ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/32019/02/23 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/32019/02/23 2025 թ. | ||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան Վ. Քոչարյան |
2025 թվականի փետրվարի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ Բանկի հայցի ընդդեմ Կարեն Մարտիրոսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Կարեն Մարտիրոսյանից բռնագանձել 186.400,5 ՀՀ դրամ, որից 91.304,1 ՀՀ դրամը՝ որպես վարկի հիմնական պարտք, 95.096,4 ՀՀ դրամը՝ որպես վճարման ենթակա տոկոս, ինչպես նաև 91.304,1 ՀՀ դրամին հաշվեգրել և բռնագանձել վարկավորման պայմաններով նախատեսված տարեկան 24 տոկոս դրույքով տոկոսներ՝ սկսած հայցադիմումը դատարան հանձնելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13.02.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Կարեն Մարտիրոսյանից հօգուտ Բանկի բռնագանձել 187.400,5 ՀՀ դրամ, որից 91.304,1 ՀՀ դրամը՝ որպես վարկի հիմնական պարտք, 95.096,4 ՀՀ դրամը՝ որպես վճարման ենթակա տոկոս. մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.06.2024 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ Բանկի միջնորդությունը բավարարվել է, իսկ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Պետական տուրք մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10‑րդ ու 101-րդ հոդվածները, 102-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 104-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը, 370-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իր կողմից դատական ակտը բողոքարկվել է միայն վարկի մնացորդին տարեկան 24 տոկոս դրույքի չափով՝ սկսած հայցադիմումը դատարան հանձնելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը տոկոսներ հաշվեգրելու և բռնագանձելու մասով, իսկ հայցադիմումը դատարան ներկայացնելուց հետո հաշվարկվող տոկոսների գումարների մասով պետական տուրքի վճարման պարտականություն բողոք բերող անձի համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված չէ։ Ուստի պետական տուրքի վճարումը հետաձգելու և այդ հարցին եզրափակիչ դատական ակտով անդրադառնալու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը պայմանավորված է եղել վիճարկվող բռնագանձման ենթակա գումարի (հետագայում բռնագանձվող տոկոսների) չափը որոշելու անհնարինությամբ:
Վերաքննիչ դատարանը միջնորդության քննության շրջանակներում հաշվի չի առել, որ որպես պետական տուրքի հաշվարկման բազա օրենսդրի կողմից հիմք է ընդունվում հայցագինը, որի մեջ ներառվում են տոկոսների գումարները՝ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ: Այսինքն, հայցագնի մեջ չեն ներառվում հայցադիմումը դատարան ներկայացնելուց հետո հաշվարկվող տոկոսների գումարները:
Բացի այդ, Վերաքննիչ դատարան է ներկայացվել միջնորդություն՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու և այդ հարցին եզրափակիչ դատական ակտով անդրադառնալու հիմքով, այլ ոչ թե՝ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու հիմքով, մինչդեռ Վերաքննիչ դատարանը միջնորդությանն անդրադարձել է բողոքաբերի գույքային դրության հաշվառմամբ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու հիմքով, ինչպիսի միջնորդություն չի ներկայացվել, ուստի Վերաքննիչ դատարանը, ըստ էության, քննարկել է այլ՝ գոյություն չունեցող միջնորդություն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 06.06.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1‑ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6‑րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս Ashingdane-ն ընդդեմ Միացյալ Թագավորության Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Dumitru Gheorghe-ն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ արդարադատության իրականացման շահերի նպատակով անձի նկատմամբ դատարան «մուտք գործելու» համար ֆինանսական սահմանափակում դնելը կարող է արդարացվել։ Դատարանը գտել է, որ քաղաքացիական գործերով տուրքեր վճարելու պահանջը չի կարող դիտվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, որն ինքնին անհամատեղելի է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ: Այնուամենայնիվ, դատարանը վերահաստատել է, որ վճարի չափը, որը գնահատվում է կոնկրետ գործի հատուկ հանգամանքների լույսի ներքո, ներառյալ՝ դիմումատուի՝ դրանք վճարելու կարողությունը, և դատավարության փուլը, որով սահմանվել է այդ սահմանափակումը, էական գործոններ են որոշելու, թե արդյո՞ք անձն օգտվում է դատարանի մատչելիության իր իրավունքից, թե՝ ոչ, և արդյո՞ք իր գործը լսվել է դատարանի առջև (տե՛ս, օրինակ, Stankov-ն ընդդեմ Բուլղարիայի գործով Եվրոպական դատարանի 12.10.2007 թվականի վճիռը, կետ 52)
Իր հերթին Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է նաև պետական տուրք վճարելու պարտականության և դատարանի մատչելիության իրավունքի հարաբերակցությանը, ու հիմք ընդունելով, որ դատարաններում պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, արձանագրել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Օրենսդիրը, կարգավորելով դատարաններում պետական տուրքի գանձման հետ կապված իրավահարաբերությունները, կաշկանդված է քաղաքացիական իրավունքների և ազատությունների պաշտպանության սահմանադրական սկզբունքներով, մասնավորապես՝ դատարանի մատչելիության սկզբունքի երաշխավորման պարտականությամբ: Oրենսդրի պարտականությունն է երաշխավորել պատշաճ հավասարակշռություն, մի կողմից, դատարաններում պետական տուրք գանձելու` պետության օրինավոր շահի, դատարաններում պետական տուրք վճարելու` անձի սահմանադրական պարտականության և, մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի օրինավոր շահի միջև (տե՛ս Սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի ՍԴՈ-1423 որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Այլ կերպ ասած՝ որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե՛ս Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Բողոքարկման իրավունքի և այդ համատեքստում նաև դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է։
Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, (…): Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն օրենքի ուժով ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դրամական և ոչ դրամական պահանջներ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցագինը որոշվում է` դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` պահանջվող գումարի չափով։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցագնի մեջ մտնում են նաև պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) և տոկոսների գումարները` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ վերաքննիչ բողոքի ընդունելիության փուլում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարված լինելու հարցը ճիշտ որոշելու համար առանցքային նշանակություն ունեն գործով ներկայացված պահանջները, դրանց քանակը և տեսակը պարզելը, հիմնական ու ածանցյալ պահանջները ճշգրիտ տարանջատելը, ինչպես նաև հայցվորի նյութաիրավական պահանջը դրա իրականացման միջոցներից տարբերակելը՝ ինչպես օրենքի պահանջը պահպանելու, այնպես էլ բողոք բերած անձի վրա ֆինանսական ավելորդ պարտականություն դնելը բացառելու տեսանկյունից (տե՛ս Էմանուել Էմիլ Գազազն ընդդեմ Գայանե Կարապետյանի և երրորդ անձ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի թիվ ԵԴ/30706/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.02.2024 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչ վերոնշյալ հանգամանքների պարզումը, բողոքի ընդունելիության հարցը որոշելու փուլում Վերաքննիչ դատարանը, կախված բողոքարկվող դատական ակտի տեսակից կամ բողոքարկման ծավալից, նախ պարտավոր է պարզել՝ արդյո՞ք բողոք բերած անձն ընդհանրապես կրում է պետական տուրք վճարելու պարտականություն, թե՝ ոչ։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը մի շարք պահանջների և (կամ) դրանց մի մասի դեպքում բացառել է պետական տուրքի վճարման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ բացակայում է պետական տուրքի վճարման պարտականություն նախատեսելու համար պարտադիր պայման հանդիսացող գանձման օբյեկտը, որի հիման վրա էլ որոշվում է վճարման ենթակա պետական տուրքի չափը։ Նման մոտեցումը բխում է դատարանի մատչելիության և արդարադատության արդյունավետության սկզբունքների երաշխավորման հրամայականից։ Ընդ որում, այս կանոնը կիրառելի է ինչպես հայցադիմումը ներկայացնելու, այնպես էլ դատական ակտը բողոքարկելու փուլերում։
Ինչպես արդեն նշվեց վերը, դրամական պահանջի գործերով վճարման ենթակա պետական տուրքի չափը որոշելիս հիմք է ընդունվում հայցագինը։ Ընդ որում, օրենսդրի կողմից սահմանված համապատասխան իրավակարգավորումից բխում է, որ հայցագնի մեջ ներառվում են նաև պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) ու տոկոսների գումարները` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ՝ բացառելով այդ օրերից հետո առաջացող տուժանքի և տոկոսների գումարի ներառումը հայցագնի մեջ։
Ավելին՝ այս դեպքում էական չէ՝ հայցվորը պահանջել է տուժանքի և (կամ) տոկոսների գումարների հաշվեգրումը շարունակել նաև հայցադիմումը ներկայացնելու օրվանից հետո մինչև պարտավորության փաստացի կատարումը, թե՝ ոչ։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ օրենսդրի վերոնշյալ մոտեցումը տարածվում է այս բնույթի պահանջների քննության արդյունքում կայացվող դատական ակտերի բողոքարկման դեպքում ևս, քանի որ հայցագնի մեջ ներառված չլինելու պարագայում, հետագայում հաշվարկվելիք տույժերի և տոկոսների գումարը չի կարող հիմք ընդունվել դատական ակտի բողոքարկման համար անհրաժեշտ պետական տուրքի վճարման չափը որոշելիս։ Ընդ որում, այս կանոնը կիրառելի է նաև այն դեպքում, երբ վերաքննիչ բողոք ներկայացրած անձը, տեղյակ չլինելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այդ իրավակարգավորումներից, միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պետական տուրքի վճարման գծով արտոնություն սահմանելու մասին։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկը, դիմելով դատարան, պահանջել է Կարեն Մարտիրոսյանից բռնագանձել 186.400,5 ՀՀ դրամ, որից 91.304,1 ՀՀ դրամը՝ որպես վարկի հիմնական պարտք, 95.096,4 ՀՀ դրամը՝ որպես վճարման ենթակա տոկոս, ինչպես նաև 91.304,1 ՀՀ դրամին հաշվեգրել և բռնագանձել վարկավորման պայմաններով նախատեսված տարեկան 24 տոկոս դրույքով տոկոսներ՝ սկսած հայցադիմումը դատարան հանձնելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
Դատարանի 13.02.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Կարեն Մարտիրոսյանից հօգուտ Բանկի բռնագանձել 187.400,5 ՀՀ դրամ, որից 91.304,1 ՀՀ դրամը՝ որպես վարկի հիմնական պարտք, 95.096,4 ՀՀ դրամը՝ որպես վճարման ենթակա տոկոս. մնացած մասով հայցը մերժվել է:
Դատարանի 13.02.2024 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բանկը և պահանջել է վճիռը՝ հայցադիմումը դատարան հանձնելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 91.304,1 ՀՀ դրամին հաշվեգրելու ու Կարեն Մարտիրոսյանից վարկավորման պայմաններով նախատեսված տարեկան 24 տոկոս դրույքով տոկոսներ բռնագանձելու պահանջը մերժելու մասով, բեկանել ու փոփոխել՝ հայցն ամբողջությամբ բավարարել։
Վերաքննիչ դատարանը 06.06.2024 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ Բանկի միջնորդությունը բավարարվել է, իսկ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը՝ մերժել, և արձանագրելով, որ «միջնորդության հիմքում որևէ փաստարկ չկա բողոքաբերի գույքային դրության վերաբերյալ, գտնում է, որ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու օրենսդրական հիմքը բացակայում է (…): Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով այն, որ բողոքաբերը վիճարկում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից չբավարարված պահանջն ամբողջությամբ, գտնում է, որ սույն բողոքի քննության համար վճարման ենթակա պետական տուրքը կկազմի հայցադիմումը դատարան հանձնված լինելու օրվան հաջորդող օրվանից մինչև վերաքննիչ բողոքը ներկայացնելու օրը 91․304,10 ՀՀ դրամ վարկի մնացորդի նկատմամբ տարեկան 24 տոկոս դրույքաչափով հաշվարկված տոկոսագումարի 4 տոկոսը, սակայն բոլոր դեպքերում ոչ պակաս բազային տուրքի 15‑ապատիկը և ոչ ավելի բազային տուրքի 15 000-ապատիկը, որպիսի հաշվարկը կատարելու բավարար հնարավորություն ունի բողոքաբերը՝ հաշվի առնելով նաև այն, որ բողոքաբերը հանդիսանում է բանկը, իսկ վերջինս ունի նշված հաշվարկը կատարելու բավարար գործիքակազմ, հետևաբար վերջինս զրկված չէ վերաքննիչ բողոքը ներկայացնելու օրվա դրությամբ վերը նշված նորմով սահմանված կարգով հայցագնի 4 տոկոսը պարզելու և որպես պետական տուրքի գումար ձևավորված գումարը վճարելու հնարավորությունից», Դատարանի 13.02.2024 թվականի վճռի դեմ Բանկի բերած վերաքննիչ բողոքը վերադարձրել է։
Անդրադառնալով պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
Նախ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերած անձն ինքնին չի վիճարկում բողոքին օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարված լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կցված չլինելու փաստն ու այդ հիմքով իր վերաքննիչ բողոքը վերադարձման ենթակա լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը։
Այնուհանդերձ, սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանության իրավաչափությունը՝ կապված վերաքննիչ բողոքի քննության համար վճարման ենթակա պետական տուրքը հայցադիմումը դատարան հանձնելու օրվան հաջորդող օրվանից մինչև վերաքննիչ բողոքը ներկայացնելու օրը 91․304,1 ՀՀ դրամ վարկի մնացորդի նկատմամբ տարեկան 24 տոկոս դրույքաչափով հաշվարկված տոկոսագումարի 4 տոկոսը կազմելու հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ։
Տվյալ դեպքում հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործով հայցվորը, ղեկավարվելով նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածով, պահանջել է նաև 91.304,1 ՀՀ դրամին հաշվեգրել և Կարեն Մարտիրոսյանից բռնագանձել վարկավորման պայմաններով նախատեսված տարեկան 24 տոկոս դրույքով տոկոսներ՝ սկսած հայցադիմումը դատարան հանձնելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
Դատարանի 13.02.2024 թվականի վճռով հայցը՝ վերոնշյալ պահանջի մասով, մերժվել է, իսկ վերաքննիչ բողոքը ներկայացվել է միայն այդ պահանջը բավարարելու մասով։
Նման պայմաններում, հիմք ընդունելով հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործով քննության առարկա բավարարված և չբավարարված պահանջների բնույթը, Դատարանի 13.02.2024 թվականի վճռի, դրա դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում նշված պահանջի ու Վերաքննիչ դատարանի 06.06.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման բովանդակությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերած անձը՝ Բանկը, չէր կրում պետական տուրք վճարելու պարտականություն, քանի որ վերաքննության կարգով բողոքը ներկայացվել էր միայն հայցագնի մեջ չներառվող՝ հայցադիմումը դատարան հանձնելու օրվան հաջորդող օրվանից 91.304,1 ՀՀ դրամին հաշվեգրելու և վարկավորման պայմաններով նախատեսված տարեկան 24 տոկոս դրույքով տոկոսներ բռնագանձելու պահանջի մասով, որպիսի պահանջի համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պետական տուրքի վճարման պարտականություն, վերը նշված դիրքորոշումների համատեքստում, նախատեսված չէ։
Ինչ վերաբերում է Բանկի կողմից ներկայացված պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 13.02.2024 թվականի վճիռը՝ հայցը մերժված մասով, բողոքարկված լինելու պայմաններում նշված միջնորդությունը, վերը նշված պատճառաբանությամբ, պետք է դիտարկվեր առարկայազուրկ։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6‑րդ հոդվածի ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2‑րդ մասի այնպիսի խախտում թույլ տալը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Այսպիսով Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու` Վերաքննիչ դատարանի 06.06.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասով, վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասով, վերացնել։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. Հակոբյան Զեկուցող Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան Վ. Քոչարյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 ապրիլի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|