Գլխավոր տեղեկություն
Համար
N ԱԽ-6-Ո-8
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.13/20(823) Հոդ.415
Ընդունող մարմին
Արգավանդի գյուղական համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
21.03.2011
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N ԱԽ-6-Ո-8

2011 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍՈՒՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի
   

մասնակցությամբ ԱԽ անդամներ`

Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

Կ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի, 

Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի,
Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի,
Մ. Մարտիրոսյանի, Հ. Փանոսյանի,
Ս. Օհանյանի

   

 

քարտուղարությամբ`


Ն. Գաբրիելյանի

 

2011 թվականի մարտի 21-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Սուրիկ Ղազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

 

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 03.02.2011 թվականի թիվ N-Կ-2-2/2011 որոշմամբ Դատարանի դատավոր Ս. Ղազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

 

Կարգապահական հանձնաժողովն Արդարադատության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որոնք Կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

Ըստ եզրակացության՝

Սիմոն Յախանյանը (այսուհետ` Հայցվոր) 08.02.2010 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան (դատավոր` Ս. Ղազարյան) ընդդեմ Գրիգոր Նավասարդյանի (այսուհետ` Պատասխանող)` գույքն օրինական ճանաչելու, ներքին առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքն իրավասու մարմնում գրանցելու պահանջների մասին:

Հայցվորը հայտնել է, որ 05.10.2008 թվականին իր և Պատասխանողի միջև կնքվել է անշարժ գույքի ներքին առուվաճառքի պայմանագիր: Ըստ պայմանագրի` Պատասխանողը 35.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Հայցվորին է վաճառել Երևանի Դավիթ Անհաղթի 19 բազմաբնակարան կոոպերատիվ շենքի 83,6քմ ներքին և 104,5քմ արտաքին մակերեսներով ձեղնահարկը (այսուհետ` Ձեղնահարկ): Ձեղնահարկն իրենից ներկայացնում է մինչև 2001 թվականն իրականացված ինքնակամ կառուցապատում, իսկ շենքի բոլոր բնակիչները տվել են իրենց համաձայնությունը Ձեղնահարկը սեփականաշնորհելու համար: Պատասխանողը պարտավորվել է օրինականցնել ինքնակամ մակերեսները` գործարքի նոտարական վավերացումը հնարավոր դարձնելու համար: Պայմանագրով սահմանված ամբողջ գումարը տրվել է Պատասխանողին, իսկ վերջինս պարտավորվել է 6 ամսվա ընթացքում ապահովել պայմանագրի նոտարական վավերացումը: Պայմանագրի նոտարական վավերացման ժամկետը վաղուց արդեն լրացել է, սակայն Պատասխանողը խուսափում է նշված պարտավորությունը կատարելուց, ինչի արդյունքում Հայցվորը զրկված է իր սեփականությունը լիարժեք կերպով տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հնարավորությունից:

Խնդրել է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով ինքնակամ իրականացված կառույցների օրինականացման համար վճարները վճարելուց հետո Ձեղնահարկը ճանաչել օրինական, վավեր ճանաչել նշված անշարժ գույքի նկատմամբ 05.10.2008 թվականին Պատասխանողի և Հայցվորի միջև կնքված ներքին առուվաճառքի պայմանագիրը, Ձեղնահարկի նկատմամբ լիազոր պետական մարմնում գրանցել Հայցվորի սեփականության իրավունքը:

Դատարանը (նախագահող դատավոր` Ս. Ղազարյան) 10.03.2010 թվականի թիվ ԵԱՔԴ/0176/02/10 վճռով հայցը բավարարել է. վճռել է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով ինքնակամ իրականացված կառույցների օրինականացման համար վճարները վճարելուց հետո Ձեղնահարկը ճանաչել օրինական. վավեր ճանաչել Ձեղնահարկի նկատմամբ 05.10.2008 թվականին Պատասխանողի և Հայցվորի միջև կնքված ներքին առուվաճառքի պայմանագիրը. Ձեղնահարկի նկատմամբ լիազոր պետական մարմնում գրանցել Հայցվորի սեփականության իրավունքը:

Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գրությունը, գրությանը կից ներկայացված փաստաթղթերը, դատավորի բացատրությունը, գտել է, որ Դատարանի դատավոր Ս. Ղազարյանը թույլ է տվել նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով հիմք են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Այսպես`

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հստակ սահմանված է ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը, որի 25-րդ կետի համաձայն` բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում` շենքերի ծավալից դուրս` բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից ինքնակամ իրականացված կառույցները (պատշգամբ, սենյակ, խոհանոց և այլն) շենքի տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացության առկայության դեպքում ճանաչվում են օրինական` համայնքի ղեկավարի որոշումներով:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով, 10.03.2010 թվականի վճռով վավեր է ճանաչել Հայցվորի և Պատասխանողի միջև ինքնակամ կառույցի վերաբերյալ 05.10.2008թ. կնքված ներքին առուվաճառքի պայմանագիրը (գործարքը), մինչդեռ հարկ է նշել, որ այդ ինքնակամ կառույցի նկատմամբ կողմերի միջև կնքված ներքին առուվաճառքի գործարքն ի սկզբանե առոչինչ է եղել, քանի որ այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 25-րդ կետով սահմանված կարգով օրինական ճանաչված չի եղել: Հետևաբար Դատարանը չի պարզել իր կողմից վավեր ճանաչվող գործարքի ի սկզբանե առոչինչ լինելու հանգամանքը և գործարքը վավեր ճանաչելով` խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

Դեռ ավելին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է գույքի օտարման (առուվաճառք) պայմանագիր կնքել միայն սեփականության իրավունքով (գրանցված) իրեն պատկանող անշարժ գույքի վերաբերյալ, իսկ տվյալ դեպքում ինքնակամ շինություն հանդիսացող ձեղնահարկի առուվաճառքի վերաբերյալ Հայցվորի և Պատասխանողի միջև ներքին առուվաճառքի պայմանագրի կնքման պահին անշաժ գույքը վերջինիս սեփականությունը չի հանդիսացել, այլ ընդամենը Պատասխանողը հանդիսացել է ինքնակամ շինություն իրականացնող անձը, որը դեռևս բավարար հիմք չէ` շինությունը նրա սեփականությունը համարելու համար:

Դատարանը, 10.03.2010 թվականի վճռով Ձեղնահարկը ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով ինքնակամ իրականացված կառույցների օրինականացման համար վճարները վճարելու պայմանով օրինական ճանաչելով, ոչ միայն անտեսել է այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետը Ձեղնահարկն օրինական չի ճանաչել, այլ նաև դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և իրականացրել է Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություն:

Ավելին, Դատարանի վճռի պատճառաբանական մասում ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու մասով որևէ իրավական հիմնավորում առկա չէ, այնինչ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված, նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասը մասնավորապես սահմանում է, որ վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն oրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:

Դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն է արտահայտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանն իր 21.12.2006 թվականի թիվ 3-2504(ՏԴ) որոշմամբ, որում մասնավորապես նշված է. «Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը: Մինչդեռ, ՀՀ տնտեսական դատարանի վճռում նշված չեն և ոչ մի օրենք կամ այլ իրավական ակտ, որոնցով ղեկավարվել է դատարանը վեճը լուծելիս: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ տնտեսական դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր»:

Կարգապահական հանձնաժողովը փաստում է, որ Դատարանը, իրականացնելով Երևանի քաղաքապետին օրենքով վերապահված լիազորություն, վճիռ է կայացրել վերջինիս իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Դատարանի վճռի եզրափակիչ մասում նշված է. «Երևանի Դավիթ Անհաղթի 19 հասցեի ձեղնահարկի նկատմամբ լիազոր պետական մարմնում գրանցել Սիմոն Ջանիկի Յախանյանի սեփականության իրավունքը»: Տվյալ պարագայում Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ Դատարանը վճիռ է կայացրել նաև ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, քանի որ վճռով վերջինիս ըստ էության պարտավորեցվել է գրանցել Հայցվորի սեփականության իրավունքը խնդրո առարկա անշարժ գույքի նկատմամբ, այնինչ սեփականության իրավունքի գրանցման հիմքերը` մասնավորապես, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով Երևանի քաղաքապետի` ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու մասին համապատասխան որոշումը բացակայում է:

Վերոգրյալի հիման վրա Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ղազարյանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի, 300-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասի, 132-րդ հոդվածի 1-ին մասի ակնհայտ և կոպիտ խախտում:

Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական և դատավարական օրենքի նորմերի խախտումներ, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի կատարել վերը նշված նյութական և դատավարական օրենքի նորմերից բխող և դատարանի կողմից կատարման ենթակա պահանջները, չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել օրինականության սկզբունքները, և թույլ են տրվել նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները.

 

Դատավոր Ս. Ղազարյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«10.03.2010թ. ԵԱՔԴ 0176/02/10 քաղաքացիական գործով դատական ակտ կայացնելիս ես հաշվի եմ առել այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 07.09.2007թ. թիվ 3376-Ա որոշմամբ խնդրահարույց տարածքը արդեն ճանաչված է եղել օրինական (տե´ս կից ներկայացված որոշման ընդգծված կետերը 1-ին, 2-րդ, 8-րդ և կից հավելվածի 137-րդ կետը, որտեղ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթ փողոցի 19 շենքին կից 1338.37 քմ ինքնակամ որջ տարածքը ճանաչվել է օրինական, որի մասն է կազմում վիճահարույց տարածքը): Բացի այդ, դատական ակտով արձանագրվել է կադաստրային արժեքը մուծելուց հետո նոր միայն ճանաչել օրինական, որից հետո տարածքի հետ կապված ներքին առուծախի պայմանագիրը, որը կնքվել է 2008թ., ճանաչել վավեր: Լինելով առավել անկեղծ` նմանատիպ վեճերի օրինակներ քննարկվել են սեմինար պարապմունքների ընթացքում, և նույնիսկ որքան հիշում եմ, եղել են նախադեպեր այլ դատարաններում: Այդ իսկ պատճառով դատարանը քննության է առել հայցապահանջը, քանի որ ըստ գործի փաստերի և ապացույցների` գնորդ կողմը կատարել է ստանձնած պարտավորություններ, իսկ վաճառողը` ոչ: Հարգարժան այրեր, բոլոր դեպքերում, եթե խնդրի լուծման ընթացքում առկա են թերություններ կամ սխալ, ապա խնդրում եմ Ձեր ներողամտությունը: Բացի այդ, ես գրավոր դիմել եմ ՀՀ դատարանների խորհրդի նախագահին և խնդրել եմ` այսուհետ քննել քրեական գործեր, քանի որ այդ ոլորտում իմ փորձը առավել շատ է»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում հետևյալ փաստերը.

1. Հայցվորը 08.02.2010 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի` գույքն օրինական ճանաչելու, ներքին առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքն իրավասու մարմնում գրանցելու պահանջների մասին:

2. Ձեղնահարկն իրենից ներկայացնում է մինչև 2001 թվականն իրականացված ինքնակամ կառուցապատում:

3. Դատարանը 10.03.2010 թվականի թիվ ԵԱՔԴ/0176/02/10 վճռով հայցը բավարարել է և վճռել.

ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով ինքնակամ իրականացված կառույցների օրինականացման համար վճարները վճարելուց հետո Ձեղնահարկը ճանաչել օրինական. վավեր ճանաչել Ձեղնահարկի նկատմամբ 05.10.2008 թվականին Հայցվորի և Պատասխանողի միջև կնքված ներքին առուվաճառքի պայմանագիրը. Ձեղնահարկի նկատմամբ լիազոր պետական մարմնում գրանցել Հայցվորի սեփականության իրավունքը:

4. Հայաստանի Հանրապետության Նախագահի 19.03.2011թ. թիվ ՆՀ-46-Ա հրամանագրով դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանի լիազորությունները:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննարկելով Դատարանի դատավոր Ս. Ղազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ Կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը`

1. դատավորին սույն օրենսգրքով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու մասին.

2. գործը կարճելու մասին:

ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` Արդարադատության խորհուրդը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործն այն դեպքում, երբ` դադարեցվել են նրա լիազորությունները, կամ նա ազատվել է իր պաշտոնից:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը արձանագրում է հետևյալը.

1. Դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի 25.02.2011 թվականին հրավիրված նիստը հետաձգվել է` հաշվի առնելով Ս. Ղազարյանի կողմից ներկայացված դիմումը, որով հայտնել է, որ բուժման նպատակով գտնվում է արձակուրդում և խնդրել է Արդարադատության խորհրդի նիստը հետաձգել:

2. Դատարանի դատավոր Ս. Ղազարյանն Արդարադատության խորհրդին հասցեագրած 23.02.2011 թվականի դիմումով խնդրել է ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահին իր լիազորությունների դադարեցման խնդրանքով, քանի որ տառապում է շաքարախտ հիվանդությամբ, որն այժմ դրսևորվում է զանազան բարդություններով:

3. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, հիմք ընդունելով Արդարադատության խորհրդին հասցեագրված Դատարանի դատավոր Ս. Ղազարյանի դիմումը և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 3-րդ մասով, 24.02.2011թ. դիմել է ՀՀ արդարադատության նախարարին` առաջարկելով դիմել ՀՀ առողջապահության նախարարին` Ս. Ղազարյանի առողջական վիճակը պարզելու նպատակով բժշկական զննություն կատարելու համար:

4. Կատարված բժշկական զննության արդյունքում 16.03.2011թ. ներկայացվել է բժշկական եզրակացություն, որում նշված է եղել, որ Ս. Ղազարյանը տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում` դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա հիվանդությամբ, որը սահմանված է ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1184-Ն որոշմամբ` դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների մասին ցանկում:

5. Արդարադատության խորհուրդը 18.03.2011թ. հրավիրված նիստում որոշել է թիվ Կ-2-2/2011 և թիվ Կ-2-3/2011 կարգապահական վարույթներով Սուրիկ Ղազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունների քննարկումը հետաձգել և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 3-րդ մասով և ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1184-Ն որոշմամբ` դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:

6. Հայաստանի Հանրապետության Նախագահի 19.03.2011թ. թիվ ՆՀ-46-Ա հրամանագրով դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանի լիազորությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է աննպատակահարմար իրավական գնահատական տալ և անդրադառնալ Կարգապահական հանձնաժողովի կողմից Ս. Ղազարյանի վերաբերյալ ներկայացված եզրակացության մեջ արտացոլված նյութական և դատավարական օրենքների նորմերի խախտումներին, քանի որ ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը մասնավորապես սահմանում է, որ Արդարադատության խորհուրդը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործն այն դեպքում, երբ` դադարեցվել են նրա լիազորությունները, կամ նա ազատվել է իր պաշտոնից:

Խորհուրդը միաժամանակ փաստում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 19.03.2011թ. թիվ ՆՀ-46-Ա հրամանագրով դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանի լիազորությունները, և գտնում է, որ Ս. Ղազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը ենթակա է կարճման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածով, 162-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը մերժել: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Կ. Բաղդասարյան
Գ. Բադիրյան
Ա. Թումանյան

Գ. Խանդանյան

Ա. Խաչատրյան
Մ. Մակյան

Մ. Մարտիրոսյան
Ս. Օհանյան