ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
25 նոյեմբերի 2011 թ. |
2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՐԱՏԱՊ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի նոյեմբերի 1-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» փոխառության համաձայնագիրն ստորագրվել է 2011թ. նոյեմբերի 1-ին:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2011թ. նոյեմբերի 17-ի թիվ 45-41 արձանագրային որոշմամբ հավանություն է տվել փոխառության համաձայնագրին:
Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի առաջին մասը՝ 30 մլն ԱՄՆ դոլարի չափով փոխառությամբ և 6.33 մլն ԱՄՆ դոլարի չափով ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, ստորագրվել է 2009թ. հուլիսի 31-ին, իսկ նախատեսված ծրագրի կատարումն ավարտվել է 2011թ. հունիսի 30-ին:
2. «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» փոխառության համաձայնագրի նպատակն է բարձրացնել ջրօգտագործման արդյունավետությունն ընտրված ոռոգման համակարգերում և նպաստել գյուղացիական անմիջական զբաղվածության ստեղծմանը, մասնավորապես.
- մեծացնել ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի ազդեցությունը ոռոգման համակարգերի զարգացման նկատմամբ,
- բավարարել ոռոգման կառուցվածքների վերականգնմանն օժանդակելու աղքատ գյուղացիների աճող պահանջարկը,
- շարունակել ստեղծել կարճաժամկետ զբաղվածության հնարավորություններ շինարարության բնագավառում,
- ապահովել երկարատև աշխատատեղերի առկայությունը գյուղատնտեսության բնագավառում,
- օգտագործել Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի ծրագրի արդյունքներն օբյեկտների ուսումնասիրման և նախագծերի պատրաստման համար:
Վերոնշյալ ծրագրային աշխատանքներն ըստ համաձայնագրի թիվ 1 առդիրի` իրականացվելու են Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերում:
Համաձայնագիրը բաղկացած է թվով երեք ժամանակացույցից և հավելվածից: Առաջին ժամանակացույցում նկարագրված` Ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է տասնութ միլիոն (18.000.000) ԱՄՆ դոլար՝ մինչև 2013թ. հունիսի 30-ը մարման պայմանով: Միաժամանակ, նախատեսված է տոկոսագումարի վճարում՝ համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.04-րդ, 2.05-րդ կետերում սահմանված կարգով և պայմաններով:
3. Փոխառության համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
ա) վերադարձնել փոխառված գումարը համաձայնագրի 3-րդ առդիրով ամրագրված մարման ժամանակացույցի համաձայն,
բ) իրականացնել Ծրագիրը ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի միջոցով` Ընդհանուր պայմանների 5-րդ հոդվածի դրույթների համաձայն,
գ) ապահովել Ծրագրի իրականացումը Համաձայնագրի 2-րդ առդիրի դրույթներին համապատասխան, մասնավորապես.
- նշանակել ԾԻԳ-ին որպես գնումների պլանավորման, մոնիտորինգի և հաշվետվությունների, վճարումների կատարման և ներքին ֆինանսական հսկողության իրականացման, Ծրագրի հաշիվների վարման և Ծրագրի հաշվետվությունների պատրաստման պատասխանատու,
- ապահովել ԾԻԳ-ի համապատասխան աշխատակազմի և միջոցների մշտական առկայությունը` Ծրագրի իրականացման և կառավարման պարտականությունները կատարելու համար,
- մինչև Ծրագրի ավարտը պահպանել ՋՕԸ-ների օժանդակության խումբը,
- ապահովել տարեկան բյուջեում ոռոգման համակարգերի պատշաճ օգտագործման և պահպանման համար անհրաժեշտ միջոցների առկայությունը,
- ապահովել Ծրագրի դրույթների իրականացումը Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթներին համապատասխան,
- Ծրագրի Ա և Բ մասերի համար կիրառել Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման ուսումնասիրության և Վերաբնակեցման քաղաքականության փաստաթղթում սահմանված չափորոշիչները, քաղաքականությունը, ընթացակարգերը,
- իրականացնել Ծրագրի առաջընթացի մոնիտորինգ ու գնահատում և պատրաստել Ծրագրի վերաբերյալ հաշվետվություններ` Ընդհանուր պայմանների 5.08 բաժնի դրույթներին համապատասխան,
- վարել ֆինանսական կառավարման համակարգ` Ընդհանուր պայմանների 5.09 բաժնի դրույթներին համապատասխան,
- Ծրագրի համար պահանջվող և փոխառության միջոցներից ֆինանսավորվելիք բոլոր աշխատանքները ձեռք բերել Գնումների ուղեցույցների 1-ին բաժնում ամրագրված կամ նշված պահանջների և Փոխառության համաձայնագրի 2-րդ առդիրի 3-րդ բաժնի դրույթներին համապատասխան,
- Ծրագրի համար պահանջվող և փոխառության միջոցներից ֆինանսավորվելիք բոլոր խորհրդատվական ծառայությունները ձեռք բերել Խորհրդատուների ուղեցույցների I և IV բաժիններում ամրագրված կամ նշված պահանջներին և Փոխառության համաձայնագրի 2-րդ առդիրի 3-րդ բաժնի դրույթներին համապատասխան և այլն,
դ) վճարել տոկոսներ փոխառության մասհանված մնացորդի համար համաձայնագրով սահմանված դրույքաչափերին և ժամկետներին համապատասխան,
ե) համաֆինանսավորել Ծրագրի Ա մասի շրջանակներում իրականացվող աշխատանքների, խորհրդատվական ծառայությունների, այդ թվում` ուսուցման, Լրացուցիչ գործառնական ծախսերի և աուդիտի 15 տոկոսը և Ծրագրի Բ մասի շրջանակներում իրականացվող աշխատանքների 24 տոկոսը:
4. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վավերացման ներքին ընթացակարգերն ավարտվելուց հետո, բայց ոչ ուշ, քան ստորագրման ամսաթվից հետո իննսուներորդ օրը:
5. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ համաձայնագրի անգլերեն բնօրինակ տեքստի և հայերեն պաշտոնական թարգմանված տեքստի համեմատական ուսումնասիրությունը վկայում է, որ առկա են մի շարք վրիպումներ, մասնավորապես՝ համաձայնագրի 4-րդ հոդվածում, 2-րդ առդիրում (1-ին բաժնի «Ա» կետի 1-ին ենթակետ, 2-րդ բաժնի «Ա» կետի 1-ին, 2-րդ կետեր, «Բ» կետի 2-րդ և 3-րդ ենթակետեր, 3-րդ բաժնի «Գնման մեթոդը» վերտառությամբ մասի «ա» կետի «i» ենթակետ, 4-րդ բաժնի «Ա» կետի 2-րդ ենթակետի աղյուսակի 1-ին կետ), հավելվածում (1-ին, 9-րդ և 21-րդ կետեր):
Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոհիշյալ վրիպումներն ու սխալները հանգեցնում են համաձայնագրի անգլերեն բնօրինակ տեքստի և հայերեն պաշտոնական թարգմանված տեքստի համապատասխան դրույթների տարընթերցման ու բովանդակային աղավաղման: Ու, թեև, դրանք համաձայնագրում ամրագրված ՀՀ պարտավորությունների սահմանադրականության խնդիր չեն հարուցում, սակայն ենթակա են շտկման:
6. ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի առաջին մասի իրականացման արդյունքում վերականգնվել է շուրջ 90 կմ ջրանցք, որից 36 կմ` Արագածոտնի մարզում և 54 կմ` Արմավիրի մարզում, հնարավոր է դարձել խնայել 97 մլն խմ ոռոգման ջուր, ոռոգելի տարածքների պոտենցիալ աճը կազմել է մոտ 8 հազար հա: Ծրագիրն ավարտվել է նախատեսված ժամկետներում:
Միաժամանակ, նկատի ունենալով, որ վարկային միջոցները նպատակ ունեն ոռոգման համակարգերի վերականգնման ու զարգացման ճանապարհով նպաստել գյուղատնտեսական արտադրության հետագա զարգացմանը, ՀՀ սահմանադրական դատարանը կարևոր է համարում, որպեսզի նման վարկային պարտավորություն ստանձնելիս գնահատվի նաև տվյալ ձեռնարկի տնտեսական արդյունավետությունն ու վարկային միջոցների վերադարձնելիության հիմնավորվածությունը: Հակառակ դեպքում սերունդների վրա կթողնվեն չհիմնավորված պարտքեր, ինչը պատճառ կդառնա նրանց իրավունքների անհամաչափ սահմանափակման:
7. Սահմանադրական դատարանը գտնում է, որ համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2011 թվականի նոյեմբերի 1-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
25 նոյեմբերի 2011 թ. |