Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջԵՎ հեռահաղորդակցության ԵՎ փոստային կապի բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Տաջիկստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետև՝ Կողմեր,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության ժողովուրդների միջև առկա կապերի զարգացման ձգտումով` հիմնված փոխշահավետ համագործակցությունում իրավահավասարության վրա,
հաշվի առնելով այն, որ հեռահաղորդակցության և փոստային կապի բնագավառում երկկողմ հարաբերությունները պետք է կառուցվեն Համաշխարհային փոստային միության ակտերի դրույթներին և Էլեկտրակապի միջազգային միության խորհրդատվություններին, ինչպես նաև Կողմերի պետությունների մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերին խիստ համապատասխան,
համարելով, որ կապի բնագավառում փոխգործակցությունն ու համագործակցությունը պետք է զարգանան փոխօգնության հիման վրա,
ցանկանալով հաստատել իրավական, տնտեսական և տեխնոլոգիական սերտ հարաբերություններ` Կողմերի պետությունների միջև կապի միջոցների անխափան գործողության ապահովման նպատակով,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը, սույն Համաձայնագրին, իրենց պետությունների ազգային օրենսդրություններին և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան, իրականացնում են համագործակցություն հեռահաղորդակցության և փոստային կապի բնագավառում` պետական օպերատորների և էլեկտրական ու փոստային կապի ձեռնարկությունների ենթակառուցվածքների օգտագործմամբ:
Հոդված 2
Կողմերը միմյանց նախապես կտեղեկացնեն հեռահաղորդակցության և փոստային կապի բնագավառում բոլոր փոփոխությունների, ինչպես նաև կապի ծառայությունների համար փոխադարձ հաշվարկների կարգի մասին:
Հոդված 3
Կողմերը փոխշահավետ պայմաններով երաշխավորում են իրենց պետությունների տարածքներով հեռահաղորդակցության, փոստային առաքումների և հատուկ կապի բոլոր տեսակի ծառայությունների ազատ տարանցման իրականացումը:
Տարանցումը կատարվում է համաձայն նախնական պայմանավորվածության և Կողմերի պետությունների համապատասխան մարմինների կողմից հաստատված երթուղու, չվացուցակի և սակագների:
Հոդված 4
Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև դրամական փոստային փոխանցումների փոխանակման և կանխիկ դրամական միջոցների փոխադարձ հաշվարկների կատարման կարգը որոշվում է Կողմերի պետությունների օրենսդրություններին և այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը:
Հոդված 5
Սույն Համաձայնագրի կատարումից բխող հաշվարկներն ու վճարումները կկատարվեն Կողմերի պետությունների միջև գործող պայմանագրերին համապատասխան:
Կապի ծառայությունների տրամադրման բոլոր փոխհաշվարկները կկատարվեն կենտրոնացված` համապատասխան ծառայությունների և լիազորված բանկերի միջոցով՝ Կողմերի պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան:
Հոդված 6
Կողմերը միմյանց նկատմամբ չեն կիրառի խտրական միջոցներ, որոնք կխոչընդոտեն կամ կդժվարացնեն Կողմերի կապի վարչակազմերի գործունեությունը երրորդ պետություններում և համապատասխան միջազգային կազմակերպություններում:
Հոդված 7
Կողմերը միմյանց աջակցություն կցուցաբերեն իրենց պետությունների տարածքներում մյուս Կողմի պարբերականների բաժանորդագրության և մանրածախ վաճառքի տարածման կազմակերպման հարցում՝ Կողմերի պետությունների կամ նրանց համապատասխան գերատեսչությունների և կազմակերպությունների միջև պայմանագրերով կամ համաձայնագրերով համաձայնեցված ծավալներով:
Հոդված 8
Կողմերը անհրաժեշտության դեպքում, իրենց իրավասությունների շրջանակներում կխորհրդակցեն ռադիոհաճախականությունների օգտագործման հարցերում` իրենց պետությունների գործող կանոններին և օրենսդրություններին, Կողմերի պետությունների մասնակցությամբ միջազգային պայմանագրերին, Էլեկտրակապի միջազգային միության խորհրդատվություններին համապատասխան:
Այդպիսի համակարգումը կատարվում է նամակների փոխանակման կամ առանձին համաձայնագրերի ստորագրման միջոցով:
Հոդված 9
Կողմերի՝ ծառայությունների տրամադրմանը մասնակցող կապի բոլոր ձեռնարկությունները սպառողների առջև հավասար պատասխանատվություն են կրում ժամանակին և որակյալ ծառայության համար:
Միջազգային փոստային կապի և միջազգային հեռահաղորդակցման ալիքների կապի ոչ որակյալ աշխատանքի համար բողոքների քննման կարգը սահմանվում է Համաշխարհային փոստային միության ակտերով և Էլեկտրակապի միջազգային միության խորհրդատվություններով:
Հոդված 10
Հեռախոսավարների, հեռագրիչների, տեխնիկական անձնակազմի, կապի ձեռնարկությունների փոստային աշխատակիցների միջև ծառայողական տեղեկության և ծառայողական փաստաթղթերի փոխանակման համար ռուսերենը կամ անգլերենը օգտագործվում են որպես աշխատանքային լեզուներ:
Կողմերի պետությունների կողմից փոխանցվող փոստային առաքումների և հեռագրերի հասցեները ձևակերպվում են ռուսերեն կամ անգլերեն կամ լատիներեն տառերով և արաբական թվերով:
Հեռագրերի տեքստերը կարող են ընդունվել և փոխանցվել լատիներեն տառերով:
Հոդված 11
Միջպետական հաղորդակցությունների և տեղեկության փոխանցման տեխնոլոգիական գործընթացներում Կողմերը կապի ձեռնարկություններում կիրառում են միասնական համաձայնեցված ժամանակ` մոսկովյան (ըստ Գրինվիչի):
Հոդված 12
Կողմերն աջակցում են օպերատիվ-տեխնիկական կառավարման իրենց համակարգերի փոխգործակցությանը` գործող տեխնոլոգիական գործընթացներին համապատասխան:
Կողմերը կապի միջոցներով ապահովում են հաղորդակցությունների առաջնահերթ փոխանցումն արտակարգ իրավիճակների և դրանց հետևանքների վերացման ընթացքում:
Կողմերը փոխադարձ օգնություն են ցուցաբերում միջազգային կապի գծերում վթարների հետևանքների վերացման ժամանակ:
Վերականգման աշխատանքների կատարման ընթացքում փոխգործակցության կարգը մշակվում և համաձայնեցվում է Կողմերի պետությունների կապի վարչակազմերի կողմից:
Հոդված 13
Կողմերը համաձայնեցնում են միջպետական նշանակություն ունեցող կապի օբյեկտների կառուցման և շաhագործման նորմերը և կանոնները:
Անհրաժեշտության դեպքում աջակցում են համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը և համատեղ նախագծերի իրականացմանը:
Հոդված 14
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի՝ նախկինում իրենց կողմից կնքված այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները:
Հոդված 15
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման ժամանակ Կողմերի միջև առաջացած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են Կողմերի միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 16
Սույն Համաձայնագրում փոխադարձ համաձայնությամբ և Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք կձևակերպվեն դրա անբաժանելի մաս կազմող առանձին արձանագրություններով:
Հոդված 17
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից:
Սույն Համաձայնագիրը գործում է 5 (հինգ) տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի ծանուցում դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է այդպիսի ծանուցումն ստանալուց 6 (վեց) ամիս հետո:
Կատարված է Երևան քաղաքում 2017 թվականի հունիսի 14-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, տաջիկերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2018թ. փետրվարի 8-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|