնում է ընդունող պետության իրավասու մարմիններին։ Համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկն իր պետության քաղաքացուն կտրամադրի նոր անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և այդ մասին կտեղեկացնի ընդունող պետության իրավասու մարմիններին։
Հոդված 6
Կողմերի պետությունների դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիներին չի թույլատրվում աշխատել, որևէ մասնագիտական կամ կրթական գործունեություն իրականացնել մյուս Կողմի պետության տարածքում՝ աոանց հետևելու այդպիսի գործունեությունը կանոնակարգող երկու պետությունների օրենսդրությանը։
Հոդված 7
Սույն համաձայնագիրը չի ազդում Կողմերի իրավունքների և պարտականությունների վրա, որոնք բխում են այնպիսի միջազգային պայմանագրերից, որոնց կողմ են Կողմերից մեկը կամ երկուսը։
Հոդված 8
Կողմերի միջև՝ սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրարկման հետ կապված, ցանկացած տարաձայնություն կլուծվի դիվանագիտական ուղիներով՝ նրանց միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով։
Հոդված 9
Սույն Համաձայնագրի փոփոխությունները կկատարվեն Կողմերի միջև փոխադարձ համաձայնությամբ Արձանագրությունների ձևով և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի դրույթների համաձայն։ Դրանք, ուժի մեջ մտնելուց հետո, կկազմեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը։
Հոդված 10
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Կողմերի՝ իրենց ազգային օրենսդրությամբ սահմանված սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար ներպետական ընթացակարգերի ավարտի մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու պահից 30 (երեսուն) օր անց։
2. Սույն Համաձայնագիրը կգործի անորոշ ժամկետով։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը ցանկացած ժամանակ, մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով։ Դադարեցումը կգործի այդպիսի ծանուցման ստացման պահից երեսուն օր անց։
3. Յուրաքանչյուր Կողմ կարող է կասեցնել սույն Համաձայնագիրն՝ ամբողջությամբ կամ մասամբ, ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ հանրային առողջության պատճառներով։ Այդպիսի կասեցման կամ դրա ավարտի մասին անմիջապես կծանուցվի մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով՝ ոչ ուշ, քան այդ միջոցի կիրառումից 30 (երեսուն) օր առաջ։
4. Սույն Համաձայնագրի կասեցումը կամ դադարեցումը չի ազդի սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված այն քաղաքացիների իրավունքների վրա, որոնք արդեն մուտք են գործել ընդունող պետության տարածք։
Կատարված է Ամմանում, 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, երկու բնօրինակից՝ հայերեն, արաբերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են։ Մեկնաբանման տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն լեզվով տեքստը։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017 թ. նոյեմբերի 16-ին