հայկական սսհ մինիստրների խորհուրդ
ո ր ո շ ու մ
21 հունվարի 1981 թ. N 26
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԵՎ ԱՐԳԵԼՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը նշում է, որ վերջին տարիներին Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեն իրականացրել է մի շարք միջոցառումներ հանրապետության կենդանական աշխարհի պահպանման և վերարտադրության ուղղությամբ:
Արգելված է վայրի կենդանիների հազվագյուտ և անհետացող տեսակների որսը, սահմանափակվել են որսի ժամկետները, պակասեցվել են կենդանիների որսի նորմաները:
Կենդանական աշխարհը պահպանելու նպատակով կրճատվել է ավիացիայի միջոցով թունաքիմիկատների մասսայական կիրառումը, ավելացել են բիոտեխնիկական միջոցառումների ծավալները, բերվել և հանրապետության որսահանդակներում բաց են թողնվել որոշակի քանակությամբ վայրի կենդանիներ:
Ուժեղացվել են որսի կանոնները և ժամկետները խախտողների վրա ներգործության միջոցները:
Ձեռնարկված միջոցները, ինչպես նաև արգելոցների, արգելանտառների և կցագրված որսորդական տնտեսությունների կազմակերպումը որոշակի չափով նպաստել են որսի գլխաքանակի կայունացմանն ու ավելացմանը:
Դրա հետ մեկտեղ, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը նշում է, որ հանրապետությունում որսորդական ու արգելոցային տնտեսության վարման մեջ տեղ են գտել մի շարք էական թերություններ:
Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեն, Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրությունը, ժողովրդական դեպուտատների Արարատի, Արտաշատի, Իջևանի, Կրասնոսելսկի շրջանային և Դիլիջանի քաղաքային սովետների գործկոմները չեն ապահովել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թ. հուլիսի 28-ի N 491 որոշման կատարումը` արգելոցների աշխատանքի կազմակերպման բարելավման, Խոսրովի արգելոցի սահմանների ճշտման և Դիլիջանի արգելոցի տերիտորիայում գտնվող սովխոզների և կոլտնտեսությունների անասնապահական ֆերմաների տեղափոխման մասում:
Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի անբավարար աշխատանքի պատճառով դեռևս թույլ է որսորդական տնտեսության և արգելոցների նյութատեխնիկական բազան, ցածր է որսահանդակների արդյունավետությունը, վատ են կազմակերպված կցագրված որսորդական տնտեսությունները, լրիվ չափով չի իրականացվել որսահանդակների ամրացումը պետական, կոոպերատիվ և հասարակական կազմակերպություններին, պատշաճ ուշադրություն չի դարձվում արհեստական որսաբազմացմանը:
Պետական արգելոցների և որսի ու որսորդական տնտեսության վարման մասին գործող կանոնադրությունները չեն համապատասխանում որսորդական և արգելոցային տնտեսության վարման և հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանման ու ավելացման աշխատանքի ժամանակակից պահանջներին:
Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեն պատշաճ կարգ չի սահմանել առանձին շրջաններում մկնանման կրծողների դեմ պայքարելիս ուժեղ ազդող թունաքիմիկատների կիրառման գործում, որի հետևանքով վնաս է հասցվում որսի կենդանական աշխարհին:
Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեն, Հայորսորդմիությունը, ներքին գործերի տեղական մարմինները, ժողովրդական դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական սովետների գործկոմներն արդյունավետ պայքար չեն տանում որսագողության դեմ և բավարար միջոցներ չեն ձեռնարկում բնակչության մոտ չգրանցված ողորկափող հրացանների հայտնաբերման ու բռնագրավման համար:
Հանրապետության որսորդական և արգելոցային տնտեսության հետագա բարելավման նպատակով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հանձնարարել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին, Հայորսորդմիությանը, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտին և կենդանաբանության ինստիտուտին` մշակել և իրականացնել հանրապետության կենդանական աշխարհի պահպանումն ու վերարտադրությունը, որսահանդակների ռացիոնալ և խնամքով օգտագործումը, պետական արգելոցների ու արգելանտառների գործունեության բարելավումն ապահովող միջոցառումներ: Ձեռնարկված միջոցների մասին ամեն տարի տեղեկացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին:
2. Պարտավորեցնել ժողովրդական դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական սովետների գործկոմներին, ներքին գործերի և պետավտոտեսչության տեղական մարմիններին, սովխոզների ադմինիստրացիային և խորհուրդ տալ կոլտնտեսությունների վարչություններին` ձեռնարկել առավել արդյունավետ միջոցներ որսորդական տնտեսության և արգելոցների պահպանումն ապահովելու համար:
3. Հանձնարարել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին և Հայորսորդմիությանը` Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի հետ համատեղ, եղած որսակազմակերպման նյութերի հիման վրա, 1981-1985 թվականների ընթացքում որսահանդակներն ամրացնել պետական, կոոպերատիվ և հասարակական կազմակերպություններին:
4. Հայորսորդմիությանը` 1982-1983 թվականներին խոշոր արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտներում կազմակերպել որսորդների սկզբնական ընկերություններ, այն հաշվով, որպեսզի այդ ձեռնարկությունների կոլեկտիվները Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի հետ պայմանագրով ստեղծեն կցագրված որսորդական տնտեսություններ:
5. Հանձնարարել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին և Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրությանը` պետական հողային ֆոնդի ու պետական անտառային ֆոնդի հողերից կցագրված որսորդական տնտեսություններին հատկացնել վարելահանդակներ և խոտհարքահանդակներ, ելնելով 5.000 հա ամրացված որսահանդակներին 1 հեկտարի հաշվարկից:
6. Հանձնարարել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին` 1981 թվականին մշակել Գուգարքի անտառատնտեսության բազայի վրա 1982-1985 թվականներին փորձնական որսորդական տնտեսության շինարարության նախագծային փաստաթղթերը:
7. Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին` 1982 թվականի համար իրեն նախատեսված բյուջետային միջոցներից առանձնացնել միջոցներ Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի հետ պայմանագրով բնիկ կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչների` հայկական մուֆլոնի և բեզոարյան այծի որսի, պահպանման և բազմացման պայմանագրով աշխատանքների վճարման համար:
8. Հանձնարարել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին և Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրությանը` Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի և բուսաբանության ինստիտուտի, ժողովրդական դեպուտատների Արարատի, Արտաշատի, Աբովյանի, Գուգարքի, Իջևանի, Ղափանի շրջանային և Դիլիջանի քաղաքային սովետների գործկոմների հետ համատեղ առաջարկություններ մշակել Խոսրովի և Շիկահողի արգելոցների սահմանների շտկման, Դիլիջանի արգելոցի տերիտորիայից սովխոզների ու կոլտնտեսությունների անասնապահական ֆերմաների տեղափոխման և Ծավի սովխոզի տնօրինության տակ գտնվող սոսու պուրակը Շիկահողի արգելոցին միացնելու վերաբերյալ և մինչև 1981 թ. հունիսի 1-ը ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ:
Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին` Խոսրովի և Շիկահողի արգելոցների վերջնական սահմանները որոշելուց հետո Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության հետ պայմանագիր կնքել արգելոցներին կցված հողերը պետական ակտերով ձևակերպելու համար և նախատեսել այդ աշխատանքների համապատասխան ֆինանսավորում:
9. Ժողովրդական դեպուտատների Դիլիջանի և Ղափանի քաղաքային ու Արարատի շրջանային սովետների գործկոմներին` բնակատարածության ֆոնդեր հատկացնել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի արգելոցներում աշխատանքի հրավիրված մասնագետների համար:
10. Հանձնարարել հանրապետական, շրջանային ու տեղական թերթերի և ամսագրերի խմբագրություններին, Հայկական ՍՍՀ հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների պետական կոմիտեին` մամուլում և ռադիո ու հեռուստատեսային հաղորդումներում լայնորեն լուսաբանել հանրապետության արգելոցային ու որսորդական տնտեսության պահպանման հարցերը:
11. Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրությանը, ժողովրդական դեպուտատների շրջանային ու քաղաքային սովետների գործկոմներին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին` միջոցներ ձեռնարկել բնության նկատմամբ խնամքով վերաբերմունքի մասին բնակչության շրջանում մասսայական-բացատրական աշխատանքի բարելավման համար:
12. (կետն ուժը կորցրել է 19.02.96 N 60)
13. Ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1959 թ. հունվարի 13-ի «Հայկական ՍՍՌ պետական արգելոցների մասին կանոնադրության հաստատման մասին» N 4 որոշումը և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1967 թվականի հուլիսի 22-ի «Հայկական ՍՍՀ տերիտորիայում որսի և որսորդական տնտեսության վարման մասին կանոնադրության հաստատման մասին» N 349 որոշումը:
14. Խնդրել ՍՍՀՄ անտառային տնտեսության պետական կոմիտեին` հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլաններում անհրաժեշտ միջոցներ նախատեսել փորձնական որսորդական տնտեսության նախագծման ու շինարարության համար, ինչպես նաև տրանսպորտային միջոցների ֆոնդերի առանձնացում` Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի որսորդական տնտեսության և արգելոցների բաժնին:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թ. հունվարի 21-ի N 26 որոշմամբ
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՏԵՐԻՏՈՐԻԱՅՈՒՄ ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Որսորդական տնտեսությունը ժողովրդական տնտեսության ճյուղ է, որի խնդրի մեջ մտնում են վայրի գազանների ու թռչունների պահպանումը, բազմացումը (վերարտադրությունը), կլիմայավարժեցումը, վերակլիմայավարժեցումը և որսը, ինչպես նաև սպորտային որսի ըստ ամենայնի զարգացումը:
2. Բոլոր վայրի գազաններն ու թռչունները, սողունները, երկկենցաղները և ձկները, որոնք բնակվում են հանրապետության տերիտորիայում կամ բաց են թողնվել որսահանդակներում բազմացման նպատակով, անկախ նրանից ում օգտագործման տակ է գտնվում այն տերիտորիան, որի վրա դրանք ապրում են, կազմում են պետական որսորդական ֆոնդը, որի օգտագործումը թույլատրվում է սույն կանոնադրության պահպանմամբ:
3. Որսահանդակներ են համարվում բոլոր հողահանդակները և անտառահանդակները, լեռնային զանգվածները, ջրային տարածությունները և ճահիճները, որոնք կարող են ծառայել վայրի գազանների, թռչունների և ձկների ապրելավայր, անկախ տարբեր օգտատերերի հանդակների պատկանելությունից (արգելոցային տերիտորիաներից բացի):
4. Հանրապետության բոլոր որսահանդակները և որսորդական ֆոնդը գտնվում են Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի իրավասության տակ:
5. Որսահանդակներն ըստ իրենց շահագործման բնույթի բաժանվում են.
ա) որսի համար փակված հանդակներ. արգելոցներ, արգելանտառներ, ինչպես նաև դրանց շուրջը 1 կմ շառավղով պահպանման գոտիներ, կանաչ գոտիներ քաղաքների շուրջը, աշխատավորների հանգստյան վայրեր.
բ) պետական, կոոպերատիվ, հասարակական կազմակերպություններին ամրացված հանդակներ, որոնց վրա որսը թույլատրվում է սույն կանոնադրությանը համապատասխան և այդ տնտեսությունների ադմինիստրացիայի սահմանած կարգի պահպանումով.
գ) ընդհանուր օգտագործման հանդակներ, որոնց վրա որսը կատարվում է սույն կանոնադրությանը համապատասխան:
6. Որսորդական շինվածքի, որսահանդակների հատկացման կարգը, կազմակերպությունների դրանց ամրացման պայմանները սահմանված են պետական, կոոպերատիվ և հասարակական կազմակերպություններին որսահանդակների ամրացման կարգի ու պայմանների մասին կանոնադրությամբ, որը հաստատվել է Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1959 թ. դեկտեմբերի 25-ի N 510 որոշմամբ:
7. Հայկական ՍՍՀ տերիտորիայում սպորտային որսը թույլատրվում է որսորդական սեզոնի ընթացքում, միայն շաբաթ և կիրակի օրերին, ուղեգրերով կամ լիցենզիաներով: Գիտական որսի համար թույլտվությունները կարող են օգտագործվել տարվա ցանկացած ժամանակ` կախված գիտական հետազոտությունների նպատակից:
8. Որսորդական սպորտը զարգացնելու, որսորդական ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու, կենդանական աշխարհը հարստացնելու և պահպանելու, որսագողության դեմ պայքարի և մորթեղենի մթերումների պլանները կատարելու գործում մթերող կազմակերպություններին աջակցելու նպատակով Հայկական ՍՍՀ տերիտորիայում բոլոր որսորդները միավորվում են Հայկական ՍՍՀ որսորդների և ձկնորսների միության կազմակերպության մեջ (Հայորսորդմիություն), իսկ որսորդ զինծառայողները` զորաբանակային ռազմաորսորդական ընկերության կազմակերպության մեջ, որոնք որսորդական տնտեսության վարման և որսի կատարման բնագավառում իրենց աշխատանքում ղեկավարվում են սույն կանոնադրությամբ:
9. Հայկական ՍՍՀ տերիտորիայում որսորդական տնտեսության ղեկավարությունը և որսորդական տնտեսության վարման և որսորդական սպորտի բնագավառում պետական, կոոպերատիվ և հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ հսկողությունը իրականացվում է Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի կողմից:
Որսորդական տնտեսության գիտականորեն հիմնավորված վարման նպատակով որսորդական կենդանական աշխարհի հարստացման ու օգտագործման հետ կապված բոլոր միջոցառումները համաձայնեցվում են Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի հետ:
10. Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին իրավունք է տրվում`
ա) պայմանագրային հիմունքներով որսահանդակները ամրացնել պետական, կոոպերատիվ, հասարակական կազմակերպություններին.
բ) լիցենզիաներ տալ, սահմանել գազանների և թռչունների լիցենզիոն որսի համար վարձատրման չափը և տրված լիցենզիաների համար գանձել վճարը.
գ) թույլտվություն տալ վայրի գազաններ և թռչուններ որսալու և ձեռք բերելու համար գիտական նպատակներով դրանց տարաբնակեցնելու համար.
դ) խրախուսման ձևով պարգևներ տալ այն որսորդներին և որսորդական կոլեկտիվներին, որոնք աչքի են ընկել վնասակար գիշատիչների և թափառող շների ոչնչացման գործում:
ե) որսի կանոնների ու ժամկետների խախտման գործում մեղավոր անձանց նկատմամբ կիրառել սույն կանոնադրությամբ նախատեսված պատժի միջոցներ.
զ) Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1978 թվականի մայիսի 31-ի «Որսի կանոնների խախտման, պետությանը պարտադիր մորթեղենի հանձնումից խուսափելու, անօրինական վաճառելու, գնելու, փոխանակելու և վերամշակելու համար պատասխանատվության ուժեղացման մասին» հրամանագրի հիման վրա որսագողերին զրկել որսորդական զենք կրելու իրավունքից.
է) նյութերը ուղարկել քննչական մարմիններին որսի կանոնները ու ժամկետները խախտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար.
ը) պետական որսորդական ֆոնդին հասցված վնասի համար հաստատված գներին համապատասխան քաղաքացիական հայց հարուցել.
թ) բռնագրավել անօրինական որսի արտադրանքը և մթերման գներով հանձնել մթերման ու կոոպերատիվ կազմակերպություններին.
ժ) անօրինական որսի արտադրանքը հայտնաբերելու նպատակով կատարել մորթեղենի պահեստների և մթերման կազմակերպությունների հաշվապահական փաստաթղթերի ստուգումներ.
ի) անօրինական որսի արտադրանքը հայտնաբերելու նպատակով կատարել անմիջականորեն որսահանդակներում գտնվող տրանսպորտային միջոցների ստուգումներ և անհրաժեշտության դեպքում ներքին գործերի և ավտոտեսչության տեղական մարմինների օգնությամբ կանխել խույս տվող խախտողներին.
լ) վերահսկողություն իրականացնել առևտրական ցանցում որսորդական հրացանների և ռազմամթերքների վաճառքի կարգի պահպանման նկատմամբ, որը սահմանվել է ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1975 թվականի հունիսի 23-ի «Որսորդական հրացանների ձեռքբերման, հաշվառման ու պահպանման միասնական կարգ սահմանելու մասին» N 646 որոշմամբ (Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի հոկտեմբերի 22-ի N 584 որոշում):
II. Որս կատարելու իրավունքը և որսորդական տոմսեր տալու կարգը
11. Հայկական ՍՍՀ տերիտորիայում որս և ձկան որս կատարելու իրավունք, բացառությամբ սույն կանոնադրության 5-րդ կետի «ա» ենթակետում թվարկված հանդակներից, ունեն 18-ամյա տարիքի հասած ՍՍՀՄ բոլոր քաղաքացիները, որոնք որսորդների ու ձկնորսների միության անդամ են, հանձնել են որսորդական մինիմումի փորձարկումներ և մուծել են պետական տուրք` սահմանված չափով:
Որս կատարելու իրավունքի համար վկայական են որսորդական տոմսը` անդամավճարներ և պետաական տուրք մուծելու մասին նշումով, ինչպես նաև հրազենով որսալու քարտը և որսորդական զենք օգտագործելու ու պահելու իրավունքի համար ներքին գործերի մարմինների թույլտվությունը:
Կցագրված որսորդական տնտեսություններում որսի համար անհրաժեշտ է ունենալ նաև ուղեգիր այն տնտեսության ադմինիստրացիայի նշումով, որին կցագրված է հանդակը:
Հայորսորդմիության պատվավոր անդամներին թույլատրվում է առանց ուղեգրի որս կատարել, պահպանելով հրազենով որսալու ընդհանուր ժամկետները և նորմաները:
12. Որսի ժամանակ, ինչպես նաև որսի արտադրանքի փոխադրման կամ այն մթերման կազմակերպություններին հանձնման ժամանակ որսորդը պարտավոր է իր հետ ունենալ որսորդական տոմսը, հրազենով որսալու քարտը և որսորդական զենք օգտագործելու և պահելու իրավունքի համար ներքին գործերի մարմինների թույլտվությունը և դրանք ներկայացնել ստուգման համար լիազորված անձանց առաջին իսկ պահանջով:
13. Արգելվում է ուրիշ անձանց տալ որսորդական տոմսերը և դրանցում գրանցված որսորդական զենքը:
14. Հայորսորդմիության անդամ ընդունելու և ընդունվածներին հաշվառման կարգը սահմանվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի նոյեմբերի 29-ի N 732 որոշմամբ հաստատված Հայկական ՍՍՀ որսորդների և ձկնորսների միության կանոնադրությամբ:
III. Որսի կատարման կանոնները
15. Հայկական ՍՍՀ տերիտորիայում թույլատրվում է կոլեկտիվ և անհատական որս` սույն կանոնադրությամբ սահմանված միջոցներով և եղանակներով:
16. Հայկական ՍՍՀ տերիտորիայում ամբողջ տարվա ընթացքում արգելվում է`
ա) ուսուրական բծավոր և կովկասյան ազնվացեղ եղջերուների, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, այծյամի, արջի, ընձառյուծի, բորենու, ջրասամույրի, փորսուղի, հարավ-ամերիկյան ճահճակուղբի (նուտրիայի), խոզուկի, գորշ նապաստակի, ոզնիների, աքիսի, խայտաքիսի, քարի կզաքիսի, չղջիկների, կասպիական լեռնային հնդկահավի (ուլարի), կովկասյան ցախաքլորի, գորշ կաքավի, բարձրասրունների ու ջրային թռչունների (բացի բադերից), գիշերային ու ցերեկային գիշատիչ թռչունների, փայտփորիկների, կկուների, այծկիթների, ծտազգիների (բացի գորշ ագռավից, կաչաղակից, ճնճղուկից), քարի կաքավի որսը.
բ) ամեն տեսակի որսն արգելոցների, արգելանտառների, քաղաքների շուրջը կանաչ գոտիների, աշխատավորների հանգստի վայրերի տերիտորիայում և պահպանման գոտիներում, ինչպես նաև դրանց շուրջը մեկ կիլոմետր շառավղով:
Ծանոթագրություն. Պետական արգելոցներում և արգելանտառներում կենդանիների հրազենով որսալը թույլատրվում է Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի ցուցումով:
17. Մթերման կազմակերպությունները որսորդներից որսված գազանների մորթիների գնման ժամանակ պարտավոր են ստուգել որսորդական տոմսի գործողության ժամկետը, պետական տուրք վճարելու մասին նշումը, տվյալ անձին տոմսի պատկանելությունը, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմել արձանագրություն և այն ուղարկել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին:
18. Յուրաքանչյուր որսորդ պարտավոր է պահպանել սույն կանոնադրությունը և Հայորսորդմիության կանոնադրությունը:
19. Որսահանդակների սահմաններում առանց որսի իրավունքի որսորդական զենքով, որսամիջոցներով, որսորդական շնով կամ հայթայթված որսով գտնվելը հավասարեցվում է որսագողության:
20. Հանրապետության որսահանդակներում որսը թույլատրվում է միայն բոլոր սիստեմների ու տրամաչափերի ողորկափող հրացաններով, ինչպես նաև N 5-ից ոչ խոշոր թակարդներով:
21. Հայորսորդմիությանը պատկանող բոլոր որսորդական շները, սկսած վեց ամսական հասակից, պետք է գրանցված լինեն Հայորսորդմիությունում և որսահանդակներում կարող են բաց թողնվել միայն սահմանված նմուշի գրանցման նշանով:
Արգելված ժամանակ կամ արգելված տեղում որսահանդակների տերիտորիաներում հայտնաբերված որսորդական շները բռնվում են, իսկ դրանց տերերը պատասխանատվության են ենթարկվում որսի կանոնները և ժամկետները խախտելու համար:
Որսահանդակներում գտնվող չգրանցված շները կամ առանց գրանցման նշանի շները ոչնչացվում են որպես թափառող շներ:
Ծանոթագրություն. Որսորդական շների վարժեցումը առանց հրացանի, այդ նպատակի համար հատուկ առանձնացված որսահանդակներում թույլատրվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 15-ը:
22. Որսորդական ողորկափող հրացանների և զինամթերքի վաճառքը կատարվում է միայն Հայորսորդմիության խանութների միջոցով այն անձանց, ովքեր Հայորսորդմիության անդամներ են և ներքին գործերի մարմիններից թույլտվություն ունեն հրացան ձեռք բերելու համար: Ձեռք բերված հրացանները պետք է գրանցված լինեն գնման օրից 5 օրվա ընթացքում: Հրազենային զենքերի ձեռքբերման, գրանցման, օգտագործման և պահպանման կանոնների խախտում թույլ տվող անձինք տուգանքի են ենթարկվում Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1977 թվականի հունվարի 26-ի հրամանագրի հիման վրա:
IV. Որսի արգելված եղանակները և այլ արգելումներ
23. Հանրապետության տերիտորիայում ամբողջ տարվա ընթացքում արգելվում է`
ա) անօգնական վիճակում գտնվող գազանների ու թռչունների որսը.
բ) փետրափոփող թռչունների որսը.
գ) մատղաշ գազաններին ծխի միջոցով որսալը (որսը).
դ) վայրի գազաններին և թռչուններին անազատության մեջ պահելը.
ե) ձվերի հավաքումը.
զ) գազանների ու թռչունների բների ու որջերի քանդումը.
է) բքից, ձյունատեղումից, գետերի վարարումից, կերապակասությունից փրկված գազանների ու թռչունների որսը.
ը) բարակ (քերծե) և որսկան շներով որսը.
թ) բնակալման տեղերի վնասումը և ոչնչացումը, գազանների ու թռչունների համար լրացուցիչ կերերի փչացումը և ոչնչացումը.
ժ) ավտոմոբիլներից որսը, գիշերը լապտերների կամ լույսի այլ աղբյուրների կիրառումով.
ի) աղեղների, ինքնաձիգ հրացանների լարումը, ծուղակների, N 5-ից ոչ խոշոր թակարդների լարումը.
լ) ակոսավոր զենքով և թունաքիմիկատների կիրառումով որսը.
խ) որսի ժամանակ չգրանցված որսորդական զենքի, ինչպես նաև օբյեկտների պահպանության համար նախատեսված զենքի կիրառումը.
ծ) մատղաշ, դեռևս չթռչող թռչունների վրա կրակելը.
կ) գազանների ու թռչունների ապրելու տեղ հանդիսացող խոտերի, եղեգների և այլ բուսականության այրումը:
V. Որսի ժամկետները
24. Հայկական ՍՍՀ տերիտորիայում որսը թույլատրվում է օգոստոսի երրորդ շաբաթ օրվանից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, միայն շաբաթ և կիրակի օրերը:
Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեն իրավունք ունի փոխելու որսի ժամկետները և որոշել այն կենդանիների տեսակները, որոնց որսը թույլատրվում է, որի մասին հայտնում է մամուլի միջոցով` որսի սեզոնն սկսվելուց 15 օր առաջ.
Գազանների և թռչունների անվանումը |
Որսի ժամկետները |
Որսալու նորման |
Լոր | օգոստոսի երրորդ շաբաթ օրից մինչև հոկտեմբերի 15-ը |
10 հատ |
Կտցար | սեպտեմբերի առաջին շաբաթ օրից մինչև նոյեմբերի 15-ը |
10 հատ |
Աղավնիներ (տատրակ, վիտյուտեն, ժայռի աղավնի) | օգոստոսի երրորդ շաբաթ օրից մինչև հոկտեմբերի 31-ը |
10 հատ |
Ջրային թռչուններ (բադեր, փոքրիկ բադեր, սուզաբադ, ջրահավ) | սեպտեմբերի առաջին շաբաթ օրից մինչև դեկտեմբերի 31-ը |
2 հատ |
Գայլ | օգոստոսի երրորդ շաբաթ օրից մինչև դեկտեմբերի 31-ը |
առանց նորմայի |
Աղվես | նոյեմբերի երկրորդ շաբաթ օրից մինչև դեկտեմբերի 31-ը |
առանց նորմայի |
Վարազ | հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը |
լիցենզիայով |
Քարի կաքավ | հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը |
լիցենզիայով |
Ծանոթագրություն. Որսի արգելված ժամանակաշրջանում (հունվարի 1-ից մինչև օգոստոսի երրորդ շաբաթ օրը) վնասակար գիշատիչների որսը թույլատրվում է Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի հատուկ թույլտվությամբ:
25. Մասսայական ոչնչացման, տարերային աղետների, ուժասպառության կամ գազանների ու թռչունների առանձին տեսակների թվաքանակի ավելացման դեպքում Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին իրավունք է վերապահվում փոխել գազանների ու թռչունների առանձին տեսակների որսի ժամկետները, ինչպես նաև բացել որսը, ժամկետներ սահմանելով 16-րդ կետի «ա» ենթակետում թվարկված գազանների ու թռչունների տեսակների համար:
Անկախ սահմանված ժամկետներից Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեն իրավունք ունի արգելել կամ բացել որսը գազանների ու թռչունների այս կամ այն տեսակների համար, ելնելով որսահանդակների 1000 հա-ի վրա որսի ռեալ թվաքանակից և խտությունից:
VI. Որսի արտադրանքը
26. Հայկական ՍՍՀ տերիտորիայում որսվող վայրի գազանների մորթեղենը և կաշիները ենթակա են հանձնման պետական կամ որսի արտադրանքի մթերման համար թույլտվություն ունեցող կազմակերպություններին: Որսորդը մորթին պետք է պետությանը հանձնի որսի ժամկետը անցնելուց հետո հինգ օրից ոչ ուշ:
27. Մթերման կազմակերպությունները կարող են որսորդների հետ արտադրանքի հանձնման համար պայմանագրեր կնքել միայն նրանց մոտ որսորդական տոմսի առկայության դեպքում, պետական տուրք և անդամավճարներ մուծելու մասին նշումներով:
28. Որսը որսորդի կողմից կարող է օգտագործվել սպառողական նպատակի համար: Այլ անձանց դրանց վաճառքը խստիվ արգելվում է:
29. Անօրինական որսի արտադրանքը ընդունվում է մթերման և այլ կազմակերպությունների կողմից առանց արժեքը վճարելու, անպայման ակտ կազմելով` Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին ներկայացնելու համար:
30. Մորթեղենի ընդունման ժամանակ մթերման կազմակերպությունները պարտավոր են անդորրագրի մեջ նշել որսորդի որսորդական տոմսի համարը:
31. Անօրինական որսի արտադրանք է համարվում`
ա) մորթեղեն հումքը, կաշիները, միսը և որսորդական զբաղմունքի մյուս արտադրանքը, որոնք ձեռք են բերվել անթույլատրելի եղանակներով, որսի համար արգելված ժամկետներում կամ արգելված վայրերում.
բ) որսի համար արգելված վայրի գազանների ու թռչունների մորթեղեն հումքը, կաշիները և միսը, կամ սահմանված նորմաներից ավելի ձեռք բերված հումքը.
գ) որսի ամբողջ արտադրանքը, որը ձեռք է բերվել տարվա ցանկացած ժամանակ որսորդական տոմս չունեցող անձանց կողմից:
32. Սույն կանոնադրության խախտման բոլոր դեպքերում անօրինական որսի արտադրանքը ենթակա է անհատույց բռնագրավման և հատուկ արձանագրություններով մթերման կազմակերպություններին հանձնման:
33. Արգելվում է`
ա) մասնավոր անձանց կողմից արդյունագործական մուշտակավոր գազանների (նապաստակից և ճահճակուղբից բացի) պահումը տնային պայմաններում, մորթեղեն հումքի մշակումը, վերամշակումը, վաճառքը և գնումը.
բ) բոլոր կազմակերպություններին ու ձեռնարկություններին` կատարել պետական դրոշմ չունեցող մուշտակավոր վայրի գազանների մշակված մորթիների գնում, վաճառք և կոմիսիոն հիմունքներով ընդունում:
Մուշտակավոր վայրի գազանների մորթիների մշակումը և վերամշակումը կատարում են միայն պետական ու կոոպերատիվ այն կազմակերպությունները, որոնց իրավունք է վերապահված կատարելու այդ աշխատանքները:
VII. Պետական որսորդական ֆոնդի պահպանումը
34. Պետական որսորդական ֆոնդի պահպանումը և սույն որոշման պահպանման նկատմամբ հսկողությունը դրվում է`
ա) պետական ու հասարակական որսորդական տեսչության և Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի եգերական ծառայության վրա.
բ) անտառային տնտեսությունների և պետական արգելոցների անտառային պահպանության վրա.
գ) ներքին գործերի մարմինների վրա.
դ) ժողովրդական դեպուտատների գյուղական, ավանային, շրջանային ու քաղաքային սովետների գործկոմների վրա.
ե) Հայորսորդմիության վրա.
զ) Հայկական ՍՍՀ բնության պահպանության կամավոր ընկերության վրա:
35. Պետական որսորդական ֆոնդի պահպանմանը և անօրինական որսի դեմ պայքարին որսորդների և մյուս քաղաքացիների լայն զանգվածների ներգրավման նպատակով Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեն կազմակերպում է հասարակական որսորդական տեսչություն, որը որսագողության դեմ պայքարի հասարակական մարմին է:
36. Այն անձինք, որոնց վրա դրված է պետական որսորդական ֆոնդի պահպանումը, սույն կանոնադրության խախտում հայտնաբերելու դեպքում պարտավոր են`
ա) բացահայտել խախտողի անձը.
բ) գրավոր բացատրություն պահանջել խախտողից.
գ) առկայության դեպքում վերցնել որսորդական տոմսը, անօրինական որսի արտադրանքը, որսորդական հրացանը և որսի մյուս միջոցները.
դ) կազմել արձանագրություն որսի կանոնների ու ժամկետների խախտման համար և ներկայացնել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին:
Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեն սույն կանոնադրությունը խախտելու մասին արձանագրությունն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում լուծում է խախտողին պատասխանատվության ենթարկելու հարցը:
37. Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի որսորդական տնտեսության և արգելոցների բաժնի պետին, ավագ որսագետներին, ավագ որսատեսուչներին, որսագետներին և որսատեսուչներին թույլատրվում է կրել ատրճանակ, իսկ եգերներին` որսորդական կարաբին:
Զենքը տրվում, կրվում, պահպանվում և կիրառվում է սահմանված կանոններին համապատասխան:
VIII. Պատասխանատվությունը և պատժի միջոցները
38. Սույն կանոնադրությամբ սահմանված որսի կանոնների ու ժամկետների խախտման համար մեղավոր անձանց նկատմամբ կիրառվում են պատժի հետևյալ միջոցները.
ա) նախազգուշացում.
բ) հասարակական ներգործության միջոցներ.
գ) որսի իրավունքից զրկում 3 տարի ժամկետով.
դ) կենդանական աշխարհին հասցրած վնասի փոխհատուցում` որսի միջոցների անհատույց բռնագրավումով:
Կրկնակի որսագողության կամ կարմիր գրքում գրանցված վայրի գազանների ու թռչունների որսման փաստերի հայտնաբերման դեպքում բացի նշված միջոցներից մեղավորները ենթարկվում են քրեական պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:
Պատժի նշված միջոցները դրվում են Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի որոշմամբ:
Տույժ դնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել այն տալու օրվանից 10-օրյա ժամկետում:
Բողոքի վերաբերյալ Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի որոշումը վերջնական է համարվում:
39. Մթերման կազմակերպությունների կողմից անօրինական որսի արտադրանքը ընդունելու, ինչպես նաև կենցաղային սպասարկման կոմբինատների ու ատելյեների կողմից առանձին անձանցից չմշակված, ինչպես նաև մշակված, բայց պետական դրոշմ չունեցող մուշտակավոր վայրի գազանների (նապաստակից և ճահճակուղբից բացի) մորթիները վերամշակման ու ներկման ընդունելու համար մեղավոր անձինք տուգանվում են մինչև 50 ռուբլի` մորթիների բռնագրավումով:
40. Պետությանը մուշտակավոր վայրի գազանների ձեռք բերված մորթիների պարտադիր հանձնումից խույս տալու, ինչպես նաև նշված մորթիներն անօրինական ձևով վաճառելու, գնելու, փոխանակելու և վերամշակելու համար մեղավոր անձինք տուգանվում են մինչև 50 ռուբլու չափով` մորթիների բռնագրավումով:
41. Այն կազմակերպությունները և անձինք, որոնց գործողություններով վնաս է հասցվել որսորդական տնտեսությանը և պետական որսորդական ֆոնդին, տուգանքից կամ քրեական պատասխանատվությունից բացի այն փոխհատուցում են օրենքով սահմանված կարգով:
Պետական որսորդական ֆոնդին հասցված վնասի չափը որոշվում է հետևյալ գներով.
Գազանների և թռչունների անվանումը |
Գինը մեկ գլխի համար (ռուբլիներով) | ||
|
Ազնվացեղ կովկասյան եղջերու |
1000 |
Բծավոր եղջերու |
800 |
Բեզոարյան այծ |
1000 |
Հայկական մուֆլոն (անդրկովկասյան լեռնային ոչխար) |
1000 |
Ընձառյուծ |
1000 |
Արջ |
500 |
Այծյամ |
500 |
Վարազ |
300 |
Բորենի |
200 |
Ջրասամույր |
500 |
Ճահճակուղբ |
100 |
Կզաքիս, գորշուկ |
100 |
Նապաստակ |
50 |
Խոզուկ |
500 |
Սկյուռիկ |
50 |
Խայտաքիս |
50 |
Աքիս |
20 |
Բոլոր միջատակերները և ձեռնաթևավորները |
10 |
Կասպիական ուլար |
200 |
Կովկասյան ցախաքլոր |
200 |
Քարի և գորշ կաքավ |
50 |
Կռունկ |
100 |
Մեծ արոս (տափաստանային թռչուն) |
100 |
Հավալուսն, ֆլամինգո |
300 |
Կարապ |
200 |
Բարձրասրուններ (գորշ և շիկակարմիր ձկնկուլից բացի) |
50 |
Սագ (գորշ) |
100 |
Բադեր |
30 |
Ջրահավ |
20 |
Ճայ և ջրային այլ թռչուններ |
20 |
Կտցարներ |
10 |
Լոր, մարգալոր, աղավնիներ, հոպոպ, փայտփորիկ, ջրածիծառ կկու, այծկիթ, կեռնեխ, դերյաբա |
10 |
Դաշտային թռչունների այլ տեսակներ (կաչաղակից, ագռավից և ճնճղուկից բացի) |
10 |
Գիշերային ու ցերեկային գիշատիչ կենդանիներ |
100 |
Ծանոթագրություն. Արգելոցներում պետական որսորդական ֆոնդին հասցված վնասը փոխհատուցվում է կրկնակի չափով, իսկ արգելանտառներում, պետական անտառաորսորդական և կցագրված որսորդական տնտեսություններում` մեկուկես չափով:
Պետական որսորդական ֆոնդին հասցված վնասը սահմանված ժամկետում չփոխհատուցելու դեպքում բռնագանձվում է այսպես`
ա) կազմակերպությունից` հաշվարկային հաշվից վնասը դուրս գրելու միջոցով.
բ) քաղաքացիներից` դատական կարգով:
IX. Այլ հարցեր
42. Անօրինական որսի արտադրանքի, վերցված միջոցների, կենդանական աշխարհին հասցված վնասի իրացումից և սույն կանոնադրության խախտման համար դրված տուգանքներից ստացված գումարները ՍՍՀՄ ֆինանսների մինիստրության 1974 թ. մայիսի 27-ի N 124 հրահանգի հիման վրա հաշվեգրվում են Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի N 14111 հաշվարկային հաշվի մեջ` ՍՍՀՄ պետբանկի Երևանի քաղաքային գրասենյակում:
43. Սույն կանոնադրության խախտում հայտնաբերող անձանց պարգևները տրվում են ՍՍՀՄ ֆինանսների մինիստրության 1974 թ. մայիսի 27-ի N 124 հրահանգի և Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի որոշման հիման վրա:
44. Վնասակար գիշատիչներին ոչնչացնելու համար որսորդներին պետապահովագրության կողմից հատկացվող միջոցների հաշվին վճարվում է վարձահատուցում հետևյալ չափերով.
յուրաքանչյուր սպանած գայլի համար - 100 ռուբլի |
յուրաքանչյուր սպանած աղվեսի համար - 5 ռուբլի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թ. հունվարի 21-ի N 26 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ՈՒ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՑԱԳՐՎԱԾ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
I. Ընդհանուր դրույթներ
1. Կցագրված որսորդական տնտեսությունները կազմակերպվում են հանդակների անտերությունը վերացնելու, պահպանման, վերարտադրական և բիոտեխնիկական միջոցառումների իրականացման գործում որսորդների շահագրգռվածության բարձրացման, ինչպես նաև կենդանիների որսատեսակների ռեսուրսների ռացիոնալ շահագործման նպատակով:
2. Կցագրված որսորդական տնտեսությունները ամրացվում են որսորդների ու ձկնորսների քաղաքային ու շրջանային ընկերություններին, ինչպես նաև կարող են հատկացվել առանձին որսորդական կոլեկտիվների, որոնք ընդունակ են նրանցում իրականացնել միջոցառումների անհրաժեշտ կոմպլեքս:
3. Կցագրված որսորդական տնտեսությունները տնտեսական օբյեկտներ են, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են աշխատանքի հեռանկարային և տարեկան պլանների, որսորդների և ձկնորսների համապատասխան ընկերությունների հետ համաձայնեցված և Հայորսորդմիության հանրապետական խորհրդի կողմից հաստատված եկամուտների և ծախսերի նախահաշիվների հիման վրա:
4. Ըստ աշխատանքների ծավալի, աշխատողների հաստիքային թվաքանակի, նրանց որակավորման և աշխատանքի վարձատրության, կցագրված տնտեսությունները ստորաբաժանվում են 3 խմբի.
Ա խումբ` 20 հազ. հեկտարից ավելի որսահանդակներ ունեցող տնտեսություններ.
Բ խումբ` 10-ից մինչև 20 հազ. հեկտար որսահանդակներ ունեցող տնտեսություններ.
Գ խումբ` մինչև 10 հազ. հեկտար որսահանդակներ ունեցող տնտեսություններ, որտեղ որսը կատարվում է այդ տնտեսությունների թույլտվությամբ:
5. Կենդանիների տարբեր որսատեսակների բարձր թվաքանակի ապահովումով հանդակների առավելագույն օգտագործում նախատեսող որսորդական տնտեսության վարման առավել ինտենսիվ ձևերի մշակման նպատակով կազմակերպվում են փորձնական որսորդական տնտեսություններ, որոնք անկախ հանդակների տարածությունից, պատկանում են Ա խմբին:
II. Կցագրված որսորդական տնտեսությունների կազմակերպման կարգը
6. Կցագրված որսորդական տնտեսություններ կազմակերպելու համար Հայորսորդմիության հանրապետական խորհրդին պետք է ներկայացվի.
ա) համապատասխան որսորդական կոլեկտիվի որոշումը.
բ) կցագրվող որսահանդակների սխեմատիկ պլանը (քարտեզը), նշելով տնտեսության անվանումը, նրա սահմանները և տարածությունները.
գ) նախնական որսորդատնտեսագիտական հետազոտության տվյալները.
դ) աշխատանքի հեռանկարային պլանը.
ե) որսահանդակների ամրացման պայմանագրի նախագիծը:
7. Կցագրված որսահանդակների իրավաբանական ձևակերպման համար որսորդների և ձկնորսների քաղաքային, շրջանային ընկերությունները կամ որսորդների առանձին կոլեկտիվներ Հայորսորդմիության հանրապետական խորհրդի թույլտվությունը ստանալու համար Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
ա) կցագրված որսահանդակների մասին Հայորսորդմիության հանրապետական խորհրդի միջնորդությունը.
բ) կցագրվող տերիտորիայի քարտեզ-սխեման` նշելով տնտեսության սահմանները, տարածությունները և տնտեսության անվանումը.
գ) աշխատանքի հեռանկարային պլանը:
8. Հանդակների հատկացման մասին ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործկոմի որոշումը, ինչպես նաև ծախսերի նախահաշիվը ուղարկվում են Հայորսորդմիության հանրապետական խորհրդին տնտեսության կազմակերպումը հրամանով հաստատելու, նրան ֆինանսավորման համար ընդունելու և պասպորտ տալու համար: Պասպորտը տրվում է 10 տարով, որի ժամկետն անցնելուց հետո կատարված աշխատանքի մասին հաշվետվության հետ միասին ներկայացվում է երկարացման համար:
Ծանոթագրություն. Առանձին կոլեկտիվներին (գործարարներ, խոշոր ձեռնարկություններ և այլն) կցագրված տնտեսությունների ֆինանսավորումը կատարվում է տնտեսության եկամուտների հաշվին:
III. Կցագրված որսորդական տնտեսությունների կազմակերպական կառուցվածքը, հաստիքները և ֆինանսավորումը
9. Բոլոր կցագրված տնտեսությունների աշխատանքի ղեկավարությունը և հսկողությունը իրականացնում է Հայորսորդմիության նախագահությունը:
10. Որսորդների և ձկնորսների քաղաքային և շրջանային ընկերությունները պատասխանատվություն են կրում իրենց ենթակա կցագրված որսորդական տնտեսությունների կողմից պլանային առաջադրանքների կատարման համար, կազմակերպում են որսահանդակների պահպանումը և շահագործումը, օգնություն են ցույց տալիս վերարտադրական և տնտեսական աշխատանքներում, ներգրավելով հաստիքային աշխատակիցներին և որսորդական հասարակայնությանը:
11. Կցագրված որսորդական տնտեսություններում կապիտալ շինարարությունը և գյուղատնտեսական գործունեությունը իրականացվում են տնտեսության սահմաններում գտնվող հողերի վրա, հիմնական հողօգտագործողի համաձայնությամբ:
12. Կցագրված որսորդական տնտեսությունների աշխատողների կատեգորիաները և նրանց թվաքանակը սահմանվում են Հայորսորդմիության նախագահության կողմից, ելնելով տնտեսության խմբից:
IV. Քաղաքային ու շրջանային կցագրված որսորդական տնտեսությունների աշխատանքը
13. Տնտեսության գործունեության հիմքում ընկած են.
ա) որսակազմակերպումը.
բ) կենդանական աշխարհի վերարտադրությունը.
գ) կենդանիների որսատեսակների ռեսուրսների օգտագործումը:
14. Որսակազմակերպման նպատակը տնտեսության արդյունավետության և նրա բարձրացման ուղիների բացահայտումն է: Ընդ որում, նախատեսվում է.
ա) հանդակների բնութագրի կազմումը և ինվենտարիզացիայի անցկացումը.
բ) հանդակների որակավորման անցկացումը և կենդանիների հիմնական որսատեսակների թվաքանակի որոշումը.
գ) կենդանիների հիմնական որսատեսակների թվաքանակի դինամիկայի ուսումնասիրումը.
դ) վերարտադրական միջոցառումների ծավալի և բնույթի որոշումը.
ե) գազանների և թռչունների որսի, ինչպես նաև ձկնորսության նորմաների որոշումը.
զ) տերիտորիայի ցցանշման աշխատանքները, ճանապարհների, պահականոցի, դիտանոցների, բուծարանների և օժանդակ շենքերի կառուցման համար տեղամասերի ընտրությունը, կերամանների, ամբարտակների, աղուտների, կերահրապարակների կազմակերպումը, աղբյուրների մաքրումը, վերարտադրման արգելանտառ-տեղամասերի առանձնացումը (տնտեսության տերիտորիայի 10 տոկոսից ոչ պակաս) դրանք տնտեսության քարտեզի վրա գրանցելով.
է) հաստիքների, նյութատեխնիկական ապահովման պլանների և կապիտալ շինարարության ծավալների սահմանումը.
ը) տնտեսության որսակազմակերպման նախագծի կազմումը, որը վերարտադրական և շահագործական աշխատանքների բնույթը, ծավալը և ուղղությունը որոշող հիմնական փաստաթուղթն է.
Որսակազմակերպման նախագիծը կազմվում է 10 տարվա համար:
15. Կենդանական աշխարհի վերարտադրությունը կազմված է միջոցառումների կոմպլեքսից, որոնք ապահովում են կցագրված տնտեսության կենդանական աշխարհի պահպանումը, վերականգնումը, թվաքանակի ավելացումն ու հարստացումը և իրենց մեջ ընդգրկում են.
ա) որսահանդակների և կենդանական աշխարհի պահպանումը.
բ) վերարտադրական տեղամասի (արգելանտառի) ռեժիմի պահպանումը.
գ) բիոտեխնիկական միջոցառումների կոմպլեքսի անցկացումը (պաշտպանական և կերային պայմանների բարելավում, վնասակար կենդանիների թվաքանակի կարգավորում, որսորդական կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչների ինտրոդուկցիա).
դ) կերատաշտերի, ամբարտակների, աղուտների և մեծավանդակների կազմակերպումը կենդանիների երկարատև պահման համար.
ե) կերային հրապարակների և կերերի մթերման կազմակերպումը.
զ) ամենամյա, ըստ սեզոնի հաշվառման անցկացումը, որոշելով կենդանիների թվաքանակի, նրանց սեռական և տարիքային կազմի դինամիկան:
16. Որսորդական տնտեսության շահագործումը պետք է ապահովի որսահանդակների և վայրի կենդանիների ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը և հիմնվի հետևյալի վրա.
ա) որսի ենթական են այն կենդանիները, որոնց թվաքանակը գերազանցել է յուրաքանչյուր տեսակի համար սահմանված օպտիմումը.
բ) որսի հիմնական խնդիրներից մեկը կենդանիների գլխաքանակի բարելավումն է սակավարժեք անհատների ոչնչացման, սեռական և տարիքային կազմի կարգավորման հաշվին:
17. Կենդանիների որսի նորմաները ամեն տարի որոշվում են Հայորսորդմիության նախագահության կողմից որսի սեզոնը սկսվելուց առաջ որսորդների և ձկնորսների քաղաքային, շրջանային ընկերությունից ստացված և Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի կողմից հաստատված հաշվետու տվյալների հիման վրա:
Որսի անցկացման մասին որոշումն ընդունվում է Հայորսորդմիության նախագահության կողմից կցագրված որսորդական տնտեսությունից համապատասխան հիմնավորում ստանալուց հետո:
18. Շահագործման գծով միջոցառումներն իրենց մեջ ընդգրկում են.
ա) տնտեսության օրական և սեզոնային թողունակության որոշումը, որսի անցկացման օրերի, որսաթռչնի որսալու նորմաների և մեկ մեկնման ընթացքում կրակոցների սահմանումը.
բ) որսի տեղերի ընտրությունը և դրանց նախապատրաստումը (որսի տեղերին մոտեցումների, հյուղակների, երկար նստելու, կածանների կազմակերպումը).
գ) Հայորսորդմիության անդամներին ուղեգրեր տալը, նրանց տեղավորելու և սպասարկելու համար պայմանների ստեղծումը.
դ) տնտեսական և որսորդական-ձկնորսական ինվենտար տալը.
ե) որսի անվտանգության ապահովումը.
զ) որսի անցկացման նկատմամբ վերահսկողությունը և բռնած կենդանիների հաշվառումը, դրանց սեռի և տարիքի գրանցումով.
է) տնտեսության հաճախելիության հաշվառումը.
ը) որսի սեզոնի վերջանալուց հետո լրիվ հաշվետվության կազմումը:
19. Կցագրված որսորդական տնտեսություններում կատարվում է միայն կոլեկտիվ որս (խմբում որսորդների թիվը որոշվում է կախված տնտեսության առանձնահատկությունից և որսի տեսակից):
20. Տնտեսությանը կցագրված և նրանում անցկացվող բիոտեխնիկական միջոցառումներին ակտիվորեն մասնակցող որսորդները, գոյություն ունեցող կանոններին համաձայն, օգտվում են որսի առավելության իրավունքից:
21. Կցագրված տնտեսության անդամներ չհանդիսացող որսորդներին որսի թույլատրումը կատարվում է վճարովի ուղեգրերով` Հայորսորդմիության նախագահության թույլտվությամբ և որսորդների ու ձկնորսների այն ընկերությունների վարչությունների համաձայնությամբ, որոնց իրավասության տակ գտնվում է տնտեսությունը: Թույլատրվում է ուղեգրերի փոխանակում կցագրված տնտեսությունների միջև նրանց վարչությունների որոշմամբ և Հայորսորդմիության նախագահության համաձայնությամբ:
22. Որսահանդակների շահագործումից և Հայորսորդմիության անդամների սպասարկումից գոյացած եկամուտները մնում են տնտեսությունում և օգտագործվում են վերարտադրական միջոցառումների համար:
V. Որսորդների կոլեկտիվներին կցագրված տնտեսությունների աշխատանքը
23. Ձեռնարկությունների և կազմակերպությունների որսորդների կոլեկտիվներին կցագրված տնտեսությունների աշխատանքը որոշվում է սույն կանոնադրությամբ և պետք է ապահովի տնտեսության որսորդական ռեսուրսների պահպանումը, վերարտադրությունը և ռացիոնալ շահագործումը:
24. Որսորդական տնտեսությունները կարող են կցագրվել առանձին ձեռնարկությունների և կազմակերպությունների, որոնք Հայորսորդմիության ոչ պակաս, քան 25 անդամ ունեն և հնարավորություն ունեն այդ տնտեսություններում անցկացնել տնտեսական և վերարտադրական միջոցառումներ:
25. Կցագրված որսորդական տնտեսություններում աշխատանքը տարվում է հասարակական հիմունքներով: Թույլատրվում է վճարովի աշխատողների պահում, սակայն դրանց պահման ծախսերը պետք է փոխհատուցվեն այդ տնտեսությունների եկամուտներով:
26. Կցագրված որսորդական տնտեսություններում որսը և ձկնորսությունը կատարվում են վճարովի ուղեգրերով, որոնց արժեքը սահմանվում է Հայորսորդմիության նախագահության կողմից: Կոլեկտիվի առավել ակտիվ անդամներին խրախուսելու համար Հայորսորդմիության նախագահության համաձայնությամբ թույլատրվում է անվճար ուղեգրեր տալը:
27. Տնտեսության ստացած եկամուտները (հանդակների շահագործում, օժանդակ գործունեություն և այլն) մնում են հենց տնտեսությունում վերարտադրական միջոցառումների ապահովման և ծախսերի ծածկման համար:
28. Հայորսորդմիության հանրապետական խորհուրդը իրականացնում է կցագրված որսորդական տնտեսությունների աշխատանքի ղեկավարությունը, ցույց տալիս մեթոդական ու գործնական օգնություն, ինչպես նաև վերահսկում է այն:
VI. Կցագրված որսորդական տնտեսությունների վերացումը
29. Տնտեսությունը դադարեցնում է իր գործունեությունը Հայորսորդմիության հանրապետական խորհրդի որոշմամբ` պետական անհրաժեշտության, փոխված պայմանների պատճառով նրա զարգացման հեռանկարայնության բացակայության, ինչպես նաև ընկերության կամ կոլեկտիվի կողմից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի կողմից տնտեսության գործունեության ստուգման ակտը ներկայացնելիս:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի հունվարի 21-ի N 26 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայկական ՍՍՀ տերիտորիայում պետական արգելոցներ կազմակերպվում են բնության առավել տիպական կամ ունիկալ տեղամասերում (ցամաքային կամ ջրատարածության), որոնք ներկայացնում են գիտական և կուլտուր-պատմական առանձնահատուկ արժեք և իրենց մեջ ընդգրկում են նրա բաղադրամասերի ամբողջականությունը:
2. Պետական արգելոցների հողերը իրենց սահմաններում գտնվող բոլոր բնական օբյեկտներով հանվում են տնտեսական շահագործումից և անժամկետ օգտագործման տրվում գիտահետազոտական և կուլտուրական նպատակների համար:
Հայկական ՍՍՀ պետական արգելոցների անտառները պատկանում են անտառների առանձին խմբին` անտառային տնտեսության վարման հատուկ ռեժիմով:
3. Հայկական ՍՍՀ պետական արգելոցները գիտահետազոտական հիմնարկներ են, որոնք մշակում են բնագիտության տեսական ու գործնական և բնական հարստությունների ռացիոնալ օգտագործման հարցերը, որոնք իրենց ուսումնասիրման համար պահանջում են արգելոցային հատուկ ռեժիմ:
4. Հայկական ՍՍՀ պետական արգելոցները ստեղծվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից` Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի ներկայացմամբ:
5. Հայկական ՍՍՀ պետական արգելոցները գտնվում են Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի անմիջական իրավասության տակ, որն իրականացնում է ընդհանուր ղեկավարությունը և վերահսկողությունը դրանց գործունեության նկատմամբ:
6. Հայկական ՍՍՀ պետական արգելոցները հիմնված են ինքնուրույն հաշվեկշռի վրա և օգտվում են իրավական անձի իրավունքներից:
7. Հայկական ՍՍՀ պետական արգելոցներն ունեն արգելոցի անվանումով կլոր կնիք և դրոշմ:
8. Հայկական ՍՍՀ պետական արգելոցներն ունեն գիտական և գիտահետազոտական աշխատակիցների, վարչատեխնիկական անձնակազմի և պահպանության հաստիքներ:
Կառուցվածքը, հաստիքները, ծախսերի նախահաշիվները, նյութական ապահովման պլանները հաստատվում են Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի կողմից:
9. Հայկական ՍՍՀ պետական արգելոցները ղեկավարում է Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի կողմից նշանակված դիրեկտորը:
Դիրեկտորը արգելոցը ղեկավարում է միանձնյա և պատասխանատվություն է կրում արգելոցի ամբողջ գործունեության համար, վարկերի կառավարիչն է, ապահովում է օրինականության ու պետական կարգապահության պահպանումը և կազմակերպում է արգելոցի գործունեության բոլոր բաժինների գծով հաստատված պլանների կատարումը:
Գիտական աշխատանքի գծով դիրեկտորի տեղակալը, գիտաշխատողները (կենսաբաններ և բուսաբաններ), գլխավոր անտառապետը, գլխավոր (ավագ) հաշվապահները և պետական արգելոցի մյուս ինժեներատեխնիկական աշխատողները նշանակվում ու ազատվում են Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի որոշմամբ:
10. Հայկական ՍՍՀ պետական արգելոցները բաժանվում են արգելոցային (արգելված) գոտիների, իսկ վերջիններս` եգերական տեղամասերի կամ շրջանցուղիների: Առանց արգելոցային (արգելված) գոտիների կազմակերպված պետական արգելոցներում գոտիների վրա դրված աշխատանքը կատարում է անմիջականորեն պետական արգելոցի ադմինիստրացիան:
11. Հայկական ՍՍՀ պետական արգելոցի համար հատկացված տարածությունները, նրանց վրա գտնվող բոլոր անտառներով, մարգագետիններով, տափաստաններով, ջրերով, կենդանական ու բուսական աշխարհով, երկրաբանական օբյեկտներով և բնության այլ տարրերով կազմում են հատուկ պետական արգելոցային ֆոնդը, որը հանված է տնտեսական շահագործումից:
12. Հայկական ՍՍՀ յուրաքանչյուր պետական արգելոցի համար Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեն մշակում և հաստատում է կանոնադրություն, որի մեջ որոշվում են արգելոցի կոնկրետ խնդիրները, գիտական պրոֆիլը, կազմակերպական հարմարությունը, իրավական ռեժիմի և պահպանության առանձնահատկությունները:
13. Հայկական ՍՍՀ պետական արգելոցի շուրջը առանձնացվում է 1 կմ շառավղով պահպանական գոտի` արգելոցային ռեժիմի խախտումներից բնական պահպանություն ստեղծելու համար: Տեղական մարմինների համաձայնությամբ պահպանական գոտում իրականացվում են հատուկ բիոտեխնիկական միջոցառումներ, ինչպես նաև կարող են սահմանվել անտառահատման, որսի և այլ օգտագործումների հատուկ ժամկետներ և մեթոդներ:
Հայկական ՍՍՀ յուրաքանչյուր արգելոցի պահպանական գոտու սահմանները և ռեժիմը սահմանվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ: Պահպանական գոտու չափերը պետք է ապահովեն արգելոցի պաշտպանությունը շրջապատող տերիտորիաների անբարենպաստ ներգործություններից:
14. Հայկական ՍՍՀ պետական արգելոցում հիմնվում է գիտական խորհուրդ, որի կազմը և կանոնադրությունը հաստատում է Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեն:
15. Հայկական ՍՍՀ պետական արգելոցների պահպանության աշխատողները օգտվում են անտառային պետական պահպանության, եգերական ծառայության բոլոր իրավունքներից:
II. Հայկական ՍՍՀ պետական արգելոցների խնդիրները և գործունեությունը
16. Հայկական ՍՍՀ պետական արգելոցները կազմակերպվում են.
ա) Հայկական ՍՍՀ լանդշաֆտային գոտիների համար առավել տիպական բնության տեղամասերը նրա բաղադրամասերի ամբողջականությամբ բնական վիճակում պահպանելու համար.
բ) բնության պրոցեսների բնական ընթացքի ուսումնասիրման համար:
17. Հայկական ՍՍՀ պետական արգելոցների վրա դրվում են հետևյալ խնդիրները.
ա) գիտահետազոտական աշխատանքների գծով.
կենդանիների և բույսերի առանձին տեսակների կենսաբանության և նրանց բիոգենետիկական կապերի, բնական պրոցեսների, հանրապետության տվյալ շրջանի բնական ռեսուրսների օգտագործման հետևանքների, արգելոցի բնության բնական դինամիկայի ուսումնասիրումը հանրապետության բնական ռեսուրսների հաշվառման մեթոդների, դրանց ավելացման եղանակների, բարելավման և ռացիոնալ օգտագործման նպատակով, արգելոցների գիտական աշխատանքների հրատարակումը, գիտական կադրերի պատրաստման գործում աջակցությունը.
բ) պահպանության գծով.
բույսերի և կենդանիների հազվագյուտ տեսակների պաշարների պահպանումն ու վերականգնումը, որոնք հատուկ արժեք են ներկայացնում,
արգելոցների տերիտորիայի պահպանումը արգելոցային ռեժիմը խախտողներից, որսագողերից, վնասակար գիշատիչներից, թափառող շներից.
դասախոսություններ կարդալու, թանգարաններ կազմակերպելու, մասսայական գրականություն թողարկելու ճանապարհով, ինչպես նաև դիտողական պրոպագանդայի այլ ձևերով բնության պահպանության, բնագիտության և գավառագիտության գաղափարների պրոպագանդումը.
արգելոցների անտառային տերիտորիաների պահպանումը հրդեհներից, պահպանելով բոլոր անհրաժեշտ հակահրդեհային միջոցառումները.
գ) բիոտեխնիկական միջոցառումների գծով.
վայրի կենդանիների կերային պայմանների բարելավում արժեքավոր կերային կուլտուրաներ ցանելու, անտառային տնկիների նկատմամբ խնամքը, անտառահատման տեղերում, այրված տեղերում, դատարկ տարածություններում, նոսր տեղերում անտառի վերականգնման միջոցով, կենդանիների թվաքանակի կարգավորում, վնասակար գիշատիչների ոչնչացում.
դ) ընդհանուր տնտեսական միջոցառումների գծով.
շենքերի, շինությունների, սարքավորումների և տրանսպորտային միջոցների ճիշտ տեխնիկական պահպանումն ու օգտագործումը հաստատված նախագծերի ու նախահաշիվների համաձայն արտադրական և բնակելի շենքերի, պահականոցների, հակահրդեհային աշտարակների շինարարության ու նորոգման իրականացումը, ճանապարհների, հեռախոսային և ռադիոկապի կազմակերպումն ու պատշաճ կարգով պահպանումը.
ե) աշխատանքի կազմակերպման գծով.
աշխատանքի ճիշտ կազմակերպումը և արտադրության կուլտուրայի բարձրացումը սոցմրցության հիման վրա. աշխատողների աշխատանքի վարձատրության և խրախուսանքների առաջադիմական սիստեմների կիրառումը. աշխատանքի պաշտպանության ապահովումը. անվտանգության տեխնիկայի և սանիտարիայի կանոնների պահպանումը. դասընթացային միջոցառումների անցկացման և ինքնակրթության միջոցով աշխատողների արտադրական որակավորման բարձրացումը. պետական արգելոցների աշխատողներին բնակտարածությամբ և կուլտուր-կենցաղային այլ պայմաններով ապահովումը:
III. Հայկական ՍՍՀ պետական արգելոցների ռեժիմը
18. Հայկական ՍՍՀ պետական արգելոցների տերիտորիայի վրա արգելվում է ամեն տեսակի գործունեություն, որը խախտում է արգելոցների բնական կոմպլեքսները կամ նրանցում պրոցեսների բնական ընթացքը, ինչպես նաև սպառնում է բնական օբյեկտների անվնասությանը:
Մասնավորապես արգելվում են`
ա) արգելոցի հիդրոերկրաբանական ռեժիմը փոխող ցանկացած գործողությունները.
բ) շենքերի և շինությունների, ճանապարհների, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցությունների շինարարությունը.
գ) օգտակար հանածոների որոնումն ու մշակումը, բնահողի հանումը, հանքերի ելունքի խախտումը, լեռնապարների մերկացումը.
դ) անտառօգտագործման բոլոր ձևերը, խոտի մթերումը, ցախի, չորացած ծառերի, անտառային ծղոտի, դեղորայքի և ուտելու խոտերի ու բույսերի ծաղիկների, սերմերի, պտուղների, հատապտուղների, սունկերի, շաքարեղեգնի, մամուռի հավաքումը, ծառերի ու թփերի վնասումը, ընտանի կենդանիների արածեցումը և բուսական ծածկույթի այլ խախտումներ.
ե) որսը, ձկան որսը, վայրի կենդանիների ու թռչունների ոչնչացումն ու որսը, բների, որջերի քանդումը, ձվերի հավաքումը, ինչպես նաև պահպանվող կենդանիների գոյության պայմանների ամեն տեսակի խախտումները.
զ) վայրի կենդանիների առանձին տեսակների թվաքանակի ավելացմանը նպաստող միջոցառումների չափից ավելի անցկացումը, քան այդ թույլ է տալիս հանդակների բնական տարողությունը, ինչպես նաև կլիմայավարժեցման նպատակով բույսերի ու կենդանիների ինտրոդուկցիան.
է) կոլեկցիոն և այլ նյութերի հավաքումը, բացառությամբ այն նյութերի, որոնք անհրաժեշտ են տվյալ արգելոցի գիտական թեմատիկայի կատարման համար.
ը) որպես պարարտանյութ, ինչպես նաև վնասատուների, բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի համար քիմիական միջոցների կիրառումը.
թ) արգելոցի տերիտորիայով ընտանի կենդանիներ քշելը և ընդհանուր նշանակության ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս մոտորավոր և թրթուռավոր տրանսպորտի օգտագործումը, ինչպես նաև արգելոցի գոտում ընդհանուր նշանակության ճանապարհների ու ջրային ուղիների վրա այդ տրանսպորտի կանգնեցնելը.
ժ) սահմանված նորմաները գերազանցող աղմուկի ներգործության բոլոր տեսակները.
ի) պետական արգելոցի տերիտորիայով մեքենայով կամ ոտքով կողմնակի անձանց անցումը, բացառությամբ ընդհանուր նշանակության ճանապարհներից.
լ) դադարների կազմակերպումը, օջախ անելը և տուրիզմի ու բնակչության հանգստի բոլոր ձևերը, բացի կազմակերպված էքսկուրսիաներից:
19. Արգելոցային ռեժիմի խախտման մեջ մեղավոր անձինք 1958 թվականի մայիսի 14-ի «Հայկական ՍՍՀ բնության պահպանության մասին» օրենքի հիման վրա ենթարկվում են քրեական պատասխանատվության:
20. Հայկական ՍՍՀ պետական արգելոցում Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի որոշման հիման վրա և տվյալ արգելոցի գիտխորհրդի ներկայացմամբ թույլատրվում է այնպիսի միջոցառումների անցկացում, որոնք անհրաժեշտ են արգելոցային բնական կոմպլեքսների պահպանման, գիտահետազոտական աշխատանքների պլանի կատարման և արգելոցի այլ գործունեությունը ապահովելու համար.
ա) վերականգնողական միջոցառումներ այն տերիտորիաների վրա, որտեղ մարդու գործունեության հետևանքով բնական կոմպլեքսները խախտվել են, ինչպես նաև միջոցառումներ արգելոցին հարող տերիտորիաներում տնտեսական գործունեության հետևանքով բնական կոմպլեքսների փոփոխությունները կանխելու ուղղությամբ.
բ) գիտական նպատակներով էքսկուրսիաների անցկացում արգելոցի աշխատողների խիստ որոշակի երթուղով և նրանց ուղեկցությամբ.
գ) անհրաժեշտ անասնաբուժական միջոցառումներ մարդու և կենդանիների համար ընդհանուր խիստ վտանգավոր հիվանդությունների վերացման համար.
դ) արգելոցի տերիտորիայում նրա ռեժիմը չխախտող անհրաժեշտ հակահրդեհային միջոցառումներ.
ե) սահմանված կարգով արգելոցին անհրաժեշտ լաբորատոր, բնակելի և այլ կառույցների կառուցումը նրա հիմնական խնդիրների կատարման համար: Բնակելի տները աշխատակիցներին տրվում են միայն արգելոցում նրանց աշխատանքի ժամանակաշրջանում;
IV. Գիտահետազոտական աշխատանքները Հայկական ՍՍՀ պետական արգելոցներում
21. Հայկական ՍՍՀ պետական արգելոցներում գիտահետազոտական աշխատանքը տարվում է ստացիոնար կոմպլեքսային հետազոտությունների ճանապարհով և ուղղվում է բնության պահպանման գիտական հիմունքների մշակմանը, կենսոլորտի ֆոնային վիճակի փոփոխության նկատմամբ հսկողությանը, բույսերի ու կենդանիների հազվագյուտ ու ոչնչացնող տեսակների պահպանության ու վերականգնման հիմունքների մշակմանը:
22. Հայկական ՍՍՀ պետական արգելոցները Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի և բուսաբանության ինստիտուտի հետ համատեղ մշակում և Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին հաստատման են ներկայացնում գիտահետազոտական աշխատանքների և էկոսիստեմների բնական կազմի պահպանման ու վերականգնման և նրանցում խախտված բնական կապերի կարգավորման միջոցառումների պլանները:
Հայկական ՍՍՀ պետական արգելոցների գիտական հետազոտությունների արդյունքները սահմանված կարգով հրապարակվում են արգելոցների թեմատիկ աշխատանքների ժողովածուներում:
23. Վայրի կենդանիների որսի և հրազենով որսալու ու գիտահետազոտական նպատակների համար պետական արգելոցի տերիտորիայում այլ կոլեկցիոն նյութերի հավաքման պլանները, ինչպես նաև արտադրական միջոցառումների պլանները համաձայնեցվում են Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի և բուսաբանության ինստիտուտի հետ և հաստատման համար ներկայացվում են Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտե:
V. Հայկական ՍՍՀ պետական արգելոցների պահպանումը
24. Հայկական ՍՍՀ պետական արգելոցների պահպանումը իրականացվում է արգելոցների դիրեկցիայի, անտառային պահպանության ու եգերական ծառայության կողմից:
25. Արգելոցային ռեժիմը խախտողների վրա կազմվում են արձանագրություններ, որոնք սահմանված կարգով հանձնվում են համապատասխան մարմիններին` Հայկական ՍՍՀ տերիտորիայում որսի և որսորդական տնտեսության մասին կանոնադրությանը համաձայն նրանց պատասխանատվության ենթարկելու համար:
26. Հայկական ՍՍՀ պետական արգելոցների պահպանման կազմակերպումը դրվում է արգելոցի դիրեկտորի վրա:
VI. Հայկական ՍՍՀ պետական արգելոցների կառավարումը
27. Հայկական ՍՍՀ պետական արգելոցի ղեկավարումն իրականացնում է արգելոցի դիրեկտորը, որը սույն կանոնադրության հիման վրա միանձնյա կարգով վարում է պետական արգելոցի գործունեության ղեկավարության ամբողջ աշխատանքը և օրենքով սահմանված սահմաններում տնօրինում է նրա միջոցներն ու գույքը, պատասխանատվություն է կրում պետական արգելոցի տերիտորիայի, գույքի պահպանման համար, արտադրաֆինանսական պլանների կատարման համար, հաշվետվության ժամանակին ներկայացման համար, նախահաշվային, ֆինանսական, պայմանագրային և աշխատանքային կարգապահության պահպանման համար:
28. Հայկական ՍՍՀ պետական արգելոցի դիրեկտորը.
ա) կազմակերպում է սույն կանոնադրության համաձայն պետական արգելոցի վրա դրված գիտական, տնտեսական և այլ միջոցառումների կատարումը.
բ) կազմակերպում է արգելոցի և նրա գույքի, սարքավորման, նյութական և մյուս արժեքների պահպանումը.
գ) վարձում և ազատում է բանվորներին ու ծառայողներին.
դ) պայմանագիր է կնքում պետական արգելոցի գործառնությունների գծով սահմանված պլաններին ու նախահաշվային հատկացումներին համապատասխան.
ե) պետական արգելոցի անունից կատարում է բոլոր ֆինանսական գործառնությունները ՍՍՀՄ պետբանկի Հայկական հանրապետական գրասենյակի շրջանային ու քաղաքային բաժանմունքներում.
զ) պետական արգելոցի անունից նրա գործերի գծով ներկայացուցչություն է անում պետական հիմնարկներում ու ձեռնարկություններում, կոոպերատիվներում, արհմիութենական և այլ կազմակերպություններում, ինչպես նաև` պետական արբիտրաժում.
է) ղեկավարում է գիտահետազոտական աշխատանքը:
29. Պետական արգելոցի դիրեկտորի գիտական մասի գծով տեղակալը պետական արգելոցի դիրեկտորի հետ միասին պատասխանատվություն է կրում պետական արգելոցում բոլոր գիտական և արտադրական աշխատանքների ճիշտ կազմակերպման ու կատարման համար:
30. Հայկական ՍՍՀ պետական արգելոցները կատարում են իրենց գործունեության հաշվապահական հաշվառում, ինչպես նաև օպերատիվ-վիճակագրական հաշվառում: Պետական արգելոցները սահմանված ժամկետներում գործող կանոններին և համապատասխան ձևերին համաձայն Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտե և այլ հիմնարկներ են ներկայացնում պարբերական ու տարեկան հաշվապահական հաշվետվություններ և հաշվեկշիռներ, ինչպես նաև օպերատիվ վիճակագրական հաշվետվություն:
31. Հայկական ՍՍՀ պետական արգելոցների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի կողմից: