Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.01/60(794) Հոդ.1388
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.10.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1836/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1836/02/08 
2010թ.      

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան
Դատավորներ՝ Ա. Խառատյան
                       Կ. Չիլինգարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈւնԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

 Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հոկտեմբերի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կլարա Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.02.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Հայկազ Թությանի հայցի ընդդեմ Կլարա Ասատրյանի՝ կառուցապատողի իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հայկազ Թությանը պահանջել է ճանաչել կառուցապատողի իրավունքը՝ Երևանի Խորենացի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 32 հասցեում գտնվող 67,4 քմ մակերեսով շինության նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 24.09.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2009 թվականի որոշմամբ Կլարա Ասատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է. Դատարանի 24.09.2008 թվականի վճիռը բեկանվել և ուղարկվել է նոր քննության:

Դատարանի 10.11.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.02.2010 թվականի որոշմամբ Դատարանի 10.11.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կլարա Ասատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայկազ Թությանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի հետազոտել և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա 22.01.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է այն հանգամանքը, որ վիճահարույց շինությունը կառուցվել է Կլարա Ասատրյանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.02.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն, գործում առկա յուրաքանչյուր ապացույց գնահատել է գործի բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, պարզել է վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը, որի արդյունքում կայացրել է հիմնավորված որոշում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի Օրջոնիկիձեի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 16.11.1991 թվականի որոշմամբ գրանցվել է «Արթուր-7» կոոպերատիվի կանոնադրությունը, և որպես կոոպերատիվի գործունեության հասցե նշվել է Երևանի Մարքսի (ներկայիս Խորենացի) փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 32 տունը՝ առանց լրացուցիչ կառուցումներ կատարելու իրավունքի (1-ին հատոր գ.թ. 41):

2) Երևանի Խորենացի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 32 հասցեում գտնվող ինքնակամ շինությունում, առանց լրացուցիչ կառուցումներ կատարելու իրավունքի գործունեություն է իրականացրել «Արթուր-7» կոոպերատիվը (1-ին հատոր գ.թ. 83):

3) 17.02.1999 թվականի նվիրատվության պայմանագրի և Երևանի քաղաքապետի 27.10.1998 թվականի թիվ 865 որոշման հիման վրա Կլարա Ասատրյանը դարձել է Երևանի Խորենացի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 32 տան և ինքնակամ շինության սեփականատերը (1-ին հատոր գ.թ. 72):

4) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 30.08.2005 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով մերժվել է Հայկազ և Սարգիս Թությանների հայցն ընդդեմ Կլարա Ասատրյանի, Երևանի քաղաքապետի` անօրինական կառույցն օրինականացնելու մասին որոշման մասը և դրա հիման վրա Կլարա Ասատրյանին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն ու հողատարածքի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու և շինության նկատմամբ Հայկազ Թությանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջները: Հայցի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ «հայցվորները չեն ներկայացրել որևէ գրավոր ապացույց վիճելի շինությունը իրենց կողմից կառուցելու վերաբերյալ» (1-րդ հատոր գ.թ. 76):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախկինում քննված՝ քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

2004 թվականին Հայկազ և Սարգիս Թությանները դիմել են դատարան Երևանի քաղաքապետի անօրինական կառույցն օրինականացնելու մասին որոշման մասը և դրա հիման վրա Կլարա Ասատրյանին Երևանի Մարքսի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 32 տան նկատմամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն ու հողատարածքի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու և շինության նկատմամբ Հայկազ Թությանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջներով, ինչը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.08.2005 թվականի վճռով մերժվել է: Հայցի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ «հայցվորները չեն ներկայացրել որևէ գրավոր ապացույց վիճելի շինությունն իրենց կողմից կառուցելու վերաբերյալ»:

 Սույն գործով Հայկազ Թությանը, դիմելով դատարան, պահանջել է ճանաչել կառուցապատողի իրավունքը՝ Երևանի Խորենացու փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 32 հասցեում գտնվող 67,4 քմ մակերեսով շինության նկատմամբ:

 Վերաքննիչ դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ նախկինում քննված՝ քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները սույն գործով կիրառելի չեն, քանի որ որպես հաստատված հանգամանք չի նշվել այն հանգամանքը, որ վիճելի շինությունը կառուցվել է Կլարա Ասատրյանի կողմից, «հետևաբար բողոք բերողի փաստարկը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը խախտելու վերաբերյալ անհիմն է»:

Այսինքն` Դատարանը նորից փորձել է ապացուցել դատական ակտերով հաստատված այն հանգամանքները, որոնք այլևս ապացուցման ենթակա չեն, մասնավորապես այն, որ Հակյազ Թությանը վիճելի շինության կառուցողը չէ:

Մինչդեռ վերը նշված օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում Դատարանն իրավունք չուներ քննարկման առարկա դարձնել վիճելի տարածքը Հայկազ Թությանի կողմից կառուցած լինելու հարցը և ճանաչել Հայկազ Թությանի կառուցապատողի իրավունքը:

 Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ սույն գործով Դատարանը նախկինում քննված՝ քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռներով հաստատված հանգամանքները կրկին քննարկման առարկա է դարձրել, ինչի հետևանքով խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը:

 Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրված այն պատճառաբանությանը, որ նախկինում քննված՝ քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները սույն գործով կիրառելի չեն, քանի որ որպես հաստատված հանգամանք չի նշվել այն հանգամանքը, որ վիճելի շինությունը կառուցվել է Կլարա Ասատրյանի կողմից, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն oրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

 Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

 Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառելիությանը, տվել է այդ հոդվածի անհիմն մեկնաբանություն: Մասնավորապես, սույն գործով վերոնշյալ հոդվածի կիրառման համար բավարար է այն հանգամանքը, որ Դատարանը կրկին անդրադարձել և քննության առարկա է դարձրել նախկինում քննված՝ քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքը, այն է` վիճելի շինությունը Հայկազ Թությանի կողմից կառուցած լինելու կամ չլինելու հանգամանքը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի կողմից վերոնշյալ հոդվածի կիրառելիությունը բացառվել է զուտ այն հիմքով, որ Դատարանի վճռով չի հաստատվել վիճելի շինությունը Կլարա Ասատրյանի կողմից կառուցված լինելու հանգամանքը, առանց հիմնավորելու այդ փաստի կարևորությունը և կապը վերոնշյալ հոդվածի կիրառման հետ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով՝ Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.02.2010 թվականի որոշումը և այն փոփոխել, Հայկազ Թությանի հայցը մերժել:

2. Հայկազ Թությանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ, որպես վճռաբեկ բողոքի համար նախատեսված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան