Լ ր ա ց ո ւ ց ի չ ա ր ձ ա ն ա գ ր ո ւ թ յ ո ւ ն
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռումինիայի Կառավարության միջև 1994թ. սեպտեմբերի 20-ին Բուխարեստում ստորագրված` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռումինիայի Կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռումինիայի Կառավարության ներկայացուցիչները,
հաշվի առնելով Ռումինիայի համար` 1994թ. սեպտեմբերի 20-ին Բուխարեստում ստորագրված` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռումինիայի Կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) փոփոխության անհրաժեշտությունը, որպես Եվրոպական միության ապագա անդամ պետություն` իր պարտավորությունները կատարելու համար,
ընդունելով, որ Ռումինիան, հաշվի առնելով Եվրոպական համայնք հիմնող համաձայնագրի 307-րդ հոդվածը և Եվրոպական միությանը անդամակցելու իր պայմանագրի պայմանները, պետք է անդամակցության գործընթացը ավարտելու նպատակով ձեռնարկի բոլոր համապատասխան քայլերը` վերացնելու համար Համայնքի օրենքների և իր` այլ միջազգային պայմանագրերի, ներառյալ Համաձայնագիրը, միջև անհամապատասխանությունները,
համաձայնելով, որ Համաձայնագրի որոշակի փոփոխությունները անհրաժեշտ են այդ անհամապատասխանություններից խուսափելու համար,
որոշեցին կնքել Լրացուցիչ արձանագրություն` նպատակ ունենալով կարգավորել Ռումինիայում հայկական ներդրումների իրավական ռեժիմը` ապահովելու համար Համայնքի օրենքների հետ վերջինիս համապատասխանությունը, և
համաձայնեցին հետևյալի շուրջ.
Հոդված I
Սույն Արձանագրության նպատակն է փոխել Համաձայնագիրը` այն համապատասխանեցնելու համար Ռումինիայի պարտավորություններին, որոնք բխում են Եվրոպական միության անդամակցությունից:
Հոդված II
3-րդ հոդվածը կփոխվի հետևյալ կերպով.
1. 1-ին կետում կավելացվի հետևյալ նոր ձևակերպումը, որը կընթերցվի հետևյալ կերպով.
«1) Չխախտելով Եվրոպական միության կողմից ընդունված միջոցառումները` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է (…)»:
2. 3-րդ կետում Համաձայնագրի նախորդ ձևակերպումը կփոխվի հետևյալ ձևակերպմամբ.
«3) Սույն Համաձայնագրի ոչ խտրական, ազգային և ազգի առավել բարենպաստության ռեժիմների վերաբերյալ դրույթները չեն կիրառվի բոլոր առկա կամ ապագա առավելությունների նկատմամբ, որոնք տրվել են որևէ Պայմանավորվող կողմի կողմից, ելնելով իր անդամակցությունից կամ մասնակցությունից մաքսային, տնտեսական կամ արժութային միությանը, ինչպիսին է Եվրոպական միությունը, ընդհանուր շուկան կամ ազատ առևտրի գոտին, իր, այդ միության, ընդհանուր շուկայի կամ ազատ առևտրի գոտու անդամ պետությունների կամ որևէ այլ երրորդ պետության ներդրողներին:
Ազգի առավել բարենպաստության ռեժիմը չի վերաբերի այն առավելություններին, որոնք յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կտրամադրի երրորդ պետության ներդրողներին` ելնելով կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրից կամ հարկերի և պետական տուրքերի մասին որևէ այլ համաձայնագրից:»:
Հոդված III
4-րդ հոդվածի 1-ին կետը կփոխվի. կավելացվի նոր ձևակերպում, որը կընթերցվի հետևյալ կերպով.
«1. Չխախտելով Եվրոպական միության կողմից ընդունված միջոցները` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին կտրամադրի ներդրումների և վճարումների անսահմանափակ փոխանցում և, մասնավորապես, բայց ոչ բացառապես. (…)»:
Հոդված IV
11-րդ հոդվածը կփոխվի. կավելացվի նոր` 3-րդ կետ` հետևյալ ձևակերպմամբ.
«3) Եվրոպական միությանը Ռումինիայի անդամակցության դեպքում սույն Համաձայնագիրը անհրաժեշտության դեպքում կփոփոխվի Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ապահովելով իր դրույթների համապատասխանությունը Ռումինիայի պարտավորություններին, որոնք բխում են ԵՄ անդամի կարգավիճակից:
Եթե այդ համաձայնությունը ձեռք չբերվի, Ռումինիան իրավունք կունենա միակողմանիորեն դադարեցնելու սույն Համաձայնագիրը: Համաձայնագիրը կդադարի կիրառվել Եվրոպական միությանը անդամակցելու օրվանից կամ, այն դեպքում, երբ դադարեցումը տեղի կունենա անդամակցության օրվանից հետո, դադարեցման մասին ծանուցումը ստանալուց 3 ամիս հետո:»:
Հոդված V
Սույն Լրացուցիչ արձանագրությունը կկազմի Համաձայնագրի անբաժանելի մասը:
Սույն Լրացուցիչ արձանագրությունն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցումը ստանալու օրվանից, որով Պայմանավորվող կողմերը միմյանց կտեղեկացնեն դրա ուժի մեջ մտնելու համար ներքին ընթացակարգերի ավարտի մասին, և ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, որքան ուժի մեջ կմնա Համաձայնագիրը:
Ի վկայություն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, լինելով իրենց Կառավարությունների կողմից համապատասխան կերպով լիազորված, ստորագրեցին սույն Լրացուցիչ արձանագրությունը:
Կատարված է Երևան քաղաքում 2006 թ. հոկտեմբերի 4-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ռումիներեն և անգլերեն. բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանության ժամանակ տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2008թ. հուլիսի 15-ին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|