Գլխավոր տեղեկություն
Համար
N 4-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.17/33(273) Հոդ.444
Ընդունող մարմին
Ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
08.11.2007
Ստորագրող մարմին
Ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2007

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11607418

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

տրանսպորտի ԵՎ կապի նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ոստիկանության պետ

 

30 հոկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 481-Ն

8 նոյեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 4-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԻՆՔՆԱՇԵՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻՆ, ԿՑՈՐԴՆԵՐԻՆ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» թիվ 1853-Ն որոշման 4-րդ կետի.

Հաստատել`

Ինքնաշեն ավտոմոբիլներին, կցորդներին և մոտոցիկլետներին ներկայացվող տեխնիկական պահանջները` համաձայն հավելվածի:

 

ՀՀ տրանսպորտի

և կապի

նախարար`

Ա. Մանուկյան

ՀՀ ոստիկանության պետ,

ոստիկանության

գեներալ-գնդապետ`

Հ. Հարությունյան

 

 

Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
30.10.2007 թ. N 481-Ն
ՀՀ ոստիկանության պետի
08.11.2007 թ. N 4-Ն
համատեղ հրամանի

 

ԻՆՔՆԱՇԵՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻՆ, ԿՑՈՐԴՆԵՐԻՆ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ինքնաշեն ավտոմոբիլներին, կցորդներին և մոտոցիկլետներին ներկայացվող տեխնիկական պահանջները (այսուհետ` տեխնիկական պահանջներ) տարածվում են անհատական (կոլեկտիվ) կարգով նախագծված և պատրաստված թեթև մարդատար ավտոմոբիլների, դրանց կցորդների և մոտոցիկլետների վրա:

2. Տեխնիկական պահանջները տարածվում են այն ինքնաշեն պատրաստված թեթև մարդատար ավտոմոբիլների վրա, որոնց թափքը գործարանային արտադրության չէ:

3. Տեխնիկական պահանջները տարածվում են այն ինքնաշեն պատրաստված կցորդների վրա, որոնց զանգվածի զգալի մասը կրում է քարշիչ ավտոմոբիլի կցաքարշակային սարքը, որը պետք է լինի գործարանային արտադրության:

4. Տեխնիկական պահանջները տարածվում են այն ինքնաշեն պատրաստված մոտոցիկլետների վրա, որոնց ամրաշրջանակը գործարանային արտադրության չէ:

5. Ինքնաշեն տրանսպորտային միջոցը անհրաժեշտ է նախագծել և կառուցել հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված «Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների» ցանկի պահանջները:

6. Տեխնիկական պահանջներում օգտագործված հասկացությունները ունեն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում բերված նշանակությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԻՆՔՆԱՇԵՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ՀԱՐՄԱՐԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ, ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԵՐԸ, ՏԵԽՆԻԿԱՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌԱՆՁԻՆ ԱԳՐԵԳԱՏՆԵՐԻՆ, ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻՆ, ՄԱՍԵՐԻՆ, ՍԱՐՔԵՐԻՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Ինքնաշեն ավտոմոբիլը պետք է լինի երկսռնիանոց, չորս անիվներով: Այն կարող է ունենալ հինգից ոչ ավելի նստատեղ (վագոնային հարմարակազմությամբ ավտոմոբիլները` յոթից ոչ ավելի), ընդ որում՝ օգտագործելով գործարանային արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլների (բացի թափքից) և մոտոցիկլետների ագրեգատներ, հանգույցներ և դետալներ:

8. Կարող է կիրառվել հարմարակազմման ցանկացած տեսակի սխեմա: Ինքնաշեն նախագծված և պատրաստված ավտոմոբիլը պետք է լինի ինքնատիպ և չհանդիսանա գործարանային արտադրության ավտոմոբիլի կրկնօրինակ: Ինքնաշեն ավտոմոբիլի կառուցման համար կարող է որպես բազա օգտագործվել հին ավտոմոբիլ, որը հանված է պետական հաշվառումից՝ միաժամանակ բավարարելով թափքի լրիվ ընթացային մասը չօգտագործելու պահանջը:

9. Ինքնաշեն ավտոմոբիլը պետք է ունենա հետևյալ հիմնական չափերը`

1) երկարությունը` ոչ ավելի, քան 4700մմ,

2) լայնությունը` ոչ ավելի, քան 1800մմ,

3) միջառանցքային հեռավորությունը` 1000մմ-ից ոչ պակաս,

4) միջանվահետքային հեռավորությունը` 1100մմ-ից ոչ պակաս,

5) վագոնային հարմարակազմման դեպքում հատակի բարձրությունը ճանապարհի հարթությունից` ոչ ավելի, քան 500մմ,

6) ընդհանուր բարձրությունը` ոչ ավելի քան 1900մմ, միևնույն ժամանակ կարելի է պատրաստել տեղաշարժվող տանիքով ավտոմոբիլ, որի բարձրությունը տրանսպորտային վիճակում չի անցնում ավտոմոբիլի 1900մմ եզրաչափքից:

10. Վագոնային հարմարակազմմամբ ինքնաշեն ավտոմոբիլը պետք է սարքավորված լինի էներգակլանող թափարգելով, ինչպես նաև անվտանգության մետաղական աղեղներով, որոնց արտաքին տրամագիծը պետք է լինի 50մմ-ից ավելի:

11. Ինքնաշեն ավտոմոբիլի թույլատրելի առավելագույն զանգվածի մեկ տոննային ընկնող շարժիչի տեսակարար հզորությունը պետք է կազմի 24 ձիաուժից ոչ պակաս և 50 ձիաուժից ոչ ավելի: Ավտոմոբիլի թույլատրելի առավելագույն զանգվածը հավասար է լրիվ լիցքավորված և լրակազմված ավտոմոբիլի զանգվածին գումարած ուղևորների և ուղեբեռի զանգվածները: Մեկ ուղևորի քաշն ընդունվում է 80 (70կգ+10կգ ուղեբեռ) կիլոգրամ:

12. Ըստ առջևի արտաքին անվի հետքի առանցքի, ինքնաշեն ավտոմոբիլի շրջադարձի նվազագույն շառավիղը պետք է լինի 5,6 մ, իսկ շրջադարձի արտաքին եզրաչափային շառավիղը` 6,2մ:

13. Ինքնաշեն ավտոմոբիլը չոր ասֆալտապատ հարթակի վրա 50մ տրամագիծ ունեցող շրջանով և 30կմ/ժ արագությամբ պետք է շարժվի կայուն, առանց կողասահքի երևույթի:

14.Ճանապարհի հարթությունից մինչև լրիվ բեռնված ինքնաշեն ավտոմոբիլի ամենացածր կետի հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 150մմ-ը:

15. Թափքի հարմարակազմումը, կառուցվածքը, ինչպես նաև ղեկանիվը, լծակները, ոտնակները, փոխարկիչները և ղեկավարման սարքերի կոճակները պետք է ապահովեն ուղևորների նստեցման և ավտոմոբիլի կառավարման հարմարավետությունը, ինչպես նաև վարորդների և ուղևորների պահպանումը վնասվածքներից: Վարորդի նստատեղից ավտոմոբիլի դիմացի ճանապարհային գոտու ոչ տեսանելի հատվածը պետք է չգերազանցի 6մ-ը:

16. Ինքնաշեն ավտոմոբիլը պետք է կահավորված լինի գործարանային արտադրության ավտոմոբիլների արգելակային և ղեկային (ձախակողմյան) կառավարման համակարգերով: Կարելի է օգտագործել ինքնաշեն առջևի կախոց: 800կգ թույլատրելի առավելագույն զանգվածը և 75կմ/ժ առավելագույն արագությունը գերազանցող ինքնաշեն ավտոմոբիլի վրա չի կարող կիրառվել 10:1-ի և ավելի փոքր փոխանցումային թվով ղեկային կառավարման համակարգ:

17. Չոր ասֆալտապատ ծածկույթի վրա կանգնած լրիվ բեռնված ինքնաշեն ավտոմոբիլի անիվների դարձի դեպքում ղեկանիվի օղագոտին շոշափող ճիգը չպետք է գերազանցի 20կգ/ուժ-ը:

18. Ինքնաշեն ավտոմոբիլը պետք է ունենա երկու իրարից անկախ արգելակման համակարգ`

1) Բանվորական` ոտնակից սռնիներով առանձնացված հաղորդակով,

2) Կայանման` լծակի շարժաբերից, որը կատարում է նաև պահուստային դեր,

3) Կարելի է կիրառել նաև առջևի անիվների վրա ներգործումով կայանման արգելակային համակարգ:

19. Լրակազմված և լիցքավորված զանգվածը 450կգ-ը գերազանցելու դեպքում ավտոմոբիլը պետք է ունենա հետին ընթացքի փոխանցում:

20. Կարող են պատրաստվել հետևյալ կառուցվածքի թափքեր` փակ, բաց և փափուկ հավաքվող ծածկույթով:

1) Թափքի ոչ մետաղական մասերը պետք է հեռացված լինեն տաքացող մասերից 100մմ-ից ոչ պակաս, իսկ ավելի մոտ գտնվելու դեպքում պաշտպանված լինեն ջերմամեկուսիչ նյութով: Թափքի արտաքին տեսքը պետք է լինի կոկիկ:

2) Վահանակի արտաքին մակերևույթների ցցուն մասերը, թափքի դետալները և դրանց լծորդումների կորացման շառավիղները պետք է չգերազանցեն 2,5մմ-ը:

3) Կարելի է կիրառել թափքի վահանակի արտաքին մակերևույթի վրա տեղադրված դետալների ցցվածություն`

ա. դեկորատիվ ցանցերի վրադիրների մակարդակը 10մմ-ից ոչ ավելի,

բ. դռների և շարժիչի, բեռնախցիկի ծածկոցների ծխնիների համար 30մմ-ից ոչ ավելի,

գ. արտաքին բռնակների և դռների փականների կոճակների համար 40մմ-ից ոչ ավելի,

դ. լապտերների եզրակների և ցվիքների համար 30մմ-ից ոչ ավելի՝ այդ թվում լուսացրիչի մակերևույթի համեմատ:

4) Թափարգելի դետալների կորության շառավիղը պետք է լինի 5 մմ-ից ոչ պակաս, դրա ծայրերը պետք է թեքված լինեն դեպի թափքի արտաքին մակերևույթը և դրանց միջև եղած բացակը չպետք է գերազանցի 2 մմ-ը:

5) Սարքերի վահանակի ստորին եզրերը պետք է ունենան 10մմ-ից ոչ պակաս կորացման շառավիղ:

6) Թափքը պետք է սարքավորված լինի հակաարևային հովհարներով և հետին տեսանելիության հայելիներով:

7) Դռները, շարժիչի և բեռնախցիկի ծածկոցները պետք է սարքավորված լինեն փականներով: Կարելի է կիրառել բացվող, տեղաշարժվող, հավաքվող և այլ դռների ցանկացած հարմարակազմում:

8) Վարորդի ձախակողմյան ապակին պետք է լինի իջեցվող կամ տեղաշարժվող:

21. Վառելանյութի բաքը պետք է լինի գործարանային արտադրության ավտոմոբիլի և տեղադրված լինի ավտոմոբիլի բազայի ներսում ուղևորասրահից մեկուսացված:

22. Ինքնաշեն ավտոմոբիլը սարքավորվում է գործարանային արտադրության ավտոմոբիլի արտաքին լուսավորման և լուսաազդանշանային սարքերով:

23. Ինքնաշեն ավտոմոբիլը պետք է կահավորված լինի գործարանային արտադրության ավտոմոբիլների ապակեմաքրիչներով, ինչպես նաև վազքաչափով, վառոցքի փականքով, լուսավորության և շրջադարձի թարթիչների փոխարկիչներով, շրջադարձի ցուցիչների ցուցասարքով:

24. Ինքնաշեն ավտոմոբիլների վրա պետք է նախատեսված լինի հաշվառման համարանիշների տեղեր` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 27 հուլիսի 2006 թվականի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1400-Ն որոշման:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԻՆՔՆԱՇԵՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

25. Արգելակային համակարգ չունեցող ինքնաշեն կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը չպետք է գերազանցի քարշիչ ավտոմոբիլը թողարկող գործարանի կողմից թույլատրելի զանգվածը և պետք է լինի լրակազմված և լիցքավորված քարշիչ ավտոմոբիլի զանգվածի կեսից պակաս, իսկ արգելակային համակարգով կահավորված կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը չպետք է գերազանցի լրակազմված և լիցքավորված քարշիչ ավտոմոբիլի զանգվածը կամ գերազանցի 750կգ-ը:

26. Ինքնաշեն կցորդի ցանկացած կշռային վիճակի դեպքում կցման հարմարանքի գնդիկավոր հոդակապի կենտրոնում ուղղաձիգ ստատիկ բեռնվածքը պետք է համապատասխանի քարշիչ ավտոմոբիլ արտադրող գործարանի կողմից թույլատրված մեծությանը և պետք է լինի 240Ն (25կգուժ)–ից մինչև 490Ն (50կգուժ):

27. Ինքնաշեն կցորդի կառուցվածքը պետք է հնարավորություն տա երթևեկելու ավտոգնացքի կազմում, քարշիչ ավտոմոբիլը արտադրող գործարանի կողմից նախատեսված առավելագույն արագությամբ:

28. Ինքնաշեն կցորդը պետք է ունենա հետևյալ հիմնական չափերը.

1) Երկարությունը` ոչ ավելի, քան 3000մմ,

2) Լայնությունը` ոչ ավելի, քան 1800մմ,

3) Բարձրությունը` ոչ ավելի, քան 1200մմ:

29. Բեռնված ինքնաշեն կցորդի ծանրության կենտրոնը պետք է տեղակայված լինի այնպես, որ ծանրության կենտրոնի բարձրությունը չպետք է գերազանցի 800մմ-ը:

30. Ինքնաշեն կցորդի ճանապարհային բացակը պետք է լինի քարշիչ ավտոմոբիլի ճանապարհային բացակից ոչ պակաս:

31. Ընդհանուր պահանջներ.

1) Ինքնաշեն կցորդը պետք է լինի միասռնի,

2) Հորիզոնական հարթության վրա տեղակայված, հորիզոնական տեղաբաշխմամբ ներքին հատակով ինքնաշեն կցորդը մեկ կողմի դողի վրա պետք է ունենա իր թույլատրելի առավելագույն զանգվածի 55%-ից ոչ ավելի բեռնվածք,

3) Ինքնաշեն կցորդի առեղի (շրջանակի) կառուցվածքը և չափերը պետք է ապահովեն դրա շեղումը գնդի նկատմամբ,

4) Ինքնաշեն կցորդը պետք է սարքավորված լինի երկու չհանվող ապահովիչ շղթաներով (մետաղաճոպաններով), որոնք կցաքարշակային սարքի վթարային կտրման դեպքում թույլ չեն տա առեղի հպումը ճանապարհի մակերևույթին, ապահովելով միևնույն ժամանակ կցորդի կառավարումը,

5) Ինքնաշեն կցորդը պետք է ունենա երկու հակագլորման հենք (ցցակալ),

6) Ինքնաշեն կցորդը պետք է ունենա կցաքարշակային սարք.

ա. կցաքարշակային սարքը պետք է ներառի ավտոմոբիլի վրա տեղակայված գնդաձև մատը և կցորդի առեղի վրա ամրացված փականային հարմարանքը,

բ. ավտոմոբիլի վրա գնդաձև մատի և կցորդի վրա փականային հարմարանքի ամրացումները պետք է ապահովեն դրանց փոխարինումը,

գ. փականային սարքի երկայնական առանցքը պետք է գտնվի ինքնաշեն կցորդի ուղղահայաց երկայնական սիմետրիայի հարթության մեջ,

դ. փականային սարքը պետք է ապահովված լինի ինքնակամ արձակումից երկու իրարից անկախ գործող ապահովիչների միջոցով, որոնցից յուրաքանչյուրը բացառում է շարժման ընթացքում դրանցից որևէ մեկի շարքից դուրս գալու դեպքում ինքնաանջատման հնարավորությունը:

7) Ինքնաշեն կցորդը պետք է ունենա ամբարձիկի տեղակայման համար տեղեր:

8) Ինքնաշեն կցորդների վրա պետք է նախատեսված լինի հաշվառման համարանիշների տեղեր` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 27 հուլիսի 2006 թվականի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1400-Ն որոշման:

32. Ինքնաշեն կցորդի կայանման արգելակային համակարգի ղեկավարման լծակը պետք է տեղակայված լինի առեղի (շրջանակի) աջ կողմում:

33. Ինքնաշեն կցորդը պետք է կահավորված լինի հետին պաշտպանիչ հարմարանքով, ցեխապաշտպան գոգնոցներով և ցայտապաշտպանիչներով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԻՆՔՆԱՇԵՆ ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ՀԱՐՄԱՐԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ, ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԵՐԸ, ՏԵԽՆԻԿԱՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

34. Թույլատրվում է կառուցել երկանիվ և եռանիվ մոտոցիկլետներ` նստատեղերի հետևյալ քանակով.

1) երկանիվ` ոչ ավելի երկու նստատեղից,

2) եռանիվ՝ ոչ ավելի երեք նստատեղից:

35. Ինքնաշեն մոտոցիկլետների վրա կարող են օգտագործվել ցանկացած տեսակի շարժաբերների սխեմաների հարմարակազմում, որը կապահովի դրա շահագործման հուսալիությունն ու անվտանգությունը:

36. Ինքնաշեն մոտոցիկլետը պետք է ունենա հետևյալ հիմնական չափերը.

1) երկարությունը` ոչ ավելի, քան 2450 մմ,

2) երկանիվի լայնությունը` ոչ ավելի, քան 900մմ,

3) եռանիվի լայնությունը` ոչ ավելի, քան 1700մմ,

4) բարձրությունը ճանապարհի հարթությունից առանց բեռնվածության և առանց շրջահոսիչի՝ ոչ ավելի, քան 1300մմ,

5) բարձրությունը ճանապարհի հարթությունից շրջահոսիչի առկայության դեպքում՝ ոչ ավելի քան 1700մմ,

6) անվային բազան` ոչ պակաս, քան 1000մմ,

7) եռանիվի միջանվային հեռավորությունը` ոչ ավելի, քան 1200մմ,

8) ճանապարհի հարթությունից մինչև լրիվ բեռնված մոտոցիկլետների ամենացածր կետի հեռավորությունը` ոչ պակաս, քան 100մմ:

37. Երկանիվ ինքնաշեն մոտոցիկլետների թույլատրելի առավելագույն զանգվածը շարժիչի բանվորական ծավալի մինչև 750սմ3-ի դեպքում կողային կցորդի չոր զանգվածը (կցորդի զանգվածը առանց լրակազմված և լիցքավորված վիճակի) չպետք է գերազանցի 123կգ-ը, իսկ կողային կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը (կցորդի չոր զանգվածին գումարած մեկ ուղևորի քաշը` 70կգ, գումարած ուղեբեռի քաշը, որը չպետք է գերզանցի 45կգ-ը) չպետք է գերազանցի 230կգ-ը:

38. Ինքնաշեն մոտոցիկլետի վրա պետք է տեղադրված լինի գործարանային արտադրության մոտոցիկլետի շարժիչ:

39. Ինքնաշեն մոտոցիկլետի թույլատրելի առավելագույն զանգվածի մեկ տոննային ընկնող` շարժիչի տեսակարար հզորությունը պետք է լինի 12 ձիաուժից մինչև 60 ձիաուժ (թույլատրելի առավելագույն զանգվածը հավասար է մոտոցիկլետի լրակազմված և լիցքավորված զանգվածին գումարած վարորդի, ուղևորների և ուղեբեռի քաշը): Մեկ մարդու քաշն ընդունվում է 70կգ:

40. Եռանիվ ինքնաշեն մոտոցիկլետի շրջադարձի եզրաչափքային շառավիղը չպետք է գերազանցի 3,5մ-ը, իսկ դրանց ամենափոքր շրջադարձի շառավիղը` 2,2 մ-ը:

41. Երկանիվ ինքնաշեն մոտոցիկլետի շրջադարձի եզրաչափքային շառավիղը չպետք է գերազանցի 3,5մ-ը:

42. 40մ շառավիղ ունեցող շրջանով, 30կմ/ժ արագությամբ չոր ասֆալտապատ հարթակով շարժվելու ժամանակ ցանկացած տարբերակի թուլատրելի բեռնվածության դեպքում ինքնաշեն մոտոցիկլետը պետք է լինի կայուն, դրա մոտ չպետք է նկատվի կողասահքի երևույթ, իսկ կողային կցորդով մոտոցիկլետի դեպքում (հատկապես կողային կցորդի կողմը շրջադարձ կատարելիս)` այն չպետք է շրջվի:

43. Վարորդի նստատեղից ինքնաշեն մոտոցիկլետի առջևի ճանապարհի չդիտվող գոտին չպետք է գերազանցի 3 մ-ը:

44. Ինքնաշեն մոտոցիկլետը պետք է սարքավորված լինի արգելակներով, ղեկային կառավարմամբ և կախոցների համակարգով:

45. Ինքնաշեն մոտոցիկլետը պետք է կահավորված լինի շրջահոսիչով կամ հողմապակիով:

1) Ինքնաշեն մոտոցիկլետը կողային մակերևույթների վրա պետք է ունենա բավարար բացվածք, որով վարորդը և ուղևորը վթարային իրավիճակների առաջացման դեպքում կարողանան լքել այն:

2) Փակ տեսակի շրջահոսիչով երկանիվ ինքնաշեն մոտոցիկլետը 7կմ/ժ և ավելի ցածր արագությամբ շարժվելու դեպքում ստատիկ հավասարակշռությունն պահպանելու համար պետք է ունենա կայունացման և ղեկավարելիության կորուստը կանխող հարմարանք:

3) Շրջահոսիչի ոչ մետաղական մասերը պետք է հեռացված լինեն տաքացող մասերից 20մմ-ից ոչ պակաս, իսկ ավելի մոտ գտնվելու դեպքում պաշտպանված լինեն ջերմամեկուսիչ նյութով:

4) Արտաքին մակերևույթի ելուստային մասերի, շրջահոսիչի դետալների կցորդման տեղերը պետք է ունենան 3մմ-ից ոչ պակաս կորացման շառավղեր:

5) Ինքնաշեն մոտոցիկլետի շարժման ժամանակ շրջահոսիչի բացվող դետալների (կափարիչները, բեռնատեղերը և այլն) հուսալի սևեռումն ապահովելու համար դրանք պետք է սարքավորված լինեն փականներով:

46. Ինքնաշեն մոտոցիկլետների վրա պետք է նախատեսված լինեն հաշվառման համարանիշների տեղեր` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 27 հուլիսի 2006 թվականի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1400-Ն որոշման: