Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16).1
Ընդունման ամսաթիվ
01.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2006

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջեվ կրթական եվ մշակութային կենտրոնների հիմնման եվ գործունեության պայմանների մասին

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` կողմեր,

նկատի ունենալով երկու պետությունների հետաքրքրությունը միմյանց մշակութային արժեքների, ավանդական մշակութային կապերի հետագա զարգացման և պահպանման գործում,

հաշվի առնելով 1994 թվականի նոյեմբերի 27-ին Թեհրանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև մշակույթի, գիտության, կրթության, սպորտի, զբոսաշրջության և զանգվածային լրատվության միջոցների բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը,

համաձայնեցին հետևյալի մասին,

 

Հոդված 1

 

Կողմերը պայմանավորվում են իրենց երկրներում հիմնել մյուս երկրի կրթական և մշակութային կենտրոն (այսուհետ` Կենտրոն):

 

Հոդված 2

 

Կենտրոնի հիմնական գործունեությունն է կրթական և մշակութային աշխատանքների իրականացումը, այդ թվում` դպրոցի հիմնումը և այլ կրթական, մշակութային, գեղարվեստական և հրատարակչական աշխատանքների իրականացումը:

 

Հոդված 3

 

Կողմերը, իրենց երկրների ազգային օրենսդրությանը համապատասխան, կօժանդակեն իրենց տարածքներում մյուս Կողմի Կենտրոնի հիմնմանը, ներառյալ դրա համար շենք և/կամ հողատարածքներ գնելու և դրանց ու Կենտրոնի նկատմամբ սեփականության իրավունքի համապատասխան վկայականներ ձեռք բերելու հարցը:

Յուրաքանչյուր Կողմ, իր տարածքում գործող օրենսդրության համաձայն, կձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները մյուս Կողմի Կենտրոնի բնականոն գործունեությունը ապահովելու համար:

 

Հոդված 4

 

Կենտրոնը կգործի` համագործակցելով համապատասխան երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն:

 

Հոդված 5

 

Կենտրոնը պետք է իր գործունեությունն իրականացնի ընդունող Կողմի օրենսդրության համաձայն:

Կենտրոնը կարող է օժտվել իրավասուբյեկտությամբ և իրավունակությամբ՝ ընդունող Կողմի օրենսդրության համաձայն:

 

Հոդված 6

 

Կենտրոն հիմնելու նպատակով.

 

1. Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է 650.000 (վեց հարյուր հիսուն հազար) ԱՄՆ դոլարով գնել Երևան քաղաքի Լվովյան փողոցի 8-րդ հասցեում գտնվող շենքը և հողատարածքը (ըստ կցվող հատակագծի):

2. Հայաստանի Հանրապետությունը կարող է Թեհրան քաղաքում գնել շենք և/կամ հողատարածք, որի կոնկրետ հասցեն կծանուցվի հայտագրով, և որի վաճառքի թույլտվությունը կհամաձայնեցվի Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմինների հետ: Սույն կետում նշված հայտագիրը կկազմի սույն Փոխըմբռնման հուշագրի անբաժանելի մասը:

Կենտրոնների հիմնման նպատակով Կողմերի երկրներում գնված շենքերի և/կամ հողատարածքների առուվաճառքի պայմանագրերը կկազմեն սույն Փոխըմբռնման հուշագրի անբաժանելի մասը:

 

Հոդված 7

 

Յուրաքանչյուր Կողմ, համաձայն իր տարածքում գործող օրենսդրության, մյուս Կողմին կտրամադրի Կենտրոն հիմնելու և կահավորելու համար պահանջվող նյութերի տեղափոխման համար հարմարություններ և կապահովի դրա գործունեության իրականացումը՝ համաձայն սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթների:

Ընդունող Կողմի գործող օրենսդրության համաձայն՝ ընդունող Կողմը կձգտի ուղարկող Կողմին ազատել Կենտրոնի ժամանակավոր կամ մշտական կարիքները հոգալու և ընդունող պետությունում վաճառքի համար չնախատեսված ապրանքների ներմուծման համար սահմանված մաքսատուրքեր վճարելուց:

 

Հոդված 8

 

Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ՝ Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցելու օրվանից և գործում է անորոշ ժամանակով:

Սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի` այդպիսի մտադրության մասին մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցելու օրվանից վեց ամիս հետո:

Սույն Փոխըմբռնման հուշագիրն կատարված է Թեհրան քաղաքում 2006 թվականի փետրվարի 1-ին, համապատասխանաբար՝ հիջրեթի 1384 թվականի բահմանի 10-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և պարսկերեն. ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2006թ. դեկտեմբերի 12-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան