Գլխավոր տեղեկություն
Համար
N 2/2-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.03.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2006.03.13/2(21) Հոդ.9
Ընդունող մարմին
Կենտրոն թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.02.2006
Ստորագրող մարմին
Կենտրոն համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Կենտրոն թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2006 թվականի N 2/2-Ն

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով և 16-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով.

Երևանի Կենտրոն թաղային համայնքի ավագանին որոշում է.

1. Ընդունել Երևանի Կենտրոն թաղային համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Համայնքի ղեկավար՝

Գ. Բեգլարյան

 

 

Հավելված

Երևանի Կենտրոն թաղային

համայնքի ավագանու

2006 թ. փետրվարի 27-ի

N 2/2-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն կանոնակարգն ընդունված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հիման վրա, որը կանոնակարգում է Երևանի Կենտրոն թաղային համայնքի ավագանու (այսուհետ՝ ավագանի) գործունեությունը, նիստերի նախապատրաստումն ու անցկացումը:

1.2. Ավագանին ներկայացուցչական մարմին է և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորություններ:

1.3. Ավագանին իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Ավագանին գործում և նիստերը գումարում է քաղաք Երևան, Տերյան փողոց, թիվ 44 շենք հասցեում, որը հանդիսանում է Երևանի Կենտրոն թաղային համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավագանու և համայնքի ղեկավարի նստավայրը:

 

2. ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

2.1. Ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Ավագանին կարող է անցկացնել արտահերթ նիստեր:

2.2. Ավագանին, իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար, իր որոշմամբ կարող է ստեղծել մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովներ:

2.3. Ավագանու նիստը դռնբաց է: Առանձին դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ նիստ:

2.4. Ավագանու աշխատանքը տարվում է հայերեն լեզվով:

2.5. Ավագանու նիստին կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին կարող է ընդունել որոշումներ և ուղերձներ: Օրենքով սահմանված դեպքերում ավագանին կազմում է արձանագրություններ:

2.6. Համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասություններից դուրս գտնվող հարցերի կապակցությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ՝ ուղղված համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին կամ պետական այլ մարմիններին:

 

3. ԱՎԱԳԱՆՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ավագանին՝

3.1. ընդունում է իր կանոնակարգը,

3.2. հաստատում է համայնքի զարգացման ծրագիրը,

3.3. հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի՝ համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը,

3.4. վերահսկում է համայնքի բյուջեի կատարումը և համայնքի ստացած վարկերի ու այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործումը,

3.5. որոշում է կամավոր լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ,

3.6. նախաձեռնում և օրենքով սահմանված կարգով նշանակում է տեղական հանրաքվե,

3.7. վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ,

3.8. դատական կարգով կարող է վիճարկել համայնքի ղեկավարի՝ օրենքին և իրավական այլ ակտերին հակասող որոշումները,

3.9. որոշում է համայնքի ղեկավարի վարձատրության չափը,

3.10. որոշում է կայացնում առաջարկություն ներկայացնել Երևանի քաղաքապետին՝ համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ,

3.11. որոշում է կայացնում միջհամայնքային միավորումներ ձևավորելու մասին, ինչպես նաև առաջարկություն է ներկայացնում պետական լիազորված մարմին՝ այլ համայնքների հետ միավորվելով նոր համայնք ստեղծելու վերաբերյալ,

3.12. որոշում է կայացնում միջհամայնքային միավորումում իր ներկայացուցիչը նշանակելու վերաբերյալ,

3.13. որոշում է կայացնում պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից համայնքի խնդիրներին վերաբերող և օրենքով սահմանված գաղտնի տեղեկություններ չպարունակող փաստաթղթեր ստանալու վերաբերյալ: Այդ պահանջի կատարումը մեկամսյա ժամկետում պարտադիր է պետական մարմինների և պաշտոնատար անձանց համար,

3.14. որոշում է կայացնում ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ,

3.15. օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում համայնքային բյուջետային հիմնարկների, համայնքի մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին,

3.16. իր որոշմամբ համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի ներկայացրած բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուներին,

3.17. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմը: Այդ մարմիններում ավագանու առաջադրած ներկայացուցիչների թիվը կարող է լինել միայն կեսից պակաս,

3.18. հաստատում է առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի գործունեության համայնքային կանոնները՝ օրենքով սահմանված կարգով,

3.19. սահմանում է օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը,

3.20. սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը,

3.21. համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների և օտարման գների չափերը և պայմանները, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում՝ մեկնարկային գները,

3.22. որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկների ու կազմակերպությունների անվանման, վերանվանման վերաբերյալ,

3.23. իր որոշմամբ վավերացնում է Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների համայնքների հետ համագործակցելու մասին պայմանագրերը: Համայնքների գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով որոշում է կայացնում համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամության վճարները մուծելու մասին,

3.24. որոշում է կայացնում վարկերի և օրենքով սահմանված կարգով այլ միջոցների ներգրավման վերաբերյալ,

3.25. որոշում է կայացնում համայնքի ավագանու կողմից, իր կանոնակարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու կամ պատվավոր կոչումից զրկելու վերաբերյալ,

3.26. որոշում է կայացնում համայնքի զինանշանի վերաբերյալ,

3.27. հաստատում է համայնքի ղեկավարի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը,

3.28. հաստատում է բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը,

3.29. հաստատում է համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը,

3.30. պետական լիազորված մարմին առաջարկություն է ներկայացնում կամ համաձայնություն է տալիս համայնքի անվանափոխության վերաբերյալ:

Ավագանին իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

4. ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ավագանու անդամն իրավունք ունի.

4.1. առաջարկություններ ներկայացնել ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ,

4.2. նախապատրաստել և ավագանու քննարկմանը ներկայացնել հարցեր, որոշումների և ուղերձների նախագծեր,

4.3. համայնքի ղեկավարից պահանջել և ստանալ նրա գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկանքներ,

4.4. ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները կամ գործողությունները բողոքարկել դատարան, եթե խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի իրավունքները,

4.5. ստանալ դրամական փոխհատուցում՝ օրենքով սահմանված կարգով իր պարտականություններն իրականացնելու հետևանքով կատարած ծախսերի դիմաց:

Ավագանու անդամը պարտավոր է.

4.6. մասնակցել ավագանու նիստերին,

4.7. պարբերաբար հանդիպել համայնքի բնակիչների հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին,

4.8. մասնակցել ավագանու կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելություններին,

4.9. չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին,

4.10. անհամատեղելի պաշտոններում ընդունվելու կամ նշանակվելու դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ համայնքի ղեկավարին:

Ավագանու անդամը չի կարող միաժամանակ.

4.11. աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում, լինել համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավար,

4.12. լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ,

4.13. աշխատել իրավապահ, պետական անվտանգության և դատական մարմիններում:

Սույն կետի 4.11-րդ, 4.12-րդ և 4.13-րդ ենթակետերով սահմանված, ինչպես նաև զինված ուժերում ծառայելու կամ ծառայության անցնելու դեպքերում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մինչև ավագանու հերթական նիստը գրավոր հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները դադարեցվում են:

 

5. ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե՝

5.1. դադարեցվել է նրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,

5.2. նա դադարել է համայնքի բնակիչ լինելուց,

5.3. դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով նա դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը,

5.4. նա զորակոչվել կամ ծառայության է անցել զինված ուժերում,

5.5. դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել,

5.6. նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում,

5.7. նա մեկ տարվա ընթացքում անհարգելի բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից,

5.8. նա հրաժարական է տվել,

5.9. նա մահացել է:

Բացառությամբ 5.9-րդ ենթակետի, նախատեսված մնացած դեպքերում ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են համայնքի ավագանու հերթական նիստը սկսվելու պահից: Դրա վերաբերյալ համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու մյուս անդամները կամ համայնքի ղեկավարը:

5.9-րդ ենթակետով նախատեսված դեպքերում ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում է ավագանու որոշմամբ: Նիստ գումարելու անհնարինության դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են ավագանու անդամի լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն:

 

6. ԱՎԱԳԱՆՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Եթե ավագանու անդամի լիազորությունների դադարեցման հետևանքով անհնարին է դառնում ավագանու հետագա նիստերի անցկացումը, ապա ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու մնացած անդամները կամ համայնքի ղեկավարը:

Տվյալ արձանագրությունը ներկայացվում է պետական լիազորված մարմին: Կառավարությունը, օրենքով սահմանված կարգով, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաև, եթե օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր:

 

7. ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

Ավագանու անդամը, իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց, իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչև 30 տոկոսի չափով:

 

8. ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

 

Նորընտիր ավագանու առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան ավագանու լիազորություններն ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում: Առաջին նիստը գումարում է համայնքի ղեկավարը կամ պաշտոնակատարը:

 

9. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

 

9.1. Ավագանու նիստերը հրավիրում և վարում է համայնքի ղեկավարը կամ պաշտոնակատարը, նրանք ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:

9.2. Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են ավագանու անդամների կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը կամ նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը, և նիստը չի սկսվում, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու՝ նիստին ներկայացած անդամները:

9.3. Ավագանու որոշումները և ուղերձները ընդունվում են ավագանու՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

9.4. Ավագանու որոշման մեջ նշվում են որոշման նախագծին կողմ, դեմ և ձեռնպահ քվեարկած ավագանու անդամների ազգանունները, որոնց դիմաց նրանք ստորագրում են: Ավագանու որոշումը կնքում է համայնքի ղեկավարը:

9.5. Ավագանու նիստը շարունակվում է մինչև օրակարգի սպառումը: Նիստը կարող է ընդհատվել ավագանու որոշմամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում:

9.6. Ավագանու նիստը դռնբաց է: Առանձին դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ նիստ:

9.7. Ավագանին նիստին կարող է հրավիրել և լսել ցանկացած անձի: Համայնքի ղեկավարի հրավերով ավագանու նիստին մասնակցում են համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները:

9.8. Ավագանու որոշումների վերաբերյալ համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում ավագանուն կարող է ներկայացնել գրավոր առարկություններ և առաջարկություններ՝ համապատասխան հիմնավորումներով, եթե ավագանու որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենքին կամ ավագանու նախկին որոշումներին:

9.9. Եթե համայնքի ղեկավարն ավագանու որոշման դեմ առարկում է, ապա եռօրյա ժամկետում հրավիրում է ավագանու արտահերթ նիստ, իսկ որոշման կատարումը հետաձգվում է՝ մինչև այդ նիստում ավագանու կողմից դրա քննարկումը: Ավագանին քննարկում է նշված առաջարկությունները և որոշում է ընդունում նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ: Նշված նիստում և նախատեսված ժամկետներում որոշումը չվերանայելու կամ ավագանու նիստը չկայանալու դեպքում որոշումն ուժի մեջ է մտնում և ենթակա է պարտադիր կատարման:

Ավագանու որոշումները համայնքի ղեկավարը կարող է բողոքարկել դատական կարգով:

9.10. Ավագանու անդամը համայնքի ղեկավարի որոշումները ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կարող է պահանջել հրավիրել ավագանու արտահերթ նիստ, եթե համայնքի ղեկավարի որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին: Այս դեպքում ավագանու նիստ պետք է հրավիրվի այդ մասին պահանջը համայնքի ղեկավարին ներկայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում՝ սույն կանոնակարգի 10-րդ կետով սահմանված կարգով: Ավագանու անդամը պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առարկություններ ու առաջարկություններ՝ համապատասխան հիմնավորումներով՝ առաջարկելով համայնքի ղեկավարին փոխելու իր բողոքարկվող որոշումը:

9.11. Համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը փոփոխելու մասին ավագանու որոշումը համայնքի ղեկավարին հանձնելու պահից համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշման գործողությունը կասեցվում է մինչև համայնքի ղեկավարի կողմից դրա քննարկումը, եթե բողոքարկվող որոշումը դեռևս չի կատարվել, և եթե բողոքարկվող որոշման կատարումը հնարավոր է հետաձգել: Համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում պարտավոր է քննարկել ավագանու որոշումը և դրա վերաբերյալ կայացնել իր բողոքարկվող որոշումը օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին համապատասխանեցնելու կամ համայնքի ավագանու որոշումը չընդունելու մասին: Իր որոշումը համայնքի ղեկավարը պարտավոր է անմիջապես ուղարկել ավագանու անդամներին: Համայնքի ղեկավարի կողմից սույն կետով նշված համապատասխան որոշումներից որևէ մեկն ընդունելու պահից որոշման կասեցումը դադարեցվում է:

9.12. Եթե համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում ավագանու որոշման վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում, ապա համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը համարվում է վերացված:

9.13. Համայնքի ղեկավարի որոշումները ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով:

 

10. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ

 

10.1. Ավագանու արտահերթ նիստը գումարում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը՝ իր կամ ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:

10.2. Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:

10.3. Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և համապատասխան փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են նիստից մեկ օր առաջ:

10.4. Արտահերթ և հերթական նիստերում քննարկվող հարցերի որոշումների նախագծերի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվում են համանման պահանջներ:

 

11. ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՈՒՄԸ, ՆԻՍՏԵՐՈՒՄ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

11.1. Համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձևավորում են համայնքի ղեկավարը և ավագանու անդամները՝ համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն տասն օր առաջ ներկայացրած գրավոր հարցերից:

11.2. Հարցերի հեղինակները պետք է ներկայացնեն որոշման նախագծեր:

Յուրաքանչյուր նախագծին կցվում են դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորումները և յուրաքանչյուր որոշման նախագծի իրականացման ֆինանսական ծախսերի նախահաշիվները:

11.3. Նիստերի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը, համապատասխան փաստաթղթերը նիստն սկսվելուց առնվազն յոթ օր առաջ տրամադրվում են ավագանու անդամներին: Նիստի օրակարգը հաստատվում է ավագանու որոշմամբ:

Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի, վայրի վերաբերյալ և օրակարգի նախագիծը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում՝ համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաև այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար՝ առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար:

Անձանց պահանջով նրանց պետք է տրամադրվեն նիստի հետ կապված փաստաթղթերի պատճենները՝ դրանց ծախսերը ծածկող վճարի դիմաց:

Սույն կետով նախատեսված փաստաթղթերի հրապարակումը, փակցնելու և դնելու տեղերը սահմանվել են ավագանու աշխատակարգով:

11.4. Ավագանու նիստը սկսվում է ավագանու անդամների հաշվառմամբ, որն անցկացնում է համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը:

11.5. Հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ և ավագանու որոշմամբ:

11.6. Տվյալ նիստի օրակարգի հարցերի քննարկման հաջորդականությունը որոշում է համայնքի ղեկավարը:

11.7. Օրակարգային հարցի քննարկումն սկսվում է հարցն առաջարկողի զեկուցմամբ: Զեկուցողին տրվում են հարցեր: Հարցերը պետք է ձևակերպվեն հստակ և հակիրճ: Նիստը վարելու կարգի վերաբերյալ առաջարկություններ են արվում մինչև մտքերի փոխանակությունն սկսելը:

Մտքերի փոխանակությանը, բացի ավագանու անդամներից, համայնքի ղեկավարից, այլ անձինք կարող են մասնակցել միայն ավագանու որոշմամբ:

11.8. Մտքերի փոխանակության ժամանակ համայնքի ավագանու նիստերում արտահերթ ձայնի իրավունք ունի համայնքի ղեկավարը, որի ելույթը չի սահմանափակվում:

11.9. Որոշումն ընդունվում է քվեարկությանը մասնակցած ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է ավագանու անդամների կեսից ավելին:

11.10. Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկության որոշման նախագիծն ընդունվում է ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ:

11.11. Օրակարգ մտած հարցի որոշման նախագիծը չընդունելու մասին առաջարկությունը չի քվեարկվում: Իրենց վերաբերմունքն անդամներն արտահայտում են քննարկվող նախագիծը քվեարկելու միջոցով:

11.12. Քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի:

Յուրաքանչյուր քվեարկության ժամանակ ավագանու անդամն ունի մեկ ձայնի իրավունք՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ: Քվեարկությանը չմասնակցած ավագանու անդամն իրավունք չունի քվեարկել քվեարկությունից հետո:

11.13. Քվեարկությունն սկսելուց առաջ նախագահողը կրկնում է քվեարկության դրվող առաջարկությունը, հիշեցնում, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը (ուղերձը):

11.14. Ավագանու անդամը քվեարկում է անձամբ: Քվեարկության իրավունքի զիջում չի թույլատրվում:

Քվեարկությունից հետո համայնքի ղեկավարը հայտարարում է քվեարկության արդյունքները: Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են որոշման նախագծին կողմ, դեմ և ձեռնպահ քվեարկած ավագանու անդամների ազգանունները, որոնց դիմաց նրանք ստորագրում են: Ավագանու որոշումը կնքում է համայնքի ղեկավարը:

11.15. Ավագանին որոշումներն ընդունվում է բաց քվեարկությամբ: Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկության, համայնքի ավագանու անդամի քվեարկությունների կեսից ավելի բացակայություններն անհարգելի ճանաչելու մասին որոշումներն ընդունվում են փակ քվեարկությամբ: Փակ քվեարկություն կարող է անցկացվել նաև այլ դեպքերում, ավագանու որոշմամբ:

11.16. Ավագանու որոշումների մեկ օրինակը, այն ընդունելուց հետո յոթնօրյա ժամկետում, համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը սահմանված կարգով առաքում է Երևանի քաղաքապետին, իսկ նորմատիվ որոշումները՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

 

12. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

12.1. Համայնքի բյուջեն ավագանին հաստատում է յուրաքանչյուր տարի: Բյուջեն կազմելիս և հաստատելիս հաշվի են առնվում համայնքի բնակչության կենսական շահերը, համայնքի զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերը և եղած ռեսուրսները:

Համայնքի բյուջեում փոփոխություններ կատարում է համայնքի ավագանին՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ:

Համայնքի բյուջեի նախապատրաստման, քննարկման, հաստատման և դրանում փոփոխություններ կատարելու կարգը, ինչպես նաև պետական բյուջեի հետ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

12.2. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի նախագիծը ավագանու քննարկմանն է ներկայացնում կառավարության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում: Բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ: Եթե պետական բյուջեն ընդունելիս ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերը փոփոխվում են, ապա համայնքի ղեկավարը երկշաբաթյա ժամկետում ավագանու հաստատմանն է ներկայացնում բյուջեի համապատասխան փոփոխությունները:

12.3. Համայնքի ղեկավարը ավագանուն ներկայացնում է բյուջեի նախագիծը, պատասխանում է ավագանու անդամների հարցերին: Մտքերի փոխանակությանը, բացի ավագանու անդամներից, համայնքի ղեկավարից, համայնքի ղեկավարի աշխատակազմի բաժինների ղեկավարներից, այլ անձինք կարող են մասնակցել միայն ավագանու որոշմամբ: Մտքերի փոխանակության ժամանակ ելույթների քանակը չի սահմանափակվում:

12.4. Համայնքի ղեկավարը, համայնքի տարեկան բյուջեի նախագիծը ավագանու անդամներին ներկայացնելու հետ միասին, ներկայացնում է համայնքի տարեկան զարգացման ծրագիրը:

12.5. Ավագանու անդամները բյուջեի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվում են ավագանու նիստում: Եթե ավագանու անդամի առաջարկությունը նախատեսում է նոր ծախսեր, ապա նա պարտավոր է նշել համապատասխան ֆինանսական միջոցների աղբյուրները: Համայնքի ղեկավարը քննարկումից հետո կարող է վերցնել մինչև մեկ շաբաթ ժամանակ՝ ներկայացված նախագծի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:

Նշված ժամկետում համայնքի ղեկավարը հրավիրում է համայնքի ավագանու նիստ և ներկայացնում է իր դիրքորոշումը բյուջեի՝ ավագանու առաջարկած փոփոխությունների վերաբերյալ: Բյուջեի նախագիծը, համայնքի ղեկավարի ընդունած փոփոխություններով, քվեարկության է դրվում ամբողջությամբ: Չընդունվելու դեպքում նոր բյուջեի նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել համայնքի ավագանին՝ համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ, կամ համայնքի ղեկավարը՝ հրավիրելով արտահերթ նիստ:

12.6. Եթե ավագանին մինչև տարվա սկիզբը համայնքի բյուջեն չի ընդունվում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է կատարել նախկինում կնքված պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարած ծախսերից ոչ ավելի:

12.7. Համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը կարող է դնել հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Եթե համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ավագանու անդամների թվի ձայների կեսից ավելիով նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված՝ համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:

12.8. Համայնքի բյուջեի հաստատման առնչությամբ հրաժարական տալու միջոցով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ ավագանու որոշում կայացվելու դեպքում հարցը ներկայացվում է կառավարություն՝ օրենքով սահմանված կարգով:

Եթե դիմումն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, կառավարությունը նման որոշում չի կայացնում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված՝ համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:

12.9. Համայնքի ղեկավարի՝ կառավարության պահանջով հրաժարական տալու, լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում համայնքի նոր ղեկավարը համայնքի ավագանուն բյուջեի նախագիծ է ներկայացնում քսան օրվա ընթացքում: Դա քննարկվում և հաստատվում է օրենքով նախատեսված կարգով՝ երեսուն օրվա ընթացքում:

12.10. Ավագանու կողմից համայնքի բյուջեի քննարկման և հաստատման հետ կապված՝ սույն կանոնակարգով չկարգավորված հարցերը կանոնակարգվում են Հայաստանի Հանարապետության բյուջետային օրենսդրությամբ:

12.11. Համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, ապահովում է բյուջեի կատարումը՝ համայնքի բյուջեն համայնքի ավագանու կողմից հաստատվելուց հետո:

 

13. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

13.1. Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է համայնքի ավագանին, որն իրավազոր է ստուգել ցանկացած բյուջետային գործողություն և (կամ) գործառույթ, ուսումնասիրել աշխատանքների կատարման արդյունավետությունը և որակը, պահանջել հաշվետվություններ կատարված ծախսերի վերաբերյալ:

13.2. Բյուջեի կատարման վերահսկողությունը մշտապես և արդյունավետ իրականացնելու նպատակով համայնքի ավագանին կարող է սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է համայնքային բյուջեից:

13.3. Համայնքի ղեկավարը եռամսյակը մեկ Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետում բյուջեի ընթացքի մասին հաղորդումներ է ներկայացնում համայնքի ավագանուն:

13.4. Բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն ներկայացվում է բյուջետային տարին ավարտվելուց հետո հաջորդ տարվա համայնքային բյուջեի եռամսյակային կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ հաղորդման հետ միասին:

13.5. Ավագանին, քննարկումն ավարտելուց հետո, որոշում է կայացնում բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:

13.6. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև ավագանու կողմից այդ հաշվետվության քննարկման և հաստատման ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

13.7. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում ավագանին, օրենքով սահմանված կարգով, կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն ներկայացնել: Եթե համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն չի ներկայացվում կամ կառավարությունը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկությունն օրենքով սահմանված կարգով ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:

13.8. Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին որոշում ընդունվելու դեպքում համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, վայր է դնում իր լիազորությունները, իսկ համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունը համարվում է հաստատված:

13.9. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման և հաստատման հետ կապված՝ սույն կանոնակարգով չկարգավորված հարցերը կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ: