Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ընդունման ամսաթիվ
29.05.2017
Ստորագրման ամսաթիվ
29.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2019

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Կիպրոսի Հանրապետության Կառավարությունը, (այսուհետև` Կողմեր),

գիտակցելով քաղաքական, ռազմական, տնտեսական, իրավական, գիտական, տեխնոլոգիական կամ ցանկացած այլ տեսակի համագործակցության շրջանակում փոխադարձաբար փոխանակվող գաղտնի տեղեկությունների, ինչպես նաև նման համագործակցության ընթացքում ձևավորված գաղտնի տեղեկությունների պաշտպանության կանոնների սահմանման անհրաժեշտությունը,նպատակ ունենալով ապահովելու որևէ Կողմի` մյուս Կողմին փոխանցած գաղտնի տեղեկությունների փոխադարձաբար պաշտպանությունը,

ցանկանալով ստեղծելու Կողմերի միջև փոխանակվող գաղտնի տեղեկությունների փոխադարձաբար պաշտպանության կանոնների ամբողջություն,

հաշվի առնելով գաղտնի տեղեկությունների պաշտպանությանը վերաբերող Կողմերի փոխադարձ շահերը` Կողմերի օրենսդրությանը համապատասխան,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Նպատակ

 

Սույն Համաձայնագրի նպատակն է ապահովել Կողմերի միջև պարբերաբար փոխանակվող կամ ձևավորվող գաղտնի տեղեկությունների պաշտպանությունը՝ Համաձայնագրի դրույթներին, Կողմերի օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

 

Հոդված 2

Սահմանումներ

 

Սույն Համաձայնագրում օգտագործվող սահմանումները նշանակում են հետևյալը.

«Գաղտնի տեղեկության պաշտպանության պահանջների խախտում» նշանակում է` սույն Համաձայնագրին կամ Կողմերի ազգային օրենսդրությանը հակասող գործողություն կամ բացթողում, որի հետևանքը կարող է լինել գաղտնի տեղեկության բացահայտումը, կորուստը, ոչնչացումը, ապօրինի յուրացումը կամ ցանկացած այլ տեսակի գաղտնազերծումը:

«Գաղտնի պայմանագիր» նշանակում է` պայմանագրի երկու կամ ավելի կողմերի միջև համաձայնագիր, որը պարունակում է, ներառում է կամ պահանջում է մատչելիություն գաղտնի տեղեկատվությանը:

«Գաղտնի տեղեկատվություն» նշանակում է՝ ցանկացած տեղեկություն կամ նյութ, որը, անկախ իր ձևից կամ բովանդակությունից, պահանջում է պաշտպանություն չթույլատրված գործողություններից, և որը դասակարգվել է Կողմերի օրենսդրությանը համապատասխան:

«Իրավասու մարմին» նշանակում է` սույն Համաձայնագրի իրականացման և վերահսկողության համար պատասխանատու ազգային անվտանգության մարմին, որի հետ համաձայնեցվում են սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված գործողությունները:

«Պայմանագրային կողմ» նշանակում է` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրավունակ է կնքելու գաղտնի պայմանագրեր:

«Հիմնարկության` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն» նշանակում է` իրավասու մարմնի որոշում, որը սահմանում է, որ, համապատասխան ազգային օրենսդրության համաձայն, իրավաբանական անձն ունի գաղտնի տեղեկություններ տնօրինելու և դրանք պահելու ֆիզիկական և կազմակերպական կարողություններ:

«Իրազեկել` ըստ անհրաժեշտության» նշանակում է` գաղտնի տեղեկություններին առնչվելու անհրաժեշտություն` համապատասխան ծառայողական դիրքի շրջանակում և որոշակի խնդրի լուծման նպատակով:

«Տրամադրող կողմ» նշանակում է` այն Կողմը, որը մյուս Կողմի պետությանն է փոխանցում գաղտնի տեղեկությունները:

«Անձնակազմի` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն» նշանակում է` իրավասու մարմնի որոշում, որը սահմանում է, որ, համապատասխան ազգային օրենսդրության համաձայն, ֆիզիկական անձինք իրավունք ունեն ստանալու գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն:

«Ստացող կողմ» նշանակում է` այն ԿողմըԴ որին մյուս Կողմը փոխանցում է գաղտնի տեղեկությունները:

«Երրորդ կողմ» նշանակում է` սույն Համաձայնագրի կողմ չհանդիսացող ցանկացած պետություն, կազմակերպություն, իրավաբանական կամ ֆիզիկական անձ:

«Ենթակապալառու» նշանակում է` Կողմերից մեկի օրենսդրության համաձայն` պայմանագրի կողմի ներկայացրած ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կամ կազմակերպության այլ ձև, որն ունի գաղտնի պայմանագրերը կատարելու իրավունակություն՝ սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

 

Հոդված 3

Գաղտնիության աստիճաններ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար Կողմերը համաձայնում ենԴ որ գաղտնիության հետևյալ աստիճանները և դրոշմագրերը համարժեք են և համապատասխանում են Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված գաղտնիության աստիճաններին.

 

Հայաստանի

Հանրապետության համար

Կիպրոսի Հանրապետության համար

Համարժեքն անգլերենում

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ

AKPΩΣ АПОРРНТО

TOP SECRET

ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ

АПОРРНТО

SECRET

ԳԱՂՏՆԻ

ЕМПIΣTEYTIKO

CONFIDENTIAL

 

Երկու Կողմերից սկիզբ առնող` որպես «AKPΩΣ АПОРРНТО», «АПОРРНТО» և «ЕМПIΣTEYTIKO» դասակարգված տեղեկատվությունը համարժեք է և համապատասխանում է հայկական կողմի «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ», «ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ» և «ԳԱՂՏՆԻ» գաղտնիության աստիճաններին, ինչն էլ համարժեք է և համապատասխանում է անգլերենով սահմանված «TOP SECRET», «SECRET» և «CONFIDENTIAL» գաղտնիության միջազգային աստիճաններին:

Կիպրական կողմից սկիզբ առնող` գաղտնիության «ΠΕΡΙΟΡΙΣΜΕΝΗ։ ХРНΣНΣ/RESTRICTED» աստիճանով տեղեկատվությունը համարժեք է և համապատասխանում է հայկական կողմի «ԳԱՂՏՆԻ»/«ЕМПIΣTEYTIKO»/ «CONFIDENTIAL» գաղտնիության աստիճանին:

 

Հոդված 4

Իրավասու մարմիններ

 

1. Կողմերի իրավասու մարմիններն են`

Հայաստանի Հանրապետության համար`

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը,

Կիպրոսի Հանրապետության համար`

Կիպրոսի Հանրապետության ազգային անվտանգության մարմինը/ պաշտպանության նախարարությունը:

2. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնում են իրավասու մարմինների կոնտակտային տվյալների ցանկացած փոփոխության մասին:

3. Ըստ պահանջի` իրավասու մարմինները միմյանց տեղեկացնում են գաղտնի տեղեկատվության վերաբերյալ համապատասխան ազգային օրենսդրության մասին և տեղեկություններ են փոխանակում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն առնչվող անվտանգության չափորոշիչների, ընթացակարգերի և գործելակերպերի մասին:

 

Հոդված 5

Պաշտպանության միջոցներ և գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն

 

1. Ազգային օրենսդրության համաձայն` Կողմերը ձեռնարկում են պատշաճ բոլոր միջոցները սույն Համաձայնագրի ներքո փոխանակված և ձևավորված գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար: Նման գաղտնի տեղեկատվությանը տրվում է պաշտպանության այն նույն աստիճանը, որը նախատեսված է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով` համարժեք աստիճանի ազգային գաղտնի տեղեկատվության համար:

2. Տրամադրող կողմը Ստացող կողմին գրավոր տեղեկացնում է փոխանցված ցանկացած գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանի փոփոխության մասին:

3. Գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունը ,իրազեկել` ըստ անհրաժեշտությանե հիմունքով կսահմանափակվի այն անձանցով, որոնց, ազգային օրենսդրության համաձայն, թույլատրվում է առնչվել գաղտնիության համարժեք աստիճանի գաղտնի տեղեկություններին:

4. Սույն Համաձայնագրի շրջանակում յուրաքանչյուր Կողմ ճանաչում է մյուս Կողմի ազգային օրենսդրության համաձայն տրամադրված` անձնակազմի և հիմնարկության` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունները: Գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունները պետք է համապատասխանեն սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված գաղտնիության աստիճաններին:

5. Ազգային օրենսդրությանը համապատասխան` իրավասու մարմիններն աջակցում են միմյանց անհատական հուսալիության ստուգման ընթացակարգերին առնչվող հարցերի կարգավորման գործում, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագիրը կիրառելիս:

6. Սույն Համաձայնագրի շրջանակում իրավասու մարմինները միմյանց անհապաղ տեղեկացնում են անձնակազմի և հիմնարկության` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություններին վերաբերող ցանկացած փոփոխության մասին, մասնավորապես՝ դրանց կասեցման կամ դրանց աստիճանի իջեցման մասին:

7. Ստացող կողմը`

ա) գաղտնի տեղեկությունը ներկայացնում է որևէ երրորդ կողմի միայն Տրամադրող կողմի գրավոր համաձայնությունը նախապես ստանալուց հետո,

բ) դրոշմագրում է ստացված գաղտնի տեղեկությունը` 3-րդ hոդվածին համապատասխան,

գ) օգտագործում է գաղտնի տեղեկությունը միայն այն նպատակներով, որոնց համար այն տրամադրվել է:

 

Հոդված 6

Գաղտնի տեղեկության փոխանցում

 

1. Յուրաքանչյուր առանձին դեպքում, իրավասու մարմնի հետ համաձայնեցնելուց հետո, գաղտնի տեղեկությունը փոխանցվում է դիվանագիտական ուղիներով, եթե իրավասու մարմինների միջև չկա այլ պայմանավորվածություն: Ստացող կողմը գրավոր հաստատում է գաղտնի տեղեկության ստացումը:

2. Գաղտնի տեղեկության էլեկտրոնային փոխանցումը կատարվում է իրավասու մարմինների կողմից հաստատված` գաղտնագրման ծածկագրերին համապատասխան:

3. Սույն Համաձայնագրի ներքո փոխանակվող գաղտնի տեղեկատվության մուտքի և ելքի հիմնական կետերն են`

Հայաստանի Հանրապետության համար`

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3/8

Կառավարական տուն #2

Կիպրոսի Հանրապետության համար`

Արտաքին գործերի նախարարության ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ կենտրոնական ռեգիստր

Նիկոսիա 1447, Նախագահական պալատի պողոտա

(Central TOP SECRET Registry at the Ministry of Foreign Affairs Presidential Palace Avenue, 1447, Nicosia)

 

Հոդված 7

Գաղտնի տեղեկությունների վերարտադրումը և թարգմանությունը

 

1. Գաղտնի տեղեկությունների թարգմանություններն ու կրկնօրինակները կատարվում են Ստացող կողմի օրենսդրությանը և հետևյալ ընթացակարգերին համապատասխան.

ա) ֆիզիկական անձանց տրվում է անձնակազմի` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու համապատասխան թույլտվություն` ազգային օրենսդրության համաձայն,

բ) թարգմանություններն ու կրկնօրինակները դրոշմագրվում են և պաշտպանվում, ինչպես գաղտնի տեղեկության բնօրինակը,

գ) թարգմանությունները և կրկնօրինակների քանակը չպետք է գերազանցեն պաշտոնական նպատակների համար պահանջվող քանակը,

դ) թարգմանությունները պետք է պարունակեն թարգմանության լեզվով նշում, որը ցույց կտա, որ դրանք պարունակում են Տրամադրող կողմից ստացված գաղտնի տեղեկություններ:

2. «ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ» / «ΑΠΟΡΡΗ)Ο» / «SECRET» կամ ավելի բարձր գաղտնիության աստիճանին համարժեք ցանկացած գաղտնի տեղեկատվություն թարգմանվում կամ վերարտադրվում է միայն Տրամադրող կողմի գրավոր համաձայնությունը նախապես ստանալուց հետո:

 

Հոդված 8

Գաղտնի տեղեկությունների ոչնչացումը

 

1. Գաղտնի տեղեկությունները ոչնչացվում են այնպիսի եղանակով, որ բացառվի դրանց վերարտադրման և վերականգնման հնարավորությունը:

2. «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ» /«ΑΚΡΩΣ ΑΠΟΡΡΗΤΟ» / «TOP SECRET» գաղտնիության աստիճանին համարժեք գաղտնի տեղեկությունները չեն ոչնչացվում: Դրանք վերադարձվում են Տրամադրող կողմի իրավասու մարմնին:

3. «ԳԱՂՏՆԻ» / «ΠΕΡΙΟΡΙΣΜΕΝΗΣ ΧΡΗΣΗΣ» / «RESTRICTED», «ԳԱՂՏՆԻ» / «ΕΜΠΙΣΤΕΥΙΚ» / «CONFIDENTIAL» և «ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ» / «ΑΠΟΡΡΗΤΟ» / «SECRET» գաղտնիության աստիճաններին համարժեք գաղտնի տեղեկությունները ոչնչացվում են Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:

4. Գաղտնի տեղեկության ոչնչացման վերաբերյալ ակտը կազմվում և դրա անգլերեն թարգմանությունը փոխանցվում է Տրամադրող կողմի իրավասու մարմնին:

 

Հոդված 9

Գաղտնի պայմանագրեր

 

1. Կողմերից յուրաքանչյուրը, որը ցանկանում է գաղտնի պայմանագիր կնքել մյուս Կողմի պայմանագրային կողմի հետ կամ ցանկանում է իր պայմանագրային կողմերից մեկին լիազորել գաղտնի պայմանագիր կնքել մյուս Կողմի տարածքում, պետք է նախապես իր իրավասու մարմնի միջոցով ստանա մյուս Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությունն այն մասին, որ առաջարկվող պայմանագրային կողմն իրավունք ունի առնչվելու սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված գաղտնիության համապատասխան աստիճանի գաղտնի տեղեկատվությանը և ունի գաղտնիության համապատասխան աստիճանի գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն` բացառությամբ գաղտնիության «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ» / «AKPΩΣ ΑΠΟΡΡΗΤΟ» / «TOP SECRET» աստիճանին համարժեք գաղտնի տեղեկատվության:

2. Սույն Համաձայնագրի ներքո կնքված ցանկացած գաղտնի պայմանագիր ներառում է հետևյալը.

ա) պայմանագրային կողմի պարտավորությունը` ապահովել, որ իր շինություններն ունենան գաղտնիության համապատասխան աստիճանի գաղտնի տեղեկությունների հետ աշխատելու և դրանք պահպանելու համար անհրաժեշտ պայմանները,

բ) պայմանագրային կողմի պարտավորությունը` ապահովել, որ ֆիզիկական անձանց, որոնցից պահանջվում է կատարել գաղտնի տեղեկատվությանն առնչվող պարտավորություններ, տրամադրվեն անձնակազմի` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն,

գ) պայմանագրային կողմի պարտավորությունը` ապահովել, որ գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն ունեցող բոլոր ֆիզիկական անձինք տեղեկացված լինեն գաղտնի տեղեկատվության պաշտպանության ոլորտում իրենց պարտավորությունների մասին՝ երկու Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան,

դ) եթե ենթակապալառուին թույլատրվում է առնչվել գաղտնի տեղեկություններին, ապա ենթակապալառուն ունի անվտանգության չափորոշիչներին հետևելու այն նույն պարտավորությունները, որոնք ունի պայմանագրային կողմը,

ե) պայմանագրային կողմի պարտավորությունը` պարբերաբար ստուգել իր շինությունների անվտանգությունը,

զ) գաղտնի տեղեկությունների և այն ոլորտների ցանկը, որտեղ գաղտնի տեղեկությունը կարող է ձևավորվել,

է) իրազեկման ընթացակարգ գաղտնի տեղեկության գաղտնիության աստիճանի փոփոխության դեպքում,

ը) հաղորդակցություն և փոխանցման էլեկտրոնային միջոցներ,

թ) գաղտնի տեղեկության փոխանցման կամ տեղափոխման ընթացակարգ,

ժ) համապատասխանաբար լիազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք պատասխանատու են գաղտնի պայմանագրին առնչվող գաղտնի տեղեկատվության պաշտպանության համակարգման համար.

ժա) պայմանագրային կողմի պարտավորությունը` ծանուցել գաղտնի տեղեկության փաստացի կամ հնարավոր կորստի, արտահոսքի կամ չթույլատրված տարածման դեպքում,

ժբ) պայմանագրային կողմի պարտավորությունը` իր իրավասու մարմնին փոխանցել գաղտնի պայմանագրի կրկնօրինակը,

ժգ) ենթակապալառուի պարտավորությունը` իրականացնել անվտանգությանն առնչվող այն պարտավորությունները, որոնք ունի պայմանագրային կողմը:

3. Ստացող կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությամբ պայմանագրային կողմն իրավունք ունի ներգրավելու ենթակապալառուի:

4. Կողմերից որևէ մեկի տարածքում հնարավոր պայմանագրային կողմի և մյուս Կողմի տարածքում գտնվող հնարավոր պայմանագրային կողմի միջև գաղտնի պայմանագիր կնքելու նպատակով նախապայմանագրային բանակցությունների մեկնարկից հետո իրավասու մարմինը մյուս Կողմին տեղեկացնում է նախապայմանագրային բանակցություններին առնչվող գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանի մասին:

5. Գաղտնի յուրաքանչյուր պայմանագրի օրինակ փոխանցվում է այն Կողմի իրավասու մարմնին, որտեղ պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն անվտանգության վերահսկողության պատշաճ մակարդակ ապահովելու համար:

6. Իրավասու մարմինների ներկայացուցիչները այցելում են միմյանց` գաղտնի պայմանագրում գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար պայմանագրային կողմի ընդունած միջոցները վերլուծելու նպատակով: Այցելության մասին պետք է ծանուցել առնվազն քսան (20) օր առաջ:

 

Հոդված 10

Այցելություններ

 

1. Կողմերից մեկի քաղաքացիների այն այցելությունները դեպի մյուս Կողմ, որոնք ներառում են գաղտնի տեղեկատվությանն ու գաղտնի պայմանագրերին առնչվելու իրավունք, ենթակա են հյուրընկալող Կողմի իրավասու մարմնի նախապես գրավոր հաստատմանը:

2. Այն այցելությունները, որոնք ներառում են գաղտնի տեղեկատվությանն առնչվելու իրավունք, Կողմերից մեկի կողմից թույլատրվում են մյուս Կողմի քաղաքացիներին միայն այն դեպքերում, եթե նրանք ունեն անձնակազմի` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու համապատասխան թույլտվություն և լիազորված են գաղտնի տեղեկատվություն ստանալ կամ առնչվել գաղտնի տեղեկատվությանը` իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան:

3. Այն այցելությունները, որոնք ներառում են երրորդ պետությունների քաղաքացիների` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու իրավունք, թույլատրվում են միայն Կողմերի ընդհանուր համաձայնությամբ:

4. Հյուրընկալող կողմի իրավասու մարմինն առնվազն երեսուն (30) օր առաջ մյուս Կողմի իրավասու մարմնի համար պետք է ստանա այցելության մասին դիմում:

5. Հրատապ դեպքերում այցելության համար դիմումը կփոխանցվի առնվազն մեկ օր առաջ:

6. Այցելության համար դիմումը ներառում է՝

ա) այցելուի անունը և ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրն ու վայրը, քաղաքացիությունը, անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի համարը,

բ) այցելուի կողմից ներկայացվող իրավաբանական անձի անվանումը և հասցեն,

գ) այն իրավաբանական անձի անվանումը և հասցեն, ուր այց է կատարվելու,

դ) այցելուի` գաղտնի տեղեկությանն առնչվելու թույլտվությունը և դրա վավերականության հաստատումը,

ե) այցելության առարկան և նպատակը,

զ) հայցվող այցելության ամսաթվերը և տևողությունը: Պարբերական այցելությունների դեպքում նշվում է այցելությունների ընդհանուր տևողությունը,

է) իրավասու մարմնի պաշտոնական կնիքը, ամսաթիվը և ստորագրությունը:

7. Այցելությունը հաստատվելուց անմիջապես հետո hյուրընկալող Կողմի իրավասու մարմինը այցելության համար դիմումի պատճենը տրամադրում է այն իրավաբանական անձի անվտանգության աշխատակիցներին, ուր այց է կատարվելու:

8. Այցելության վավերականության հաստատման ժամկետը չպետք է գերազանցի մեկ տարին:

9. Կողմերը կարող են կազմել պարբերական այցելություններ կատարելու լիազորություն ստացած ֆիզիկական անձանց ցանկ: Ցանկերը վավեր կլինեն նախնական տասներկու (12) ամիս ժամկետով: Այդ անձանց կողմից համապատասխան այցելությունների պայմաններն ուղղակիորեն համաձայնեցվում են իրավաբանական անձի համապատասխան կոնտակտային անձանց հետ` համաձայնեցված ժամկետներին ու պայմաններին համապատասխան:

 

Հոդված 11

Գաղտնի տեղեկատվության պաշտպանության պահանջների խախտում

 

1. Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան` գաղտնի տեղեկատվության պաշտպանության պահանջների խախտման դեպքում, որը հանգեցնում է մյուս Կողմից ստացված կամ ձևավորված գաղտնի տեղեկությունների փաստացի կամ հնարավոր բացահայտմանը, այն Կողմի իրավասու մարմինը, որտեղ տեղի է ունեցել պահանջների խախտումը կամ գաղտնի տեղեկատվության չթույլատրված բացահայտումը, անհապաղ տեղեկացնում է մյուս Կողմի իրավասու մարմնին և սկսում համապատասխան հետաքննություն:

2. Եթե գաղտնի տեղեկատվության պաշտպանության պահանջների խախտումը ծագում է երրորդ կողմում, փոխանցող պետության իրավասու մարմինը ձեռնարկում է սույն հոդվածի 1-ին պարաբերությամբ նախատեսված գործողությունները:

3. Մյուս Կողմը, ըստ պահանջի, համագործակցում է հետաքննության ընթացքում` սույն հոդվածի 1-ին պարբերությանը համապատասխան:

4. Մյուս Կողմը տեղեկացվում է հետաքննության արդյունքների մասին և ստանում վնասի պատճառների և ծավալի վերաբերյալ վերջնական տեղեկություն:

 

Հոդված 12

Ծախսեր

 

Յուրաքանչյուր Կողմ կրում է սույն Համաձայնագրի կիրառմանը և վերահսկմանն առնչվող իր ծախսերը:

 

Հոդված 13

Վեճերի լուծումը

 

 Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանության կամ կիրառման ընթացքում առաջացող վեճերը լուծվում են Կողմերի միջև` բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

Հոդված 14

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում ազգային օրենսդրության համաձայն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

2. Սույն Համաձայնագրում ցանկացած փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ։ Փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը։

3. Յուրաքանչյուր կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` գրավոր մյուս Կողմին ծանուցելով։ Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումն ստանալուց վեց ամիս հետո:

4. Չնայած սույն Համաձայնագրի գործողության դադարեցմանը` Կողմերը երաշխավորում են, որ կշարունակեն ապահովել ամբողջ գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը` սույն Համաձայնագրի դրույթների համաձայն, քանի դեռ Տրամադրող կողմը Ստացող կողմին իր գրավոր համաձայնությամբ չի ազատել այդ պարտավորությունից:

Կատարված է Նիկոսիա քաղաքում 2017 թվականի մայիսի 29-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, հունարեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։ Մեկնաբանության տարբերությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը։

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. ապրիլի 23-ին