Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԿՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարությունը (այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր),
նպատակ ունենալով հետագայում խթանելու իրենց պետությունների միջև բարեկամական հարաբերությունները և դյուրացնելու իրենց քաղաքացիների փոխադարձ այցելությունները,
անցկացնելով երկու պետությունների միջև վավեր սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման շուրջ բարեկամական խորհրդակցություններ՝ հավասարության և փոխադարձության հիման վրա,
համաձայնեցին հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ I
1. Հայաստանի Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչև իննսուն (90) օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պետության քաղաքացիները, ովքեր մտադիր են մուտք գործելու և գտնվելու մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում իննսուն (90)
օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում, կամ աշխատելու, սովորելու, բնակվելու, զբաղվելու լրագրությամբ կամ այլ գործունեությամբ, պետք է դիմեն նախապես մուտքի արտոնագիր ստանալու համար՝ Պայմանավորվող կողմերի պետությունների կիրառելի ազգային օրենսդրությանը համապատասխան:
ՀՈԴՎԱԾ II
Սույն Համաձայնագրի I հոդվածում նշված յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք են գործում, դուրս են գալիս կամ տարանցիկ երթևեկում են այն սահմանային անցակետերով, որոնք թույլատրված են գործելու որպես միջազգային ուղևորափոխադրումների համար նախատեսված՝ մուտքի, մեկնման կամ տարանցիկ երթևեկության անցակետեր և ղեկավարվում են օտարերկրացիների մուտք գործելու, ելքի կամ տարանցիկ երթևեկելու նկատմամբ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պետության կիրառելի օրենքներով և կարգավորումներով:
ՀՈԴՎԱԾ III
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իրենց գտնվելու ժամանակահատվածում ղեկավարվում են այդ Պայմանավորվող կողմի պետության գործող օրենքներով և կարգավորումներով:
2. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկի պետության քաղաքացիները, ովքեր չեն կատարում մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու պայմանները, ապա Պայմանավորվող կողմերի պետությունները արագ և արդյունավետ միջոցներ են ձեռնարկում այդպիսի քաղաքացիների նույնացման և նրանց՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի քաղաքացիության պետության տարածք անվտանգ ու օրինական կերպով վերադարձի համար:
ՀՈԴՎԱԾ IV
Սույն Համաձայնագրով չի սահմանափակվում որևէ Պայմանավորվող կողմի պետության համապատասխան մարմինների իրավունքը՝ արգելելու մյուս Պայմանավորվող կողմի պետության քաղաքացու մուտք գործելը իր տարածք, կրճատելու կամ դադարեցնելու իր տարածքում նրա գտնվելու ժամանակահատվածը՝ առանց իրենց կայացրած որոշման պատճառները ներկայացնելու, եթե նման անձը համարվում է persona non grata կամ անցանկալի անձ:
ՀՈԴՎԱԾ V
1. Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով փոխանակում են սույն Համաձայնագրի I հոդվածում նշված իրենց վավեր անձնագրերի նմուշները՝ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին իրավական ընթացակարգերի ավարտի մասին վերջին գրավոր ծանուցումն ստանալու ամսաթվին հաջորդող երեսուն (30) օրվա ընթացքում՝ սույն Համաձայնագրի IX հոդվածի համաձայն:
2. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը տրամադրում է նոր անձնագիր կամ փոխում է գործող անձնագրերը, ապա համապատասխան Պայմանավորվող կողմն անմիջապես ծանուցում է մյուս Պայմանավորվող կողմին այդ փոփոխությունների մասին և նոր կամ փոխված անձնագրերի ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 30 (երեսուն) օրվա ընթացքում դիվանագիտական ուղիներով այդ Կողմին է տրամադրում նոր կամ փոխված անձնագրերի նմուշները: Ծանուցումը պետք է ներառի նոր կամ փոխված անձնագրերի նմուշը և դրանց ուժի մեջ մտնելու մասին տեղեկատվություն:
ՀՈԴՎԱԾ VI
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ազգային անվտանգության, հասարակական կարգի, հանրային առողջության շահերից ելնելով կամ այլ պատճառներով ժամանակավորապես մասամբ կամ ամբողջությամբ կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով նախապես գրավոր ծանուցում է Համաձայնագրի գործողությունը կասեցնելու, իսկ հետագայում՝ կասեցումը չեղարկելու իր մտադրության մասին:
2. Այդպիսի կասեցումը կամ կասեցումը չեղարկելը ուժի մեջ է մտնում ծանուցումը դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմի ստացման ամսաթվից:
ՀՈԴՎԱԾ VII
Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման հետ կապված՝ Պայմանավորվող կողմերի միջև ծագող ցանկացած վեճ կարգավորվում է դիվանագիտական ուղիներով՝ խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով։
ՀՈԴՎԱԾ VIII
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք կձևակերպվեն սույն Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող առանձին արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի IX հոդվածի դրույթների համաձայն:
ՀՈԴՎԱԾ IX
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական պահանջները կատարելու մասին Պայմանավորվող կողմերի՝ դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցման ամսաթվին հաջորդող երեսուներորդ (30) օրը։
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ: Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը ցանկանում է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը, այդ մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում է մյուս Պայմանավորվող կողմին, և սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է ծանուցման ստացման ամսաթվին հաջորդող իննսուներորդ (90) օրը։
Սույնով հաստատվում է, որ Համաձայնագիրն ստորագրվում է երկու Կառավարությունների նշանակած ներկայացուցիչների կողմից:
Կատարված է Երևան քաղաքում, 2019 թվականի մայիսի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, չինարեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։ Մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|