Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ընդունման ամսաթիվ
31.05.2019
Ստորագրող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ստորագրման ամսաթիվ
31.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2022

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին

 

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,

ելնելով ԱՊՀ մասնակից պետությունների մշակույթների միջև պատմական կապերից,

դիտարկելով թանգարանը որպես պատմական հիշողություն, հանդուրժողականություն և միջմշակութային երկխոսության հնարավորություն ձևավորելու կարևորագույն ինստիտուտ,

ընդհանուր շահագրգռվածություն դրսևորելով թանգարանային գործի բնագավառում համագործակցության լավագույն ավանդույթները պահպանելու և ԱՊՀ մասնակից պետությունների միջև թանգարանացուցահանդեսային փոխանակումն ընդլայնելու գործում,

հիմնվելով «Մշակույթի բնագավառում համագործակցության մասին» 1992 թվականի մայիսի 15-ի համաձայնագրի, «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մշակութային համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին» 1995 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի (2011 թվականի հոկտեմբերի 18-ի արձանագրության խմբագրությամբ), «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության մասին» 2005 թվականի օգոստոսի 26-ի համաձայնագրի, 2011 թվականի մայիսի 19-ի՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ մշակույթի ոլորտում համագործակցության հայեցակարգի դրույթների վրա,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերն ստեղծում են բարենպաստ պայմաններ ԱՊՀ մասնակից պետությունների միջև թանգարանացուցահանդեսային փոխանակման զարգացման համար։

 

Հոդված 2

 

Կողմերը երաշխավորում են սույն համաձայնագրի մասնակից պետություններից մեկի կողմից սույն համաձայնագրի մյուս մասնակից պետությանը թանգարանացուցահանդեսային փոխանակման շրջանակներում ուղարկվող թանգարանային առարկաների պահպանվածության և ժամանակին վերադարձի, ինչպես նաև դատական անձեռնմխելիության, հայցի ապահովմանն ուղղված միջոցների նկատմամբ անձեռնմխելիության և դատարանի որոշումը կատարելու մասով անձեռնմխելիության ապահովումը։

 

Հոդված 3

 

Կողմերը խրախուսում են սույն համաձայնագրի մասնակից պետությունների պատմությանը, մշակույթին և արվեստին նվիրված համատեղ ցուցահանդեսային նախագծերի նախապատրաստումն ու իրագործումը, այդ թվում՝ համացանցի օգտագործմամբ։

 

Հոդված 4

 

Կողմերը նպաստում են սույն համաձայնագրի մասնակից պետությունների թանգարանների համատեղ գիտական ծրագրերի կազմակերպմանն ու իրագործմանը՝ հնագիտության, ռեստավրացիայի, փորձաքննության և ատրիբուցիայի, բնական ժառանգության ուսումնասիրության բնագավառում։

 

Հոդված 5

 

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մշակութային համագործակցության խորհրդի շրջանակներում Կողմերը պարբերաբար անցկացնում են խորհրդակցություններ թանգարանային գործի բնագավառում գիտահետազոտական աշխատանքների գերակա ուղղությունները որոշելու վերաբերյալ, կազմակերպում են գիտական տեղեկատվության միջթանգարանային փոխանակում, աջակցում են թանգարանագիտության վերաբերյալ տեղեկատվական տեղեկագրերի և գիտական ժողովածուների պատրաստմանն ու թողարկմանը։

 

Հոդված 6

 

Կողմերը խրախուսում են թանգարանային գործի բնագավառում արդիական խնդիրների շուրջ համատեղ գիտական, գիտագործնական համաժողովների ու սեմինարների, կլոր սեղանների անցկացումը, ինչպես նաև նպաստում են մասնագետների փոխադարձ մասնակցությանը սույն համաձայնագրի մասնակից պետություններում անցկացվող նույնանման միջոցառումներին։

 

Հոդված 7

 

Կողմերն իրականացնում են համագործակցություն թանգարանային աշխատողների, այդ թվում՝ հաշվառման և պահպանման գործունեության, էքսպոզիցիոն-ցուցահանդեսային գործունեության, էքսկուրսիոն, մշակութային ու լուսաբանման գործունեության գծով մասնագետների՝

թանգարանային առարկաների ռեստավրացիայի և պահպանման ոլորտում վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև միջթանգարանային ստաժավորումների, թանգարանային գործունեության հիմնական ուղղություններով վարպետության դասերի կազմակերպման, սույն համաձայնագրի մասնակից պետությունների առաջատար թանգարանային կենտրոններում հեռավար ուսուցման համար պայմանների ու տեխնիկական հնարավորությունների ստեղծման գործում։

 

Հոդված 8

 

Կողմերն իրականացնում են փորձի փոխանակում ցուցահանդեսների կազմակերպման ժամանակ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև թանգարանային առարկաների պահպանման, ռեստավրացիայի և կոնսերվացման բնագավառում։

 

Հոդված 9

 

Կողմերն իրականացնում են ներառական թանգարանային նախագծերի ու ծրագրերի իրագործմանն ուղղված՝ թանգարանների աշխատանքի փորձի փոխանակում։

 

Հոդված 10

 

Կողմերը սատարում են ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպության կողմից ԱՊՀ մասնակից պետություններում թանգարանային գործի մասսայականացմանն ուղղված՝ «թանգարանային գործ» ուղղվածությամբ ինտերնետ-ռեսուրսի ստեղծմանն ու զարգացմանը։

 

Հոդված 11

 

Կողմերը ցուցաբերում են փոխադարձ աջակցություն թանգարանային առարկաների պատկերների թվային պատճենների պատրաստման ու փոխանակման գործում՝ գիտական ու մշակութային գործունեության մեջ դրանք օգտագործելու նպատակով։

 

Հոդված 12

 

Կողմերը միավորում են ջանքերը ԱՊՀ մասնակից պետությունների ազգային թանգարանների հավաքածուներից կազմված մշակութային ժառանգության քարոզչության գործում։

 

Հոդված 13

 

Սույն համաձայնագրի կիրառման և մեկնաբանման առնչությամբ Կողմերի միջև ծագող վիճելի հարցերը կարգավորվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով կամ Կողմերի կողմից համաձայնեցված այլ ընթացակարգով:

 

Հոդված 14

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։

 

Հոդված 15

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել դրա անբաժանելի մասը հանդիսացող փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ։

 

Հոդված 16

 

Ուժի մեջ մտնելուց հետո սույն համաձայնագիրը բաց է ԱՊՀ ցանկացած մասնակից պետության կողմից միանալու համար՝ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու միջոցով։ Միացող պետության համար համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։

 

Հոդված 17

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն համաձայնագրից՝ դրա մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ։

Կատարված է Աշխաբադ քաղաքում, 2019 թվականի մայիսի 31-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։ Բնօրինակը պահվում է Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Ադրբեջանի Հանրապետության կառավարության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից՝

[ստորագրություն] վերապահումով

[ստորագրություն]

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝

Տաջիկստանի Հանրապետության կառավարության կողմից՝

[ստորագրություն] հատուկ կարծիք

[ստորագրություն]

 

Բելառուսի Հանրապետության կառավարության կողմից՝

Թուրքմենստանի կառավարության կողմից՝

[ստորագրություն]

[ստորագրություն]

 

Ղազախստանի Հանրապետության կառավարության կողմից

Ուզբեկստանի Հանրապետության կառավարության կողմից՝

[ստորագրություն]

[ստորագրություն]

 

Ղրղզստանի Հանրապետության կառավարության կողմից՝

Ուկրաինայի կառավարության կողմից՝

[ստորագրություն]

 

 

Մոլդովայի Հանրապետության կառավարության կողմից՝

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

 

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» 2019 թվականի մայիսի 31-ի համաձայնագրի

 

1. Բացառությամբ նախաբանի հինգերորդ պարբերության մեջ «(2011 թվականի հոկտեմբերի 18-ի արձանագրության խմբագրությամբ), «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության մասին» 2005 թվականի օգոստոսի 26-ի համաձայնագրի» արտահայտության, ինչպես նաև համաձայնագրի 2-րդ և 10-րդ հոդվածների։

2. Ադրբեջանի Հանրապետությունը կմասնակցի Համաձայնագրին՝ իր ազգային օրենսդրությանը համապատասխան։

3. Համաձայնագրում շարադրված ոչ մի իրավունք, պարտականություն և դրույթ Ադրբեջանի Հանրապետության կողմից չի կիրառվի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում իրականացվող գործունեության նկատմամբ, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի ազատել դրանք և ամբողջությամբ չի վերացրել ագրեսիայի հետևանքները։

Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում պատմամշակութային ու ճարտարապետական ժառանգության ոչնչացման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը։»

 

Ադրբեջանի Հանրապետության վարչապետ՝

 

 

[ստորագրություն]

Նովրուզ Մամեդով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ

 

Ադրբեջանի Հանրապետության կողմից՝ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի վերապահում ներկայացնելու առնչությամբ

 

Ադրբեջանի Հանրապետության կողմից՝ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի վերապահում ներկայացնելու առնչությամբ, որում Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունն աղավաղված է, հայկական կողմն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկական զտումների քաղաքականության իրականացման և ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) դեմ ռազմական ագրեսիայի սանձազերծման արդյունք է։ Ադրբեջանի Հանրապետությունը կրում է ամբողջ պատասխանատվությունը հայկական մշակութային ժառանգության ամբողջական վերացմանն ուղղված՝ տասնամյակներ շարունակ իրականացվող քաղաքականության համար, որի արդյունքներից մեկն էլ Հին Ջուղայի (Նախիջևան) հայկական գերեզմանոցի հազարավոր եզակի խաչքարերի ու տապանաքարերի վերացումն է։ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ չի կիրառի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի դրույթները՝ մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը»։

 

[ստորագրություն]

Փոխվարչապետ

Մ. Գրիգորյան