Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ «ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Հայաստան),
մի կողմից,
և
Եվրոպական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` հանդես գալով Եվրոպական միության անունից,
մյուս կողմից,
(այսուհետ՝ միասին՝ Կողմեր),
ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ «Մի կողմից` Հայաստանի Հանրապետության և մյուս կողմից` Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության ծրագրերին Հայաստանի մասնակցության ընդհանուր սկզբունքների մասին շրջանակային համաձայնագրի մասին Արձանագրությունը («Արձանագրություն»),1 որը սահմանում է, որ յուրաքանչյուր ծրագրում Հայաստանի մասնակցության հատուկ կարգն ու պայմանները, ներառյալ ֆինանսական ներդրման չափը, հաշվետվությունների և գնահատման ընթացակարգերը, սահմանվում են Հայաստանի իրավասու մարմինների և Եվրոպական հանձնաժողովի միջև Փոխըմբռնման հուշագրով2 սահմանված կարգով` համաձայն համապատասխան ծրագրերով սահմանված չափանիշների,
ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի կողմից 2021 թվականի ԵՄ 2021/695/3 կանոնակարգը, որով ստեղծվում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիրը (այսուհետ «Հորիզոն Եվրոպա» ծրագիր),
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ Եվրոպական միության ջանքերը՝ իր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով պատասխանելու գլոբալ մարտահրավերներին՝ ուղղված մարդկանց, մոլորակի և բարգավաճման գործողությունների ծրագրին՝ համաձայն ՄԱԿ-ի «Վերափոխելով մեր աշխարհը. կայուն զարգացման օրակարգ-2030»-ի և ընդունելով, որ հետազոտությունն ու նորարարությունը կայուն աճի, տնտեսական մրցունակության և գրավչության հիմնական շարժիչ ուժն ու կարևոր գործիքներն են,
ԸՆԴՈՒՆԵԼՈՎ 2021/695/ԵՄ կանոնակարգի հիմնական սկզբունքները,
ԸՆԴՈՒՆԵԼՈՎ նոր Եվրոպական հետազոտական տարածքի նպատակները` ուղղված ընդհանուր գիտական և տեխնոլոգիական տարածք և հետազոտությունների ու նորարարության միասնական շուկա ստեղծելուն, համալսարանների միջև համագործակցությանը և լավագույն փորձի ու հետազոտողների փոխանակմանը խթանելուն, հետազոտողների անդրսահմանային և միջոլորտային շարժունությունը հեշտացնելուն, գիտական արդյունքի և նորարարության ազատ տեղաշարժը ապահովելուն, ակադեմիական և գիտական հետազոտությունների ազատությանը խթանելուն, գիտական, կրթական և հաղորդակցության գործունեությանն աջակցելուն և մասնակից տնտեսությունների մրցունակությունն ու գրավչությունը բարձրացնելուն, և որ ասոցացված պետություններն այս գործընթացի հիմնական գործընկերներն են,
ՇԵՇՏԱԴՐԵԼՈՎ եվրոպական գործընկերությունների դերը համատեղ հետազոտական և նորարարական նախաձեռնությունների միջոցով լուծելու Եվրոպայի համար հրատապ մարտահրավերները՝ զգալիորեն նպաստելով հետազոտությունների և նորարարության ոլորտում Եվրոպական միության այն առաջնահերթություններին, որոնք պահանջում են կրիտիկական զանգված և երկարաժամկետ տեսլական, ինչպես նաև ասոցացված պետությունների ներգրավվածության կարևորությունը այդ գործընկերություններին,
ՑԱՆԿԱՆԱԼՈՎ ստեղծել փոխշահավետ պայմաններ՝ արժանապատիվ աշխատատեղեր ստեղծելու, Կողմերի նորարարական էկոհամակարգերն ամրապնդելու և դրանց աջակցելու համար՝ օժանդակելով ձեռնարկություններին ներմուծելու նորարարություններ և ընդարձակվելու Կողմերի շուկաներում և դյուրացնելով նորարարությունների յուրացումը, արդյունավետ կիրառումը և հասանելիությունը՝ ներառյալ կարողությունների զարգացումը,
ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, որ միմյանց հետազոտական և նորարարական ծրագրերին մասնակցությունը կլինի փոխշահավետ, և միաժամանակ ընդունելով, որ Կողմերին իրավունք է վերապահվում սահմանափակելու կամ պայմաններ նախատեսելու իրենց հետազոտական և նորարարական ծրագրերին մասնակցության համար՝ մասնավորապես այն դեպքերում, երբ այդ ծրագրերը վերաբերում են ռազմավարական ակտիվներին, շահերին, ինքնավարությանն ու անվտանգությանը,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ «Հորիզոն 2020» ծրագրին ասոցացման համաձայնագրի միջոցով հետազոտությունների և նորարարության բնագավառում Կողմերի հաստատված ընդհանուր նպատակները, արժեքները և ամուր կապերը և ընդունելով Կողմերի միջև փոխհարաբերություններն ու համագործակցությունը զարգացնելու, ամրապնդելու, խթանելու և ընդլայնելու ցանկությունը,
համաձայնեցին ներքոնշյալի շուրջ.
Հոդված 1
Ասոցացման առարկան
1. Հայաստանը՝ որպես ասոցացված պետություն, կմասնակցի «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին («Հորիզոն Եվրոպա» ծրագիր) և կաջակցի դրա բոլոր բաղադրիչներին, որին հղում է տրվում 2021/695/ ԵՄ կանոնակարգի Հոդված 4-ում և որը ներդրվել է 2021/764/ԵՄ4 որոշմամբ ստեղծված հատուկ ծրագրով՝ վերջիններիս ամենավերջին լրամշակված տեքստերի համաձայն և Նորարարությունների և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտին ֆինանսական հատկացումներ ուղղելու միջոցով:
2. Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի5 2021/819/ԵՄ կանոնակարգը և 2021/820/ԵՄ որոշումը6, վերջիններիս ամենավերջին լրամշակված տեքստերով, կկիրառվեն գիտական և նորարարական համայնքներում Հայաստանի իրավաբանական կազմավորումների մասնակցության համար:
Հոդված 2
«Հորիզոն Եվրոպա» ծրագրում մասնակցության կարգն ու պայմանները
1. Հայաստանը կմասնակցի «Հորիզոն Եվրոպա» ծրագրին՝ «Մի կողմից` Հայաստանի Հանրապետության և մյուս կողմից` Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետութան և Եվրոպական միության միջև Միության ծրագրերին Հայաստանի մասնակցության ընդհանուր սկզբունքների մասին շրջանակային համաձայնագրի մասին Արձանագրությամբ սահմանված կարգի, ինչպես նաև սույն Համաձայնագրով սահմանվող կարգի և պայմանների, սույն Համաձայնագրի Հոդված 1-ում թվարկված իրավական ակտերի, ինչպես նաև «Հորիզոն Եվրոպա» ծրագրի իրականացմանն առնչվող ցանկացած այլ կանոններին համաձայն` հիմք ընդունելով դրանց ամենավերջին լրամշակված տեքստերը:
2. Եթե այլ բան նախատեսված չէ սույն Հոդվածի 1-ին կետում հիշատակված կարգում և պայմաններում, այդ թվում` 2021/695/ԵՄ կանոնակարգի 22-րդ Հոդվածի 5-րդ կետի կիրառման դեպքում, Հայաստանում հիմնված իրավաբանական կազմավորումները կարող են մասնակցել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի անուղղակի գործողություններին Եվրոպական միությունում հիմնադրված իրավաբանական կազմավորումների համար նախատեսված համարժեք պայմաններով՝ հաշվի առնելով Եվրոպական միության սահմանափակող միջոցները7:
3. Նախքան 2021/695/ԵՄ կանոնակարգի 22-րդ Հոդվածի 5-րդ կետի շրջանակներում Եվրոպական միության ռազմավարական ակտիվների, շահերի, ինքնավարության կամ անվտանգության հետ առնչող գործողություններին Հայաստանում հիմնադրված իրավաբանական կազմավորումների մասնակցության հնարավորության հարցի վերաբերյալ որոշում կայացնելը, Հանձնաժողովը կարող է պահանջել հետևյալ հատուկ տեղեկատվությունը կամ հավաստիացումները.
ա) տեղեկատվություն առ այն, թե արդյոք Եվրոպական միությունում հիմնադրված իրավաբանական կազմավորումները փոխադարձ հասանելիություն ունեն կամ կունենան Հայաստանում գործող «Հորիզոն Եվրոպա» գործողությանը համարժեք և նախատեսվող ծրագրերին,
բ) տեղեկատվություն առ այն, թե արդյոք Հայաստանն ունի ներդրումների ուսումնասիրման ազգային մեխանիզմ և հավաստիացում առ այն, որ Հայաստանի իշխանությունները կզեկուցեն և կխորհրդակցեն Հանձնաժողովի հետ այն բոլոր հնարավոր դեպքերի մասին, երբ այդպիսի մեխանիզմի կիրառմամբ տեղեկացել են նախատեսվող օտարերկրյա ներդրումների կամ դրանց տնօրինման մասին այնպիսի կազմավորման կողմից, որը հիմնադրվել կամ կառավարվում է Հայաստանից դուրս գտնվող հայաստանյան իրավաբանական կազմավորման կողմից, որը ստացել է «Հորիզոն Եվրոպա»-ի ֆինանսավորում Եվրոպական միության ռազմավարական ակտիվների, շահերի, ինքնավարության կամ անվտանգության հետ կապված գործողությունների համար, այն պայմանով, որ Հանձնաժողովը Հայաստանին կտրամադրի Հայաստանում հիմնադրված համապատասխան իրավաբանական անձանց ցանկը՝ այդ կազմավորումների հետ դրամաշնորհային պայմանագրերի ստորագրումից հետո. և
գ) հավաստիացումներ առ այն, որ Հայաստանում հիմնադրված կազմավորումների կողմից վերոնշյալ գործողությունների արդյունքում մշակված որևէ արդյունք, տեխնոլոգիա, ծառայություն և ապրանք չի ենթարկվի սահմանափակումների ԵՄ անդամ պետություններ արտահանման համար՝ գործողության ընթացքում և գործողության ավարտից չորս տարի հետո: Հայաստանը, տարեկան կտրվածքով, գործողության ընթացքում և գործողության ավարտից հետո չորս տարի շարունակ կտրամադրի արտահանման համար ազգային սահմանափակումների ենթակա օբյեկտների լրամշակված ցանկը:
4. Հայաստանում հիմնադրված իրավաբանական կազմավորումները կարող են մասնակցել Միացյալ հետազոտական կենտրոնի (ՄՀԿ) կողմից իրականացվող ծրագրերին՝ Եվրոպական միության անդամ պետություններում հիմնադրված իրավաբանական կազմավորումների համար կիրառելի պայմաններով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ են սահմանափակումներ` սույն Հոդվածի 2-րդ և 3-րդ կետերից բխող մասնակցության շրջանակի համապատասխանությունն ապահովելու համար:
5. Եթե Եվրոպական միությունն իրականացնում է «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրի 185-րդ և 187-րդ հոդվածների կիրառմամբ, Հայաստանը և Հայաստանի իրավաբանական կազմավորումները կարող են մասնակցել այդ դրույթների հիման վրա ստեղծված իրավաբանական կառույցներին` համաձայն Եվրոպական միության իրավական ակտերի, որոնք ընդունվել կամ ընդունվելու են այդ կառույցների ստեղծման համար:
6. Հայաստանի ներկայացուցիչներին թույլատրվում է որպես դիտորդներ մասնակցել 2021/764/ԵՄ որոշման 14-րդ հոդվածում նշված կոմիտեում` առանց քվեարկելու իրավունքի և այն դեպքերում, երբ քննարկվող հարցերը վերաբերում են Հայաստանին:
Քվերակության ժամանակ կոմիտեները նիստերը կանցկացնեն առանց Հայաստանի ներկայացուցչի ներկայության: Հայաստանը կտեղեկացվի արդյունքերի մասին:
Այս պարբերության մեջ նշված մասնակցությունը, ինչպես նաև տեղեկատվության և փաստաթղթերի ստացման ընթացակարգերը, կիրականացվեն Եվրոպական միության անդամ պետությունների համար նախատեսված ձևաչափին համաձայն:
7. Եվրոպական հետազոտական տարածքի հարցերով Կոմիտեում և դրա ենթախմբերում Հայաստանի ներկայացուցչության ու մասնակցության ձևաչափը կսահմանվի Եվրոպական Միությանն ասոցացված պետությունների համար նախատեսված ձևաչափի համաձայն:
8. Հայաստանի ներկայացուցիչներն իրավունք ունեն մանակցելու ՄՀԿ կառավարիչների խորհրդի աշխատանքներին՝ առանց քվեարկելու իրավունքի: Համաձայն այս պայմանի՝ նշված մասնակցության՝ ներառյալ ելույթի, Հայաստանին վերաբերող տեղեկատվության և փաստաթղթերի ստացման ընթացակարգի ձևաչափը կսահմանվեն համաձայն Եվրոպական միության անդամ պետությունների ներկայացուցիչների համար նախատեսված ձևաչափի:
9. Հայաստանը կարող է մասնակցել Եվրոպական հետազոտական ենթակառուցվածքների կոնսորցիումին (ԵՀԵԿ)` Խորհրդի 723/2009/ԵՄ8 կանոնակարգի ամենավերջին լրամշակված տեքստի և ԵՀԵԿ-ը հիմնադրող իրավական ակտի համաձայն:
10. 2021/764/ԵՄ որոշման 14-րդ հոդվածում նշված կոմիտեի աշխատանքներին կամ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի իրականացմանն առնչվող այլ հանդիպումներին որպես դիտորդներ մասնակցող Հայաստանի ներկայացուցիչների և փորձագետների ճանապարհածախսն ու կեցության ծախսերը կփոխհատուցվեն Եվրոպական միության կողմից՝ համաձայն Եվրոպական միության անդամ պետությունների ներկայացուցիչների համար գործող ընթացակարգերի:
11. Կողմերը, գործող կանոնակարգերի շրջանակներում, կներդնեն բոլոր ջանքերը սույն Համաձայնագրով նախատեսված գործողություններին մասնակցող գիտնականների ազատ տեղաշարժը և կեցությունն ապահովելու, ինչպես նաև այդ գործողությունների համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների միջսահմանային տեղաշարժը հեշտացնելու համար:
12. Հայաստանը, անհրաժեշտության դեպքում, կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանում գնված կամ Հայաստան ներմուծված ապրանքներն ու ծառայությունները, որոնք մասամբ կամ ամբողջությամբ ֆինանսավորվում են սույն Համաձայնագրի դրամաշնորհային համաձայնագրերի և (կամ) գործունեության իրականացման համար կնքված պայմանագրերով, ազատվեն Հայաստանում գործող մաքսատուրքերից, ներմուծման տուրքերից և այլ հարկային վճարներից, ներառյալ ԱԱՀ-ից:
Հոդված 3
Ֆինանսական ներդրում
1. «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի կամ հայաստանյան իրավաբանական կազմավորումների մասնակցությունը կախված է Եվրոպական միության ընդհանուր բյուջեի (այսուհետ՝ Միության բյուջե) շրջանակներում Ծրագրին և դրա կառավարմանը, իրականացմանը և գործառնական ծախսերի ուղղությամբ Հայաստանի կատարած ֆինանսական ներդրումից:
2. Ֆինանսական ներդրումը հետևյալ երկու վճարումների գումարն է`
ա) գործառնական ներդրում,
բ) մասնակցության վճար:
3. Ֆինանսական ներդրումը կկատարվի տարեկան երկու վճարումների միջոցով ոչ ուշ, քան մայիս և հուլիս ամիսներին:
4. Գործառնական ներդրումը կուղղվի Ծրագրի գործառնական և օժանդակ ծախսերին և կլինի լրացուցիչ միջոց «Հորիզոն Եվրոպա» ծրագրի համար վերջնականապես ընդունված Միության բյուջեի ինչպես պարտավորությունների, այնպես էլ վճարումների մասով մուտքագրված գումարների նկատմամբ, ներառյալ ցանկացած հատկացումներ, որոնք համապատասխանում են Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի9 2018/1046/ԵՄ կանոնակարգի (ԵՄ, Եվրատոմ) 15-րդ հոդվածի 3-րդ մասին` վերջինիս ամենավերջին լրամշակված տարբերակով (այսուհետ՝ Ֆինանսական կարգավորում), և կավելացվի արտաքին եկամուտների հաշվին, որոնք չեն առաջացել այլ դոնորների10 կողմից «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ֆինանսական ներդրումների արդյունքում:
Խորհրդի 2020/2094/ԵՄ Կանոնակարգի 3.1 հոդվածի համաձայն, որով ստեղծվում է COVID-19 համավարակից11 հետո վերականգնմանն աջակցելու նպատակով Եվրոպական միության վերականգնման գործիքը, «Հորիզոն Եվրոպա» ծրագրին հատկացվող արտաքին եկամուտների համար այդ ավելացումը կհամապատասխանի Հանձնաժողովի «Հորիզոն Եվրոպա» ծրագրի բյուջեի նախագծին կից փաստաթղթերով նշվող տարեկան հատկացումներին:
5. Սկզբնական գործառնական ներդրումը հիմնված կլինի ներդրման բանալու վրա, որն իրենից ներկայացնում է Հայաստանի շուկայական գներով հաշվարկված համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) և շուկայական գներով հաշվարկված Եվրոպական միության ՀՆԱ-ի միջև հարաբերակցությունը: Հիմք ընդունվող ՀՆԱ-ները հաշվարկվում են Հանձնաժողովի հատուկ ծառայությունների կողմից` հիմնվելով բյուջեի հաշվարկների՝ վճարման տարեթվին նախորդող տարվա համար հասանելի ամենավերջին վիճակագրական տվյալների վրա: Բացառության կարգով 2021 թվականի համար սկզբնական գործառնական վճարի համար հիմք կընդունվի 2019 թվականի շուկայական գներով հաշվարկված ՀՆԱ-ն: Այդ վճարման բանալու ճշգրտումները շարադրված են Հավելված 1-ում:
6. Սկզբնական գործառնական ներդրումը կհաշվարկվի «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ֆինանսավորման համար տվյալ տարվա համար հաստատված Եվրոպական միության բյուջե մուտքագրված սկզբնական պարտավորությունների հատկացումների նկատմամբ ճշգրտված ներդրման բանալու կիրառմամբ և կավելանա սույն Հոդվածի 4-րդ կետի համաձայն:
7. Մասնակցության վճարը կկազմի սույն Հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն հաշվարկված տարեկան սկզբնական գործառնական ներդրման 4%-ը, որը կմարվի փուլային կերպով, ինչպես սահմանված է Հավելված 1-ում: Մասնակցության վճարը ենթակա չէ հետադարձ ճշգրտումների կամ ուղղումների:
8. N տարվա համար կատարված սկզբնական գործառնական ներդրումը կարող է հետադարձ կերպով ճշգրտվել՝ ավելացվել կամ նվազեցվել, հաջորդող տարում կամ տարիների ընթացքում` ելնելով տվյալ N տարվա հատկացումների գծով ստանձնած բյուջետային պարտավորություններից, որոնք ավելացվել են սույն Հոդվածի 4-րդ կետի համաձայն և իրավական պարտավորությունների կատարման և պարտավորությունների հետ կանչման հանգամանքն հաշվի առնելով: Սույն Հոդվածի կիրառման մանրամասն դրույթները սահմանված են Հավելված 1-ում:
9. Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի տեղեկատվություն վերջինիս ֆինանսական մասով մասնակցության վերաբերյալ, որը ներառված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի վերաբերյալ Եվրոպական միության բյուջեի և պարտքի գծով մարմիններին տրամադրվող բյուջետային, հաշվապահական հաշվառման, կատարողականի և գնահատման հետ կապված տեղեկատվության մեջ: Այդ տեղեկատվությունը կտրամադրվի Եվրոպական միության և Հայաստանի միջև գաղտնիության և տվյալների պաշտպանության կանոնների պահպանմամբ և չի շոշափի այն տեղեկատվությունը, որը Հայաստանն իրավունք ունի ստանալու Հավելված 3-ի համաձայն:
10. Հայաստանի բոլոր ներդրումները կամ Եվրոպական միության կողմից կատարվող վճարումները, ինչպես նաև վճարման ենթակա կամ ստացվող գումարների հաշվարկը կատարվում է եվրոյով:
Հոդված 4
Ինքնաբերաբար ուղղման մեխանիզմ
1. Հայաստանի N տարվա սկզբնական գործառնական ներդրման՝ ճշգրտված Հոդված 3-ի 8-րդ կետի համաձայն, ինքնաբերաբար ուղղման մեխանիզմը կկիրառվի և կհաշվարկվի N + 2 տարում: Այն կհիմնվի «Հորիզոն Եվրոպա» ծրագրի այն մասերին Հայաստանի իրավաբանական կազմավորումների մասնակցության կատարողականի վրա, որոնք իրականացվում են N տարվանից Հոդվածի 3-ի 4-րդ մասի համաձայն աճող ֆինանսական պարտավորությունների հաշվին մրցութային կարգով ֆինանսավորվող դրամաշնորհների միջոցով:
Ինքնաբերաբար ուղղման չափը հաշվարկվում է` հիմնվելով հետևյալ տարբերության վրա.
ա) մրցութային դրամաշնորհների գծով N տարվա հատկացումների հաշվին Հայաստանի մասնակցությամբ կամ Հայաստանի իրավաբանական կազմավորումների հետ կնքված փաստացի իրավական պարտավորությունների համար գումարի՝ ավելացված սույն Համաձայնագրի 3-րդ Հոդվածի 4-րդ կետի համաձայն, և
բ) Հայաստանի կողմից N տարվա համար վճարված գործառնական ներդրման գումարի` ճշգրտված 3-րդ Հոդվածի 8-րդ մասի համաձայն, բացառությամբ 3-րդ Հոդվածի 4-րդ կետի համաձայն ավելացված N տարվանից ստանձնած պարտավորությունների հաշվին կատարված չմիջնորդավորված ծախսերի:
2. Եթե 1-ին պարբերությունում նշված գումարը, լինի այն դրական, թե բացասական, գերազանցում է 3-րդ Հոդվածի 8-րդ կետի համաձայն ճշգրտված համապատասխան նախնական գործառնական ներդրման 8%-ը, Հայաստանի առաջին գործառնական ներդրումը N տարվա համար ենթակա է ուղղման: Ինքնաբերաբար ուղղման մեխանիզմի ներքո Հայաստանի հավելյալ ներդրման ծավալը կամ ներդրման կրճատման ծավալը կլինի 8%-ի շեմը գերազանցող գումարը, 8%-ից ցածր գումարը հաշվի չի առնվի վճարվող կամ փոխհատուցվող հավելյալ ներդրումը հաշվարկելու համար:
3. Ինքնաբերաբար ուղղման մեխանիզմի վերաբերյալ մանրամասն կանոնները սահմանված են Հավելված 1-ում:
Հոդված 5
Փոխադարձություն
1. Եվրոպական միությունում հիմնադրված իրավաբանական կազմավորումները կարող են մասնակցել «Հորիզոն Եվրոպա» ծրագրին համարժեք հայաստանյան ծրագրերին` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
2. Հայաստանի համարժեք ծրագրերի ոչ վերջնական ցանկը բերված է Հավելված 2-ում:
3. Հայաստանի կողմից Միությունում հիմնադրված իրավաբանական կազմավորումների ֆինանսավորումը կիրականացվի Հայաստանի` հետազոտությունների և նորարարության ծրագրերի իրականացումն ապահովող օրենսդրության համաձայն: Այն դեպքերում, երբ ֆինանսավորում նախատեսված չէ, Միությունում հիմնադրված իրավաբանական կազմավորումները կմասնակցեն իրենց միջոցներով:
4.
Հոդված 6
Բաց գիտություն
Կողմերը երկուստեք կխթանեն և կխրախուսեն բաց գիտության սկզբունքները՝ իրենց ծրագրերում՝ համաձայն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կանոնների և Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
Հոդված 7
Մշտադիտարկում, գնահատում և հաշվետվության ներկայացում
1. Չշոշափելով Ծրագրի մշտադիտարկման և գնահատման առնչությամբ Հանձնաժողովի, Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի և Աուդիտորների եվրոպական դատարանի պատասխանատվության շրջանակը՝ Հայաստանի մասնակցությունը Ծրագրին մշտապես կենթարկվի մշտադիտարկման՝ գործընկերության հիմքով՝ ընդգրկելով Հայաստանին և Հանձնաժողովին:
2. Կանոնները, որոնք առնչվում են ֆինանսների ապահով կառավարմանը՝ ներառյալ սույն Համաձայնագրից բխող Եվրոպական միության կողմից տրամադրվող ֆինանսների հսկողությունը, հատուցումը և այլ՝ խարդախության դեմ ուղղված միջոցները, սահմանված են Հավելված 3-ում:
Հոդված 8
Հետազոտությունների և նորարարության հարցերով Հայաստան- ԵՄ համատեղ կոմիտե
1. Սույնով հիմնադրվում է «Հետազոտությունների և նորարարության հարցերով Հայաստան-ԵՄ համատեղ կոմիտեն (այսուհետ՝ Հայաստան-ԵՄ համատեղ կոմիտե): Հայաստան-ԵՄ համատեղ կոմիտեի գործառույթները ներառում են՝
ա) սույն Համաձայնագրի կիրառման դիտարկման, գնահատման և վերանայման ապահովում, մասնավորապես հետևյալ հարցերում՝
1. «Հորիզոն Եվրոպա» ծրագրին հայաստանյան իրավաբանական կազմավորումների մասնակցությունը ու վերջիններիս կատարողականը,
2. Կողմերից յուրաքանչյուրում հիմնադրված իրավաբանական կազմավորումների համար (փոխադարձ) մատչելիության մակարդակը՝ մյուս Կողմի կողմից ծրագրերին և նախագծերին,
3. ֆինանսական պարտավորությունների կատարումը և ինքնաբերաբար ուղղման մեխանիզմի գործարկումը` համաձայն Հոդված 3-ի և Հոդված 4-ի,
4. տեղեկատվության փոխանակումը և արդյունքների օգտագործման, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքի վերաբերյալ ցանկացած հնարավոր հարցի քննությունը:
բ) Կողմերից մեկի խնդրանքով՝ Կողմերի հետազոտությունների և նորարարության ծրագրերի՝ մասնավորապես ռազմավարական ակտիվների, շահերի, ինքնավարության կամ անվտանգության հետ կապված գործողությունների հասանելիության առումով կիրառվող կամ նախատեսվող սահմանափակումների հարցի շուրջ քննարկումներ,
գ) համագործակցության զարգացման և բարելավման հարցերի վերաբերյալ քննարկումներ,
դ) համատեղ քննարկումներ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների և նորարարության , ինչպես նաև հետազոտությունների ոլորտում ապագա ուղղությունների և առաջնահերթությունների շուրջ,
ե) տեղեկատվության փոխանակում, ի թիվս այլ hարցերի, սույն Համաձայնագրի իրականացման համար կարևոր նոր օրենսդրության, որոշումների կամ ազգային հետազոտական և նորարարական ծրագրերի վերաբերյալ:
2. Հայաստան-ԵՄ համատեղ կոմիտեն, որը բաղկացած է Հայաստանի և Եվրոպական միության ներկայացուցիչներից, կընդունի իր գործունեության կանոնները:
3. Հայաստան-ԵՄ համատեղ կոմիտեն կարող է որոշել ստեղծել աշխատանքային խումբ/խորհրդատվական մարմին՝ փորձագիտական մակարդակով և ժամանակավոր հիմունքներով, սույն Համաձայնագրի իրագործմանն օժանդակելու նպատակով:
4. Հայաստան-ԵՄ համատեղ կոմիտեն հանդիպում է տարեկան առնվազն մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում՝ նաև Կողմերից մեկի խնդրանքով: Հայաստանի ազգային մարմինը և Եվրոպական միությունը հանդիպումները կկազմակերպեն և մյուս Կողմին կհյուրընկալեն հերթականությամբ:
5. Հայաստան-ԵՄ համատեղ կոմիտեն աշխատում է մշտական հիմունքներով` իրականացնելով մասնավորապես Հայաստանի իրավաբանական կազմավորումների մասնակցությանը/կատարողականին վերաբերող համապատասխան տեղեկատվության փոխանակում՝ հաղորդակցության ցանկացած միջոցով: Հայաստան-ԵՄ համատեղ կոմիտեն անհրաժեշտության դեպքում կարող է իր գործունեությունն իրականացնել գրավոր:
Հոդված 9
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Կողմերը միմյանց ծանուցում են անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտի մասին:
2. Սույն Համաձայնագիրը կիրառելի է 2021 թվականի հունվարից: Այն ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կողմից ֆինանսավորվող բոլոր նախագծերի և (կամ) գործողությունների [կամ դրանց մասերի], ԵՄ ֆինանսական շահերը պաշտպանող գործողությունների և սույն Համաձայնագրից բխող Կողմերի բոլոր ֆինանսական պարտավորությունների կատարման ավարտի համար:
3. Սույն Համաձայնագրի կիրառումը կարող է ժամանակավոր կասեցվել Եվրոպական միության կողմից` Հայաստանի կողմից սույն Համաձայնագրով ստանձնած ֆինանսական պարտավորությունները մասնակի կամ ամբողջությամբ չվճարելու դեպքում:
Չվճարելու դեպքում, որը կարող է վտանգել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի իրականացումը և կառավարումը, Հանձնաժողովը Հայաստանին կուղարկի հիշեցման պաշտոնական գրության: Եթե վերջինիս ուղարկման օրվանից 20 օրվա ընթացքում վճարում չի կատարվում, Հանձնաժողովի կողմից Հայաստանին կուղարկվի սույն Համաձայնագրի ժամանակավոր կասեցման մասին պաշտոնական ծանուցում, որն ուժի մեջ կմտնի Հայաստանի կողմից այդ ծանուցումը ստանալուց հետո 15-րդ օրը:
Սույն Համաձայնագրի ժամանակավոր կասեցման դեպքում, Հայաստանում հիմնադրված իրավաբանական կազմավորումներն իրավունք չունեն մասնակցելու կասեցման ուժի մեջ մտնելու ընթացքում ընթացող դրամաշնորհների հանձնման գործընթացներին: Դրամաշնորհի հանձնման գործընթացը կհամարվի իրականացված, երբ կսկսեն գործել այդ գործընթացի արդյունքում առաջացած իրավական պարտավորությունները:
Կասեցումը չի ազդում այն իրավական պարտավորությունների վրա, որոնք կնքվել են Հայաստանում հիմնադրված իրավաբանական կազմավորումների հետ մինչև կասեցման ուժի մեջ մտնելը: Սույն Համաձայնագիրը կշարունակի կիրառվել այդպիսի իրավական պարտավորությունների նկատմամբ:
Եվրոպական միությունն անմիջապես կտեղեկացնի Հայաստանին վճարման ենթակա գումարը ստանալու մասին: Կասեցումն անմիջապես վերացվում է՝ ծանուցումն ուղարկելու պահից:
Կասեցումը վերացնելու օրվանից Հայաստանի իրավաբանական կազմավորումները կրկին իրավունք են ձեռք բերում մասնակցելու կասեցման դադարեցումից հետո կամ դրանից առաջ հայտարարված և ընթացքում գտնվող դրամաշնորհային ծրագրերի մրցույթներին:
4. Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել ցանկացած ժամանակ, Կողմերից յուրաքանչյուրի կողմից՝ Ծրագրի մասնակցությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցման միջոցով: Գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում գրավոր ծանուցումը հասցեատիրոջը հասնելու օրվանից երեք օրացուցային ամիս հետո: Համաձայնագրի գործողության դադարեցման օր է հանդիսանում դադարեցումն ուժի մեջ մտնելու օրը:
5. Եթե սույն Համաձայնագիրը դադարեցվում է սույն Հոդվածի 4-րդ պարբերության համաձայն, Կողմերը համաձայնում են, որ.
ա) նախագծերը և (կամ) գործողությունները [կամ դրանց մասերը], որոնց մասով ստանձնվել են իրավական պարտավորություններ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, և մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը կամ գործողության ավարտը, շարունակվում են մինչ դրանց ավարտը` սույն Համաձայնագրով սահմանված պայմաններով,
բ) N տարվա տարեկան ֆինանսական ներդրումը, որի ընթացքում սույն Համաձայնագիրը դադարում է գործել, կվճարվի ամբողջությամբ՝ համաձայն Հոդված 3-ի: N տարվա գործառնական ներդրումը ճշգրտվում է 3-րդ Հոդվածի 8-րդ մասի համաձայն և ուղղվում է սույն Համաձայնագրի 4-րդ Հոդվածին համապատասխան: N տարվա համար վճարված մասնակցության վճարը ճշգրտման կամ ուղղման ենթակա չէ,
գ) Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման տարվանից հետո սկզբնական գործառնական վճարները, որոնք վճարվել են սույն Համաձայնագրի ուժի մեջ լինելու տարիների համար, ճշգրտվում են 3-րդ Հոդվածի 8-րդ մասի համաձայն և ինքնաբերաբար ուղղվում են` համաձայն սույն Համաձայնագրի 4-րդ Հոդվածի:
Կողմերն ընդհանուր համաձայնությամբ լուծում են սույն Համաձայնագրի դադարեցնելու պատճառով առաջ եկած բոլոր հետևանքները:
6. Սույն Համաձայնագրում փոփոխություններ կարող են կատարվել միայն գրավոր՝ Կողմերի ընդհանուր համաձայնությամբ: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտելու համար նախատեսված ընթացակարգով:
7. Հավելվածները կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Սույն Համաձայնագիրը կատարված է երկու բնօրինակից՝ հայերեն և անգլերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում ծագած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:
Կատարված է Բրյուսելում, 2021 թվականի նոյեմբերի 12-ին, 2 օրինակից, հայերեն և անգլերեն լեզուներով։
ՀԱՎԵԼՎԱԾ I. «Հորիզոն Եվրոպա» Ծրագրում (2021-2027 թթ.) Հայաստանի ֆինանսական ներդրումները կարգավորող կանոնները
ՀԱՎԵԼՎԱԾ II. Հայաստանում գործող համարժեք ծրագրերի ցանկ
ՀԱՎԵԼՎԱԾ III. Հուսալի ֆինանսական կառավարում
ՀԱՎԵԼՎԱԾ I
«Հորիզոն Եվրոպա» Ծրագրում (2021-2027 թթ.) Հայաստանի ֆինանսական ներդրումները կարգավորող կանոնները
I. Հայաստանի ֆինանսական ներդրման հաշվարկը
1. «Հորիզոն Եվրոպա» ծրագրում Հայաստանի ֆինանսական ներդրման չափը սահմանվում է տարեկան կտրվածքով` Ծրագրի կառավարման, կիրառման և գործարկման համար անհրաժեշտ հատկացումներ կատարելու նպատակով, Եվրոպական միության ընդհանուր բյուջեում տվյալ տարում առկա միջոցներին համամասնորեն և ի հավելումն այդ միջոցներին, և այն աճում է սույն Համաձայնագրի Հոդված 3-ի 4-րդ կետի համաձայն:
2. Սույն Համաձայնագրի Հոդված 3-ի 7-րդ կետում նշվող մասնակցության վճարը կկատարվի փուլային եղանակով՝
- 2021՝ 0,5%,
- 2022՝ 1%,
- 2023՝ 1,5%,
- 2024՝ 2%,
- 2025՝ 2,5%,
- 2026՝ 3%,
- 2027՝ 4%:
3. Սույն Համաձայնագրի 3-րդ Հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցության համար Հայաստանի կողմից վճարվելիք գործառնական ներդրման չափը հաշվարկվում է համապատասխան ֆինանսական տարիների համար` կիրառելով ճշգրտում ներդրման բանալու նկատմամբ:
Ներդրման ճշգրտումը ունի հետևյալ տեսքը՝
Ճշգրտված ներդրման բանալին հավասար է՝
ներդրման բանալի X գործակից:
Վերոնշյալ հաշվարկում ներդրման բանալու ճշգրտման համար կիրառվող գործակիցը [0,05] է:
4. Սույն Համաձայնագրի 3-րդ Հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ N տարվա բյուջեի կատարման հետ կապված առաջին ճշգրտումը կատարվում է N + 1 տարում, երբ N տարվա սկզբնական գործառնական ներդրումը կճշգրտվի՝ հանգեցնելով վերջինիս ավելացման կամ նվազեցման՝ կախված հետևյալ կետերի միջև տարբերությունից.
ա) ներդրան չափի՝ հաշվարկված N տարվա համար ճշգրտված ներդրման բանալու կիրառմամբ հետևյալ գումարների նկատմամբ՝
1. Եվրոպական միության կողմից N տարվա բյուջեով ընդունված պարտավորությունների հատկացումների գծով կատարված բյուջետային պարտավորությունների և կրկին հասանելի դարձած հետ կանչված հանձնառությունների գծով հատկացումների,
2. արտաքին եկամուտի հիման վրա ստանձնած պարտավորությունների, որոնք չեն բխում «Հորիզոն Եվրոպա» ծրագրին այլ դոնորների ֆինանսական ներդրումից և որոնք հասանելի էին N տարվա վերջին:12. Համաձայն Խորհրդի 2020/2094/ԵՄ Կանոնակարգի 3-րդ հոդվածի 1-ին կետի, որով ստեղծում է Եվրոպական միության վերականգնման գործիքը COVID-19 համավարակից13 հետո վերականգնմանն աջակցելու համար, «Հորիզոն Եվրոպա» ծրագրին տրամադրվող արտաքին եկամտի համար կօգտագործվի Բազմամյա ֆինանսական ծրագրի (MFF) պլանում տարեկան ինդիկատիվ գումարների չափը՝ հաշվարկելու ճշգրտված ներդրման չափը:
բ) և N տարվա սկզբնական գործառնական ներդրման:
Սկսած N+2 տարվանից և յուրաքանչյուր հաջորդող տարի, մինչև սույն Համաձայնագրի Հոդված 3-ի 4-րդ կետի համաձայն աճած N տարվա պարտավորությունների գծով բյուջետային ողջ պարտավորությունների կատարումը կամ հետ կանչումը և «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ավարտից ամենաուշը 3 տարի հետո, Միությունը կճշգրտի N տարվա գործառնական ներդրման չափը՝ նվազեցնելով Հայաստանի գործառնական ներդրման գումարը այն չափով, որը կստացվի յուրաքանչյուր տարի հետ կանչված պարտավորությունների նկատմամբ N տարվա ներդրման բանալու կիրառումից կամ կրկին հասանելի դարձած հետ կանչված հանձնառություններից:
Եթե N տարվա արտաքին եկամուտից բխող գումարները (ներառյալ պարտավորությունների գծով հատկացումները, և Խորհրդի 2020/2094/ԵՄ Կանոնակարգերով նախատեսված գումարների համար՝ Բազմամյա ֆինանսական ծրագրի տարեկան ինդիկատիվ գումարները), որոնք չեն բխում «Հորիզոն Եվրոպա» ծրագրին այլ դոնորների կողմից կատարված ֆինանսական ներդրումներից, չեղարկվում են, ապա Հայաստանի գործառնական ներդրումը կրճատվում է` չեղարկված գումարի նկատմամբ N տարվա համար ճշգրտված ներդրման բանալու կիրառման արդյունքում ստացված գումարի չափով:
II. Հայաստանի գործառնական ներդրման ինքնաբերաբար ուղղումը
1. Սույն Համաձայնագրի Հոդված 4-ում նշված ինքնաբերաբերաբար ուղղման հաշվարկի համար կիրառվում են հետևյալ պայմանները՝
ա) «մրցութային դրամաշնորհներ»՝ այն դրամաշնորհներն են, որոնք հատկացվում են մրցույթների արդյունքների հիման վրա, որոնց դեպքում շահառուների վերջնական ցանկը կարող է որոշվել ինքնաբերաբար ուղղման հաշվարկման ընթացքում: Ֆինանսական կանոնակարգի 204 -րդ հոդվածի համաձայն բացառվում է ֆինանսական աջակցությունը երրորդ կողմերին.
բ) եթե իրավական պարտավորությունը կնքված է կոնսորցիումի հետ, ապա իրավական պարտավորության սկզբնական չափը կլինի հայաստանյան կազմակերպություններ հանդիսացող շահառուներին հատկացվող հանրագումարային գումարը՝ դրամաշնորհային պայմանագրի ինդիկատիվ բյուջեի կառուցվածքի համաձայն.
գ) մրցութային դրամաշնորհներին համապատասխանող իրավական պարտավորությունների համար գումարի չափը սահմանվում է Եվրոպական հանձնաժողովի eCorda էլեկտրոնային համակարգի տվյալների հիման վրա՝ քաղված N+2 տարվա փետրվարի երկրորդ չորեքշաբթի օրը.
դ) «չմիջամտող ծախսեր»-ը՝ Ծրագրի ծախսերն են՝ բացառությամբ մրցութային դրամաշնորհների և ներառում են օժանդակության ծախսերը, ծրագրերի կառավարմանն առնչվող հատուկ ծախսերը և այլ գործողություններ.14
ե) միջոցները, որոնք հատկացվում են ծրագրի վերջնական շահառու15 հանդիսացող միջազգային իրավաբանական կազմավորումներին, կհամարվեն «չմիջամտող ծախսեր»:
2. Մեխանիզմը կկիրառվի հետևյալ կերպ՝
ա) Սույն Համաձայնագրի 3-րդ Հոդվածի 4-րդ կետի համաձայն աճած N տարվա պարտավորությունների կատարման հետ կապված N տարվա գումարի ինքնաբերաբար ուղղումը կկիրառվի, սույն Հավելվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետում նշված e-Corda համակարգից քաղված տվյալների հիման վրա N +2 տարում` սույն Համաձայնագրի Հոդված 3-ի 8-րդ կետին համապատասխան «Հորիզոն Եվրոպա» ծրագրում Հայաստանի ներդրման ցանկացած ճշգրտում կիրառելուց հետո: Դիտարկվող գումարը կլինի մրցութային դրամաշնորհների գումարը, որոնց համար ուղղման հաշվարկման պահին առկա են տվյալներ:
բ) N+2 տարվանից սկսած մինչև 2029 թվականը, N տարվա համար ինքնաբերաբար ուղղված գումարը հաշվարկվում է՝ հաշվի առնելով հետևյալի միջև տարբերությունը.
1. Հայաստանին կամ հայաստանյան իրավաբանական կազմավորումներին տրամադրված մրցութային դրամաշնորհների ընդհանուր գումարի՝ որպես N տարվա ստանձնած բյուջետային հատկացումների, և
2. N տարվա համար Հայաստանի ճշգրտված գործառնական ներդրման չափի՝ բազմապատկած հետևյալի միջև հարաբերակցությամբ`
ա. N տարվա պարտավորությունների գծով հատկացված մրցութային դրամաշնորհների գումարի` ավելացված սույն Համաձայնագրի Հոդված 3-ի 4 -րդ կետի համաձայն, և
բ. N տարվա բյուջետային պարտավորությունների ընդհանուր գումարի, ներառյալ «չմիջամտող» ծախսերը:
III. Հայաստանի ֆինանսական ներդրման վճարումը, Հայաստանի գործառնական ներդրման մեջ կատարված ճշգրտումների վճարումը և Հայաստանի գործառնական ներդրման համար կիրառվող ինքնաբերաբար ուղղված գումարի վճարումը
1. Հանձնաժողովը, հնարավորինս շուտ և ամենաուշը տվյալ տարվա առաջին պարտավորագիրը հրապարակելիս Հայաստանին է փոխանցում տեղեկատվություն հետևյալի մասին՝
ա)«Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի մասնակցության համար տվյալ տարվա վերջնականորեն հաստատված Միության բյուջե կատարված ներդրաման չափի՝ ավելացված, ըստ անհրաժեշտության, սույն Համաձայնագրի Հոդված 3-ի 4 -րդ կետի համաձայն,
բ) սույն Համաձայնագրի Հոդվածի 3-ի 7-րդ կետով սահմանված մասնակցության վճարի չափի,
գ) «Հորիզոն Եվրոպա» ծրագրի իրականացման N+1 տարվանից` N բյուջետային տարվան համապատասխանող պարտավորությունների չափի՝ ավելացած համաձայն սույն Համաձայնագրի Հոդված 3-ի 4-րդ մասի և հետ կանչված հանձնառությունների մակարդակի,
դ) տեղեկատվություն ինքնաբերաբար ուղղումների հաշվարկման համար «Հորիզոն Եվրոպա» ծրագրի որևէ մասի, Հայաստանի իրավաբանական կազմավորումների օգտին ստանձնած և ըստ տվյալ տարվա բաշխված բյուջետային պարտավորությունների մակարդակի և պարտավորությունների ընդհանուր մակարդակի:
Իր բյուջեի նախագծի հիման վրա՝ Հանձնաժողովը (ա) և (բ) կետերի շրջանակներում կտրամադրի հաջորդ տարվա համար նախնական տեղեկատվությունը՝ ամենաուշը մինչև ֆինանսական տարվա սեպտեմբերի 1-ը:
2. Հանձնաժողովը, ոչ ուշ, քան յուրաքանչյուր ֆինանսական տարվա ապրիլ և հունիս ամիսներին, կհրապարակի Հայաստանի պարտավորությունների կատարման պարտավորագիր` համապատասխան սույն Համաձայնագրով ստանձնած ներդրման չափի:
Յուրաքանչյուր պարտավորագիր կներառի տեղեկատվություն Հայաստանի ներդրման վեց տասներկուերորդական մասի մասին, որը պետք է վճարվի պարտավորագրի հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 30-րդ օրը:
Սույն Համաձայնագրի կիրառման առաջին տարվա համար՝ Հանձնաժողովը կհրապարակի մեկ պարտավորագիր՝ սույն Համաձայնագրի ստորագրման պահից [60] օրվա ընթացքում:
3. Յուրաքանչյուր տարի՝ սկսած 2023 թվականից, պարտավորագրերը կարտացոլեն նաև N-2 տարվա համար վճարված գործառնական ներդրման նկատմամբ կիրառվող ինքնաբերաբար ուղղված գումարի մասին տեղեկատվություն:
Ամենաուշը ապրիլին հրապարակված պարտավորագիրը կարող է ներառել նաև տեղեկատվություն՝ հետազոտությունների և նորարարության նախորդ շրջանակային ծրագրի (ծրագրերի) իրականացման, կառավարման և գործարկման համար Հայաստանի կողմից վճարված ֆինանսական ներդրման ճշգրտումների չափի մասին:
2028, 2029 և 2030 ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի համար, Հայաստանի կողմից 2026 և 2027 թվականներին վճարված գործառնական ներդրումների համար կիրառվող ինքնաբերաբար ուղղված գումարը կամ սույն Համաձայնագրի Հոդված 3-ի 8-րդ կետի համաձայն կատարված ճշգրտումից առաջացած գումարը կլինի այն գումարը, որը պետք է հետ հատկացվի կամ ակնկալվի Հայաստանից:
4. Հայաստանը կվճարի սույն Համաձայնագրի շրջանակներում իր ֆինանսական ներդրումը` համաձայն սույն Հավելվածի 3-րդ մասի: Սահմանված ժամկետում Հայաստանի կողմից վճարումը չկատարելու դեպքում, Հանձնաժողովը ուղարկում է պաշտոնական հիշեցման գրություն:
Վճարի կատարման ցանկացած ուշացում կհանգեցնի չվճարված գումարի նկատմամաբ տույժերի կիրառման՝ որը կգործի վճարում կատարելու սահմանված վերջնաժամկետի օրվանից:
Սահմանված ժամկետում չվճարված գումարի նկատմամբ տույժի տոկոսադրույքը հաշվարկվում է Եվրոպական կենտրոնական բանկի կողմից Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրի «C» հատորում հրապարակված վերաֆինանսավորման հիմնական գործառույթների համար Եվրոպական կենտրոնական բանկի կողմից կիրառվող տոկոսադրույքի համապատասխան, որն ուժի մեջ է վճարում կատարելու ասմվա առաջին օրացուցային օրվանից՝ ավելացված 1.5 տոկոսային կետով:
ՀԱՎԵԼՎԱԾ II
Հայաստանում գործող համարժեք ծրագրերի ցանկ
Հետևյալ ցանկը պետք է ներառի «Հորիզոն Եվրոպա» գործողությանը համարժեք Հայաստանում գործող ծրագրերը […]
Հավելված III
Հուսալի ֆինանսական կառավարում
Ֆինանսական շահերի պաշտպանություն և վերականգնում
Հոդված 1
Ստուգումներ և աուդիտ
1. Եվրոպական միությունը, Միության մեկ կամ մի քանի հաստատությունների կամ մարմինների գործող ակտերով և համապատասխան համաձայնագրերով և (կամ) պայմանագրերով, իրավունք ունի իրականացնելու տեխնիկական, գիտական, ֆինանսական կամ այլ տեսակի ստուգումներ և աուդիտ՝ ԵՄ ֆինանսական միջոցների հաշվին ֆինանսավորվող Հայաստանում բնակվող ցանկացած ֆիզիկական անձի կամ Հայաստանում հիմնադրված ցանկացած իրավաբանական կազմավորման նկատմամբ, ինչպես նաև ցանկացած այլ երրորդ կողմի նկատմամբ, որը բնակվում կամ հիմնադրված է Հայաստանում և ներգրավված է Միության ֆինանսական միջոցների իրացման գործում: Նման ստուգումն ու աուդիտը կարող են իրականացվել Եվրոպական միության ինստիտուտների և մարմինների գործակալների, մասնավորապես՝ Եվրոպական հանձնաժողովի և Աուդիտորների եվրոպական դատարանի կամ Եվրոպական հանձնաժողովի կողմից լիազորված այլ անձանց կողմից:
2. Եվրոպական միության ինստիտուտների և մարմինների գործակալները, մասնավորապես՝ Եվրոպական հանձնաժողովը և Աուդիտորների եվրոպական դատարանը և Հանձնաժողովի կողմից լիազորված այլ անձինք պետք է ունենան պատշաճ հասանելություն տեղանքին, աշխատանքներին և փաստաթղթերին (և՛ Էլեկտրոնային, և՛ թղթային), ինչպես նաև աուդիտ իրականացնելու համար ողջ տեղեկատվությանը, ներառյալ աուդիտի ենթակա ֆիզիկական և իրավաբանական անձանց կամ երրորդ կողմի մոտ պահվող փաստաթղթերի ֆիզիկական կամ էլեկտրոնային կրկնօրինակներին, դրանց որևէ մասին և ցանկացած տեղեկատվական կրիչի բովանդակությանը հասանելիության իրավունքը:
3. Հայաստանը չի արգելի և չի խոչընդոտի գործակալների և 2-րդ կետում նշված այլ անձանց՝ սույն Հոդվածով սահմանված պարտականությունների կատարման հիմքով Հայաստան մուտքը և անհրաժեշտ միջոցներին հասանելության իրավունքները:
4. Ստուգումներն ու աուդիտը կարող են անցկացվել նաև սույն Համաձայնագրի գործողության կասեցումից հետո` համաձայն Համաձայնագրի 9-րդ Հոդվածի 5-րդ կետի կամ գործողության դադարեցումից հետո` Եվրոպական միության մեկ կամ մի քանի ինստիտուտների կամ մարմինների գործող ակտերով սահմանված պայմաններով և ինչպես նախատեսված են համապատասխան համաձայնագրերով և (կամ) պայմանագրերով` մինչև Համաձայնագրի 9-րդ Հոդվածի 5-րդ կետի համաձայն սույն Համաձայնագրի կիրառման կասեցումը կամ գործողության դադարեցումն ուժի մեջ մտնելը Եվրոպական միության բյուջեով կատարված ցանկացած իրավական պարտավորության առնչությամբ:
Հոդված 2
Պայքար Միության ֆինանսական շահերի վրա ազդող անկանոնությունների, խարդախությունների և այլ քրեական հանցագործությունների դեմ
1. Եվրոպական հանձնաժողովը և Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը (OLAF) լիազորված են Հայաստանի տարածքում իրականացնելու վարչական հետաքննություններ՝ ներառյալ ստուգումներ և տեղազննումներ: Այս հետաքննությունները կիրականացվեն Միության մեկ կամ մի քանի հաստատությունների կիրառելի ակտերով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:
2. Հայաստանի իրավասու մարմինները ողջամիտ ժամկետում Եվրոպական հանձնաժողովին կամ OLAF-ին կտեղեկացնեն Միության ֆինանսական շահերի վրա ազդող անկանոնությունների, խարդախության կամ այլ անօրինական գործունեության առնչությամբ ցանկացած իրենց հայտնի դարձած փաստի կամ կասկածի մասին:
3. Ստուգումները և տեղազննումները կարող են իրականացվել Միության կողմից ֆինանսավորում ստացած՝ Հայաստանում բնակվող ֆիզիկական անձի կամ Հայաստանում հիմնադրված իրավաբանական կազմավորման, ինչպես նաև Միության ֆինանսական միջոցների իրացման գործում ներգրավված Հայաստանում բնակվող կամ ստեղծված ցանկացած երրորդ կողմի տարածքում:
4. Ստուգումներն ու տեղազննումները կկազմակերպվեն և կանցկացվեն Եվրոպական հանձնաժողովի կամ OLAF-ի կողմից` ՀՀ կառավարության կողմից նշանակված հայաստանյան իրավասու մարմինների հետ սերտ համագործակցությամբ: Նշանակված իրավասու մարմինը նախապես, ողջամիտ ժամկետներում, կտեղեկացվի ստուգումների առարկայի, նպատակի և իրավական հիմքերի մասին, որպեսզի կարողանա ապահովել աջակցություն: Այդ նպատակով հայաստանյան իրավասու մարմինների իրավասու անձինք կարող են մասնակցել ստուգումներին և տեղազննումներին:
5. Հայաստանի իշխանությունների խնդրանքով` ստուգումները և տեղազննումները կարող են իրականացվել Եվրոպական հանձնաժողովի կամ OLAF- ի հետ համատեղ:
6. Հանձնաժողովի գործակալներին և OLAF-ի աշխատակիցներին հասանելի կլինեն համապատասխան տեղեկատվությունն ու փաստաթղթերը, ներառյալ համակարգչային տվյալները՝ համապատասխան գործարքների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են ստուգումների և տեղազննումների պատշաճ անցկացման համար: Վերջիններս կարող են նաև պատճենել անհրաժեշտ փաստաթղթերը:
7. Այն դեպքում, երբ անձը, իրավաբանական կազմավորումը կամ այլ երրորդ կողմը կխոչընդոտեն ստուգումների կամ տեղազննումների իրականացումը, հայաստանյան իշխանությունները, գործելով ազգային օրենքների և կանոնակարգերի համաձայն, հնարավորության սահմաններում կաջակցեն Եվրոպական հանձնաժողովի կամ OLAF-ի ներկայացուցիչներին իրենց լիազորությունների շրջանակներում ստուգում կամ տեղազննում իրականացնելու համար: Այս աջակցությունը պետք է ներառի ազգային օրենսդրությամբ նախատեսված համապատասխան նախազգուշական միջոցների ձեռնարկումը, մասնավորապես ապացույցները պաշտպանելու նպատակով:
8. Եվրոպական հանձնաժողովը կամ OLAF-ը հայաստանյան իշխանություններին կտեղեկացնեն ստուգումների և տեղազննումների արդյունքների մասին: Մասնավորապես, Եվրոպական հանձնաժողովը կամ OLAF- ը հնարավորինս սեղմ ժամկետներում հայաստանյան իրավասու մարմնին կզեկուցեն ցանկացած փաստի կամ կասկածի մասին, որը վերաբերում է անկանոնություններին և որն իրենց հայտնի է դարձել ստուգման կամ տեղազննման ընթացքում:
9. Եվրոպական հանձնաժողովը, չշրջանցելով ՀՀ քրեական օրենսդրությունը, կարող է վարչական միջոցներ և տույժեր սահմանել ծրագրի կամ գործողության իրականացմանը մասնակցող հայաստանյան իրավաբանական կազմավորումների կամ ֆիզիկական անձանց նկատմամբ` համաձայն Եվրոպական միության օրենսդրության:
10. Սույն հոդվածի պատշաճ իրականացման նպատակով՝ Եվրոպական հանձնաժողովը կամ OLAF-ը և հայաստանյան իրավասու մարմինները պարբերաբար կփոխանակեն տեղեկատվություն և սույն Համաձայնագրի կողմերից մեկի խնդրանքով կխորհրդակցեն միմյանց հետ:
11. OLAF-ի հետ արդյունավետ համագործակցության և տեղեկատվության փոխանակման նպատակով՝ Հայաստանը կնշանակի կոնտակտային անձ:
12. Եվրոպական հանձնաժողովի կամ OLAF-ի և հայաստանյան իրավասու մարմինների միջև տեղեկատվությունը կփոխանկվի` հաշվի առնելով գաղտնիության պահանջները: Փոխանակվող տեղեկատվության մեջ ներառված անձնական տվյալները պետք է պաշտպանված լինեն գործող կանոններին համապատասխան:
13. Հայաստանյան իշխանությունները կհամագործակցեն Եվրոպական դատախազության գրասենյակի հետ` իր լիազորությունների շրջանակներում հետաքննություն կատարելու, Եվրոպական միության ֆինանսական շահերին առնչվող հանցագործություններ կատարողներին և հանցակիցներին համապատասխան գործող օրենսդրությանը հետապնդելու և դատական գործ հարուցելու համար:
Հոդված 3
Փոխհատուցում և հարկադիր կատարում
1. «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի կայացրած որոշումները, որոնք դրամական պարտավորություններ են սահմանում անձանց համար, այլ ոչ թե պետությունների, Հայաստանի տարածքում ենթակա են հարկադիր կատարման: Կատարման կարգը կկցվի որոշմանը, առանց որևէ ֆորմալ գործողության, բացի Հայաստանի կառավարության կողմից այդ նպատակով նշանակված մարմնի կողմից դրա իսկությունը ստուգելը: Հայաստանի կառավարությունը նշանակված մարմնի մասին կծանուցի Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական միության արդարադատության պալատին: 4-րդ Հոդվածի համաձայն՝ Եվրոպական հանձնաժողովն իրավունք ունի նման հարկադիր կատարման մասին որոշումներն ուղարկել անմիջապես Հայաստանում բնակվող և Հայաստանում հիմնադրված իրավաբանական անձանց: Հարկադիր կատարումը կիրականացվի Հայաստանի օրենսդրությանը և ընթացակարգի կանոններին համապատասխան:
2. Եվրոպական միության արդարադատության պալատի վճիռներն ու կարգադրությունները, որոնք կայացվել են Միության ծրագրերի, գործունեության, գործողությունների կամ նախագծերի պայմանագրում կամ համաձայնագրում պարունակվող արբիտրաժային կետի կիրառման նպատակով, Հայաստանում ենթակա են կիրառման նույն կերպ, ինչպես Եվրոպական հանձնաժողովի 1-ին կետով նշված որոշումները:
3. Եվրոպական միության արդարադատության պալատը իրավասու է վերանայելու Հանձնաժողովի 1-ին պարբերությունում նշված որոշման օրինականությունը և կասեցնելու դրա հարկադիր կատարումը: Այնուամենայնիվ, Հայաստանի դատական ատյաններն իրավազոր են հարկադիր կատարման ոչ կանոնավոր դեպքերի մասին բողոքների հարցում:
Հոդված 4
Հաղորդակցություն և տեղեկատվության փոխանակում
Եվրոպական միության կառույցներն ու մարմինները, որոնք ներգրավված են «Հորիզոն Եվրոպա» ծրագրի իրականացման կամ վերահսկողության մեջ, իրավունք ունեն ուղիղ, այդ թվում` էլեկտրոնային հաղորդակցության համակարգերով, շփվել Հայաստանում բնակվող կամ Հայաստանում ստեղծված իրավաբանական կազմավորման հետ, որը ֆինանսավորվում է Միության ֆինանսական աղբյուրներից, ինչպես նաև ցանկացած երրորդ կողմի հետ, որը բնակվում կամ հիմնադրված է Հայաստանում և ներգրավված է Միության ֆինանսական միջոցների իրացման մեջ: Այդ անձինք, սուբյեկտներն ու կողմերը Եվրոպական միության ինստիտուտներին և մարմիններին ուղղակիորեն կներկայացնեն բոլոր համապատասխան տեղեկությունները և փաստաթղթերը, որոնք պարտավոր են ներկայացնել` հիմնվելով Միության ծրագրի համար կիրառվող Եվրոպական միության օրենսդրության և դրա իրականացման համար կնքված պայմանագրերի կամ համաձայնագրերի վրա:
_______________________
1 2014 թվականի փետրվարի 20-ի որոշումը՝ Հայաստանի Հանրապետության և մյուս կողմից` Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի՝ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետութան միջև Միության ծրագրերին Հայաստանի մասնակցության ընդհանուր սկզբունքների մասին շրջանակային համաձայնագրի մասին Արձանագրությունը կնքելու մասին (OJ L 174, 13.6.2014, էջ 1)։
2 Այս Համաձայնագիրը հանդիսանում է և ունի նույն իրավական ազդեցությունը, ինչ Հայաստանի Հանրապետության և մյուս կողմից` Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության ծրագրերին Հայաստանի մասնակցության ընդհանուր սկզբունքների մասին շրջանակային համաձայնագրի մասին Արձանագրության շրջանակներում Փոխըմբռնման հուշագիրը։
3 Եվրոպական Խորհրդարանի և խորհրդի 2021 թվականի ապրիլի 28-ի 2021/695/ԵՄ կանոնակարգ, որով սահմանվում է «Հորիզոն Եվրոպա»-ն՝ հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիրը, որը սահմանում է մասնակցության և տարածման կանոնները, և 1290/2013/ԵՄ և 1291/2013/ԵՄ չեղարկող կանոնակարգերը (OJ L 170, 12.5.2021, էջ 1):
4 Խորհրդի 2021 թվականի մայիսի 10-ի 2021/764/ԵՄ որոշում, որով հաստատվում է «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրի ներդրման Հատուկ ծրագիրը և 2013/743/ԵՄ չեղարկող որոշումը (OJ L 167I, 12.5.2021, էջ 1):
5 Եվրոպական խորհրդարանի և խորհրդի 2021 թվականի մայիսի 20-ի 2021/819/ԵՄ կանոնակարգ՝ Նորարարությունների և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի մասին (լրամշակցված) (OJ L 189, 28.5.2021, էջ 61):
6 Եվրոպական Խորհրդարանի և Խորհրդի 2021 թվականի մայիսի 2021-ի ԵՄ որոշումը 2021-2027թթ. Նորարարությունների և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի (EIT) ռազմավարական նորարարական օրակարգի մասին. նորարարական տաղանդի և կարողությունների խթանում և 1312/2013 / ԵՄ չեղարկող որոշումը (OJ L 189, 28.5.2021, էջ 91)։
7 ԵՄ սահմանափակող միջոցներն ընդունվում են համաձայն Եվրոպական միության մասին պայմանագրի 29-րդ հոդվածի կամ Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրի 215-րդ հոդվածի:
8 Խորհրդի 2009 թ. հունիսի 25-ի 723/2009/ ԵՄ կանոնակարգը Եվրոպական հետազոտական ենթակառուցվածքների կոնսորցիումի (ERIC) համար Համայնքների օրենսդրության մասին (OJ L 206, 8.8.2009, էջ 1):
9 Եվրոպական Խորհրդարանի և Խորհրդի 2018 թ. հուլիսի 18-ի 2018/1046/ԵՄ կանոնակարգ՝ (ԵՄ, Եվարատոմ) Միության ընդհանուր բյուջեի նկատմամբ կիրառվող ֆինանսական կանոնների մասին, (ԵՄ) 1296/2013, (ԵՄ) 1301/ 2013, (ԵՄ) 1303/2013, (ԵՄ) 1304/2013, (ԵՄ) 1309/2013, (ԵՄ) 1316/2013, (ԵՄ) 223/2014, (ԵՄ) 283/2014 կանոնակարգերի լրացումներ և 541/2014 / (ԵՄ) որոշումը և (ԵՄ, Եվրաատոմ) 966/2012 չեղարկող կանոնակարգը (OJ L 193, 30.7.2018, էջ 1):
10 Սա ներառում է, մասնավորապես, ԵՄ-ի վերականգնման գործիքի միջոցները, հաստատված Խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 14-ի 2020/2094/ԵՄ կանոնակարգով, որով ստեղծում է Եվրոպական միության վերականգնման գործիքը՝ միտված COVID-19 ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը (OJ L 433I, 22.12 .2020, էջ 23):
11 OJ L 433I, 22.12.2020, էջ 23:
12 Սա ներառում է, մասնավորապես, ԵՄ-ի վերականգնման գործիքի միջոցները, հաստատված Խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 14-ի 2020/2094/ԵՄ կանոնակարգով, որով ստեղծում է Եվրոպական Միության վերականգնման գործիքը՝ միտված COVID-19 ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը (OJ L 433I, 22.12 .2020, էջ 23):
13 OJ L 433I , 22.12.2020, էջ. 23
14 «Այլ գործողություններ»-ը մասնավորապես ներառում են՝ գնումներ, մրցանակներ, ֆինանսական գործիքներ, Միացյալ հետազոտական կենտրոնի ուղիղ գործողություններ, բաժանորդագրություններ (OECD, Eureka, IPEEC, IEA,…), փորձագետներ (գնահատողներ, նախագծերի մոնիտորինգ) և այլն:
15 Միջազգային կազմակերպությունները կհամարվեն չմիջամտող ծախսեր այն դեպքում , եթե նրան հանդիսանում են վերջնական շահառու: Դրույթը կիրառելի չէ, եթե միջազգային կառույցը նախագծի համակարգողն է (որը գումարներ է հատկացնում մյուս համակարգողներին):