Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջԵՎ երիտասարդության հետ աշխատանքի ԵՎ սպորտի բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Տաջիկստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետև՝ Կողմեր,
հաստատելով ավանդական բարեկամական կապերն ամրապնդելու իրենց մտադրությունը և ցանկանալով զարգացնել կապերը երկու պետությունների ժողովուրդների միջև,
համոզված լինելով, որ երիտասարդության հարցերով քաղաքականության և սպորտի բնագավառում փոխադարձ սերտ կապերի ստեղծումն ու համագործակցությունը նպաստում են երիտասարդ սերնդի ներկայացուցիչների միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանն ու ծառայում են նրանց միջև փոխըմբռնման խորացմանը,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը համակողմանիորեն կօժանդակեն երիտասարդական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը պետական կառույցների, իրենց պետություններում գրանցված երիտասարդական հասարակական կազմակերպությունների միջոցով:
Հոդված 2
Կողմերը կաջակցեն մարզական կազմակերպությունների միջև համագործակցությանը, նրանց մասնակցությանը երկու պետություններում անցկացվող մարզական միջոցառումներին:
Հոդված 3
Կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան, կնպաստեն երիտասարդության և սպորտի բնագավառում կապերի զարգացմանը և համագործակցությանը՝
ա) երիտասարդության և սպորտի բնագավառում գործունեություն իրականացնող հաստատությունների ու կազմակերպությունների միջև համագործակցության համար պայմանների ստեղծման, կապերի հաստատման և փոխանակման միջոցով.
բ) համատեղ միջոցառումների անցկացման և դրանում աջակցություն ցուցաբերելու համար մյուս Կողմի հնարավորությունների և պայմանների ուսումնասիրման միջոցով.
գ) Կողմերի պետությունների երիտասարդական և մարզական շարժումների վիճակի և զարգացման վերաբերյալ տեղեկության փոխանակման միջոցով:
Հոդված 4
Կողմերը կնպաստեն երիտասարդության և սպորտի խնդիրներով զբաղվող հետազոտական կազմակերպությունների կամ կենտրոնների միջև անմիջական կապերի զարգացմանը՝ ներառյալ իրենց հետաքրքրող հարցերով փոխանակմանը:
Հոդված 5
Կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան, կաջակցեն մարզական սարքավորումների և գույքի արտադրման բնագավառում համագործակցությանը, մարզական կառույցների նախագծմանը, կառուցմանը, վերականգնմանն ու շահագործմանը, կստեղծեն պայմաններ մրցումների և ուսումնամարզական հավաքների անցկացման համար:
Հոդված 6
Կողմերը կաջակցեն սույն Համաձայնագրի շրջանակներում անց կացվող փառատոներին, համաժողովներին, գիտաժողովներին, սեմինարներին, մրցույթներին, ցուցահանդեսներին, հանդիպումներին, ֆորումներին և մրցաշարերին մասնակցությանը:
Հոդված 7
Կողմերը, նախապես ստացված տեղեկությանը համապատասխան, կցուցաբերեն ցանկացած աջակցություն իրենց պետությունների տարածքում գտնվող կազմակերպված երիտասարդական և մարզական խմբերին, առանձին պաշտոնական ներկայացուցիչներին:
Հոդված 8
Կողմերի ներկայացուցիչները կկարողանան ամեն տարի հաջորդաբար հանդիպել ք.Երևանում և ք.Դուշանբեում` սույն Համաձայնագրի իրագործման ընթացքը քննարկելու և յուրաքանչյուր հաջորդ տարվա միջոցառումների ծրագիրը համատեղ մշակելու համար:
Հոդված 9
Կողմերի կողմից սույն Համաձայնագրի իրագործմանն ուղղված միջոցառումների իրականացման ֆինանսավորումը կկատարվի Կողմերի պետությունների համապատասխան գերատեսչությունների, հիմնարկների և կազմակերպությունների բյուջետային այն միջոցների շրջանակներում, որոնք նախատեսված են իրենց գործառույթների իրականացման համար:
Հոդված 10
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում առաջացող վիճելի հարցերը լուծվում են Կողմերի միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 11
Սույն Համաձայնագրի իրականացման համար իրավասու մարմիններն են՝
Հայաստանի Հանրապետության կողմից՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը,
Տաջիկստանի Հանրապետության կողմից՝ Տաջիկստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր երիտասարդության հարցերի, սպորտի և զբոսաշրջության կոմիտեն:
Հոդված 12
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են Կողմերի պետությունների մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերից:
Հոդված 13
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող առանձին արձանագրություններով:
Հոդված 14
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից: Համաձայնագիրը գործելու է 5 (հինգ) տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից մեկը համապատասխան ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 6 (վեց) ամիս առաջ, մյուս Կողմին գրավոր չծանուցի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 2017 թվականի հունիսի 14-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, տաջիկերեն և ռուսերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման տարաձայնությունների դեպքում հիմք կընդունվի ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2018թ. հունվարի 10-ին