Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
18.03.2016
Ստորագրման ամսաթիվ
18.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.01.2018

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԵՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև 1994 թվականի օգոստոսի 17-ի` «Արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով և 2015 թվականի մայիսի 19-ի` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև` հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագրով,

գործելով միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան,

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

Հոդված 1

 

Սահմանումներ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

«Կենտրոն» - հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն՝ ստեղծված Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 2015 թվականի մայիսի 19-ի` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև` հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին» Համաձայնագրին համապատասխան.

«իրավասու մարմիններ» - Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններ, տարածքային կառավարման մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, կազմակերպություններ և հաստատություններ.

«Կենտրոնի գործունեություն» - Կենտրոնի կողմից խնդիրների իրականացում, որոնք Կենտրոնի վրա դրված են 2015 թվականի մայիսի 19-ի` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև` հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին» Համաձայնագրին համապատասխան.

«Կենտրոնի տարածքներ» - Կենտրոնի նպատակների համար օգտագործվող շենքեր, շինություններ, դրանցով զբաղեցված հողատարածքներ, ինչպես նաև Կողմերի միջև առանձին պայմանավորվածություններով սահմանված` Կենտրոնից առանձին տեղակայված տարածքներ.

«Կենտրոնի մշտական ռուսական անձնակազմ» - Կենտրոնի հաստիքային աշխատակիցներ հանդիսացող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, որոնք իրենց պարտականությունները կատարում են մշտական հիմունքներով.

«Կենտրոնի ժամանակավոր ռուսական անձնակազմ» - ժամանակավոր հիմունքներով առաջադրանքների կատարման համար ներգրավված` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ ականազերծման, ավիացիոն, վթարային-փրկարարական խմբերի և Կենտրոնի այլ ստորաբաժանումների մասնագետներ.

«գույք» - Կենտրոնի շարժական և անշարժ գույք՝ ներառյալ Կենտրոնին պատկանող կամ նրա տիրապետության և օգտագործման (կառավարման) տակ գտնվող դրամական միջոցները և փաստաթղթերը, ինչպես նաև Կենտրոնի գործունեության ընթացքում ստեղծված կամ ձեռք բերված` մտավոր գործունեության արդյունքները.

«արխիվներ» - Կենտրոնին պատկանող և Կենտրոնում գտնվող հաշվետվություններ, պաշտոնական թղթակցություն, ցանկացած կրիչի վրա գտնվող այլ փաստաթղթեր.

«պաշտոնական թղթակցություն» - Կենտրոնի գործունեությանը վերաբերող` պատշաճ ձևակերպված թղթակցություն՝ անկախ իրականացման ձևերից և տեղեկատվության ֆիզիկական կրիչներից:

 

Հոդված 2

 

Կենտրոնի տարածքների և գույքի անձեռնմխելիությունը

 

Կենտրոնի տարածքները և գույքն անձեռնմխելի են և օգտվում են խուզարկության, բռնագրավման, կալանքի և ցանկացած կատարողական գործողությունների կիրառման անձեռնմխելիությունից:

Կենտրոնի արխիվները և փաստաթղթերն անձեռնմխելի են: Կենտրոնի պաշտոնական թղթակցությունն անձեռնմխելի է, այն ենթակա չէ ո՛չ հրապարակման, ո՛չ առգրավման:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Կենտրոնը սահմանում են Կենտրոնի տարածքներ մուտք գործելու կարգը և տարերային աղետների, տեխնածին վթարների, հրդեհների, այլ արտակարգ իրավիճակների ու պատահարների դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների ուժերի և միջոցների գործունեության կարգը: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության այլ իրավասու մարմիններին սահմանված կարգի մասին:

Կենտրոնի տարածքների անձեռնմխելիությունը Կենտրոնին իրավունք չի վերապահում օգտագործելու դրանք Կենտրոնի գործունեությանը չհամապատասխանող և Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, նրա քաղաքացիների և կազմակերպությունների շահերին վնաս պատճառող նպատակների համար:

 

Հոդված 3

 

Կենտրոնի տարածքների անվտանգությունը

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ապահովեն Կենտրոնի տարածքներում անվտանգությունը, աշխատանքի նորմալ պայմանները և կանխարգելեն իրավախախտումները:

 

Հոդված 4

 

Կենտրոնի տարածքների սպասարկումը

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ Կենտրոնի տարածքների պատշաճ ապահովման և սպասարկման համար:

Կենտրոնն իր հերթին աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին և կազմակերպություններին Կենտրոնի տարածքների սպասարկման հետ կապված կանխարգելիչ ստուգումներ, վերանորոգումներ և ինժեներական կոմունիկացիաներում ու կառույցներում այլ աշխատանքներ իրականացնելիս:

 

Հոդված 5

 

Կապը

 

Կենտրոնն իր գործունեության իրականացման ընթացքում օգտվում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմից, քան այն ռեժիմն է, որը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին` փոստային, հեռագրային, ֆաքսային, ֆաքսիմիլային, հեռախոսային և կապի այլ միջոցների սարքավորումների տեղադրման և շահագործման ժամանակ, ինչպես նաև` կապված համապատասխան ծառայություններից օգտվելու սակագների հետ:

Կենտրոնն իրավունք ունի Կենտրոնի տարածքներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում` խնդիրների իրականացման շրջաններում, տեղադրելու և շահագործելու ռադիոսարքավորումներ և հեռակա կապի այլ միջոցներ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ:

 

Հոդված 6

 

Հավաքների անցկացումը

 

Կենտրոնն իրավունք ունի Կենտրոնի տարածքներում և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ համաձայնեցված այլ վայրերում անցկացնելու համաժողովներ, սեմինարներ, դասընթացներ և այլ միջոցառումներ` հրավիրելով երրորդ պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների:

 

Հոդված 7

 

Մաքսային վճարներից, տուրքերից և զննումից Կենտրոնի ազատումը

 

Կենտրոնն ազատվում է բոլոր տեսակի մաքսային տուրքերի, հարկերի վճարումից և դրանց հետ կապված գանձումներից և վճարներից` Կենտրոնի գործունեության ապահովման համար նախատեսված ապրանքների ներմուծման և արտահանման ժամանակ:

Կենտրոնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող (արտահանվող) ապրանքներն ազատվում են մաքսային զննումից, եթե չկան լուրջ հիմքեր` ենթադրելու, որ այդ ապրանքների ներմուծումն ու արտահանումն արգելված են օրենքով կամ կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության սանիտարահիգիենիկ կանոններով: Այդ դեպքերում ապրանքների զննումն իրականացվում է միայն Կենտրոնի տնօրենի կամ վերջինիս կողմից լիազորված անձի ներկայությամբ:

 

Հոդված 8

 

Հարկերից Կենտրոնի ազատումը

 

Կենտրոնը և նրա գույքն ազատվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գանձվող բոլոր տեսակի հարկերից, տուրքերից և վճարներից:

Կենտրոնն ազատվում է ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի վճարումից այն ապրանքների և ծառայությունների համար, որոնք նախատեսված են Կենտրոնի գործունեության համար:

Կենտրոնը կոմունալ և այլ տեսակի ծառայությունների համար վճարում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված սակագներով:

 

Հոդված 9

 

Ֆինանսական հարցերը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում Կենտրոնն իրավունք ունի`

օրենքով սահմանված կարգով ստանալու ցանկացած արտարժույթ, տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու այն.

ցանկացած բանկում և ցանկացած արժույթով ունենալու հաշիվներ, տնօրինելու դրանք.

օրենքով սահմանված կարգով ստանալու միջոցներ` ցանկացած տեսակի հիմնադրամներ ստեղծելու համար, և տնօրինելու դրանք.

օրենքով սահմանված կարգով փոխանցելու իր հիմնադրամները, արտարժույթը մի երկրից մյուսը կամ Հայաստանի Հանրապետության սահմաններում:

 

Հոդված 10

 

Սոցիալական ապահովությունը

 

Կենտրոնի ռուսական անձնակազմի մշտական և ժամանակավոր ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամներն ազատվում են բոլոր տեսակի հարկերից, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում գործող այս կամ այն սոցիալական ապահովության համակարգով վճարներից:

 

Հոդված 11

 

Կենտրոնի ռուսական անձնակազմի ներկայացուցիչների արտոնությունները և անձեռնմխելիությունները

 

Կենտրոնի ռուսական անձնակազմի մշտական ​և ժամանակավոր ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտվում են հետևյալ արտոնություններից և անձեռնմխելիություններից.

անձնական անձեռնմխելիություն, որը ենթադրում է անձեռնմխելիություն ցանկացած տեսակի ձերբակալումից և կալանավորումից, ինչպես նաև ցանկացած տեսակի դատական միջամտությունից` որպես Կենտրոնի պաշտոնատար անձ իր արտահայտությունների, գրածի և կատարած գործողությունների համար.

բնակարանի, դրա մեջ գտնվող գույքի, ինչպես նաև անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի անձեռնմխելիություն` նույն չափով, ինչպես Կենտրոնի և դրա գույքի պարագայում.

միգրացիոն սահմանափակումներից ազատում.

Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող (արտահանվող)` անհատական օգտագործման ապրանքների համար գանձվող մաքսային վճարներից ազատում` պայմանով, որ նշված ապրանքները տեղափոխվում են մաքսային սահմանով` Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգի պահպանմամբ.

Կենտրոնի ռուսական անձնակազմի մշտական ​​և ժամանակավոր ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամներն օգտվում են նաև բոլոր այն արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք Հայաստանի Հանրապետությունում, 1961 թվականի ապրիլի 18-ի` «Դիվանագիտական​ հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիային (այսուհետ` Կոնվենցիա) համապատասխան, տրամադրվում են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան վարչատեխնիկական անձնակազմին.

Հայաստանի Հանրապետության իրավազորությունից Կենտրոնի ռուսական անձնակազմի ներկայացուցիչների անձեռնմխելիությունը նրանց չի ազատում Ռուսաստանի Դաշնության իրավազորությունից:

 

Հոդված 12

 

Կենտրոնի ռուսական անձնակազմի ներկայացուցիչների անձեռնմխելիության և արտոնությունների գործողության ժամկետը

 

Կենտրոնի ռուսական անձնակազմի մշտական ​և ժամանակավոր ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս օգտվում են արտոնություններից և (կամ) անձեռնմխելիությունից պետական ​​սահմանը հատելու պահից:

Արտոնությունների և (կամ) անձեռնմխելիության գործողությունը դադարում է երկրից դուրս գալիս` Հայաստանի Հանրապետության պետական​​ սահմանը հատելու պահից կամ ռուսական անձնակազմի ներկայացուցչի` որպես Կենտրոնի պաշտոնատար անձի, գործունեության դադարման պահից:

 

Հոդված 13

 

Անձը հաստատող վկայականը

 

Կենտրոնի ռուսական անձնակազմի մշտական և ժամանակավոր ներկայացուցիչներին և նրանց ընտանիքների անդամներին տրվում է համապատասխան վկայական, որը հաստատում է նրանց անձը, ինչպես նաև պատկանելիությունն այն անձանց թվին, որոնք, սույն Համաձայնագրի հիման վրա, օգտվում են արտոնություններից և անձեռնմխելիությունից:

Կենտրոնը Կենտրոնի ռուսական անձնակազմի մշտական և ժամանակավոր ներկայացուցիչների ծառայության և նրանց ընտանիքների անդամների գտնվելու ժամկետները լրանալուն պես ապահովում է նման վկայականների հանձնումը վկայականը տրամադրող` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնին:

 

Հոդված 14

 

Կենտրոնի ռուսական անձնակազմի ներկայացուցիչների` Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժման իրավունքը

 

Կենտրոնի ռուսական անձնակազմի մշտական և ժամանակավոր ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամները ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ և անարգել տեղաշարժման իրավունք` բացառությամբ այն օբյեկտների և տարածքների, որոնց այցելության համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, պահանջվում է հատուկ թույլտվություն:

 

Հոդված 15

 

Աջակցությունը ռուսական անձնակազմի ներկայացուցիչների գործունեության ապահովմանը

 

Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները Կենտրոնին ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն ռուսական անձնակազմի մշտական և ժամանակավոր ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների համար բնակարանի ընտրության և վարձակալման, նրանց բժշկական սպասարկման և այլ սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման հարցում:

 

Հոդված 16

 

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական դրոշները

 

