Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ (ՀԱՄԱՐԺԵՔ ԱՅԼ ՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ) ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԵԳՐԵԼՈՒ ԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ՈՐՊԵՍ ԵԿԱՄՈՒՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 53-րդ կետի իրագործման նպատակներով,
ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներով և նորմերով,
ելնելով ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) (այսուհետ՝ ներմուծման մաքսատուրքեր) գումարները որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ ամբողջական ու ժամանակին մուտքագրելն ապահովելու անհրաժեշտությունից,
հայտարարելով փոխշահավետ համագործակցության պահպանման վերաբերյալ իրենց մտադրության մասին,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Ընդհանուր դրույթներ
1. Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Արձանագրության դրույթների պահպանման ստուգումն իրականացվում է յուրաքանչյուր տարի՝ անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կողմից համատեղ վերահսկիչ միջոցառումների շրջանակներում։
2. Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Արձանագրության դրույթների պահպանմանն ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները ղեկավարվում են սույն համաձայնագրով, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ։
3. Համատեղ վերահսկիչ միջոցառումների աշխատանքային լեզուն ռուսերենն է:
Համատեղ վերահսկիչ միջոցառումների շրջանակներում տեղեկատվությունն ու փաստաթղթերը ներկայացվում են ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կցելով դրանց ռուսերեն թարգմանությունը)։
4. Սույն համաձայնագրում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Արձանագրությամբ սահմանված իմաստներով:
Հոդված 2
Համատեղ վերահսկիչ միջոցառումների նպատակները
Համատեղ վերահսկիչ միջոցառումների հիմնական նպատակներն են ստուգումն ու հսկողությունը՝
անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին ներմուծման մաքսատուրքերի՝ բաշխման ենթակա գումարների հաշվեգրման նկատմամբ.
անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից անդամ պետությունների բյուջեների միջև բաշխման ենթակա՝ ներմուծման մաքսատուրքերի գումարների ամբողջական ու ժամանակին փոխանցման նկատմամբ.
անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից՝ յուրաքանչյուր անդամ պետության համար սահմանված՝ ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների պահպանման նկատմամբ։
Հոդված 3
Համատեղ վերահսկիչ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը
1. Համատեղ վերահսկիչ միջոցառումներն անցկացվում են յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր անդամ պետության լիազորված մարմնում և բոլոր անդամ պետությունների տարածքներում պետք է ավարտվեն հաշվետու տարվան հաջորդող տարվա սեպտեմբերի 1-ից ոչ ուշ։
Անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնի ներկայացուցիչների՝ համատեղ վերահսկիչ միջոցառումներ անցկացնելու նպատակով գործուղման ծախսերը կատարվում են այդ անդամ պետության բյուջեի միջոցների հաշվին։
2. Համատեղ վերահսկիչ միջոցառում անցկացնելու համար կազմվում է համատեղ վերահսկիչ միջոցառում անցկացնելու ծրագիր (այսուհետ՝ ծրագիր)։
Հաշվետու տարվա ծրագիրը մշակվում է անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնի կողմից, որը համատեղ վերահսկիչ միջոցառում անցկացնելու տարում նախագահում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում՝ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետի։
Ծրագրով սահմանվում են համատեղ վերահսկիչ միջոցառման առարկան, օբյեկտները, այդ միջոցառման շրջանակներում լուծվող հարցերը, օբյեկտներում դրա անցկացման ժամկետները, անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ներկայացուցիչներից կազմված՝ վերահսկողության համատեղ խմբի կազմը (այսուհետ՝ վերահսկողության համատեղ խումբ), անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կոլեգիաների (խորհուրդների, լիազորված անձանց) (այսուհետ` համատեղ կոլեգիա) համատեղ նիստի անցկացման ամսաթիվն ու վայրը։
Ծրագիրը համաձայնեցվում է անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների հետ և հաստատվում դրանց ղեկավարների (նրանց կողմից լիազորված անձանց) կողմից՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ից ոչ ուշ։
Այն անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները, որոնց տարածքներում անցկացվում է համատեղ վերահսկիչ միջոցառումը, իրենց պետությունների լիազորված մարմիններ են ուղարկում ծրագիրը՝ կցելով նշված միջոցառման կազմակերպման ու անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
3. Անդամ պետությունների լիազորված մարմինները վերահսկողության համատեղ խմբի անդամների համար ապահովում են աշխատանքի պատշաճ պայմաններ (ապահովում են լիազորված մարմնի տարածք մուտքի հնարավորությունը, տրամադրում են առանձին տարածք, օրգտեխնիկա, կապի ծառայություններ) և աջակցում են համատեղ վերահսկիչ միջոցառման անցկացման գործում։
Վերահսկողության համատեղ խմբի անդամները որոշում են այս կամ այն վերահսկիչ գործողությունների իրականացման, տեղեկատվության և փաստաթղթերի ստացման ձևերի ու եղանակների, վերլուծական ընթացակարգերի անցկացման անհրաժեշտությունն ու հնարավորությունը, ինչպես նաև պահանջվող տեղեկությունների և ապացույցների հավաքումն ապահովող տվյալների ընտրանքի ծավալը։
Վերահսկողության համատեղ խմբի անդամները պարտավոր են պահպանել գտնվելու վայրի պետության օրենսդրությունը, ինչպես նաև վերահսկիչ միջոցառումների անցկացման՝ այդ պետությունում կիրառվող կանոններն ու ընթացակարգերը։
4. Անդամ պետությունների լիազորված մարմինները վերահսկողության համատեղ խմբի անդամներին տրամադրում են ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրմանն ու բաշխմանը, անդամ պետությունների բյուջեներ որպես եկամուտ դրանց փոխանցմանն առնչվող տեղեկատվություն և փաստաթղթեր։
Եթե համատեղ վերահսկիչ միջոցառման անցկացման համար անհրաժեշտ է անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմիններից և ազգային (կենտրոնական) բանկերից լրացուցիչ տեղեկատվություն ու փաստաթղթեր ստանալ, ապա այն անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնի կողմից, որի տարածքում անցկացվում է համատեղ վերահսկիչ միջոցառումը, անդամ պետությունների այդպիսի կենտրոնական մաքսային մարմիններ և ազգային (կենտրոնական) բանկեր հարցումներ են ուղարկվում համապատասխան տեղեկատվության ու փաստաթղթերի տրամադրման վերաբերյալ։
Հարցվող տեղեկատվությունն ու փաստաթղթերը կամ պարզաբանումները (հարցվող տեղեկատվությունն ու փաստաթղթերը տրամադրելու անհնարինության դեպքում) անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնի հարցման մեջ նշված ժամկետներում ուղարկվում են այն անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմին, որի տարածքում անցկացվում է համատեղ վերահսկիչ միջոցառումը։
Հարցվող փաստաթղթերը տրամադրվում են թղթային կրիչով՝ պատճենների տեսքով և (կամ) էլեկտրոնային տեսքով։
5. Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ պարունակող տեղեկատվության ու փաստաթղթերի՝ թղթային կրիչով և (կամ) էլեկտրոնային տեսքով փոխանցումն իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում է համատեղ վերահսկիչ միջոցառումը։
Նշված տեղեկությունները չեն կարող առանց այդ տեղեկությունները տրամադրած լիազորված մարմնի, կենտրոնական մաքսային մարմնի կամ ազգային (կենտրոնական) բանկի գրավոր համաձայնության օգտագործվել դրանց հարցման և տրամադրման նպատակներից բացի այլ նպատակներով։ Այդ տեղեկությունների հրապարակման պատասխանատվությունը սահմանվում է այն պետության օրենսդրությանը համապատասխան, որի քաղաքացի է տվյալ տեղեկությունները հրապարակած անձը, և անդամ պետությունների միջև հարաբերություններում կիրառվող միջազգային պայմանագրերով։
Հոդված 4
Համատեղ վերահսկիչ միջոցառման անցկացման արդյունքների ձևակերպումը
1. Համատեղ վերահսկիչ միջոցառման անցկացման արդյունքներով կազմվում են հետևյալ փաստաթղթերը՝
ա) անդամ պետությունների լիազորված մարմինների ստուգմանն ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառման արդյունքների վերաբերյալ ակտեր (այսուհետ՝ ստուգման ակտեր).
բ) անդամ պետությունների լիազորված մարմինների գրավոր առարկություններ (առկայության դեպքում).
գ) ամփոփ հաշվետվություն համատեղ վերահսկիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (այսուհետ՝ ամփոփ հաշվետվություն)։
2. Անդամ պետության լիազորված մարմնի ստուգմանն ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառման անցկացման արդյունքները ձևակերպվում են ստուգման ակտով։
Ստուգման ակտի ձևը սահմանվում է անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների (նրանց կողմից լիազորված անձանց) կողմից։
Ստուգման ակտը կազմվում է մեկական օրինակից՝ անդամ պետության լիազորված մարմնի համար և յուրաքանչյուր անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնի համար, ստորագրվում է վերահսկողության համատեղ խմբի անդամների և անդամ պետության լիազորված մարմնի ղեկավարի (նրա կողմից լիազորված անձի) կողմից։
Այն անդամ պետության լիազորված մարմնի ղեկավարին (նրա կողմից լիազորված անձին), որի նկատմամբ անցկացվում է համատեղ վերահսկիչ միջոցառումը, ստուգման ակտի հետ ծանոթանալու համար տրվում է ստուգման ակտի օրինակը տրամադրելու օրվանից մինչև 3 աշխատանքային օր։
Ստուգման ակտի վերաբերյալ առարկությունների առկայության դեպքում անդամ պետության լիազորված մարմնի ղեկավարը (նրա կողմից լիազորված անձը) ստորագրում է այն՝ առարկությունների առկայության վերաբերյալ վերապահումով։ Գրավոր առարկությունները, անհրաժեշտ տեղեկատվության ու փաստաթղթերի կցմամբ, ստուգման ակտի ստորագրման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են այն անդամ պետության ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմին, որի տարածքում անցկացվել է համատեղ վերահսկիչ միջոցառումը, և հաշվի են առնվում ամփոփ հաշվետվության պատրաստման ժամանակ։
Համատեղ վերահսկիչ միջոցառման անցկացման արդյունքներով՝ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի ձևակերպումն իրականացվում է անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կողմից՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում է համատեղ վերահսկիչ միջոցառումը։
3. Սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինը հաշվետու տարվան հաջորդող տարվա նոյեմբերի 1-ից ոչ ուշ համատեղ վերահսկիչ միջոցառման անցկացման արդյունքներով կազմում է ամփոփ հաշվետվության նախագիծ, որում ներառվում են ստուգման ակտերում շարադրված փաստերը, տեղեկատվության և փաստաթղթերի, այդ թվում՝ անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների հարցումներով ստացված տեղեկատվության և փաստաթղթերի վերլուծության արդյունքները և անդամ պետությունների լիազորված մարմինների գրավոր առարկությունների (առկայության դեպքում) ուսումնասիրությունները, եզրահանգումները և հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ առաջարկությունները։
Սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ անդամ պետության ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինը ոչ ուշ, քան համատեղ կոլեգիայի նիստի անցկացման օրվանից 15 աշխատանքային օր առաջ, Եվրասիական տնտեսական հանձնաժողով է ուղարկում այդ նիստին դրա ներկայացուցիչների մասնակցության հրավեր (նշելով քննարկման համար նախատեսվող հարցերը)։
Անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները ոչ ուշ, քան համատեղ կոլեգիայի նիստի անցկացման օրվանից 15 աշխատանքային օր առաջ, իրենց պետությունների լիազորված մարմիններ, կենտրոնական մաքսային մարմիններ, ազգային (կենտրոնական) բանկեր են ուղարկում համատեղ կոլեգիայի նիստին դրանց ներկայացուցիչների՝ յուրաքանչյուր լիազորված մարմնի, կենտրոնական մաքսային մարմնի, ազգային (կենտրոնական) բանկի իրավասության շրջանակներում մասնակցության հրավերներ (նշելով քննարկման համար նախատեսվող հարցերը)։
Ամփոփ հաշվետվությունը ստորագրվում է անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների (նրանց կողմից լիազորված անձանց) կողմից համատեղ կոլեգիայի նիստում։
Համատեղ կոլեգիայի նիստն անցկացվում է սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնի կողմից հաշվետու տարվան հաջորդող տարվա դեկտեմբերի 31-ից ոչ ուշ։
Անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների որոշմամբ՝ համատեղ կոլեգիայի նիստը կարող է անցկացվել տեսահամաժողովի ռեժիմով՝ ստորագրվող ամփոփիչ փաստաթղթերի հետագա փոխանակմամբ։
4. Ամփոփ հաշվետվությունը դրա ստորագրման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում՝
ա) անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կողմից ուղարկվում է իրենց պետությունների կառավարություններ.
բ) սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնի կողմից ուղարկվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողով։
5. Համատեղ կոլեգիայի որոշմամբ ամփոփ հաշվետվության՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցում հրապարակման ենթակա մասը անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կողմից տեղադրվում է իրենց պաշտոնական կայքերում և ուղարկվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակելու համար։
Հոդված 5
Հայտնաբերված խախտումների վերացման և առաջարկությունների իրագործման մեխանիզմը
1. Անդամ պետության կառավարությունն ամփոփ հաշվետվությունն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է իր պետության՝ ամփոփ հաշվետվության մեջ նշված պետական մարմիններ՝ կատարման համար։
Անդամ պետության պետական մարմինները պարտավոր են վերացնել հայտնաբերված խախտումները, միջոցներ ձեռնարկել ամփոփ հաշվետվության մեջ նշված առաջարկությունների իրագործումն ապահովելու համար և դրա մասին տեղեկացնել իրենց պետության կառավարությանը և պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնին՝ ամփոփ հաշվետվության մեջ սահմանված ժամկետներին համապատասխան։
Անդամ պետությունների բյուջեներում բաշխման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարներն անդամ պետության բյուջե հաշվեգրելու ժամանակ խախտումների վերացումն իրականացվում է այդ պետության օրենսդրությանը համապատասխան։
Անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինն իր պետության պետական մարմինների կողմից տեղեկատվությունն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում մյուս անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմիններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնում է հայտնաբերված խախտումների վերացման և առաջարկությունների իրագործման արդյունքների մասին։
2. Ամփոփ հաշվետվության մեջ նշված խախտումների վերացման և առաջարկությունների իրագործման վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է հաջորդ հաշվետու տարվա ամփոփ հաշվետվության մեջ։
Հոդված 6
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով։
2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ուժի մեջ մտնող առանձին արձանագրություններով:
3. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
4. Սույն համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս է կազմում։
Կատարված է Մոսկվա քաղաքում, 2021 թվականի նոյեմբերի 16-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|