Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.04.2025
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
07.02.2025
Подписан
Նախագահող
Дата подписания
07.02.2025
Дата вступления в силу
07.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/38109/02/19

2025 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/38109/02/19

Նախագահությամբ դատավոր`

 Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2025 թվականի փետրվարի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) հայցի ընդդեմ «Նաիրի Բիզնես Տուր» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հիմնադրամը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 85.876.834 ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով պատասխանողի կողմից գրավադրված և գրավի առարկա հանդիսացող Երևանի Ա. Արմենակյան փողոցի թիվ 121/7 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Հիմնադրամից բռնագանձել իր կրած վնասի չափին համարժեք գումար:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 29.032024 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2024 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Էդգար Հակոբյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները, 140-րդ հոդվածի 2-րդ մասը, 367-րդ հոդվածի 2-րդ մասը և 368-րդ հոդվածի 5-րդ մասը:

 

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցադիմումը վերադարձնելու որոշման դեմ բողոք ներկա­յացնելու կարգավորումները պետք է կիրառվեն նաև հակընդդեմ հայցադիմումը հետ վերադարձնելու որոշման դեմ բողոք ներկայացնելու դեպքում։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոք բերող անձը չպետք է իր բողոքն ուղարկի գործին մասնակցող անձանց։

Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 2-րդ մասի և 368-րդ հոդվածի 5-րդ մասի ակնհայտ սխալ մեկնաբանությունը հանգեցրել է իր՝ արդար դատաքննության իրավունքի ու դատարանի մատչելիության իրա­վունքի կոպիտ խախտմանը։

Վերաքննիչ դատարանի դատական ակտն ակնհայտ անհիմն է, չպատճառաբանված, վերացական և անարդար, ուստի ենթակա է վերացման։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 27052024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

արդյո՞ք հակընդդեմ հայցը վերադարձնելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելիս բողոք բերած անձը կրում է այն գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները վերաքննիչ բողոքին կցելու պարտականություն։

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հակընդդեմ հայցը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, ընդունումը մերժվում կամ վերադարձվում է հայցադիմումին վերաբերող նույն օրենսգրքով նախատեսված կարգով:

Վերոնշյալ նորմերի բովանդակությունից բխում է նաև, որ պատասխանողն իրավունք ունի հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար։ Ընդ որում, հակընդդեմ հայցը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, ընդունումը մերժվում կամ վերադարձվում է հայցադիմումին վերաբերող նույն օրենսգրքով նախատեսված կարգով: Այդ առումով Վճռաբեկ դատարանը, նպատակ ունենալով զարգացնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասը, անհրաժեշտ է համարում արձանագրել, որ թեև օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով առանձին իրավակարգավորումներ չի նախատեսել հակընդդեմ հայցը ներկայացնելու, այն վարույթ ընդունելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու վերաբերյալ, սակայն սահմանել է, որ այդ հարցերը լուծելիս կիրառելի են հայցը ներկայացնելու, այն վարույթ ընդունելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու վերաբերյալ նույն օրենսգրքով նախատեսված կանոնները։ Ընդ որում, ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածը, մասնավորապես՝ այդ հոդվածի 2-րդ մասը, բացառությամբ վերը նշված առանձնահատկության, այնպես էլ նույն օրենսգրքի՝ «ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ» վերտառությամբ 3-րդ բաժինը, հակընդդեմ հայցի մասով առանձնահատուկ որևէ իրավակարգավորում չեն նախատեսում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոք ներկայացրած անձը բողոքը և դրան կից փաստաթղթերը չի ուղարկում գործին մասնակցող անձանց, եթե բողոքը ներկայացվել է`

1) հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ.

2) հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման դեմ.

3) դատական տուգանք կիրառելու մասին որոշման դեմ.

4) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին դատարանի որոշման դեմ, եթե հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է հայցադիմումին կից կամ մինչև հայցադիմումի ներկայացումը՝ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու միջնորդության դեպքում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են (…), բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները, բացառությամբ հայցադիմումը վերադարձնելու և ընդունումը մերժելու դեպքերի, (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` վճռի դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը, որոշման կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրը:

Նույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի պատասխանում նշվում են վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները։

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ վերաքննիչ բողոք ներկայացնող անձը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է նաև գործին մասնակցող անձանց: Մինչդեռ, նույն կանոնից օրենսդիրը սպառիչ կերպով բացառություն է նախատեսել որոշակի դեպքերի համար՝ սահմանելով, որ վերաքննիչ բողոք ներկայացրած անձն ազատվում է նշված պարտականությունը կատարելուց, եթե բողոքը ներկայացվել է հայցադիմումը վերադարձնելու, դրա վարույթ ընդունելը մերժելու, դատական տուգանք կիրառելու կամ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու (եթե հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է հայցադիմումին կից կամ մինչև հայցադիմումի ներկայացումը՝ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու միջնորդության դեպքում) մասին դատարանի որոշման դեմ։

Դրանից ելնելով՝ օրենսդիրը որպես վերաքննիչ բողոքին կից ներկայացվող պարտադիր փաստաթուղթ է համարել նաև բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցը։ Մինչդեռ, այս դեպքում ևս նույն կանոնից օրենսդիրը սպառիչ կերպով բացառություն է նախատեսել որոշակի դեպքերի համար՝ սահմանելով, որ վերաքննիչ բողոք բերած անձն ազատվում է նշված պարտականությունը կատարելուց, եթե վերաքննության կարգով բողոքարկում է հայցադիմումը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկվող այլ դատական ակտերի, այդ թվում նաև՝ հակընդդեմ հայցը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելիս օրենսդիրը նույն բացառությունը չի նախատեսել։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցը վերաքննիչ բողոքին կից ներկայացնելու պարտականությունը սերտորեն փոխկապակցված է ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության ու մրցակցության սկզբունքների, այնպես էլ այդ սկզբունքներից բխող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1‑ին մասի 7-րդ կետով գործին մասնակցող անձանց համար երաշխավորված՝ գործի քննության ընթացքում գործին մասնակցող այլ անձանց փաստարկների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, նույն հոդվածի նույն մասի 9-րդ կետով սահմանված՝ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ կատարելու, ինչպես նաև ի մասնավորեցում նշված իրավունքների՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասով գործին մասնակցող մյուս անձանց համար նախատեսված՝ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի հետ։

Ավելին՝ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածով համապատասխան իրավակարգավորումներ է նախատեսել վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի վերաբերյալ, որոնց համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է նաև այն դեպքում, երբ չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները։ Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածով սահմանված պահանջ է նաև բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները վերաքննիչ բողոքին կցելը, բացառությամբ այն դեպքի, երբ վերաքննության կարգով բողոքարկվում է հայցադիմումը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու մասին դատարանի դատական ակտը։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանի կողմից որդեգրված 6-րդ հոդվածի նպատակային մեկնաբանման կանոնների համաձայն՝ «արդարությունը» քաղաքացիական գործերով ներառում է, ի թիվս այլնի, հետևյալ պահանջները

Ա. մրցակցային վարույթ (Rowe and Davis v. the United Kingdom, 16/02/2000թ. Մեծ պալատի վճիռ, գանգատ թիվ 28901/95),

Բ. զենքերի հավասարություն (Brandstetter v. Austria, 28/08/1991թ. վճիռ, գանգատ թիվ 11170/84, կետ 41-69)։

Եվրոպական դատարանը, անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում գործող զենքերի հավասարության սկզբունքին, արձանագրել է, որ այն արդար դատաքննության ավելի լայն հայեցակարգի տարրերից մեկն է, պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրվի ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի զգալիորեն ավելի անբարենպաստ վիճակի մեջ (տե՛ս «Դոմբո Բիհիր ԲՎ-ն ընդդեմ Նիդեռլանդների» (Dombo Beheer B.V. v The Netherlands) 1993 թ. հոկտեմբերի 27-ի վճիռ, շարք A, թիվ 274, էջ 19, պար. 33, «Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի» (Ankerl v Switzerland) 1996 թ. հոկտեմբերի 23-ի վճիռ, պար. 38):

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով «Մրցակցային» դատավարության պահանջը ենթադրում է ունենալ հնարավորություն իմանալու և մեկնաբանելու դատաքննության ընթացքում մյուս կողմի ներկայացրած դիրքորոշումները կամ ապացույցները (տե՛ս Brandstetter v. Austria գործով Եվրոպական դատարանի 28.08.1991 թվականի վճիռը, կետ 67):

Regner v. the Czech Republic Եվրոպական դատարանի 19.09.2017 թվականի վճռով (գանգատ թիվ 35289/11) Եվրոպական դատարանը վերահաստատել է, որ մրցակցության և զենքերի հավասարության սկզբունքները, որոնք սերտ փոխկապակցված են, հանդիսանում են «արդար լսումների» հայեցակարգի հիմնարար բաղադրիչները Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով։ Այդ սկզբունքները պահանջում են կողմերի միջև «արդար հավասարակշռություն»։ Յուրաքանչյուր կողմին պետք է ընձեռվի ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործը այնպիսի պայմաններում, որոնք նրան էական անբարենպաստ վիճակի մեջ չեն դնի իր հակառակորդի կամ հակառակորդների նկատմամբ (տե՛ս Avotiņš v. Latvia [GC] գործով Եվրոպական դատարանի 23.05.2016 թվականի վճիռը, կետ 119): Սակայն այս սկզբունքներից բխող իրավունքները բացարձակ չեն։ Դատարանը մի շարք վճիռներով արդեն որոշում է կայացրել այն կոնկրետ գործի վերաբերյալ, երբ նախապատվությունը տրվում է գերակա ազգային շահերին, երբ մերժվում է կողմի լրիվ մրցակցային դատավարությունը: (…) Այն դեպքերում, երբ դիմումատուից ապացույցներ են թաքցվել հանրային շահերից ելնելով, Դատարանը պետք է մանրամասն ուսումնասիրի որոշումների կայացման ընթացակարգը՝ համոզվելու համար, որ այն հնարավորինս համապատասխանել է մրցակցային վարույթ և զենքերի հավասարություն ապահովելու պահանջներին ու ներառել համապատասխան պահանջները՝ շահագրգիռ անձի շահերի պաշտպանության երաշխիքներն ապահովելու համար։

«Մեծ Հիմք» Ա/Կ-ն ընդդեմ «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի և մյուսների թիվ ԵԿԴ/3051/02/11 գործով 25122012 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ, ի տարբերություն հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման, հակընդդեմ հայցի ընդունելության հարցը դատարանը լուծում է դատավարական այլ իրավիճակում՝ դատավարության այլ փուլում, այլևս հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում և այնպիսի պայմաններում, երբ վարույթում արդեն առկա են դատավարական հստակ կարգավիճակ ունեցող ու հակադիր շահեր ունեցող գործին մասնակցող անձինք, որոնց համար, ինչպես նշվել է վերը, դատավարական օրենսդրությունը երաշխավորել է տվյալ գործի քննության ընթացքում հակառակ կողմի փաստարկների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, այդ թվում՝ վերաքննիչ բողոքի (դրա հիմքերի և հիմնավորումների) կապակցությամբ պատասխան ներկայացնելու՝ իրավահավասարության և մրցակցության սկզբունքներից բխող իրավունքը։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքն իրականացնելու պայման է նաև ներկայացվող վերաքննիչ բողոքի բովանդակությունը գործին մասնակցող անձանց առջև բացահայտելը, ինչն ապահովում է գործով սկզբնական հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործին մասնակցող անձի կարգավիճակ ձեռք բերած մյուս անձանց փաստացի հնարավորությունը ներկայացված վերաքննիչ բողոքի (դրա հիմքերի և հիմնավորումների) կապակցությամբ ներկայացնելու իրենց դիրքորոշումը, այդ անձանց համար երաշխավորում է դատավարության տվյալ փուլում իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության օրենքով նախատեսված միջոցներն օգտագործելու հավասար հնարավորությունն ու «զենքերի հավասարությունը», ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը մեկնաբանելիս ստորադաս դատարանները պետք է բացառեն դրա տարածական մեկնաբանությունը և տվյալ նորմի գործողությունը չտարածեն նաև հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու մասին որոշումների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների վրա։

Սահմանադրական դատարանը, 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ օրենսդրի նպատակը ոչ թե բողոք բերած անձին ծանրաբեռնելն է որևէ չարդարացված պարտականությամբ, այլ երաշխավորելը, որ գործին մասնակցող անձանց հասանելի լինի բողոքի բովանդակությունը, որը վերջիններիս հնարավորություն կտա արդյունավետորեն պաշտպանվելու բողոքում ներկայացված պահանջներից, այսինքն` գործին մասնակցող անձինք հնարավորություն կունենան արդյունավետորեն իրականացնելու դատական պաշտպանության իրենց հիմնական իրավունքը:

Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածով համապատասխան իրավակարգավորումներ է նախատեսել վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի վերաբերյալ, որոնց համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է նաև այն դեպքում, երբ չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները։ Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածով սահմանված պահանջ է նաև բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները վերաքննիչ բողոքին կցելը, բացառությամբ այն դեպքի, երբ վերաքննության կարգով բողոքարկվում է հայցադիմումը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու մասին դատարանի դատական ակտը։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերի ցանկում ներառել է նաև վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները` դատական ակտը կայացրած դատարանին ու գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները: Նշված օրենսդրական կարգավորումը բխում է քաղաքացիական դատավարությունում գործող մրցակցության սկզբունքի էությունից և նպատակ է հետապնդում ապահովելու մյուս կողմի` իր գործը հավասար պայմաններում ներկայացնելու դատավարական ընթացակարգը: Այսպես՝ ստանալով վերաքննիչ բողոքը և ծանոթանալով դրա բովանդակությանը` գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր դատավարական իրավունքը: Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյո՞ք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մաuնակցող այլ անձանց, և արդյո՞ք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների պատշաճ իրականացումը (տե՛ս Երևան համայնքն ընդդեմ «Ակումբ համալիր» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3194/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավակարգավորումների վերլուծության արդյունքում դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգը կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգելով երկու խմբի՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում, իսկ երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին (տե՛ս Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

Սահմանադրական դատարանը, 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ անդրադառնալով վերաքննիչ բողոքը վերադարձնելու իրավական կարգավորումներին, արձանագրել է նաև, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու ինստիտուտն ուղղված է բողոք բերող անձի` դատական ակտը բողոքարկելու միջոցով դատական պաշտպանության իրավունքի իրականացման համար արդյունավետ կառուցակարգի սահմանմանը և որևէ պարագայում ձևական բնույթի թերությունները չպետք է խոչընդոտեն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացմանը: Մյուս կողմից, կարևորելով դատավարական ընթացակարգերին հետևելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրականացման սահմանադրաիրավական պահանջը, օրենսդիրը սահմանել է դրույթ, համաձայն որի` վերադարձնելուց հետո կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։ Այսինքն` վերաքննիչ բողոքի վերադարձման ինստիտուտն ընդհանուր առմամբ ապահովում է բողոքի հետ կապված թերությունների վերացման և այդ ինստիտուտի չարաշահման անթույլատրելիության միջև պատշաճ հավասարակշռությունը:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Հիմնադրամը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Ընկերության՝ գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին (գործի հավելվածի հատոր 1-ին, գթ 6-9)։

Ընկերությունը հակընդդեմ հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Հիմնադրամի՝ պահանջելով Հիմնադրամից բռնագանձել իր կրած վնասի չափին համարժեք գումար (գործի հավելվածի հատոր 1-ին, գթ 58-72)։

Դատարանի 29032024 թվականի որոշմամբ Ընկերության հակընդդեմ հայցը վերադարձվել է (գործի հավելվածի հատոր 1-ին, գթ 56, 57)։

Դատարանի 29032024 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ընկերությունը (գործի հավելվածի հատոր 2-րդ, գթ 2-6)։

Վերաքննիչ դատարանի 27052024 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է, ըստ էության, այն պատճառաբանությամբ, որ Ընկերությունը պարտավոր էր գործին մասնակցող անձանց ուղարկել վերաքննիչ բողոքը, մինչդեռ վերաքննիչ բողոքին կցված չէ բողոքը սկզբնական հայցով հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող Հիմնադրամին ուղարկելու մասին ապացույցը։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգում է կատարել այն մասին, որ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, ինչը նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն՝ բողոքը վերադարձնելու հիմք է (գործի հավելվածի հատոր 2-րդ, գթ 71, 72)։

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է հետևյալը

Տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Ընկերությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 29032024 թվականի «Հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ։

Ընկերությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի իմաստով ազատված չլինելով վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձ Հիմնադրամին ուղարկելու պարտականությունից, իսկ նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ունենալով վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձ Հիմնադրամին ուղարկելու մասին ապացույցը վերաքննիչ բողոքին կցելու պարտականություն, նշված ապացույցը վերաքննիչ բողոքին չի կցել։

Դրանից ելնելով՝ Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին այն պատճառաբանությամբ, որ չի պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն ինչպես օրինական է, քանի որ այն կայացվել է վերը նշված իրավական նորմերի պահանջների պահպանմամբ, այնպես էլ բխում է վերը նշված իրավական դիրքորոշումներից՝ այնքանով, որքանով արդար դատաքննության իրավունքի իրացման տեսանկյունից կարևոր է դատարանի կողմից կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքների ապահովումը, որը տվյալ դեպքում կարող է իրագործվել՝ Հիմնադրամին վերաքննիչ բողոքն ուղարկելու միջոցով հնարավորություն տալով ծանոթանալու այդ բողոքին։ Հակառակ պարագայում տվյալ դեպքում Հիմնադրամը կզրկվի Ընկերության վերաքննիչ բողոքի բովանդակությանը ծանոթանալու և դրա վերաբերյալ պատասխան ներկայացնելու միջոցով իր դատավարական իրավունքն իրացնելու հնարավորությունից։

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։ Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտ բողոքարկված լինելու պայմաններում դատական ծախս չի առաջանում, ուստի դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

2 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 ապրիլի 2025 թվական: