ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
1 ապրիլի 2025 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի՝ Մարդու իրավունքների պաշտպանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 68-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին և ուժի մեջ մտել՝ 2003 թվականի հուլիսի 7-ին։
Օրենքի վիճարկվող դրույթները փոփոխվել են «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 12.07.2024 թ. ՀՕ-317-Ն օրենքով (այսուհետ նաև՝ Փոփոխված օրենք)՝ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունվելուց հետո: Փոփոխված օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.
«1. Մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող զույգը՝ միայն կնոջ (ամուսնու) հետ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում, եթե ամուսիններից մեկը մինչև 55 տարեկան է (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչև 53 տարեկան).
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող մինչև 55 տարեկան տղամարդը կամ կինը՝ իր ցանկությամբ (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչև 53 տարեկան)»:
Օրենքի՝ «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված իրավական հարաբերությունները» վերտառությամբ 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով (դիմումի մուտքագրման օրվա դրությամբ) սահմանված է.
«Մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինը (մինչև 53 տարեկան կինը)` միայն կնոջ (ամուսնու) հետ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ մինչև 53 տարեկան կինը` իր ցանկությամբ»:
Գործի քննության առիթը Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Սահմանադրական դատարանի 2024 թվականի հունիսի 18-ի ՍԴԱՈ-100 աշխատակարգային որոշմամբ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունվել է քննության:
Սահմանադրական դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի ՍԴԱՈ-147 աշխատակարգային որոշմամբ վերոնշյալ գործի դատաքննությունը հետաձգվել է և նշանակվել այլ օր:
Սահմանադրական դատարանի 2024 թվականի նոյեմբերի 22-ի ՍԴԱՈ-181 աշխատակարգային որոշմամբ վերոնշյալ գործով զեկուցող դատավորը փոխարինվել է, և գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի այլ դատավոր:
Սահմանադրական դատարանի 2024 թվականի նոյեմբերի 22-ի ՍԴԱՈ-182 աշխատակարգային որոշմամբ հիշյալ գործի քննության ժամկետը երկարաձգվել է, գործի դատաքննությունը հետաձգվել և նշանակվել այլ օր:
Սահմանադրական դատարանի 2025 թվականի հունվարի 21-ի ՍԴԱՈ-13 աշխատակարգային որոշմամբ նշված գործի վարույթը կասեցվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքով:
Սահմանադրական դատարանի 2025 թվականի մարտի 11-ի ՍԴԱՈ-37 աշխատակարգային որոշմամբ նշված գործի վարույթը վերսկսվել է, և գործի դատաքննությունը նշանակվել է 2025 թվականի մարտի 25-ին:
Սահմանադրական դատարանի 2025 թվականի մարտի 25-ի ՍԴԱՈ-44 աշխատակարգային որոշմամբ նշված գործի դատաքննությունը հետաձգվել և նշանակվել է 2025 թվականի ապրիլի 1-ին:
Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով Օրենքի վիճարկվող իրավադրույթները` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողի դիրքորոշումները
Մարդու իրավունքների պաշտպանը այսուհետ նաև՝ Դիմող պնդում է, որ վիճարկվող դրույթներով սահմանվում է բացարձակ արգելք՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող 53 տարին լրացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող 53 տարին լրացած կանանց համար։ Այսինքն՝ ներպետական օրենսդրությամբ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար սահմանափակում է նախատեսվում կանանց համար՝ հիմքում դնելով որոշակի տարիքային շեմը։
Վկայակոչելով Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասն ու Կառավարության՝ 2013 թվականի մարտի 7-ի «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, մեթոդների տարատեսակներն ու բժշկական գործելակերպը սահմանելու մասին» N 214-Ն որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) N 2 հավելվածը՝ Դիմողը գտել է, որ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման յուրաքանչյուր փորձի դեպքում անհատական մոտեցում է ցուցաբերվում և պարզվում է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման համար այլ պայմանների բավարարման հանգամանքը։ Ըստ այդմ՝ տարիքի պայմանի պահպանումը նախապայման է, և քննարկվող իրավունքը հնարավոր է իրացնել միայն համապատասխան հակացուցումների բացակայության ու դրան զուգահեռ՝ համապատասխան առողջական վիճակի առկայության պայմաններում։
Նշյալի հիման վրա Դիմողը փաստել է, որ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ անկախ որևէ հանգամանքից, այդ թվում՝ բավարար առողջական վիճակի առկայությունից՝ կանայք, տարիքային շեմի չհաղթահարմամբ պայմանավորված, զրկվում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունից։ Միևնույն ժամանակ, անկախ տարիքային շեմի բավարարման հանգամանքից՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացումը հնարավոր է միայն համապատասխան բժշկասոցիալական ցուցումների առկայության կամ այլ կերպ՝ համապատասխան առողջական վիճակի առկայության ու հակացուցումների բացակայության պայմաններում։
Դիմողը վիճարկվող օրինադրույթները խնդրահարույց է համարել նաև մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի տեսանկյունից: Մասնավորապես՝ վկայակոչելով Սահմանադրության 31-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ ՄԻԵԿ) 8-րդ հոդվածը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) նախադեպային իրավունքը և Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ նաև՝ ՄԱԿ) մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 12-րդ հոդվածը՝ Դիմողը պնդում է, որ Օրենքով սահմանված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հետ կապված հարցերը մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի տիրույթում են, իսկ ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումների համաձայն՝ «անձնական կյանք» եզրույթը ներառում է ինչպես ծնող դառնալու, այնպես էլ չդառնալու որոշումները հարգելու իրավունքը։
Ըստ Դիմողի՝ վիճարկվող կարգավորումները խնդրահարույց են մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի տեսանկյունից` նկատի ունենալով այն, որ ոչ իրավաչափ եղանակով են միջամտում անձի վերարտադրողական ինքնավարությանը՝ ներառյալ՝ երեխա ունենալու կամ չունենալու որոշումների կայացմանը:
Դիմողը վիճարկվող օրինադրույթները խնդրահարույց է համարել նաև Սահմանադրության 29-30-րդ հոդվածներով սահմանված խտրականության արգելքի և տղամարդու ու կնոջ իրավահավասարության իրավունքների ներքո: Հղում անելով ՄԻԵԿ-ի 14-րդ հոդվածին, ՄԻԵԴ-ի և Սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքին, «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքին՝ Դիմողը նշել է, որ տարիքի հիմքով խտրականությունը տեղի է ունենում այն դեպքերում, երբ անձի հնարավորությունները չափվում են նրա տարիքով, իսկ «(...) գենդերային խտրականությունը (ուղղակի, անուղղակի)` սեռի հատկանիշով անձանց իրավունքներն ու շահերը սահմանափակող ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն է, որն ուղղված է կամ հանգեցնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության ճանաչման, օգտագործման կամ իրականացման սահմանափակմանը կամ վերացմանը»։
Ըստ այդմ՝ Դիմողը նկատում է, որ տղամարդկանց համար տարիքով պայմանավորված որևէ սահմանափակում օրենսդրությամբ ու նույն իրավակարգավորումներով ամրագրված չէ։
Նշյալ սահմանադրական իրավունքներին պետության միջամտությունը փոխկապվածաբար դիտարկելով նաև Սահմանադրության 78-րդ հոդվածով երաշխավորված համաչափության սկզբունքի համատեքստում՝ Դիմողը գտել է, որ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի նորմատիվ կերպով երաշխավորման հետ մեկտեղ, նախատեսվում է վերջինիս սահմանափակման իրավական հնարավորությունը։ Ընդ որում՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերում ու նախադեպային իրավունքում հստակ ամրագրվում են նույն իրավունքի սահմանափակման սահմաններն ու դեպքերը՝ նախանշելով այն նպատակները, որոնց հետապնդման անհրաժեշտությունը կարող է հիմք լինել սահմանափակման համար, ինչպես նաև ամրագրվում է պետության կողմից ձեռնարկվող սահմանափակող միջոցների պիտանիության, անհրաժեշտության, ինչպես նաև այդ միջոցների և դրանցով հետապնդվող նպատակի միջև արդարացի հավասարակշռության պայմանների պահպանման պարտականությունը։ Նշվածն առաջին հերթին նպատակ է հետապնդում պատշաճ երաշխավորելու հիմնարար իրավունքներն ու ազատությունները և խուսափելու դրանց սահմանափակման կամայականություններից։
Մինչդեռ, Դիմողի պնդմամբ, հայտնի չէ, թե կանանց համար տարիքային շեմի սահմանմամբ օրենսդիրն ինչ իրավաչափ նպատակ է հետապնդել։ Նույնիսկ հետապնդվող նպատակի իրավաչափության պարագայում վիճարկվող դրույթները խնդրահարույց են դրանց՝ անհրաժեշտ լինելու հիմնավորվածության տեսանկյունից։ Մասնավորապես՝ կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև առկա չէ արդարացի հավասարակշռություն. կիրառվող միջոցը հետապնդվող նպատակին հասնելու համար չափից ավելի խիստ է և շրջանցում է այդ նույն նպատակին նվազագույն ջանքերի գործադրմամբ այլ միջոցներով հասնելու ողջամիտ հնարավորությունները՝ հատկապես նկատի ունենալով այն, որ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար բացի տարիքից անհրաժեշտ է նաև այլ գործոնների, այդ թվում՝ բժշկասոցիալական ցուցումների առկայությունը՝ առանց որոնց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվել հնարավոր չէ:
Ավելին՝ անգամ մինչև 53 տարեկան կանանց՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունն ուղղակիորեն պայմանավորված է մնացած գործոնների առկայությամբ:
Դիմողը պնդում է նաև, թե օրենսդրի կողմից հստակեցված չէ՝ որոնք են այն հնարավոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ 53 տարեկանից բարձր կանանց հղիության հետ կապված (օրինակ՝ առողջական, սոցիալական կամ այլ ռիսկեր)։ Բացի այդ, վիճարկվող դրույթներով 53 տարեկանից բարձր կանանց համար սահմանված է վերարտադրողականության բոլոր օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու բացարձակ արգելք՝ առանց հստակեցնելու այն հարցը, թե արդյոք վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների բոլոր տեսակների կիրառումը ռիսկային է 53 տարեկանից բարձր բոլոր կանանց համար՝ անկախ առողջական վիճակից ու այլ հանգամանքներից։
Ըստ Դիմողի՝ չբացառելով, որ առողջության պահպանման իրավունքի տեսանկյունից կարող են կիրառելի լինել, այդ թվում՝ նշված իրավունքին վերաբերելի որոշ սահմանափակումներ՝ այդուհանդերձ, դրանք պետք է գնահատման առարկա դառնան յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում, այլ ոչ թե օրենսդրական կարգավորման ուժով բացարձակ արգելքի սահմանմամբ։
Դիմողի պնդմամբ՝ խտրականության արգելքի սկզբունքի տեսանկյունից խնդրահարույց է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամուսնության մեջ գտնվող 53 տարին լրացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող 53 տարին լրացած կանանց համար բացարձակ արգելքի սահմանումը, որով տարբերակված մոտեցում է ցուցաբերվում մինչև 53 տարեկան և 53 տարեկանը լրացած կանանց, ինչպես նաև կանանց և տղամարդկանց միջև։ Ընդ որում՝ տարբերակված մոտեցումը վերաբերում է ինչպես սեռի, այնպես էլ տարիքի հիմքով խտրականությանը։
Մասնավորապես՝ ի տարբերություն սույն իրավակարգավորումների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տղամարդկանց համար հիշյալ իրավահարաբերությունների համատեքստում որևէ տարիքային սահմանափակում նախատեսված չէ՝ անկախ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիայի տեսակից (արհեստական սերմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով, արհեստական (արտամարմնական/փորձանոթային) բեղմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով և սաղմի ներպատվաստում, ինչպես նաև դոնորական սաղմի ներպատվաստում փոխնակ մոր արգանդում)։
Ավելին՝ 53 տարին լրացած կանանց վերարտադրողականության հնարավորությունները պայմանավորվում են նրա տարիքով՝ բացառելով անձի վերարտադրողական ունակությունների և հնարավորությունների գնահատման որևէ այլ գործոնի կիրառման հնարավորություն։
Ի թիվս այլ հանգամանքների՝ հաշվի առնելով նաև այն, որ օրենսդիրը վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար, բացի տարիքից, իրավաչափորեն պարտադիր է համարում նաև մի շարք այլ գործոնների միաժամանակյա առկայությունը և, հետևաբար՝ նման սահմանափակում չի նախատեսում տղամարդկանց համար, Դիմողը գտնում է, որ նման տարբերակված մոտեցումը չունի օբյեկտիվ հիմք և իրավաչափ նպատակ և հակասում է Սահմանադրությամբ սահմանված խտրականության արգելքի սկզբունքին։
Ամփոփելով Դիմողը եզրահանգել է, որ վիճարկվող իրավանորմերը, նախատեսելով կանանց համար վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար տարիքային սահմանափակում, հակասում են Սահմանադրությամբ ամրագրված՝ խտրականության արգելքի սկզբունքին, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին և իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքին:
Ի լրումն դիմումի՝ 2025 թվականի փետրվարի 17-ին, ի պատասխան գործով զեկուցողի 21.01.2025 թ. գրության, Սահմանադրական դատարան է մուտքագրվել Դիմողի դիրքորոշումը, որում նշվել է հետևյալը.
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումներով քաղաքացիները բարձրացրել են այն հարցը, որ դիմել են բժշկական հաստատությանը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար, սակայն մերժում են ստացել սահմանված տարիքային շեմը չբավարարելու պատճառաբանությամբ: Ընդ որում՝ քաղաքացիներից մեկը, որն ամուսնացած չի եղել, դիմել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար 68 տարեկան հասակում, մյուսը՝ 57 տարեկան հասակում:
Դիմողի կողմից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ կիրառող տարբեր կենտրոններ ուղարկված հարցումներին տրված պատասխանների արդյունքներով Օրենքի ընդունումից հետո 53 տարեկանից բարձր 19 կին դիմել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար և տարիքով պայմանավորված՝ մերժում է ստացել:
Միևնույն ժամանակ, Դիմողը նշել է, որ Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում իր կողմից վիճարկվող կարգավորումներում կատարված փոփոխությունները Սահմանադրության տեսանկյունից և, մասնավորապես, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի առումով շարունակում են խնդրահարույց մնալ: Մասնավորապես՝ թեև Օրենքով մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք կնոջը որոշ դեպքերում վերապահվել է մինչև 55 տարեկանը, այնուամենայնիվ, նոր կարգավորումներով ևս շարունակում է սահմանվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու տարիքային բացարձակ արգելք՝ առանց յուրաքանչյուր դեպքի անհատական հանգամանքների հաշվառման: Ընդ որում՝ Օրենքի գործող խմբագրությամբ տղամարդկանց համար ևս որոշ դեպքերում սահմանվել է տարիքային սահմանափակում:
Ըստ Դիմողի՝ օրենսդրական նոր կարգավորումներով, անկախ որևէ հանգամանքից, այդ թվում՝ բավարար առողջական վիճակի առկայությունից, թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, որոշակի տարիքային շեմով պայմանավորված, զրկվում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունից՝ չնայած որ, անկախ տարիքային շեմի բավարարման հանգամանքից, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացումը հնարավոր է միայն համապատասխան բժշկասոցիալական ցուցումների առկայության կամ այլ կերպ՝ համապատասխան առողջական վիճակի առկայության ու հակացուցումների բացակայության պայմաններում:
Դիմողի կարծիքով՝ օրենսդրական նոր կարգավորումներով ևս ոչ իրավաչափ եղանակով միջամտություն է կատարվում անձի վերարտադրողական ինքնավարությանը՝ ներառյալ երեխա ունենալու կամ չունենալու որոշումների կայացմանը: Հետևաբար՝ օրենսդրական նոր կարգավորումների պայմաններում օրենսդրի մոտեցումը չի վերանայվել՝ ամրագրելով այնպիսի լուծում, որը հակասում է Սահմանադրությամբ ամրագրված մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին և այդ համատեքստում՝ խտրականության արգելքի սկզբունքին:
Ըստ այդմ՝ Դիմողն ընդգծել է, որ իր դիմումում և դիրքորոշման մեջ բարձրացված խնդիրներն արդիական են և՛ Օրենքի, և՛ Փոփոխված օրենքի պարագայում:
Ամփոփելով Դիմողը խնդրել է քննարկել Փոփոխված օրենքի համապատասխանությունը Սահմանադրության 29, 31, 78 և 81-րդ հոդվածներին:
2. Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող) նշել է, որ Օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ տարիքային սահմանափակում նախատեսելը թույլ կտա խուսափել ավելի բարձր տարիքի կանանց մոտ հղիության հետ կապված հավանական ռիսկերից՝ նկատի ունենալով, որ տարիքին զուգահեռ՝ բարձրանում է կնոջ առողջության և կյանքի համար վտանգ ներկայացնող թե՛ մանկաբարձական, թե՛ ուղեկցող ախտաբանությունների առաջացման հավանականությունը, որոնք կարող են հանգեցնել հղիության անբարենպաստ, ընդհուպ՝ մահացու ելքի:
Հղում անելով Սահմանադրության, Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի, «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի վերաբերելի դրույթներին, ինչպես նաև վերաբերելի «փափուկ իրավունքի» նորմերին՝ Պատասխանողը նաև նշել է հետևյալը.
«... գրեթե ցանկացած իրավունք անսահմանափակ չէ: Սահմանափակումների իրավաչափության հիմքերը, ընդհանուր առմամբ, հանգում են պետական և հանրային շահի, անվտանգության և այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Այսինքն՝ հաշվի առնելով նախևառաջ հենց իրավունքն իրացնողի և այլ անձանց այլ իրավունքները՝ դրանք երբեմն կարող են սահմանափակվել: Սակայն, ամեն դեպքում, իրավական կարգավորումները պետք է հավասարակշռեն հանրային առողջության շահերը անձնական ազատությունների և իրավունքների հետ»:
Պատասխանողի դիտարկմամբ՝ բազմաթիվ բժշկական հետազոտությունների արդյունքում արձանագրվել է, որ ավելի մեծ տարիքում երեխա ունենալու դեպքում կա ավելի մեծ հավանականություն և հնարավոր ռիսկ, որ երեխան կունենա առողջական խնդիրներ: Հետևաբար՝ տարիքային սահմանափակումները հիմնված են բժշկական անվտանգության, ինչպես նաև երեխայի և մոր առողջության հետ կապված ռիսկերի վրա:
Պատասխանողը դիրքորոշում է հայտնել, որ Օրենքի վիճարկվող դրույթներով սահմանվել է այն տարիքը, որի ժամանակ անձանց մոտ հիվանդությունների հավանականությունն ավելի բարձր է և ռիսկային (տարիքային սահմանափակումների վերաբերյալ որոշումները հաճախ հիմնված են գիտական ապացույցների, բժշկական փորձաքննությունների վրա):
Վերոնշյալի հիման վրա Պատասխանողը պնդում է, որ տարիքային սահմանափակումը խտրական չէ, եթե դա հիմնավորված է հանրային քաղաքականության օրինական նպատակներով, կիրառվում է հավասարապես և համաչափ է:
Պատասխանողը վիճարկվող օրինադրույթները խնդրահարույց չի համարել նաև մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի տեսանկյունից: Մասնավորապես՝ ըստ Պատասխանողի՝ տարիքային սահմանափակումն ինքնանպատակ չէ. օրենսդրական սահմանափակումներն էական նշանակություն ունեն հանրային առողջության պահպանման համար և կարող են ձևակերպված լինել այնպես, որ չխախտեն մասնավոր իրավունքը՝ միաժամանակ ապահովելով հավասարակշռությունը հանրային առողջության կարիքների ապահովման և անձնական ազատությունների միջև: Հետևաբար՝ ըստ Պատասխանողի՝ վիճարկվող դրույթները համապատասխանում են համաչափության սկզբունքին. դրանցով նախատեսված սահմանափակումը հետապնդում է առողջության պաշտպանության իրավաչափ նպատակ, իսկ ընտրված միջոցը պիտանի և անհրաժեշտ է այդ նպատակին հասնելու համար:
Պատասխանողը նշել է նաև, որ 2024 թվականի հուլիսի 12-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «[Օրենքում] լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում կատարվել է փոփոխություն, այն է՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը վերապահվել է մինչև 55 տարեկան թե՛ տղամարդուն և թե՛ կնոջը, իսկ հղիությունը կրելու դեպքում՝ մինչև 53 տարեկան կնոջը:
Պատասխանողը 17.09.2024 թ. ներկայացրած լրացուցիչ դիրքորոշմամբ վիճարկվող իրավադրույթները դիտարկել է նաև երեխայի լավագույն շահի սահմանադրական իրավունքի տեսանկյունից: Մասնավորապես՝ վկայակոչելով Սահմանադրության, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի, Ընտանեկան օրենսգրքի (այսուհետ նաև՝ ԸՕ), Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի, ինչպես նաև Եվրոպական միության «Հիմնական իրավունքների մասին» խարտիայի վերաբերելի դրույթները՝ Պատասխանողը գտել է, որ երեխայի լավագույն շահի ապահովման համատեքստում և, մասնավորապես, երեխայի մտավոր և ֆիզիկական կարիքները բավարարելու համար ծնողները պետք է հաշվի առնեն իրենց առողջական վիճակը, հնարավոր սոցիալական ու տնտեսական խնդիրներն ու այն միջոցառումները, որոնք կարող են բարելավել երեխայի կյանքի որակը:
Ըստ Պատասխանողի՝ տարիքային սահմանափակումները նպաստում են ոչ միայն երեխայի, այլ նաև ծնողների ակնկալվող կյանքի և երեխայի բարեկեցության ապահովմանը: Բարձր տարիքում երեխաներ ունենալու դեպքում վերջիններիս համար կարող են առաջանալ երկարաժամկետ հոգատարության և ֆինանսական ապահովման խնդիրներ: Հնարավոր սահմանափակումները կարող են փորձել կանխատեսել ծնողների կենսակերպի և առողջության հնարավոր հետևանքները: Ընդ որում՝ տարիքային սահմանափակումները երաշխավորում են երեխայի զարգացման ընթացքում կայուն միջավայր: Ավելի երիտասարդ կամ առավել տարեց ծնողները կարող են հանդիպել տարբեր մարտահրավերների, որոնք կարող են ազդել երեխայի կարիքները բավարարելու նրանց կարողության վրա: Տարիքային սահմանափակումներն օգնում են հավասարակշռել սույն գործոնները՝ հնարավորություն տալով ծնողներին երկարաժամկետ հեռանկարում ֆիզիկապես բավարարել երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսական պահանջները, այն է՝ կարողանալ պլանավորել երեխայի ապագան, ապահովել կրթությամբ, տրամադրել էմոցիոնալ աջակցություն:
Պատասխանողը պնդում է, որ տարիքային սահմանափակումները լուծում են նաև սոցիալական մի շարք խնդիրներ. տարեց ծնողները մոտենում են կենսաթոշակային տարիքին, ինչը կարող է բարդացնել եկամուտների պլանավորումը և երեխաների կարիքների պատշաճ բավարարումը:
Միաժամանակ, Պատասխանողն ընդգծում է, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար տարիքային սահմանափակում սահմանելու առավել էական նշանակություն ունեցող հիմքը երեխայի հնարավոր առողջական ռիսկն է:
Պատասխանողը հավելում է նաև, որ վերոթվարկյալ հանգամանքներն ունեն բժշկասոցիալական բնույթ, կարող են վրա հասնել որոշակի ժամանակի ընթացքում, ուստի՝ որոշակի հստակ ժամանակահատվածում դրանց ռացիոնալ գնահատում իրականացնել հնարավոր չէ:
Ամփոփելով՝ Պատասխանողը պնդում է, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար տարիքային սահմանափակումը հիմնավոր է, այն նպատակ է հետապնդում բացառապես ապահովելու երեխայի լավագույն շահը, բխում է որոշակի բժշկասոցիալական երաշխիքների ապահովման սկզբունքներից և համապատասխանում է Սահմանադրությանը:
3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.
- արդյո՞ք մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակումը` որպես Սահմանադրության 31-րդ հոդվածով ամրագրված մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին պետության միջամտություն, համապատասխանում է Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված համաչափության սկզբունքին այնքանով, որքանով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքն իրացնելու օրենսդրական այլ պայմանների համեմատությամբ անձի տարիքի պայմանը կանխորոշող է:
4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի (...) անձեռնմխելիության իրավունք»:
Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»:
Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը ժողովրդավարական պետությունում իրավական հասարակարգի առանցքային բաղադրիչներից է, որն ընդգծում է իրավական պետության մարդակենտրոն բնույթը: Այն կառուցված է պետության կողմից մարդու ներքին ազատության իրավաբանական ճանաչման վրա՝ մի կողմից պատնեշելով պետաիշխանական կամայական որևէ միջամտություն, իսկ մյուս կողմից՝ պետությանը պարտավորեցնելով ձեռնարկել պոզիտիվ գործողություններ մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը երրորդ անձանց ոտնձգություններից գործնականում երաշխավորելու և պաշտպանելու ուղղությամբ։
Սահմանադրական դատարանն իր որոշումներում անդրադարձել է մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանադրական էությանը: Մասնավորապես՝ 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման մեջ Սահմանադրական դատարանը նշել է. «Մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի ամրագրումը միտված է անձի համար և անձի շուրջ այնպիսի շրջանակի (տարածության) երաշխավորմանը, որում նա, զերծ մնալով պետության կամ հանրության կողմից որևէ ուղղորդումից կամ առավել ևս հարկադրանքից, կկարողանա ազատորեն դրսևորել և զարգացնել իր անհատականությունը` իր արժանապատվության և ընդհանուր և հատուկ ազատությունների և իրավունքների` պետության, հանրության և այլ մասնավոր անձանց կողմից հարգանքի պայմաններում: Հետևապես` անձի մասնավոր տարածության անձեռնմխելիությունը` այլ հիմնական իրավունքների և ազատությունների համակցության մեջ, հնարավորություն է տալիս ապահովելու թե՛ մարդու անհատական ներքին ինքնորոշումը` իր կենսական շահերին համապատասխան, թե՛ այլ մասնավոր անձանց հետ նրա մասնավոր-կենսական կապերի գաղտնիությունը` պետությունից, հասարակությունից և երրորդ անձանցից, և այդ իմաստով է Սահմանադրությունը երաշխավորում անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը:
(…)
Մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքի պաշտպանությունը ներառում է ոչ միայն պետության կողմից մասնավոր կյանքին միջամտելուց ձեռնպահ մնալը, այլև պետության պոզիտիվ պարտականությունը` անհրաժեշտ և արդյունավետ օրենսդրական և իրավակիրառ միջոցներով երաշխավորելու և ապահովելու այն: Հետևապես` պետությունը, նախ` ինքը չպետք է միջամտի այս հիմնական իրավունքին, բացառությամբ Սահմանադրությամբ թույլատրված դեպքերի, ինչպես նաև պարտավոր է սահմանել ոչ միայն իր, այլև երրորդ անձանց կողմից այս հիմնական իրավունքի խախտումների դեպքում դրանցից արդյունավետ պաշտպանվելու համար անհրաժեշտ ընթացակարգեր և կառուցակարգեր, և, վերջապես, պարտավոր է նաև գործնականում ապահովել այս հիմնական իրավունքի պաշտպանությունը երրորդ անձանցից»:
Ընդգծելով մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի ներանձնային բնույթը՝ Սահմանադրական դատարանը հատկապես կարևորում է մարդու կենսագործունեության և կենսակերպի ընտրության ազատությունը՝ որպես իր ինքնության բնորոշման, ներքին ինքնորոշման, անհատական զարգացման ուղենիշների որոշման և դրանցից բխող՝ անձնական և ընտանեկան կարգավիճակի ընտրության անխոչընդոտ հնարավորություն: Վերջինս՝ որպես այդպիսին, նորմատիվ փոխազդեցության մեջ է մարդու ազատ գործելու սահմանադրական իրավունքի հետ, որը երաշխավորված է Սահմանադրության 39-րդ հոդվածով:
Վերոնշյալի լույսի ներքո սահմանադրաիրավական նշանակություն ունի այն հարցը, թե արդյոք վերարտադրողականությունը մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի բաղկացուցիչ մաս է և պաշտպանված է այդ իրավունքի համար նախատեսված սահմանադրական երաշխիքներով:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն առանձնացրել է մարդու վերարտադրողական իրավունքը որպես մարդու անձնական իրավունք: Վերջինս ամրագրված է Օրենքի 1-ին հոդվածում: Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նշյալ իրավունքը մանրամասնված է՝ հնարավորություն տալով անձին ինքնուրույն տնօրինելու իր սեռական ու վերարտադրողական կյանքը, եթե դա չի վտանգում այլոց առողջությունը:
Այսինքն՝ պետությունն Օրենքի մակարդակում ճանաչել է մարդու վերարտադրողական իրավունքը, ինչից բխում է այդ իրավունքի ապահովման ուղղությամբ համարժեք պոզիտիվ պարտականությունների ստանձնումը, որոնք տեղ են գտել Օրենքի հետագա շարադրանքում, ինչպես նաև նեգատիվ պարտականությունը՝ անհարկի չմիջամտել անձի սեռական ու վերարտադրողական կյանքին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը համապարփակ կերպով անդրադարձել է մարդու վերարտադրողական իրավունքին՝ որպես ՄԻԵԿ-ի 8-րդ հոդվածով երաշխավորված՝ մարդու անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի ծավալում ընդգրկված իրավունքի:
Մասնավորապես՝ ՄԻԵԴ-ը սահմանել է, որ «մասնավոր կյանք» հասկացությունը ներառում է ծնող դառնալու կամ ծնող չդառնալու որոշումների նկատմամբ հարգանքի իրավունքը (Էվանսն ընդդեմ Միացյալ Թագավորության (Evans v. The United Kingdom) գործով ՄԻԵԴ-ի 2007 թվականի ապրիլի 10-ի վճիռ, կետ 58): Ընդ որում՝ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի վերլուծությունից հետևում է, որ ծնող դառնալ-չդառնալու (վերարտադրողականության) իրավունքի հիմքում դրվել է գենետիկ ծնող դառնալու կամ չդառնալու հանգամանքը՝ ըստ էության, առանց նախանշելու գենետիկ վերարտադրման եղանակը` բնական, թե «արհեստական», այդ թվում՝ օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ գենետիկ վերարտադրությունը (Էմ.Էլ.-ն ընդդեմ Լեհաստանի (M.L. v. Poland)) գործով ՄԻԵԴ-ի 2023 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռ, կետ 91):
Արձանագրելով մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի ներառվածությունը մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի ծավալում՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում համալիր վերլուծել վիճարկվող օրինադրույթները որպես մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքին հանրային իշխանության միջամտություն՝ վերջինիս համաչափության առումով:
Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
Սահմանադրական դատարանը 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշմամբ անդրադարձել է համաչափության սահմանադրական սկզբունքին՝ նշելով հետևյալը. «(...) որևէ հիմնական իրավունքի սահմանափակում հնարավոր է միայն օրենքով, իսկ համաչափության սկզբունքով պայմանավորված` օրենքով հիմնական իրավունքի սահմանափակումներին վերաբերող պահանջները հետևյալն են.
1) սահմանափակման նպատակի լեգիտիմությունը, այն է` Սահմանադրությամբ սահմանված լինելը.
2) սահմանափակման համար ընտրված միջոցների`
ա) պիտանիությունը` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար.
բ) անհրաժեշտությունը` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար.
գ) համարժեքությունը սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
(....)
(....) Սահմանադրական դատարանի գնահատմամբ համաչափության սկզբունքը Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված իրավական պետության հիմնարար սկզբունքի բաղադրիչներից մեկն է: 2015 թվականի փոփոխություններով (գործող) Սահմանադրության մեջ այն ամրագրվել է ամբողջ ծավալով` հստակորեն (expressis verbis):
Համաչափության սկզբունքի էությունը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների սահմանափակումն է մասնավոր և հանրային շահերի միջև ողջամիտ հավասարակշռության ապահովման միջոցով, և հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներին ներկայացվող սահմանադրական պահանջների շարքում այն ունի առանձնահատուկ կարևորություն:
Համաչափության սկզբունքի առաջին տարրը հիմնական իրավունքի սահմանափակման նպատակի լեգիտիմությունն է, այն է` Սահմանադրությամբ նախատեսված լինելը: Դա նշանակում է, որ օրենսդիրը, իրականացնելով հիմնական իրավունքի սահմանափակման իր լիազորությունը, պետք է հիմնվի Սահմանադրությամբ նախատեսված նպատակների վրա: Բոլոր այն դեպքերում, երբ այդ նպատակներն ուղղակիորեն ամրագրված են սահմանափակվող հիմնական իրավունքին կամ ազատությանը վերաբերող սահմանադրական դրույթներում, ինչպես օրինակ՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքի դեպքում, օրենսդիրն իրավասու է միայն դրանք կոնկրետացնել օրենքներում, մնացյալ դեպքերում օրենսդիրն ինքն է բացահայտում սահմանափակման` օրենքով սահմանված նպատակի սահմանադրական բովանդակությունը` հիմնվելով Սահմանադրության վերաբերելի նորմերի մեկնաբանության վրա:
Հավաստիանալով իր կողմից պարզված սահմանադրական նպատակի առկայության մեջ` օրենսդիրն այնուհետև պետք է ընտրի դրան հասնելու միջոցները: Հետևապես, ընտրված միջոցների սահմանադրականությունը կանխորոշվում է առաջին հերթին դրանցով հետապնդվող նպատակով:
Ինչ վերաբերում է օրենսդրի կողմից միջոցների ընտրությանը` սահմանադրորեն արդարացված նպատակին հասնելու համար, ապա, նախ` դրանք պետք է պիտանի լինեն հիշյալ սահմանադրական նպատակին հասնելու համար: Այսինքն՝ այնպիսի օրենսդրական միջոցներն են պիտանի, որոնցով օրենսդիրն ի զորու է հասնել հետապնդվող նպատակին, այլ կերպ` երբ ապահովված է հավանականությունը, որ արդյունքը, որին ձգտում է օրենսդիրը, ի հայտ կգա:
Համաչափության սկզբունքի հաջորդ տարրն օրենսդրի կողմից ընտրված միջոցի անհրաժեշտությունն է, այսինքն՝ այն, որ այդ միջոցը` այլ միջոցների համեմատ նույն ներգործությամբ, պետք է ենթադրի ամենամեղմ միջամտությունը որևէ հիմնական իրավունքին կամ ազատությանը: Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու բոլոր պիտանի միջոցներից պետք է ընտրվի այն օրենսդրական միջոցը, որը նպատակին հասնելու նույն հավանականությամբ, այսինքն՝ նույն արդյունավետությամբ, սակայն առավել մեղմ է սահմանափակում որևէ հիմնական իրավունք կամ ազատություն:
Համաչափության սկզբունքի վերջին` չորրորդ տարրը պահանջում է, որ օրենսդիրն իր կողմից ընտրված պիտանի և անհրաժեշտ միջոցը համեմատի սահմանափակվող հիմնական իրավունքի կամ ազատության սահմանադրական նշանակության հետ` պարզելու համար, որ այդ միջոցներով արդյունքում պետությունն իրապես հասնում է հետապնդվող նպատակին, և սահմանափակվող հիմնական իրավունքը կամ ազատությունն իր նշանակությամբ չի պահպանում իր գերակայությունը այն հանրային շահերի նկատմամբ, որոնք պահպանելու նպատակով էլ օրենսդիրը դիմում է հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակման: Վերջնարդյունքում դա նշանակում է, որ որևէ հիմնական իրավունքի կամ ազատությանը չմիջամտելը կամ այն երաշխավորելը, կախված դրանց էությունից, կանոն է, իսկ դրա սահմանափակումը` բացառություն, որը պետք է հիմնավորվի սահմանափակման յուրաքանչյուր դեպքում: Ընդսմին, որքան ավելի ինտենսիվ է սահմանափակումը, այնքան ավելի է մեծանում սահմանափակումը հիմնավորելու բեռը»:
Վերոնշյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ համաչափության սահմանադրական սկզբունքը մի շարք փոխկապակցված նորմատիվ տարրերի համակցություն է, որոնց միաժամանակյա ապահովման դեպքում է հիմնական իրավունքին պետության միջամտությունը սահմանադրաչափ:
Տվյալ պարագայում անհրաժեշտ է պարզել՝ ո՞րն է այն սահմանադրաչափ նպատակը, որի կենսագործմանն են ուղղված Օրենքի վիճարկվող դրույթները՝ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի ծավալում ընդգրկվող մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման համար տարիքային սահմանափակում նախատեսելով:
Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասով սպառիչ և հստակ (expressis verbis) սահմանված են անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման հիմք հանդիսացող նպատակները (արժեքները), որոնց պաշտպանությունը կարող է արդարացնել (հիմնավորել) նշյալ իրավունքի սահմանափակումը: Դրանք են՝ պետական անվտանգությունը, երկրի տնտեսական բարեկեցությունը, հանցագործությունների կանխումը կամ բացահայտումը, հասարակական կարգը, առողջությունը և բարոյականությունը կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
Մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքին պետաիրավական միջամտությամբ հետապնդվող նպատակի սահմանադրաչափությունը գնահատելիս Սահմանադրական դատարանը վերաբերելի է համարում միայն առողջության և այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակները:
Փոփոխված օրենքի համաձայն՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի տարիքային սահմանափակում է նախատեսվել տղամարդկանց համար (55 տարեկան), կանանց համար (53 տարեկան), ինչպես նաև կանանց համար նշյալ իրավունքից օգտվելու տարիքային շեմը տարբերակվել է՝ ելնելով հղիությունը փաստացի կրելու հանգամանքից (53 տարեկան, եթե կինն է փաստացի կրում հղիությունը, և 55 տարեկան, եթե կինը հղիությունը փաստացի չի կրում):
Օրենքի 1-ին հոդվածը սահմանում է Օրենքի կարգավորման առարկան (նպատակը): Ըստ նշյալ հոդվածի՝ սույն օրենքով կարգավորվում են մարդու վերարտադրողական առողջության պահպանման, վերարտադրողական իրավունքի ապահովման, վերարտադրողականության ոլորտում օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգի ու պայմանների, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:
Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է վերարտադրողական առողջության հասկացությունը և այն կազմող բաղադրատարրերը, որոնց համակցված առկայությունը հնարավորություն է տալիս պարզել անձի վերարտադրողական գործառույթի իրացման համար անհրաժեշտ առողջական վիճակը: Մասնավորապես՝ ըստ նշյալ օրինադրույթի՝ մարդու վերարտադրողությունը մարդու ֆիզիկական, հոգեկան և սոցիալական լիակատար բարեկեցության վիճակն է՝ կապված վերարտադրողական համակարգի, դրա գործառույթների ու կենսընթացների հետ:
Նշյալ օրինադրույթից հետևում է, որ օրենսդիրը մարդու վերարտադրողական առողջությունը բնորոշել է որպես երեք փոխկապակցված բաղադրիչների լիակատար բարեկեցության վիճակ, որը պայմանավորում է վերարտադրողական գործառույթի բնականոն իրացումն ու դրա հետ կապված բնականոն կենսաբանական գործընթացները: Ընդ որում՝ ինչպես պարզորոշվում է քննարկվող օրինադրույթի բովանդակությունից, օրենսդիրը վերարտադրողական առողջությունը պայմանավորող գործոնների շարքում տարիքը չի նշել, ինչից հետևում է, որ Օրենքի կարգավորման առարկայի և նպատակի իմաստով վերարտադրողական առողջության լիարժեքությունը ենթակա է գնահատման մարդու ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության տեսանկյունից, որտեղ տարիքը ոչ թե վերարտադրողական առողջության վիճակը կանխորոշող, այլ ընդամենը ուշադրության արժանի գործոն է՝ ի թիվս մարդու հոգեֆիզիոլոգիական և սոցիալական վիճակի վրա ազդող այլ գործոնների:
Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տարիքով պայմանավորված՝ վերարտադրողականության վրա ազդող հնարավոր ֆիզիոլոգիական փոփոխություններն իրենց բնույթով բացարձակ և անվերապահ չեն, հետևաբար՝ a priori բոլորին բնորոշ չեն և յուրաքանչյուր դեպքում ենթակա են մասնագիտական առանձին գնահատման:
Վերոնշյալի հետ մեկտեղ՝ հնարավոր ֆիզիոլոգիական պատճառներով պայմանավորված ռիսկերն արդյունավետորեն կառավարելու նպատակով սահմանված է համապատասխան օրենսդրական կառուցակարգ՝ Կառավարության 2013 թվականի մարտի 7-ի «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, մեթոդների տարատեսակներն ու բժշկական գործելակերպը սահմանելու մասին» N 214-Ն որոշումը, որով նախատեսված են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հակացուցումները, դրանց ախտորոշման կարգը և համապատասխան վարչարարությունը: Սրանով ինստիտուցիոնալ հիմքեր են ստեղծվում, այդ թվում՝ տարիքով պայմանավորված՝ այն ֆիզիոլոգիական խնդիրների բացահայտման համար, որոնք անհամատեղելի են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ, ըստ այդմ՝ նման խնդիրների առկայության դեպքերում կանխելով «արհեստական» ճանապարհով վերարտադրողականությունը: Միաժամանակ, եթե մարդը չունի հակացուցումներ, ապա տարիքը, ինքնին, «արհեստական» ճանապարհով վերարտադրողականության համար սահմանադրաչափ սահմանափակում լինել չի կարող:
Վերոնշյալից հետևում է, որ Որոշմամբ վերատադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման գործընթացը կառուցակարգված է այնպես, որ վեր հանվեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման համար դիմած անձի առողջական հնարավոր խնդիրները, որոնք համակցված կարող են դիտարկվել որպես վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորության սահմանափակման իրավաչափ (սահմանադրաչափ) պայման:
Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Որոշմամբ սահմանված իրավական գործիքակազմով առողջության պաշտպանության հանրային շահն արդյունավետորեն հավասարակշռված է, ինչը թույլ է տալիս համակողմանի ախտորոշմամբ պարզել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծնող դառնալու ցանկություն հայտնած անձի մոտ համապատասխան բժշկական հակացուցումների առկայությունը՝ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով նպատակազուրկ դարձնելով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքին՝ որպես մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի ծավալում ընդգրկված իրավունքին, տարիքային անվերապահ սահմանափակման միջոցով պետության միջամտությունը:
Ավելին՝ հղիությունը փաստացի կրող կնոջ մոտ, տարիքով պայմանավորված, կարող են տեղի ունենալ ֆիզիոլոգիական անդառնալի փոփոխություններ, կամ մեծ տարիքում առողջական վիճակից ելնելով, հղիությունը կրելը կարող է լինել ռիսկային, ինչը ենթակա է համարժեք մասնագիտական քննության և գնահատականի, մինչդեռ տղամարդկանց և հղիությունը փաստացի չկրող կանանց պարագայում տարիքով պայմանավորված ֆիզիոլոգիական փոփոխությունները հղիության բնականոն ընթացքի հետ պատճառահետևանքային կապի մեջ չեն գտնվում: Մասնավորապես՝ տղամարդկանց կենսաբանական և ֆիզիոլոգիական կառուցվածքն ու ֆունկցիոնալ հատկանիշները նախատեսում են վերարտադրողական գործառույթի իրացման հնարավորություն՝ անկախ տարիքից: Յուրաքանչյուր դեպքում, սակայն, տղամարդու փաստացի ֆիզիոլոգիական և առողջ պտուղ սաղմնավորելու կարողունակությունը կախված է հոգեֆիզիոլոգիական տարաբնույթ պատճառներից և, այդ թվում՝ օրգանիզմում կատարվող տարիքային փոփոխություններից: Վերջիններս իրենց բնույթով անհատական են, հետևաբար՝ դրանք ընդհանուր միտումներով կանխորոշելը չի կարող արդարացված համարվել:
Նմանապես՝ փաստացի հղիություն չկրող կնոջ բեղմնավորման տարիքային բացարձակ արգելքի սահմանումը ևս չի բխում կնոջ վերարտադրողական առողջության ընդհանուր միտումներից և հատկանիշներից, որոնք, թեև ունեն տարիքային առանձնահատկություններ, սակայն ինչպես տղամարդու պարագայում, կնոջ բեղմնավորման և պտղի առողջության՝ տարիքով պայմանավորված անվերապահ բացասական ցուցիչներ չեն պարունակում:
Հետևաբար՝ բացակայում է հղիության հետևանքով նշյալ կատեգորիայի անձանց առողջության պաշտպանության սահմանադրաչափ նպատակը:
Վերոգրյալով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքի վիճարկվող դրույթները՝ որպես մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին պետության միջամտություն, չեն հետապնդում [այլոց] առողջության պաշտպանության սահմանադրաչափ նպատակ:
Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում այն հանգամանքը, որ մի շարք պետություններում, ինչպիսիք են Հունաստանը, Իսպանիան, Դանիան, Պորտուգալիան, Չեխիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, գործում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բեղմնավորման տարիքային սահմանափակումներ:
Սրա հետ մեկտեղ Սահմանադրական դատարանը նկատի է առնում, որ բարձր տարիքի անձինք, ինչպիսիք նշված են վիճարկվող օրինադրույթներում, ընդհանուր առմամբ, ավելի խոցելի են ներքին տարաբնույթ ֆիզիոլոգիական գործընթացների և ախտաբանական երևույթների հանդեպ, հետևապես՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով վերարտադրողականության համար դիմելիս բարձր տարիքային խմբի անձանց նկատմամբ պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի՝ հնարավորինս բացառելու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միջոցով բեղմնավորմամբ պայմանավորված՝ նրանց կյանքին, առողջությանը և պտղի բնականոն զարգացմանն սպառնացող վտանգները՝ միաժամանակ չհանգեցնելով տարիքի հիմքով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բացարձակ արգելքի:
Ինչ վերաբերում է Փոփոխված օրենքի քննարկվող օրինադրույթներով ենթադրաբար հետապնդվող այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության սահմանադրաչափ նպատակին, ապա Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
ինչպես վերը նշվեց, ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկայով ճանաչվում է անձի՝ ծնող դառնալու և ծնող չդառնալու որոշումները հարգելու իրավունքը՝ որպես մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնարար իրավունքի ծավալում ընդգրկված իրավունք: Հետևապես՝ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման՝ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակի առկայության հարցը քննարկելու համար հարկավոր է բացահայտել ծնող դառնալու և ծնող չդառնալու որոշումները հարգելու կոնվենցիոն (սահմանադրական) իրավունքի հետ մրցակցող սահմանադրական այլ իրավունք: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ իրավունքը Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված երեխայի լավագույն շահի իրավունքն է՝ ներառյալ երեխայի կյանքի իրավունքը, որն ամրագրված է նաև ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասում1, «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում և Ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 7-րդ մասում:
Քննարկվող հարցի համատեքստում Սահմանադրական դատարանը կարևոր է համարում անդրադառնալ «երեխա» հասկացությանը: Մասնավորապես՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ սույն Կոնվենցիայի իմաստով երեխա է համարվում տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ:
Համապատասխանաբար՝ «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 1.1-ին հոդվածի 1-ին կետի և Ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն՝ երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք:
Վերոնշյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ երեխան Սահմանադրության 37-րդ հոդվածով ամրագրված իրավունքների լիարժեք սուբյեկտ է դառնում ծնվելու փաստի ուժով: Հետևապես՝ նախքան երեխայի ծնունդը վերջինիս անձնական, գույքային, սոցիալական և այլ շահերի վերագրումը և դրանցով անձի՝ ծնող դառնալու և ծնող չդառնալու որոշումները հարգելու իրավունքի հավասարակշռումը կամ հակակշռումը չի բխում երեխայի՝ որպես սահմանադրական իրավունքի սուբյեկտի հասկացությունից: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այնքանով, որքանով բացակայում է Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված իրավունքի սուբյեկտը՝ երեխան, բացակայում է նաև Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման՝ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակը:
Սահմանադրական դատարանը ծնող դառնալու և ծնող չդառնալու որոշումները հարգելու իրավունքին պետության միջամտությանը վերոքննարկյալ սահմանադրաչափ նպատակների վերաբերելիությունը քննության առնելիս հարկ է համարում զուգահեռ անցկացնել բնական ճանապարհով անձի վերարտադրողական գործառույթի իրացման հետ: Ըստ էության, թե՛ վերջինիս և թե՛ պտղի «արհեստական» սաղմնավորման պարագայում տեղի է ունենում պտղի սաղմնավորում, որն առողջական հակացուցումների կամ որևէ պատճառով հղիության ընդհատման բացակայության պայմաններում ավարտվում է երեխայի ծնունդով:
Հանրահայտ փաստ է, որ բնական ճանապարհով անձի վերարտադրողական գործառույթի իրացումը, լինելով մարդու անձնական և ընտանեկան կյանքի անքակտելի տարր և ընդգրկված լինելով ծնող դառնալու և ծնող չդառնալու որոշումները հարգելու կոնվենցիոն (սահմանադրական) իրավունքի ծավալում, ծնողի տարիքի հիմքով պետության միջամտությանը ենթակա չէ: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանն անընդունելի է համարում, առանց սոցիալական բացարձակ անհրաժեշտության (սահմանադրաչափ նպատակի), բնական և «արհեստական» ճանապարհներով անձի վերարտադրողականության՝ իրենց էությամբ նույնական գործընթացների նկատմամբ պետության տարբերակված մոտեցումը, որը բնական ճանապարհով անձի վերարտադրողականության դեպքում չեզոք է, իսկ «արհեստական» ճանապարհով անձի վերարտադրողական գործառույթի իրացման դեպքում՝ առանց սահմանադրաչափ հիմքի սահմանափակող:
Վերոնշյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը հարկ է համարում զուգահեռներ անցկացնել նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ երեխա ունենալու և որդեգրման միջև՝ հաշվի առնելով օրենսդրական կարգավորումներով նշյալ երկու դեպքում էլ տարիքային սահմանափակման առկայությունը:
Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում մատնանշել 2025 թվականի հունվարի 14-ի ՍԴՈ-1766 որոշումը, որի համաձայն՝ Ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչվել է Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր այն մասով, որ որդեգրելու նախապատվության իրավունք չունեցող անձի և որդեգրվողի միջև տարիքային առավելագույն տարբերությամբ պայմանավորված որդեգրման արգելք սահմանելով, այդ արգելքից որևէ բացառություն չի նախատեսում՝ իրավակիրառին զրկելով յուրաքանչյուր կոնկրետ գործի բոլոր հանգամանքները` երեխայի լավագույն շահերը հաշվի առնելու հնարավորությունից:
Նշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական վերլուծության է ենթարկել երեխայի լավագույն շահի և որդեգրման՝ որպես ծնող դառնալու իրավաբանական եղանակի և երեխայի խնամքի ու դաստիարակության կազմակերպման ձևի, փոխազդեցությունը որդեգրողի առավելագույն տարիքի սահմանման սահմանադրաչափության գնահատման համատեքստում:
Վերահաստատելով և զարգացնելով նշյալ որոշումը՝ Սահմանադրական դատարանն այն վերաբերելի է համարում սույն գործին այնքանով, որքանով ինչպես որդեգրումը, այնպես էլ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ երեխա ունենալը մի կողմից՝ ծնող դառնալու, իսկ մյուս կողմից՝ ապագա կենսաբանական երեխայի կամ որդեգրված երեխայի խնամքի ու դաստիարակության միջոց-երաշխիքներ են, որոնց հավասարակշված և բոլոր լեգիտիմ շահերը նկատի առնող գործադրումը պահանջում է յուրաքանչյուր դեպքի համակողմանի ուսումնասիրություն և բոլոր վերաբերելի փաստական հանգամանքների վերլուծություն:
Համապատասխանաբար՝ թե՛ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման, թե՛ որդեգրման թույլատրման (հաստատման) համար անհրաժեշտ է քննության առարկա դարձնել առողջական և սոցիալական տարաբնույթ գործոններ, որոնց շարքում ծնողի կամ որդեգրողի տարիքն ուշադրության արժանի հանգամանքներից է, սակայն գնահատման ենթակա է մյուս գործոնների հետ համակցության մեջ՝ առանց նախապատվության: Ավելին՝ որդեգրման պարագայում պետությունը, ի դեմս իրավասու պետական մարմինների, փաստացի հանդես է գալիս առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի կարգավիճակում և ուղղակի պատասխանատվություն է կրում երեխայի հետ կենսաբանական առնչություն չունեցող անձանց միջից երեխայի լավագույն շահը պաշտպանելուն ունակ անձին որոշելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունը նրան հանձնելու (վստահելու) համար, ինչը պետության վրա է դնում որդեգրողի սոցիալ-հոգեբանական, ընտանեկան, ֆինանսական, առողջական և այլ հատկանիշները գնահատելու պոզիտիվ պարտականություն: Այսինքն՝ որդեգրման գործընթացում երեխայի լավագույն շահերի երաշխավորման սկզբունքից բխող գործողությունների շրջանակն ամբողջապես պետության իրավասության ներքո է և հիմնված է երեխայի գոյության՝ որպես իրավաբանական փաստի ճանաչման վրա: Փոխարենը՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը ենթադրում է անձի վերարտադրողական-կենսաբանական հատկությունների կիրառման հատուկ ռեժիմ և կարգ, որը, սակայն, որևէ կերպ չի կարող նսեմացնել կենսաբանական ծնող դառնալու անձի ինքնավար իրավունքը, այդ թվում՝ տարիքի մասով, եթե բացակայում են առողջական հակացուցումները: Ըստ այդմ՝ սույն դեպքում երեխայի լավագույն շահը, երեխայի ծննդյան իրավաբանական փաստից ածանցված լինելով, ածանցվում է նաև ծնող դառնալու մարդու իրավունքից, հետևապես՝ վերջինս ապահովելու՝ պետության պոզիտիվ պարտականությունը պետք է հետևողականորեն կատարվի:
Հանրագումարում Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմանը պետության միջամտության սահմանները որդեգրման համեմատությամբ էապես ավելի նեղ են, ինչը նաև պայմանավորում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման տարիքային սահմանափակման հաղթահարման՝ ՍԴՈ-1766 որոշման համեմատությամբ առավել միանշանակ միջոցի անհրաժեշտությունը:
Հետևապես՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքին պետության միջամտության՝ [այլոց] առողջության պահպանման կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակների պահպանվածությունը պետք է գնահատվի՝ հիմք ընդունելով նաև ծնելիության և բնակչության թվի աճի սահմանադրաչափ նպատակը:
Վերոնշյալով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ մարդուն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի տարիքային սահմանափակումը՝ որպես միջամտություն մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին, չի հետապնդում սահմանադրաչափ նպատակ, հետևաբար՝ չի համապատասխանում Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված՝ իրավասահմանափակման համաչափության սկզբունքին: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ համաչափության սահմանադրական սկզբունքի մյուս բաղադրատարրերին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փոփոխված օրենքով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի տարիքային սահմանափակումն արդեն գործում է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց նկատմամբ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ չի համարում վիճարկվող օրինադրույթները քննության առնել խտրականության արգելքի սահմանադրական իրավունքի շրջանակում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր։
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
__________________________
1 Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հուլիսի 22-ից:
Նախագահող |
Ա. Դիլանյան |
1 ապրիլի 2025 թվականի ՍԴՈ-1775 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 ապրիլի 2025 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1775 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2025 թվականի ապրիլի 1-ին ընդունել է ՍԴՈ-1775 որոշումը:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 1-ի ՍԴՈ-1775 որոշմանը՝ ես՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանս, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը՝ որոշման եզրափակիչ մասի և դրա հիմքում դրված պատճառաբանությունների վերաբերյալ:
1․ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Գործի քննության առիթը Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2024 թվականի հունիսի 10-ի Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է: 2024 թվականի հունիսի 18-ի ՍԴԱՈ-100 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության:
Սահմանադրական դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի ՍԴԱՈ-147 աշխատակարգային որոշմամբ վերոնշյալ գործի դատաքննությունը հետաձգվել է և նշանակվել այլ օր:
Սահմանադրական դատարանի 2024 թվականի նոյեմբերի 22-ի նիստում առաջարկվել է գործի վարույթի կարճման մասին որոշման նախագիծ, որը սակայն չի հավաքել բավարար ձայներ, և ՍԴԱՈ-181 աշխատակարգային որոշմամբ վերոնշյալ գործով զեկուցող դատավորը փոխարինվել է, իսկ ՍԴԱՈ-182 աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը երկարաձգվել է, գործի դատաքննությունը հետաձգվել և նշանակվել է այլ օր:
Սահմանադրական դատարանի 2025 թվականի հունվարի 21-ի ՍԴԱՈ-13 աշխատակարգային որոշմամբ նշված գործի վարույթը կասեցվել է, այնուհետև 2025 թվականի մարտի 11-ի ՍԴԱՈ-37 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է, և գործի դատաքննությունը նշանակվել է 2025 թվականի մարտի 25-ին: 2025 թվականի մարտի 25-ի ՍԴԱՈ-44 աշխատակարգային որոշմամբ նշված գործի դատաքննությունը հետաձգվել և նշանակվել է 2025 թվականի ապրիլի 1-ին: Այդ օրը կայացած նիստում Սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու մասով, ճանաչվել են Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր։
2․ԴԻՄՈՂԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
2.1. Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ նաև՝ Դիմող) գտնում է, որ կանանց համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու տարիքային սահմանափակումը սահմանվել է ««Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-264-Ն օրենքով։ Ըստ Դիմողի՝ խնդրո առարկա կարգավորմամբ ոչ իրավաչափ միջամտություն է նախատեսվել կանանց մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին. վիճարկվող կարգավորումը հանգեցրել է ինչպես սեռի, այնպես էլ տարիքի հիմքով խտրականության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության խախտման:
Դիմողը, մասնավորապես, նշում է. «(…) օրենսդրական կարգավորումների համաձայն՝ անկախ որևէ հանգամանքից, այդ թվում՝ բավարար առողջական վիճակի առկայությունից, կանայք, տարիքային շեմի չհաղթահարմամբ պայմանավորված, զրկվում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունից։ Միևնույն ժամանակ, անկախ տարիքային շեմի բավարարման հանգամանքից՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացումը հնարավոր է միայն համապատասխան բժշկասոցիալական ցուցումների առկայության կամ այլ կերպ՝ համապատասխան առողջական վիճակի առկայության ու հակացուցումների բացակայության պայմաններում»:
Դիմողը գտնում է, որ «(…) այն հիմնավորումը, որ տարիքային սահմանափակումը թույլ կտա խուսափել ավելի բարձր տարիքի կանանց մոտ հղիության հետ կապված հավանական ռիսկերից, բավարար չափով պատճառաբանված չէ։ Նախ՝ հստակեցված չեն, թե որոնք են այն հնարավոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ հղիության հետ կապված (օրինակ՝ առողջական, սոցիալական կամ այլ ռիսկեր)։ Հիմնավորումներում ներկայացված չէ որևէ հետազոտություն կամ ուսումնասիրություն, որով կբացահայտվեն, թե առանց օժանդակ տեխնոլոգիաների կամ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու արդյունքում հղիության հետ կապված ի՞նչ ռիսկեր են առաջանում հենց 53 տարեկանից բարձր կանանց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու դեպքում։ Բացի այդ, վիճարկվող դրույթներով 53 տարեկանից բարձր կանանց համար սահմանված է վերարտադրողականության բոլոր օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու բացարձակ արգելք, և օրենսդրական փոփոխությունների հիմնավորումներով հստակեցված չէ նաև այն հարցը, թե արդյոք վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների բոլոր տեսակների կիրառումը ռիսկային է 53 տարեկանից բարձր բոլոր կանանց համար՝ անկախ առողջական վիճակից ու այլ հանգամանքներից»:
Դիմողը եզրահանգում է, որ խտրականության արգելքի սկզբունքի տեսանկյունից խնդրահարույց է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման համար ՀՀ օրենսդրությամբ ամուսնության մեջ գտնվող 53 տարին լրացած, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող 53 տարին լրացած կանանց համար բացարձակ արգելքի սահմանումը, որով տարբերակված մոտեցում է ցուցաբերվում մինչև 53 տարեկան և 53 տարեկանը լրացած կանանց, ինչպես նաև կանանց և տղամարդկանց միջև։
Դիմողը պնդում է, որ վիճարկվող կարգավորումները խնդրահարույց են նաև մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի տեսանկյունից` նկատի ունենալով, որ ոչ իրավաչափ եղանակով են միջամտում անձի վերարտադրողական ինքնավարությանը, ներառյալ՝ երեխա ունենալու կամ չունենալու որոշումների կայացմանը: Դիմողի դիտարկմամբ՝ օրենսդրական կարգավորումների ընդունման հիմնավորումներում պատշաճ ու բավարար կերպով բացահայտված չէ, թե կանանց համար տարիքային շեմի սահմանմամբ օրենսդիրն ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդել։
Դիմողը գտնում է, որ տվյալ պարագայում կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև առկա չէ արդարացի հավասարակշռություն, կիրառվող միջոցը հետապնդվող նպատակին հասնելու համար չափից ավելի խիստ է և շրջանցում է այդ նույն նպատակին նվազագույն ջանքերի գործադրմամբ այլ միջոցներով հասնելու ողջամիտ հնարավորությունները՝ հատկապես նկատի ունենալով այն, որ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար, բացի տարիքից, անհրաժեշտ է նաև այլ գործոնների, այդ թվում՝ բժշկասոցիալական ցուցումների առկայությունը՝ առանց որոնց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվել հնարավոր չէ:
Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը խնդրում է. «(…) «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 29-րդ, 30-րդ, 31-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին հակասող այնքանով, որքանով վիճարկվող դրույթով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար սահմանվում է բացարձակ արգելք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող 53 տարին լրացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող 53 տարին լրացած կանանց համար»:
2.2. Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող) նշում է, որ «(…) 2021 թվականի հունիսի 4-ի N-264-Ն օրենքի հեղինակը ՀՀ առողջապահության նախարարությունն է: Այդ օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է, որ տարիքային սահմանափակում նախատեսելը թույլ կտա խուսափել ավելի բարձր տարիքի կանանց մոտ հղիության հետ կապված հավանական ռիսկերից, նկատի ունենալով, որ տարիքի հետ զուգահեռ բարձրանում է կնոջ առողջության և կյանքի համար վտանգ ներկայացնող թե մանկաբարձական, թե ուղեկցող ախտաբանությունների առաջացման հավանականությունը, որոնք կարող են հանգեցնել հղիության անբարենպաստ, ընդհուպ մինչև մահացու ելքի»:
Ըստ Պատասխանողի՝ վերոշարադրյալի համար հիմք են հանդիսացել բազմաթիվ բժշկական ուսումնասիրություններ, որոնց արդյունքում արձանագրվել է, որ ավելի մեծ տարիքում երեխա ունենալու դեպքում կա ավելի մեծ հավանականություն և հնարավոր առողջական խնդիրների ռիսկ երեխայի համար: Հետևաբար՝ տարիքային սահմանափակումները հիմնված են բժշկական անվտանգության, ինչպես նաև երեխայի և մոր առողջության հետ կապված ռիսկերի վրա: Ըստ էության, Օրենքի վիճարկվող դրույթով սահմանվել է այն տարիքը, որի ժամանակ անձանց մոտ հիվանդությունների հավանականությունն ավելի բարձր է և ռիսկային (տարիքային սահմանափակումների վերաբերյալ որոշումները հաճախ հիմնված են գիտական ապացույցների, բժշկական փորձաքննությունների հիման վրա): Այս առումով Պատասխանողը պնդում է, որ տարիքային սահմանափակումը խտրական չէ, եթե այն հիմնավորված է հանրային քաղաքականության օրինական նպատակներով, կիրառվում է հավասարապես և համաչափ է:
Պատասխանողի գնահատմամբ՝ խնդրո առարկա սահմանափակումն ինքնանպատակ չէ: Օրենսդրական սահմանափակումներն էական նշանակություն ունեն հանրային առողջության պահպանման համար և ձևակերպված են այնպես, որ «չեն խախտում մասնավոր իրավունքը, միաժամանակ ապահովելով հավասարակշռությունը հանրային առողջության կարիքների ապահովման և անձնական ազատությունների միջև»:
Վիճարկվող դրույթի սահմանադրականությունը դիտարկելով համաչափության սկզբունքի համատեքստում՝ Պատասխանողը գտնում է, որ դրանով նախատեսված սահմանափակումը հետապնդում է առողջության պաշտպանության իրավաչափ նպատակ, իսկ ընտրված միջոցը պիտանի և անհրաժեշտ է նպատակին հասնելու համար:
Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Պատասխանողը խնդրում է սույն գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:
3․ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
3.1․ Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը որպես մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքի տարր դիտարկելը
ՍԴՈ-1775 որոշման մեջ Սահմանադրական դատարանը որդեգրել է այն մոտեցումը, որ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը համարվում է Սահմանադրության 31-րդ հոդվածով ամրագրված՝ մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի տարր: Որոշման այդ մասն աչքի է ընկնում իր պատճառաբանությունների ընդհանուր բնույթով, զուրկ է կոնկրետացումից՝ գործի փաստաիրավական հանգամանքներից ելնելով: Այստեղ առկա են մեթոդաբանական, տրամաբանական բացթողումներ, որոնց հաղթահարման դեպքում եզրակացությունները կլինեին լրիվ հակառակ:
Առաջին հերթին անհրաժեշտ է հստակ տարբերակում դնել վերարտադրողական իրավունքի և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի միջև: Սահմանադրական տրամաբանության տեսանկյունից մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի բովանդակային ծավալի մեջ անվերապահորեն կարող է ներառվել միայն բնական ճանապարհով վերարտադրման իրավունքը:
Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը, այսպես կոչված, համալիր իրավունք է, հետևաբար՝ ամբողջովին չի կարող ներառվել մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոլորտ, քանի որ հիմնականում տեղակայված է առողջության պահպանման ոլորտի սահմանադրական դրույթների կարգավորման տիրույթում:
Բնական ճանապարհով վերարտադրման իրավունքն իրապես մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունից բխող հնարավորությունն է, որը ենթադրում է ծնող դառնալու կամ չդառնալու մարդու ազատ, կամավոր ընտրությունը, հետևաբար՝ այս դեպքում հարաբերությունների այդ տիրույթն անձեռնմխելի է բոլորի համար, ներառյալ՝ պետության, որը պարտավոր է պահպանել անձեռնմխելիության պահանջները: Այսինքն՝ վերարտադրման բնական իրավունքի՝ որպես մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի տարրի դեպքում սահմանադրական հիմնական իրավունքից տառացիորեն բխում է չմիջամտելու այլոց նեգատիվ պարտավորությունը, և պետության ողջ դերակատարությունն այս դեպքում ուղղված է դրա երաշխավորմանը:
Մինչդեռ, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը՝ որպես վերարտադրման արհեստական եղանակ, իր բնույթով ենթադրում է հակառակը՝ պետության «միջամտություն» (օգնություն, նյութական ու իրավական ապահովում, օժանդակություն), ինչն իր բնույթով ենթադրում է ոչ թե նեգատիվ, այլ պոզիտիվ պարտավորություններ:
Հետևաբար՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը՝ որպես վերարտադրման հավակնության արհեստական ճանապարհ, գտնվում է Սահմանադրության 1-ին հոդվածի՝ «սոցիալական պետության» սկզբունքի, ինչպես նաև Սահմանադրության 3-րդ գլխի որոշ հիմնադրույթների կարգավորման տիրույթում, մասնավորապես՝ 86-րդ հոդվածի (պետության քաղաքականության հիմնական նպատակները) 4-րդ կետի (ծնելիության և բազմազավակության խթանումը), 7-րդ կետի (բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը), 8-րդ կետի (հաշմանդամության կանխարգելումը):
Արված վերլուծությունը հիմք է տալիս պնդելու, որ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի երկու ձևերից (բնական և արհեստական) մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի բովանդակային ծավալի մեջ մտնում է միայն առաջինը, հետևաբար՝ երկրորդը, դուրս մնալով այդ ծավալից, չունի սահմանադրական պաշտպանության այն ռեժիմը, ինչ առաջինը: Այսինքն՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը ոչ թե Սահմանադրությամբ ամրագրված կամ դրա որոշակի դրույթներից ուղղակիորեն բխող հիմնական իրավունք է, այլ ընդամենը օրենքով կարգավորված անձնական իրավունք:
3.2․Հիմնական իրավունքի սահմանափակման համատեքստում համաչափության թեստի կիրառումը
Արձանագրելով մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի ներառվածությունը մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի ծավալում՝ Սահմանադրական դատարանը վերլուծել է վիճարկվող օրինադրույթները որպես մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքին հանրային իշխանության միջամտություն՝ վերջինիս համաչափության առումով: ՍԴՈ-1775 որոշման մեջ տեղ է գտել Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշմամբ նախանշված համաչափության սահմանադրական սկզբունքի և դրա պահանջների վերացական վերլուծությունը:
Հետագա շարադրանքում համաչափության սկզբունքի պահանջներից (1. սահմանափակման նպատակի լեգիտիմությունը, 2. սահմանափակման համար ընտրված միջոցների` ա) պիտանիությունը. բ) անհրաժեշտությունը. գ) համարժեքությունը) սույն գործի հանգամանքների հետ կապված վերլուծվել է միայն սահմանափակման նպատակի լեգիտիմությունը:
Վերլուծության արդյունքում կատարվել է եզրահանգում, որ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքին պետաիրավական միջամտությամբ հետապնդվող նպատակի սահմանադրաչափությունը գնահատելիս Սահմանադրական դատարանը վերաբերելի է համարում միայն առողջության և այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակները: Այս համատեքստում լեգիտիմ նպատակ է դիտարկվել միայն օժանդակ տեխնոլոգիաներով վերաարտադրվելու ցանկություն ունեցող կնոջ նախնական առողջությունը, որը, ըստ որոշման, համարվել է ստուգելի: Մյուս կողմից՝ տարիքով պայմանավորված՝ վերարտադրողականության վրա ազդող հնարավոր ֆիզիոլոգիական փոփոխությունները ՍԴՈ-1775 որոշմամբ համարվել են իրենց բնույթով ոչ բացարձակ և ոչ անվերապահ, հետևաբար՝ a priori բոլորին ոչ բնորոշ և յուրաքանչյուր դեպքում ենթակա են մասնագիտական առանձին գնահատման:
Սակայն պետք է նկատի ունենալ, որ քննարկվող իրավիճակում կնոջ մինչև օժանդակ տեխնոլոգիայով հղիության շրջանի առողջ լինելու հավանականությունից բացի, առկա են նաև պաշտպանության ենթակա այլ լեգիտիմ նպատակներ, մասնավորապես՝ հենց նաև իր՝ հղիություն կրող կնոջ հետագա առողջությունը, ծնվող երեխայի առողջ ծնվելու հավանականությունը, վերարտադրման օժանդակ տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպությունների պատասխանատվությունը, Սահմանադրության 86-րդ հոդվածի (պետության քաղաքականության հիմնական նպատակները) 7 և 8-րդ կետերից բխող հանրային իշխանության պատասխանատվությունը, քննարկվող իրավահարաբերության մասնակիցների բարոյական պատասխանատվությունը գործընթացի դրամական արժեքի և առողջապահական ռիսկերի բավականին մեծ հավանականության համատեքստում և այլն:
Այնուհետև համեմատելով բնական և արհեստական ճանապարհով վերարտադրությունը՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օժանդակ տեխնոլոգիաներով վերարտադրվելու տարիքային սահմանափակումը որպես մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին պետության միջամտություն, չի հետապնդում [այլոց] առողջության պաշտպանության սահմանադրաչափ նպատակ, հետևաբար՝ չի համապատասխանում Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված՝ իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքին:
Հիմք ընդունելով այս եզրակացությունը՝ ՍԴՈ-1775 որոշումը, նպատակահարմար չգտնելով անդրադառնալու համաչափության սահմանադրական սկզբունքի մյուս բաղադրատարրերին, եզրակացնում է, որ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին:
3.3․ Երեխայի լավագույն շահ սահմանադրական արժեքի մեկնաբանումը
ՍԴՈ-1775 որոշման մեջ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ երեխան «Սահմանադրության 37-րդ հոդվածով ամրագրված իրավունքների լիարժեք սուբյեկտ է դառնում ծնվելու փաստի ուժով: Հետևապես՝ նախքան երեխայի ծնունդը վերջինիս անձնական, գույքային, սոցիալական և այլ շահերի վերագրումը և դրանցով անձի՝ ծնող դառնալու և ծնող չդառնալու որոշումները հարգելու իրավունքի հավասարակշռումը կամ հակակշռումը չի բխում երեխայի՝ որպես սահմանադրական իրավունքի սուբյեկտի հասկացությունից: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այնքանով, որքանով բացակայում է Սահմանադրության 37 հոդվածի 2-րդ մասով երաշխավորված իրավունքի սուբյեկտը՝ երեխան, բացակայում է նաև Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման՝ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակը»:
Նման սահմանափակ մեկնաբանությունը հակասում է նախ՝ երեխայի կարգավիճակի վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերին, ինչպես նաև ներպետական իրավունքի որոշակի մոտեցումներին, ինչպես նաև չծնված երեխայի իրավունքների ճանաչման համաշխարհային միտումներին: Մյուս կողմից՝ «երեխա» հասկացության սահմանադրական մեկնաբանությունը կառուցվում է օրենքով ամրագրված «երեխա» հասկացության բնորոշման վրա, ինչը մեթոդաբանական տեսանկյունից անընդունելի է:
Այն, որ չծնված երեխան ՀՀ օրենսդրությամբ արդեն իսկ ճանաչված է իրավունքի սուբյեկտ որոշակի իրավահարաբերություններում, ակնհայտ է: Բացի դրանից, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի նախաբանը սահմանում է. «երեխան, նկատի ունենալով նրա ֆիզիկական և մտավոր անհասունությունը, կարիք ունի հատուկ պաշտպանության և հատուկ հոգատարության, ներառյալ՝ պատշաճ իրավական պաշտպանությունը ծնվելուց առաջ և հետո»:
«Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածը սահմանում է.
«1. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են յուրաքանչյուր մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույնս հասանելի մակարդակի իրավունքը:
2. Այն միջոցները, որոնք այդ իրավունքի իրականացման համար պետք է ընդունվեն սույն դաշնագրին մասնակցող պետությունների կողմից, ընդգրկում է միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են հանուն
ա) մեռելածնության և մանկական մահացության կրճատման ապահովման և երեխայի առողջ զարգացման, (...)»:
3.4․ Վերարտադրության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով երեխա ունենալու և որդեգրման միջև զուգահեռների անցկացումը
2025 թվականի հունվարի 14-ի ՍԴՈ-1766 որոշմամբ Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է «Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր այն մասով, որ որդեգրելու նախապատվության իրավունք չունեցող անձի և որդեգրվողի միջև տարիքային առավելագույն տարբերությամբ պայմանավորված որդեգրման արգելք սահմանելով, այդ արգելքից որևէ բացառություն չի նախատեսում՝ իրավակիրառին զրկելով յուրաքանչյուր կոնկրետ գործի բոլոր հանգամանքները` երեխայի լավագույն շահերը հաշվի առնելու հնարավորությունից»:
Երկու տարաբնույթ հասարակական հարաբերությունների միջև համեմատության իրականացումը և որդեգրման դեպքում ընդունված որոշումը պայմանավորող մեթոդաբանության կիրառումն օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունենալու նկատմամբ իրավաբանորեն անընդունելի է, քանզի դրանք որպես հասարակական հարաբերություններ իրենց բնույթով իրարից էականորեն տարբերվում են: Որդեգրումը՝ որպես հասարակական հարաբերություն, ունի առկա (պոզիտիվ) սոցիալական հիմքեր, հետևաբար՝ այն կանխատեսելի և վերահսկելի է, ենթակա է բացասական հետևանքների շտկման, կարող է նաև ճանաչվել անվավեր՝ երեխայի լավագույն շահերից ելնելով: Մինչդեռ օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունենալու տարիքային սահմանափակման հիմքում ընկած են տարիքով պայմանավորված բժշկաֆիզիոլոգիական, բնական օրինաչափություններ, որոնք չունեն լրիվ վերահսկելիություն, հավաստիություն, իսկ շատ դեպքերում անդառնալի ու անուղղելի են: Այս պարագայում տարիքային սահմանափակումը կանխորոշիչ միջոց է որոշակի անդառնալի հետևանքների համար:
3.5․«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին կատարված հղումները
ՍԴՈ-1775 որոշման պատճառաբանական մասում հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) նախադեպային իրավունքին: ՄԻԵԴ-ը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ ՄԻԵԿ) 8-րդ հոդվածով երաշխավորված՝ մարդու անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի համատեքստում անդրադարձել է մարդու վերարտադրողական իրավունքին:
ՍԴՈ-1775 որոշումը վկայակոչում է երկու գործ, որոնցից առաջինից վերցվել է այն միտքը, որ «մասնավոր կյանք» հասկացությունը ներառում է ծնող դառնալու կամ ծնող չդառնալու որոշումների նկատմամբ հարգանքի իրավունքը1, իսկ երկրորդից՝ ծնող դառնալ-չդառնալու (վերարտադրողականության) իրավունքի հիմքում դրվել է գենետիկ ծնող դառնալու կամ չդառնալու հանգամանքը՝ առանց նախանշելու գենետիկ վերարտադրման եղանակը` բնական, թե «արհեստական», այդ թվում՝ օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ գենետիկ վերարտադրությունը2:
Սակայն երկու գործերին կատարված հղումները, կտրված գործի փաստական և իրավական հանգամանքների ընդհանուր համատեքստից, չեն կարող ամփոփել ՄԻԵԴ-ի ողջ պրակտիկան և ուղեցույց դառնալ սույն գործով ելքային լուծման համար, որովհետև, օրինակ՝ մեկ այլ գործով անդրադառնալով երեխայի և ծնողների փոխհարաբերություններին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը պահանջում է, որ իշխանությունները երեխայի և ծնողների շահերի միջև գտնեն արդար հարաբերակցություն և այդ շահերը հավասարակշռելիս հատուկ ուշադրություն դարձնեն երեխայի լավագույն շահերին, որոնք, կախված իրենց բնույթից և լրջությունից, կարող են գերակշռել ծնողների շահերը: Մասնավորապես՝ 8-րդ հոդվածի համաձայն ծնողին չի կարող տրամադրվել այնպիսի միջոցներ ձեռնարկելու իրավունք, որոնք վնաս են հասցնում երեխայի առողջությանը և զարգացմանը3:
Վերարտադրողական գենետիկայի ոլորտում ՄԻԵԴ-ի դատական պրակտիկայի ամփոփումը ցույց է տալիս, որ այդ դատարանի պրակտիկայում վերարտադրողական իրավունքի տարիքային սահմանափակումները երբեք չեն դարձել քննարկման առարկա: Բացի դրանից, ՄԻԵԴ-ն իր նախադեպային մոտեցումները կառուցել և կառուցում է հետևյալ մոտեցումների վրա՝
1) պետությունների հայեցողությանը բավականին լայն տեղ տալը, որը ենթադրում է ՄԻԵԴ-ի ընդհանուր վերահսկողություն և դատական վերահսկողության ցածր ինտենսիվություն4,
2) զգուշորեն արտահայտված անհամաձայնությունը՝ ազգային դատական մարմինների օժանդակ վերարտադրողական ու գենետիկ տեխնոլոգիաների հարցերով իրավակիրառումը գնահատելիս5,
3) ազգային դատական մարմինների որոշումների կամ սահմանված իրավակարգավորումների հետ կատեգորիկ անհամաձայնությունը: Այս դեպքերում ՄԻԵԴ-ը պահանջում է ազգային դատական մարմինների որոշումները կամ սահմանված իրավակարգավորումները համապատասխանեցնել իր արտահայտած իրավական դիրքորոշումներին: Սակայն այդ նախադեպային որոշումների մեջ չկան սույն գործի հիմքում ընկած տարիքային սահմանափակման համատեքստերը6,
4) ազգային իրավական կարգավորումների համար հատուկ խորհրդատվական հրահանգների մշակումը, որոնց շրջանակներում ՄԻԵԴ-ը սահմանել է մասնակից պետությունների օրենսդրության ու իրավակիրառ պրակտիկայի հետագա զարգացման ուղղությունները7:
4․ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Խնդրո առարկա գործով վարույթը ենթակա էր կարճման՝ ելնելով դիմումի հիմնավորումներից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջները՝ ներքոշարադրյալ պատճառաբանություններով.
1. Վերացական սահմանադրական վերահսկողության սուբյեկտը, բարձրացվող սահմանադրաիրավական վեճի առարկան և շրջանակը մատնանշելով, պետք է հստակ հիմնավորի վիճարկվող նորմերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին ուղղակիորեն հակասելու պատճառահետևանքային կապը՝ դիմումի շրջանակներում ներկայացնելով վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականությունը փաստող բազմաբովանդակ պատճառաբանություններ՝ զերծ մնալով միակողմանի դիրքորոշումներ և դատողություններ վկայակոչելուց: Ելնելով իրենց սահմանադրաիրավական կարգավիճակից՝ հիշատակված սուբյեկտները պետք է ցուցաբերեն առավել բարձր մակարդակի փութաջանություն և, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկելով այս կամ այն իրավական ակտի կամ դրա դրույթի/դրույթների սահմանադրականությունը՝ պատշաճ կերպով հիմնավորեն վիճարկվող դրույթի և Սահմանադրությամբ պահպանվող արժեքի/իրավունքի հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապը:
2. Վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի կողմից ներկայացված փաստարկները վկայում են, որ դրանց վերաբերյալ Դիմողի եզրահանգումները հիմնավոր պատճառաբանված չեն և չեն կարող Դիմողի կողմից բարձրացված հարցին սահմանադրաիրավական վեճի բովանդակություն հաղորդել: Այսպես՝
ա) Դիմողը պնդում է, որ Օրենքի՝ վիճարկվող դրույթով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար կանանց տարիքային շեմի սահմանումը հանգեցնում է Սահմանադրության 31-րդ հոդվածով նախատեսված մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման: Սակայն այս առնչությամբ Դիմողի ներկայացրած փաստարկներն առավելապես վերաբերելի են Օրենքում փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի հունիսի 4-ի թիվ ՀՕ-264-Ն օրենքի նախագծի հիմնավորվածությանը: Այսպիսով Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում կատարված օրենսդրական փոփոխություններին՝ առավելապես մատնանշելով դրանց ոչ պատճառաբանված լինելը, որպիսի հանգամանքն ինքնին դեռևս չի հիմնավորում վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականությունը,
բ) Դիմողի կողմից ներկայացված պատճառաբանությունները, որ վիճարկվող կարգավորումներն անհամաչափորեն միջամտում են անձի՝ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին, խիստ սահմանափակ են և միակողմանի, հաշվի չեն առնում երեխայի լավագույն շահերը: Հետևապես՝ պնդումներն առ այն, որ վիճարկվող դրույթն անհամաչափ միջամտում է վերոնշյալ հիմնական իրավունքին և չի համապատասխանում Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքին՝ անհիմն է, որովհետև Դիմողն իր տեսակետը հիմնավորելիս չի ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ օրենսդրի կողմից իրավահարաբերությունների սուբյեկտների միջև հավասարակշռության անհամաչափ պահպանման առնչությամբ, բավարարվել է միայն պնդումներով առ այն, որ վիճարկվող դրույթները խախտում են կանանց սահմանադրական իրավունքները՝ դրանց անհամաչափ միջամտությամբ,
գ) Դիմողը պնդում է, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար կանանց տարիքային շեմի սահմանումը խախտում է խտրականության արգելքի և կանանց ու տղամարդկանց միջև իրավահավասարության սկզբունքները: Սակայն տարիքային շեմի առկայությունը միայն կանանց համար պայմանավորված է կնոջ՝ մի շարք ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, մասնավորապես՝ հղիությունը կրելու: Ուստի՝ Օրենքի կարգավորման ոլորտի յուրահատկությունից և հանրային լրջագույն կարևորությունից ելնելով՝ օրենսդրի հայեցողությունն է կանանց և երեխաների պաշտպանության և առողջության նկատառումներից ելնելով՝ տարբերակված կարգի սահմանումը, որպիսի պարագայում Դիմողի կողմից չի հիմնավորվում կանանց և տղամարդկանց իրավահավասարության խախտումը, այդ թվում՝ սեռով պայմանավորված խտրականության առկայությունը,
դ) Դիմողը պնդում, որ վիճարկվող դրույթով առկա է տարիքային հիմքով խտրական մոտեցում կանանց միջև: Սակայն տարիքը որոշակի պայմաններում օբյեկտիվ հիմքերով տարբերակման իրավաչափ հիմք է: Մյուս կողմից՝ Օրենքով նախատեսված է տարբերակված իրավակարգավորում այն կանանց համար, որոնք վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու արդյունքում կրում են հղիությունը և այն կանանց համար, որոնք վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվում են այլ կնոջ (փոխնակ մոր) միջոցով:
Վերոգրյալի լույսի ներքո՝ Դիմողը չի ներկայացրել վիճարկվող դրույթների՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ հիմնավոր փաստարկներ, իսկ նրա մտահոգություններն ու վիճարկվող կարգավորումների նախագծային հիմնավորումների հետ անհամաձայնություններն ինքնին չեն կարող դիտվել իբրև վիճարկվող դրույթների հակասահմանադրականության հիմնավորումներ: Հետևաբար՝ Դիմողը չի հաղթահարել Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա հիմնավորված դիմում ներկայացնելու օրենսդրական նախապայմանը:
_________________________________
1Տե՛ս Էվանսն ընդդեմ Միացյալ Թագավորության (Evans v. The United Kingdom) գործով ՄԻԵԴ-ի 2007 թվականի ապրիլի 10-ի վճիռ, կետ 58:
2Տե՛ս Էմ.Էլ.-ն ընդդեմ Լեհաստանի (M.L. v. Poland)) գործով ՄԻԵԴ-ի 2023 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռ, կետ 91:
3Տե՛ս Ռուշչենկոն ընդդեմ Ռուսաստանի (Rytchenko v. Russia) գործով ՄԻԵԴ-ի 2011 թվականի հունվարի 20-ի վճիռ, § 39:
4Այս մոտեցման հիմնական հատկանիշներն են օժանդակ վերարտադրողականության ու գենետիկ տեխնոլոգիաների կիրառման հարցերով համաեվրոպական փոխզիջումների բացակայությունը, օրենսդրի ընտրած կարգավորման տեսլականի վճռորոշ նշանակությունը, ազգային դատական մարմինների որոշումների նկատմամբ հարգանքը, սահմանափակ մեկնաբանումը:
5Մասնավորապես՝ այդպիսի հարցերից են բժշկական սխալները, օժանդակ վերարտադրողականության ու գենետիկ տեխնոլոգիաների կիրառման հասանելիության ապահովման կազմակերպումից հրաժարվելը, ծնողներին ու ծնված երեխային բարոյական տառապանքների համար նվազագույն հատուցում տալու ծավալը: Այդ գործերից են՝ 1) A.K. v. Latvia № 33011/08. Judgment of 24 June 2014. URL: https://hudoc.echr.coe.int/eng?i=001-145005, 2) Eryiğit v. Turkey № 18356/11). Judgment of 10 April 2018. URL: https://hudoc.echr.coe.int/?i=001-196747, 3) R.R. v. Poland № 27617/04. Judgment of 26 May 2011. URL: https://hudoc.echr.coe.int/eng?i=001-104911, 4) Draon v. France № 1513/03. Judgment of 6 October 2005. URL: https://hudoc.echr.coe.int/?i=001-75905, 5) Maurice v. France № 11810/03. Judgment of 21 June 2006. URL: https://hudoc.echr.coe.int/?i=001-185571.
6Օրինակ՝ Դիկսոնն ընդդեմ Միացյալ թագավորության գործը, որում դիմողներից մեկը ցմահ ազատազրկման դատապարտված անձ էր, որին օրենսդրությունը արգելում էր հասանելիությունը օժանդակ տեխնոլոգիաներով վերատարդրվելու (Dickson v. the United Kingdom № 44362/04. Judgment of 4 December 2007. URL: https://hudoc.echr.coe.int/eng?i=001-83788): Մեկ այլ գործով՝ S.H. and Others v. Austria № 57813//00. Judgment of 3 November 2011. (URL: https://hudoc.echr.coe.int/fre?i=002-309) ՄԻԵԴ-ը ոչ իրավաչափ ճանաչեց Ավստրիայի օրենսդրությունը, որն արգելում էր օժանդակ տեխնոլոգիաներով վերատարդրությունը: Կոստան և Պավանն ընդդեմ Իտալիայի գործով (Costa and Pavan v. Italy № 54270/10. Judgment of 28 August 2012. (URL: https://hudoc.echr.coe.int/eng?i=001-112993) ՄԻԵԴ-ի որոշումը ազգային օրենսդրության արգելող նորմերը ճանաչեց Կոնվենցիայի 8-րդ հոդվածը խախտող:
7Այսպես՝ ՄԻԵԴ-ը, 2014 թ. քննելով արտասահմանում փոխնորդ մորից ունեցած երեխաների իրավունքների հետ կապված երկու գործ, կայացրեց որոշումներ, որոնք էականորեն փոխեցին ֆրանսիական օրենսդրությունը (տե՛ս Mennesson v. France № 65192/11. Judgment of 26 June 2014. URL: https://hudoc.echr.coe.int/?i=001-145389, Labassee v. France № 65941/11. Judgment of 26 June 2014. URL: https://hudoc.echr.coe.int/?i=001-155606): Արտասահմանցի փոխնորդ մոր հետ կապված մեկ այլ գործով (Laborie v. France № 44024/13. Judgment of 19 January 2017. URL: https://hudoc.echr.coe.int/?i=001-151104) Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանը դիմել է ՄԻԵԴ-ին՝ խորհրդատվական եզրակացություն ստանալու համար, և այդ եզրակացությունը դարձավ նրա դատական պրակտիկայի մաս՝ էականորեն խթանելով ազգային օրենսդրության զարգացումը:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ
10 ապրիլի 2025 թվականի |
Ա. ՎԱՂԱՐՇՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 ապրիլի 2025 թվական: