Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.01/60(794) Հոդ.1397
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.10.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/2448/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/2448/05/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ռ. Հակոբյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2010 թվականի հոկտեմբերի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 09.03.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր), «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), Նուբար Բաղդոյի, Արմինե Մարգարյանի, Նաիրա Խաչատրյանի, Ժաքուես Դեմիրճանի՝ Երևանի քաղաքապետի (այսուհետ՝ Քաղաքապետ) 18.07.2002 թվականի թիվ 1223-Ա, 25.08.2006 թվականի թիվ 1368-Ա և 13.05.2002 թվականի թիվ 786 որոշումները վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսյանը պահանջել է վերացնել Քաղաքապետի 18.07.2002 թվականի թիվ 1223-Ա, 25.08.2006 թվականի թիվ 1368-Ա և 13.05.2002 թվականի թիվ 786 որոշումները:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 09.03.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 65-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վիճարկվող վարչական ակտերը Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսյանի համար չեն կարող հանդիսանալ միջամտող վարչական ակտեր, քանի որ դրանք ընդունվել են մինչև Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսյանի կողմից 31.01.2008 թվականի թիվ 121 առուվաճառքի պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Գ.Չաուշ 51 հասցեում գտնվող հողամասը ձեռք բերելը:

Դատարանը հաշվի չի առել, որ վիճելի վարչական ակտերը հակասում են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 11-րդ կետին, ինչի ապացույցն է Քաղաքապետարանի 19.11.2009 թվականի թիվ 07/21935հ գրությունը և դրան կից վիճելի հողամասի իրավիճակային հատակագիծը, որը Դատարանը չի գնահատել ու դրա վերաբերյալ որևէ դիրքորոշում չի արտահայտել բողոքարկվող վճռում: Նշված հատակագծից երևում է, որ Ընկերությանը հատկացված հողամասի սահմաններում առկա է 500մմ տրամագծով խողովակաշար, ինչպես նաև Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսյանի հողամաս մարդկանց և մեքենաների համար ելումուտ ապահովող միակ ճանապարհը: Այսինքն՝ վիճարկվող վարչական ակտերով խոչընդոտներ են հարուցվել հողամասի նկատմամբ դրա սեփականատիրոջ տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքների իրականացման համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 09.03.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Քաղաքապետի 13.05.2002 թվականի «Աշտարակի խճուղի հ.2/1 հասցեում գտնվող մոդուլ-տաղավարի զբաղեցրած հողատարածքի սահմանների ճշտման մասին» թիվ 786 որոշման 1-ին կետի համաձայն՝ տարածքային 4-րդ գոտում գտնվող` Աշտարակի խճուղու հ.2/1 հասցեում գտնվող մոդուլ-տաղավարի զբաղեցրած 800,0 քմ մակերեսով հողատարածքը վարձակալության իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրվել է Հովսեփ Բղդոյանին (հատոր 3-րդ, գ.թ. 43):

2) Քաղաքապետի 18.07.2002 թվականի «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից գնված, նախկինում ՀՀ պաշտպանության նախարարության հ.51054 զորամասին պատկանող հիմնական շինությունների զբաղեցրած հողամասն Ընկերությանը տրամադրելու և Երևանի քաղաքապետի 14.06.1999թ. հ.779, 07.06.2000թ. հ.658, 20.12.2000թ. հ.1769 որոշումներով տրամադրված հողամասերին միասնական գլխավոր հատակագիծ տալու մասին» թիվ 1223-Ա որոշման 1-ին կետի համաձայն՝ Աշտարակի խճուղուն հարակից տարածքում «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից անշարժ գույքի 10.09.2001թ. առուվաճառքի պայմանագրով գնված ՀՀ պաշտպանության նախարարության հ.51054 զորամասի (նախկին 2-րդ տաքսամոտորային պարկ) հիմնական շինությունների զբաղեցրած 58395,5 քմ մակերեսով հողատարածքը վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով տրամադրվել է «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին: Նույն որոշման 2-րդ կետով չեղյալ է համարվել Քաղաքապետի 14.06.1999 թվականի թիվ 779, 07.06.2000 թվականի թիվ 658, 20.12.2000 թվականի 1769 և 24.05.2001 թվականի թիվ 510 որոշումների հիման վրա տրված թիվ 194-99, թիվ 561-00, թիվ 112-01 և 328-01 գլխավոր հատակագծերը, իսկ 3-րդ կետով Քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությանը հանձնարարվել է 14.06.1999 թվականի թիվ 779, 07.06.2000 թվականի թիվ 658, 20.12.2000 թվականի թիվ 1769 և 18.07.2002 թվականի թիվ 1223-Ա որոշումներով տրամադրված հողամասերի համար կազմել միասնական գլխավոր հատակագիծ (հատոր 3-րդ, գ.թ. 23):

3) Քաղաքապետի 25.08.2006 թվականի թիվ 1368-Ա որոշմամբ հաստատվել է 2006 թվականի օգոստոսի 21-ին կայացած պետական սեփականության հողերի աճուրդային վաճառքի արդյունքները, որի թիվ 4 հավելվածի համաձայն՝ Աշտարակի խճուղի թիվ 7/2 հասցեի հողամասի աճուրդի հաղթող (գնորդ) է ճանաչվել Արմինե Մարգարյանը (հատոր 3-րդ, գ.թ. 39-42):

4) Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-001-5-3 մատյանի 000053 համարի տակ գրանցված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2480625 վկայականի համաձայն՝ Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսյանը 31.01.2008 թվականի թիվ 121 առուվաճառքի պայմանագրով գնել է Երևանի Աջափնյակ համայնքի Գ. Չաուշ փողոցի թիվ 51 հասցեի հողամասը (հատոր 1-ին, գ.թ. 19-22):

5) Քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.07.2009 թվականի թիվ 18-06/2-1223 գրության համաձայն՝ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասը սպասարկող ավտոտրանսպորտի և հետիոտնի համար նախատեսված ճանապարհ է ծառայել և պետք է ծառայի «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին, Արմինե Մարգարյանին տրամադրված հողամասերի միջև նախկինում փաստացի գոյություն ունեցող ճանապարհը (որը հաշվի առնելով և ստացվել է Արմինե Մարգարյանին աճուրդային կարգով օտարված հողամասի տարօրինակ ուրվագիծը), որը տեղեկանքում անհայտ պատճառներով փոփոխվել է և ստացել ուրիշ ուղղվածություն: Միաժամանակ նշվել է, որ հողամասերը սպասարկող վերը նշված ճանապարհն այլ անձի հատկացված չէ (հատոր 3-րդ, գ.թ. 108):

6) Ըստ Քաղաքապետարանի 19.11.2009 թվականի թիվ 07/21935հ գրությանը կից ներկայացված Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսյանին, Ընկերությանը և Արմինե Մարգարյանին պատկանող հողամասերի իրավիճակային հատակագծի՝ այն ճանապարհը, որն ապահովում է դեպի Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսյանի հողամաս ավտոմեքենաների և հետիոտնի ելումուտը, անցնում է (հատվում է) Ընկերությանը և Արմինե Մարգարյանին հատկացված հողամասերով (հատոր 2-րդ, գ.թ. 183):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ՝ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն oրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի ցուցմունքը, գրավոր ապացույցները և իրեղեն ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տես՝ Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի թիվ 3-1843(ՎԴ) որոշումը):

Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:

Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ վիճարկվող որոշումները հայցվորի համար չեն կարող հանդիսանալ միջամտող վարչական ակտեր, և այդ որոշումներով նրա իրավունքների խախտման մասին խոսք լինել չի կարող այն պարզ պատճառով, որ դրանք ընդունվել են ավելի վաղ, քան հայցվորը 31.01.2008 թվականի թիվ 121 առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել Երևանի Աջափնյակ համայնքի Գ.Չաուշ փողոցի 51 հասցեի հողամասը, վճռել է հայցը մերժել:

Միաժամանակ Դատարանը նշել է, որ կողմերի ներկայացուցիչների ներկայացրած մյուս փաստարկները և գործի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցները նշանակություն չունեն գուրծի լուծման համար, ուստի դրանց գնահատման անհրաժեշտությունը բացակայում է:

Մինչդեռ Դատարանը, հայցի մերժման հիմքում դնելով վերոնշյալ հանգամանքը, չի պատճառաբանել իր այդ պնդումը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկվող ակտերի ավելի վաղ ընդունված լինելու հանգամանքը բավարար հիմք չէ արձանագրելու համար, որ վիճարկվող որոշումներով չեն խախտվում Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսյանի իրավունքներն ու օրինական շահերը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը պետք է անդրադառնար և քննության առարկա դարձներ վիճարկվող որոշումներով Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսյանի իրավունքներն ու օրինական շահերը խախտված լինել կամ չլինելու հարցը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 09.03.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

ՎԱբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