Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Մոնղոլիայի Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ղեկավարվելով երկու պետությունների միջև բարեկամական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու ցանկությամբ,
ցանկանալով խրախուսել, դյուրացնել և քաջալերել Պայմանավորվող կողմերի պաշտոնյաների այցելությունները` դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու միջոցով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պետության այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր, ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտքի, կացության, ելքի կամ անհրաժեշտության դեպքում այդ Պայմանավորվող կողմի պետության տարածքով տարանցման համար` նրանց մուտք գործելու օրվանից երեսուն (30) օրը չգերազանցող ժամանակահատվածով:
Հոդված 2
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պետության այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր, մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում երեսուն (30) օրից ավել մնալու ցանկության դեպքում նախապես պետք է ստանան մուտքի արտոնագիր:
Հոդված 3
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պետության այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր, պետք է մուտք գործեն, մեկնեն կամ տարանցիկ անցնեն մյուս Պայմանավորվող կողմի պետության այն սահմանային անցակետով, որը բաց է միջազգային ուղևորափոխադրումների համար, և հետևեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերին՝ այդ Պայմանավորվող կողմի պետության միգրացիոն օրենսդրության և կանոնակարգերի համաձայն:
Հոդված 4
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պետության այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր, պարտավոր են այդ Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում պահպանել մյուս Պայմանավորվող կողմի պետության օրենսդրության ու կանոնակարգերի պահանջները:
Հոդված 5
Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմինների իրավունքը` արգելել մյուս Պայմանավորվող կողմերի դիվանագիտական և պաշտոնական անձնագիր ունեցող այն անձանց մուտքը կամ կրճատել, կամ դադարեցնել նրանց կացությունն իր պետության տարածքում, ովքեր համարվում են անցանկալի անձ:
Հոդված 6
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` ելնելով ազգային անվտանգությունը, հասարակական կարգը կամ հանրային առողջությունը ապահովելու նկատառումներից: Այդպիսի կասեցման և դրա դադարեցման մասին մյուս Պայմանավորվող կողմը պետք է նախապես անհապաղ ծանուցվի դիվանագիտական ուղիներով:
Հոդված 7
Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով կփոխանակեն իրենց դիվանագիտական և պաշտոնական անձնագրերի նմուշները սույն Համաձայնագիրն ստորագրելուց հետո` ոչ ուշ, քան երեսուն (30) օրվա ընթացքում:
Պայմանավորվող կողմերը միմյանց կտեղեկացնեն նոր դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր կամ փաստաթղթեր ներդնելու կամ գործող դիվանագիտական և պաշտոնական անձնագրերը կամ փաստաթղթերը փոփոխելու մասին և դիվանագիտական ուղիներով կփոխանցեն նոր կամ փոփոխված դիվանագիտական և պաշտոնական անձնագրերի կամ փաստաթղթերի նմուշները դրանք ներդնելուց կամ ցանկացած փոփոխություն կիրառման մեջ դնելուց ոչ ուշ, քան երեսուն (30) օր առաջ:
Հոդված 8
Սույն Համաձայնագրի կիրարկման կամ կատարման ընթացքում ծագած ցանկացած վեճ պետք է լուծվի բարեկամաբար, Պայմանավորվող կողմերի միջև խորհրդակցությունների միջոցով՝ դիվանագիտական ուղիներով:
Հոդված 9
Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել Պայմանավորվող կողմերի գրավոր փոխադարձ համաձայնությամբ: Ցանկացած այդպիսի փոփոխություն կձևակերպվի առանձին արձանագրությամբ, որը կկազմի սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:
Հոդված 10
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի գրավոր ծանուցումներից վերջինն ստանալուց երեսուն (30) օր հետո, որով Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրենց ներպետական իրավական ընթացակարգերի կատարման մասին։
Սույն Համաձայնագիրը գործում է անորոշ ժամկետով` մինչև Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը դադարեցնի դրա գործողությունը՝ այդ մասին 6 (վեց) ամիս առաջ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին:
Կատարված է Նյու Յորք քաղաքում 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, մոնղոլերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում առաջացած տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. հունիսի 2-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|