Կենտրոնն իրավունք ունի իր շենքերի վրա կախելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական դրոշները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ու Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության դրոշները:

 

Հոդված 17

 

Կենտրոնի անձնակազմի համազգեստը

 

Կենտրոնն իրավունք ունի ունենալու սեփական համազգեստ Կենտրոնի անձնակազմի համար:

 

Հոդված 18

 

Կենտրոնի խորհրդանիշները և դրանց օգտագործումը

 

Կենտրոնը կարող է ունենալ սեփական տարբերանշանը, այլ խորհրդանիշներ և դրանք տեղադրել (կրել) Կենտրոնի շենք-շինությունների, ավտոմոբիլային տրանսպորտի, հատուկ տեխնիկայի, հուշանվերների և այլ առարկաների ու Կենտրոնի անձնակազմի համազգեստի վրա:

 

Հոդված 19

 

Տրանսպորտային միջոցների գրանցման կարգը

 

Կենտրոնի կարիքների համար Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ավտոտրանսպորտը, հատուկ տեխնիկան գրանցվում են Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից՝ պետհամարանիշերի տրամադրմամբ:

Կենտրոնի տնօրինությանն սպասարկող ավտոմեքենաներին տրամադրվում են համապատասխան սերիայի դիվանագիտական համարանիշեր:

 

Հոդված 20

 

Ծանուցումները

 

Կենտրոնը Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավասու մարմիններ է ուղարկում.

տեղեկույթ հեռախոսահամարների, ֆաքսերի, էլեկտրոնային հասցեների, բանկային տվյալների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում սահմանված` նոր ստեղծված իրավաբանական անձի վերաբերյալ հրապարակման ենթակա այլ տեղեկույթ.

Կենտրոնի ռուսական անձնակազմի ներկայացուցիչների ցուցակը` նրանց պաշտոնի նշանակման ժամկետի նշումով.

Կենտրոնի ռուսական անձնակազմի մշտական և ժամանակավոր ներկայացուցիչների ընտանիքների անդամների ցուցակը` նրանց ժամանման ժամկետի նշումով.

սույն Համաձայնագրին համապատասխան անձեռնմխելիությունից օգտվող` Կենտրոնի ռուսական անձնակազմի ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների բնակության վայրերի հասցեները:

 

Հոդված 21

 

Այլ միջազգային պայմանագրերի գործողությունը

 

Սույն Համաձայնագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես սույն Համաձայնագրի Կողմերին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերին համապատասխան տրամադրված իրավունքների, արտոնությունների, անձեռնմխելիությունների ոտնահարում:

 

Հոդված 22

 

Հայաստանի Հանրապետության միջազգային-իրավական պատասխանատվության շրջանակը

 

Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում Կենտրոնի տեղակայման հետևանքով չի կրում միջազգային պատասխանատվություն իրենց պարտականությունների շրջանակներում գործող կամ գործողություններից զերծ մնացող` Կենտրոնի և նրա պաշտոնատար անձանց գործողությունների և թերացումների համար` բացառությամբ այն պատասխանատվության, որը Հայաստանի Հանրապետությունը կրում է որպես Կենտրոնի մասնակից պետություն:

 

Հոդված 23

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հարգելու և պահպանելու` Կենտրոնի պարտականությունը

 

Կենտրոնը և սույն Համաձայնագրին համապատասխան արտոնություններից ու անձեռնմխելիություններից օգտվող բոլոր անձինք, առանց արտոնությունների և անձեռնմխելիության ոտնահարման, պարտավոր են հարգել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և ազգային ավանդույթները: Նրանք նաև պարտավոր են չմիջամտել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին:

 

Հոդված 24

 

Վեճերի լուծումը

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված` Կողմերի միջև ծագող վիճելի հարցերը լուծվում են Կողմերի միջև` բանակցությունների միջոցով:

 

Հոդված 25

 

Համաձայնագրի գործողությունը

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալուց հետո:

Համաձայնագիրը գործում է 2015 թվականի մայիսի 19-ի` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև` հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագրի գործողության ժամկետի սահմաններում:

Սույն Համաձայնագրի մեջ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն հոդվածով նախատեսված կարգով:

Կատարված է Երևան քաղաքում 2016 թվականի մարտի 18-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերը հավասարազոր են:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան